ԳԱԼՈԻՍՏԻ ՎԻԿԸ

1

Եթե գյուղում մի ժողով լիներ, և եթե Գասպարենց Գալուստը տանը լիներ, անպատճառ պիտի գնար ժողովի։

— Գալո՛ւստ, էդ ի՞նչ կա ժողովում, որ վազ ես տալի,— հարցնում էին երբեմն,— չունևոր մարդ ես, տանդ նստի, քո աղքատության ետևից ընկի։ Ժողովն ի՞նչ կտա քեզ…

Գալուստը բեղի տակին ծիծաղում էր, ուսերն իրար տալիս ու ասում.

— Ժողով ա էլի, մի բան լսում ես, մի բան սովորում։ Թազա մարդիկ են գալիս, դեսից-դենից խոսում են, գյուղացու համար են ասում։

Ժողով գնալը Գալուստին չէր խանգարում։ Աշխատելիս՝ երեք մարդի գործ էր շինում։ Գյուղի գործերին ակտիվ մասնակցում էր։ Ազատ ժամանակ էլ գնում խրճիթում նստում, գիրկապ անելով կարդում էր, թե ի՛նչ է կատարվում ուրիշ երկրներում, ո՛րտեղ կռիվ կա, մարդիկ ի՛նչ նոր բաներ են հնարել։

Մի բան որ դուր գար, երկրորդ անգամ էր կարդում, գլուխն օրորում և քթի տակ ասում.

— Տես ի՜նչ հունարներ են նշանց տալի, է՜յ գիդի ուսում… Ապրելը հեշտանալու ա։

Դուր եկած բանը կպատմեր գյուղացիներին։

— Կազեթում էսօր գրած էր՝ մի տեսակ հնար են գտել, որ ինչ վախտ քեֆդ անձրև ուզի, ամպերից վեր կբերեն… Գալուստը գիտեր, որ գյուղում նորից անհավատ, պապենական ադաթին պինդ կպած մարդ շատ կա։ Այդպիսի բաներ որ պատմում էր, նրանք չէին հավատում, սկսում էին հոհռալ:

— Էլ ի՞նչ կա կազեթում… Կարող ե՞ն արևի՛ց չիբուխս վառեն,— ասում էր մեկը:

— Ասում էլ էին, թե զավոդում կռվեր են շինում,— ծաղրում էր մյուսը,— ո՞ւր ա, կլինի՞ իսկի, կհավատա՞ս դու, Ռուստամ ապեր…

— Չէ՜, ո՜նց կլինի, մարդը չի՛ կարա ստեղծող լինի…-ասում էր Ռուստամ ապերը և Գալուստին խրատ տալիս.

— Էդ կազեթը քեզ հաց չի տա, Գալուստ… Դու տավարիդ հոգսը քաշի, էս ա առաջդ ձմեռ ա գալիս։

2

Գալուստը գիտեր՝ գյուղում ով ի՛նչպես է ապրում։ Ռուստամ ապերը գյուղի ունևորներից էր, բայց նրա տանն էլ մի ձեռքից ավելի փոխնորդ չկար։

— Կեղտոտ են ապրում, ցեխի ու թրիքի մեջ. հիվանդանում են։ Հնար էլ չկա մաքուր լինելու, գյուղացին աղքատ ա, ուժը չի պատում։

— Մեկ ծնվելիս են լողանում, մեկ էլ մեռնելիս,— մտածում էր Գալուստը, և դրությունն ավելի վատ էր թվում նրան, երբ մտաբերում էր այն, ինչ տեսել էր ուրիշ երկրներում, որտեղ զինվորական գերի էր։

Ժողովներում, երբ քաղաքից եկածները խոսում էին հազար ու մի բաների մասին, նորություններ պատմում, Գալուստն ուշադիր լսում էր, մտքում ծանր ու թեթև անում նրանց ասածը և որոշում, թե ո՛րն է գյուղին հարմար և ո՛վ է ավելի լավ մոտենում գյուղի ցավին։

