Բռնավոր սուլթան



I



Ահա արևի արյունոտ գնդակ,
Ոսկեզօծելով կողմն արևմուտքի,
Ծածկվում իսպառ։ Երկնի կապուտակ
Լցվում է աստղով անչափ հրաշալի.
5 Սպիտակափա՛ռ է երկնակամար,
Երկրի վերա զմրխտյա՛ ամառ
Աստղը աստղի հետ խաղ է հորինում,
Ծաղիկը ծաղկին հանգիստ է ասում.
Ո՞ր թշվառական, ո՞ր մահկանացուն
10 Կարող է խախտել այդ անդորրություն.
Պոետի հոգին, որ վիրավորված
Ճեղքում է շղթան բռնի կաշկանդած։

II



Եվ այժմ պոետն այլ երազում չէ,
Որ նա որդի էր վերին երկնքի,
15 Եվ նորա հոգին պիտո է լռե,
Ուր բան էր վատթար խեղճության ազգի.
Եվ թե ծնել էր, որ լինի թարգման
Քաղցր մեղկության և անգործության,
Եվ ոգևորված, քնարի հետ խոսեր։
20 Երբ նա երգում էր միայն գինի և սեր.
Ո՛չ, նա փոխել էր այդ ծուռ գաղափար։
Նա բաժանորդ է ազգի ցավի հետ,
Եվ ահա՛ այս խոսքս թնդում է Քնար.
Նա՛խ քաղաքացի, և ապա՛ պոետ։

III



25 Ո՛հ, ստրկություն և՛ բանտ, և՛ դագաղ.
Նույն անարգ կորուստ, այլ միջոց չկա,
Եվ թե Բռնավորն աներկյուղ, անվախ
Զգում է յուր լուծ բոլորի վերա,
Իբրև թե. կարմիր բարեբախտություն
30 Դորանով շնորհել յուր ժոցովրդյան.
Այդ փորձիչ՝ օ՛ձն է, այդ սոփեստություն.
Մենք ճո՛րտ ենք նորա, նա՝ կամքիս իշխան։
Երանի՜ նորան, որ սուրը ձեռին,
Ազատ գտել է և՛ մահ, և՛ անուն.
35 Անմա՛հ օրինակ եղավ յուր թոռին,
Նա լա՛վ ըմբռնեց Չարի նենգություն։

IV



Բայց երբ ազգերը ուսում կստանան,
Երբ այդ առողջ մարդն կսկսե մտածել,
Այն ժամանակը կարող է միայն
40 Ազատությունը չուր գանձը հանել.
Այն Ժամանակը միայն մարդկություն
Եարող է կյանքը իմաստասիրել
Եվ հասարակի բարեբախտություն
Անխախտ հիմքերով արարչագործել։
45 Ինքնակալություն Բռնավորների[1],
Որպես թե մի ծուխ ցնդելու է վեր,
Ինքնակա՜լ է ազգ, ինքնակա՜լ բարի,
Ինքնակա՜լ նորա հոգու օրենքներ։

V



Լուռ սենեկիս մեջ, ես կես գիշերին
50 Նստած միայնակ, սովոր եմ քննել
Այսպիսի հարցեր, բայց միշտ վշտագին,
Ելք չգտնելով, տխուր եմ մնացեք.
Այս մտածմունքով իմ նվիրական
Եվ այս հոգևոր ցավի կսկիծով,
55 Կարծեմ, կիջանե՛մ հավերժ գերեզման,
Մի բարի վիճակ մարդին ցանկալով.
Ես հավատում եմ, ես հաստատում եմ,
Որ սեփական էր այդ վիճակ մարդին,
Եվ գալու է ժամ, երբ ուրախադեմ
60 Նախանձելու չէ՛ այլ նա դրախտին։

1864 թվին
հուլիսի 11
Բոգորոդսկ գյուղումը

  1. Այո՛, այստեղ մեր խոսքը անհոգի և անաստված Բռնավորների մասին է։ Թե քանի տարել են այդ բռնակալության լուծը մեր Տաճկաստանի հայ եղբայրակիցքը, գիտե ամեն ոք (ծանոթդ հեղինակի):