Բողոք լուսնի դեմ

Բողոք լուսնի դեմ


Ուխտեցի այսօր, որ խռով մնամ
Քեզանից, լուսի՛ն, մինչ իմ մահու ժամ.
Անհաշտ պիտ նայեմ դեմքիդ ամեն օր
Ու անվանեմ քեզ հատուկ կեղծավոր,
Որ դու տեսնում ես ամեն չարություն,
Արյուն ու արցունք՝ աչքերովդ արթուն,
Լաց ու կոծ, կականձ լսում ականջով,
Լուռ հեռանում ես, փախչում շտապով:

Ո՞ւր ես հեռանում, ո՜վ անգութ լուսին,
Բարի հայացքով չես դիտում հային.
Ամենայն գաղտնյաց որ միշտ ներկա ես,
Սակայն թշվառից դեմքդ կծածկես:

Ի՜նչ արյան գետեր քո աչքի տակից
Չեն հոսել արդյոք թշվառի մարմնից,
Որքան աղաղակ, խորին հառաչանք
Եվ որքան կսկիծ, տանջանք, տառապանք:

Տեսնում ու լռում. կարծես հրճվում ես,
Կամ բռնակալից իսկ երկնչում ես․․․
Եվ կամ կաշառվել զորեղ ազգերից,
Որ հեռացնում ես լույսդ հայերից:

1904