Ինքն էլ էր խոսում։

— Այ, մեզ համար բաղնիք ա հարկավոր, կեղտի մեջին ենք. մեր տավարը խոտ չունի, ճանապարհ չկա… Ցավեր շատ ունենք, բայց մեծ ցավը մեր տավարն ա։ Գեղացին վար ու ցանքով ա ապրում կամ անասունով։ Դե, մեր տեղը վար ու ցանքի համար չի, մենք անասունով ենք ապրում։

Գյուղացիք գլխով համաձայնության նշան էին տալիս, իսկ քաղաքից եկած ընկերը գրում էր Գալուստի ասածները, որ քաղաքում իմաց տա, թե գյուղն ի՞նչ ցավ ու հոգս ունի։

3

Ամեն անգամ ժողովներից հետո գյուղացիք խումբ-խումբ հավաքված ծանր ու թեթև էին անում բոլոր լսածները և իրենց գյուղն աղքատությունից դուրս բերելու մասին զանազան կարծիքներ հայտնում։

Ոմանք համոզված էին, թե գյուղն այդպես էլ կմնա, քանի որ տնտեսությունը լավացնելու հնարավորություն չկար

— Էս սարերում ու ապառաժներում ի՞նչ կարելի է անել,— ասում էին նրանք։

Բայց կային ուրիշ տեսակ մտածողներ էլ։

— Այ, մալականը մեզ օրինակ։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ կովեր են պահում։ Նրանք վաղուց արտել են կազմել, գործարան շինել, լավ պանիր ու յուղ են պատրաստում, և իրենք էլ կուշտ ու մաքուր ապրում են…

Մալականների օրինակին հետևելու միտքն ավելի հնարավոր ու իրագործելի թվաց, երբ մի անգամ քաղաքից եկած ագրոնոմը ժողովում խոսեց անասունների, նրանց կերի, պանրի ու յուղի գործարանների և արտելների կազմակերպության մասին։

— Ձեր գյուղում,— ասաց ագրոնոմը,— ներկա նեղ վիճակից դուրս գալու և քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ստեղծելու միակ միջոցը անասնապահության զարկ տալն է։ Դրա համար դուք պետք է երեք բան անեք.

1. Վիկ և ուրիշ տեսակի խոտեր ցանեք, որ ձեր տավարը կուշտ լինի և շատ կաթ տա։

2. Արտել կազմակերպեք, նրա միջոցով վարկ ստանաք ու գործարան շինեք—ընտիր տեսակի պանիրներ ու յուղ պատրաստեք, որ լավ գնով ծախեք ու հոգաք ձեր ցավերը։ 3. Կամաց-կամաց լավացնեք ձեր տավարի տեսակը, ինչպես մալականներն են արել։

— Էդ մինը գյուղում գլուխ գալու բան չի,— կասկած հայտնեցին մի քանիսը։

— Ուրիշ գյուղերում որ գլուխ են բերել, մեզ նման մարդիկ չե՞ն,— առարկեց Գալուստը։

Այս անգամ Գալուստի շուրջր հավաքվեցին մի քանի ուրիշ աչքաբաց գյուղացիներ և գյուղի երիտասարդներից շատերը։

Խոսեցին երկար ու բարակ, հաշիվ արին, թե գյուղում քանի՛ կով կա և ո՛վ կմիանա արտելին։ Ցուցակ արին և որոշեցին կամաց-կամաց գյուղում սրա-նրա հետ խոսել ու մարդ ուղարկել քաղաք՝ արտել կազմելու համար։

— Գալո՛ւստ, դե էդ քո բանն ա, քեզանից բացի ոչով չի կարա,— ասացին ընկերները։

Գյուղի գործ էր, գյուղն առաջ տանելու, լուսավորելու համար էր։

Գալուստը համաձայնեց։

4

Մյուս օրը լուսաբացին Գալուստը ճանապարհ ընկավ։ Հովին հեշտ էր ճամփա գնալ։ Երբ արևը ելավ ու քարերը տաքացան, Գալուստի ճակատից քրտինք կաթեց։ Քայլում էր ճամփով, մեջքին մի աղլուխի մեջ ճամփի պաշար, քայլում էր և միտք անում էլի իր հին միտքը, թե ապրելը ե՛րբ է հեշտանալու…

