Գազել ցավի
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 110։

Գազել ցավի


Ընկերոջս՝ Պարգևին,
մի տխուր առիթով

Ես երանության մեջ էի երեկ,
Իսկ իմ ընկերը՝ վշտի մեջ, երեկ։

Ու չգիտեի՝ հրճվե՞մ ինձ համար,
Թե՞ այրվեմ նրա կրակում, երեկ։

Ես չգիտեի։ Ու տալիս ծափին՝
Ընկերս վշտում այրվում էր երեկ։

Ես դեպի նրա կրակը գնում,
Գնում, ետ էի ընկրկում երեկ։

Քամին փչում էր, պողերս խառնում,
Կրակս... կարգին «հրճվում էր» երեկ։

Բայց հանկարծ նորից մարում էր մեկեն,
Ու ծուխն էր խեղդում կոկորդս երեկ։

...Եվ ոչ այրվեցի մինչև վերջ այդպես,
Ոչ վերագտա հանգիստս երեկ։

29.03.86, Ստեփանակերտ