Ճամփով սելվորներ էին գնում, ոտավոր, ծանոթ գեղական մարդիկ։ Մեկը մի թաշկինակ ձու էր տանում քաղաքում ծախելու, մյուսը՝ երկու հավ, երրորդը՝ մի իշաբեռ խոտ։ Ամենքն էլ հոգս ունեին, մեկը նավթ էր առնելու, մյուսը՝ շաքար, բյազ։

Ինքն իրեն թոնթորալով, մտքի հետ կռիվ տալով գնում էր ճամփան, մտքում Ռուստամ ապոր հետ կռիվ տալիս, նրան համոզում, որ արտելին անգամ գրվի, գեղով միանան, լավ բուղաներ առնեն, խոտ ցանեն։ — Ոսկորը պնդացել ա, էլ ծռվիլ չի,— մտածեց Գալուստը Ռուստամ ապոր մասին, փափախը հանեց, սրբեց ճակատի քրտինքը։ Միտն եկավ Ռուստամ ապոր խոսքը, թե՝ «աքինչի օլ, բիլանջի օլմա» (ռանչպար եղիր, գիտուն մի՛ լինիր), միտն եկավ և ծիծաղեց բեղի տակ։

5

Գալուստը քաղաքում ամեն ինչ իմացավ՝ գյուղին և իրեն հետաքրքրող հարցերի մասին։

Բանկը խոստացավ վարկով փող ու գործիքներ տալ, եթե նրանք արտել կազմեն և յուղի ու պանրի գործարան հիմնեն։ Գործարանի շենքի համար խոստացան հազար ռուբլի բաց թողնել և, դրանից բացի, այդքան գումարի էլ մեքենաներ ու գործիքներ։ Տված վարկը բանկը հետ պիտի ստանա 2—3 տարվա ընթացքում, որից հետո գործարանը յուր սարք ու կարգով կպատկանի գյուղի արտելին։

Գալուստը գյուղ տանելու համար վերցրեց արտելի կանոնադրությունը։

Նա գնաց նաև գյուղատնտեսական պահեստը, տեսավ սերզատ, յուղհան և ուրիշ մեքենաներ, ամեն տեսակի սերմեր ու ծանոթացավ դրանց գների հետ։

Բայց այդ օրը Գալուստի համար ամենից կարևորն ու արտասովորն այն էր, որ ագրոնոմի խուրհուրգներով գնեց 2 փութ վիկ կոչված խոտի սերմից։

Եվ երբ եկած ճամփով Գալուստը գյուղ էր դառնում, նա ծանոթ սելվորին պատմում էր վիկի մասին։

— Անունը լսել էի, համա չէի տեսել։ Ասել էին ինձ, որ վիկը ցանովի խոտ ա, մեր սարերում առանց ջրի բսնում ա, շատ էլ խոտ ա տալի…

— Առել եմ երկու փութ, տանեմ, մի լավ հող ունեմ սարում, սերմեմ, տեսնենք՝ ի՛նչ ա նշանց տալի։ Թե որ լավ եղավ, եկող տարի շատ եմ ցանելու, գեղն էլ կսովորի ինձանից։

— Էդ ի՞նչ խոտ ա. էդ հո գտա՜ծ ա, որ առանց ջուր սարում բսնում ա։ Քանի՞ տարվա խոտ ա,—հարցրեց սելվորը։ — Յոնջի նման չի, ամեն տարի պիտի սերմես։

— Սերմը ինքը տալիս ա՞:

— Կարելի ա, կտա,— պատասխանեց Գալուստը, և ինքն էլ կասկածեց։ Մոռացել էր ագրոնոմից հարցնի այդ մասին։

Սելվորը հետաքրքրվեց։ Գալուստը պարկը բաց արեց, վիկի սերմերը ցույց տվեց նրան։

— Էս հո մեր գյուլուլն ա,— ասաց սելվորը զարմացած։

— Հա, բայց սա լավ խոտ ա,— պատասխանեց Գալուստը։

Հետո խոսք ընկավ այն մասին, թե մեր սարերում, մեր դաշտերում ինչքա՜ն տեսակ-տեսակ բույսեր ու խոտեր կան, որ մենք դեռ չենք օգտվում, անպետք խոտ ենք համարում, այնինչ ուրիշ տեղեր, ուրիշ երկրներում ցանում են, սերմերը հավաքում, մեկից դեղ են շինում, մյուսից՝ մի ուրիշ բան։

— Մենք էլ տավար պահող ե՞նք,— ասեց Գալուստը սելվորին,— կովի լեզուն մենք ի՞նչ գիտենք։ Կեր չկա, որ ուտի, ձմեռը դարման ենք տալիս. սովածությունից խեղճ հայվանի կաթն էլ ցամաքում ա, կողքաճաղերը մին-մին կհամարես։ Սի կովը մի տուն կպահի, եթե լավ կարողանաս պահել։

Լսում էր սելվորը, եզներն օրորալեն քաշում էին սայլը, անիվները ճռճռում՝ էին։ Գալուստը պատմում էր իր տեսած կովերի մասին, կաթնատու, ամեն մինը մի տուն պահող։

— Խոտ չկա, ամենքի գլուխը խոտն ա։ Խոտ որ շատ ունենաս, կով շատ կպահես։ Շատ էլ չպահես, եղածին լավ կեր կտաս։ Հայվանն էլ որ ուտի, տեղը լավ լինի, լավ էլ օգուտ կտա…

Բայց սելվորի մտքինը վիկն էր։ Նա հարցրեց, թե օրավարում քա՛նի փութ են սերմում և ո՛նց են ցել անում վիկի համար։

— Մի հաշիվ ա, ցորենի հետ համեմատ ա, փութի տեղը մի փութ վիկ են շաղ տալիս, տափանում, մեկ էլ գալիս, հարում։

Ճանապարհը բարձրանում էր սարն ի վեր, իջնում, էլի բարձրանում։ Կամուրջին որ հասան, սայլը կանգնեց, Գալուստը պարկը շալակեց, որ կածանով բարձրանա դեպի գյուղը։

— Շեն մնաս,— ասաց նա սելվորին:

— Գալուստ, էդ վիկի մասին ինձ իմաց տուր. թե լավ բերք ստանաս, ես էլ եմ սերմելու։

Մութ էր, երբ Գալուստը պարկն ուսին տուն մտավ։

— էդ ի՞նչ ա պարկի մեջ,— հարցրեց մեծ տղան։

— Խոտի սերմ ա,— պատասխանեց Գալուստը,— Սանդ աղբյուրի գլխի օրավարում պիտի սերմեմ։

Հարցրեց, թե ջրե՞լ են կովը, դարման տվե՞լ են։

— Դարմանն էլ պրծնելու վրա յա,— ասաց կինը։

— Ոչինչ, մի ճար կանենք։

Գալուստը սաստիկ հոգնած էր՝ շորերը հանեց ու քնեց։

6

Առավոտյան եկան ընկեր ու հարևան, Գալուստը պատմեց, թե ի՛նչ են ասել քաղաքում արտելի մասին։

— Էդ հո հարմար պայման ա, մաշինեքը տալիս են, փող էլ կա, մենք էլ կաշխատենք էլի,— ասաց մեկը։

Խոսեցին, թե ե՛րբ ժողով անեն։

— Պետք ա շուտ անենք, հրես առաջներիս մայիս ա, թե որ հիմա չանենք, պետք ա մնա եկող տարի,— ասաց մեկը։

— Էդ շուտով գլուխ գալու բան չի։ Մինչև ժողով անես, մինչև հաստատեն, մաշինը բերես, տարին կանցնի։

Գալուստը լուռ լսում էր։ Շատ խոսեցին։ Երկու կողմ կար. մեկը հենց իսկույն էր ուզում, մյուսն էլ կասկածում էր, թե այդ գլուխ գալու բան է։

Բայց Գալուստի ասածը բոլորի համար էլ ընդունելի եղավ։

— Եկեք արտելը հիմի կազմենք, շենքի հոդս քաշենք, վարպետ ճարենք, գնանք մաշինեքը բերենք։ Էդ որ պատրաստ լինի, եկող գարունքին կաթը կհավաքենք, պանիր կանենք։

Վերջը Գալուստը ցույց տվեց քաղաքից բերած վիկի սերմը։ -Մի տեսեք՝ ի՛նչ եմ բերել, սրա՛ն մտիկ արեք։ Էս էն վիկն ա հա՜, էն որ ձմեռը կազեթում գրած էր, ագրոնոմն էլ ասեք, թե անջուր տեղի խոտ ա, սար տեղերում լավ բերք ա տալի…

Հարց ու փորձ արին, սերմը տեսան, գինը հարցրին։

— Գալու՛ստ, բա հիմա ուշ չի՞, հրես ապրիլը վերջանում ա։

— Վնաս չունի, Սանդ աղբյուրի գլխին մի օրավար տեղ ունեմ. կտանեմ նրա վերի ծերին կսերմեմ։ Էնտեղ խոտը նոր ա կանաչում տեղը սար ա։

— Ռուստամ ապերը որ իմանա, էլի ասելու ա, թե Գալուստը օյին ա սարքում։

— Ասում ա, թող ասի։ Խոտը հարելիս ես նրան կասեմ։ Էս խոտն ա մեր գյուղը շինելու։

Մյուս օրը գութանը Սանդ աղբյուրի գլուխն էր վարում։ Գութանավորն էլ չէր հավատում. վարում էին և ծիծաղում Գալուստի վրա։

— Ժանգյալ խոտ ա, սերմը ժանգելու յա, մեր հողերը ապականի, էդ ի՛նչ ա, որ բերել ես։ Թողնեիր հողդ մի տարի էլ դինջանար, ցորեն ցանեիր,— ասաց մաճկալը։

— Կարկուտն էլ գա՜ր, ցորենս թակե՜ր կամ մուկը գար կրծե՜ր, մնայի սովա՛ծ։ Վարի՛, վարի՛, էդ ակոսն էլ ծրի, հե՛րիք ա, երկու փութ ա սերմս։

Եզներն արձակեցին, Գալուստն ինքը շաղ տվավ սերմը։ Լերկը տափանեցին՝ սերմը ծածկեցին հողով։

Գալուստը կածանով իջնում էր տուն ու միտք անում արածի մասին։ Պիտի բսնե՞ր վիկը, օգուտ պիտի տա՞ր, թե՞ պիտի չորանար, կորչեր։

Ինչքա՜ն պիտի խոսեին գյուղում այդ մասին, ինչե՜ր պիտի ասեր Ռուստամ ապերը Գալուստի երեսին, եթե վիկը չծլեր, բերք չտար…

Իսկ եթե ծլի՞, շա՜տ խոտ տա՞…

7

Աշխատանքի եռուն ժամանակն էր։ Ցանքը պրծել ու ցելի հետևից էին ընկել։ Տավարը սար էին տանում։ Լուսաբացից մինչև իրիկուն մրջնոցի պես աշխատում էր գյուղը. մեկը սարում, մյուսը բոստանում կամ արտում։ Ցերեկով գյուղում միայն ծերերն էին մնում. նրանք էլ անգործ չէին նստում։ Հավաքվում էին պատի տակ կամ ծառի շվաքում նստում, որը թոռան տրեխն էր կարկատում, որը գերանդի էր սրում, որն էլ թազբեհը ձեռքին քաշում էր և անցած-գնացած օրերից պատմում։ Ծերերը լսում էին պատմությունը հին, մտաբերում օրերն անցած, արարքները ջահել, երբեմն էլ թառանչով ասում.

— Հե՜յ գիտի ջահելություն…

Գալուստն է՛լ էր աշխատում մյուսների նման՝ լուսաբացից մինչև իրիկուն։

Շաբաթը մի անգամ, երկու անգամ, պատահած ժամանակ է՛լ ավել Գալուստը բարձրանում էր Սանդ աղբյուրի գլուխը տեսնելու, թե ինչպես է ծլում, մեծանում վիկը։

Առաջին շաբաթը բան չերևաց. ծիլեր չկային։ Խո՞ր էր գցել, թե՞ ուրիշ պատճառ կար, վիկը չէր երևում։ Գալուստը միտք էր անում, գուցե սերմն է վատ, գուցե ինքն է սխալ արել։ Բայց երբ փորեց հողը և տռզած սերմերն ու սպիտակ ծիլը տեսավ հողի տակ, սիրտը լցվեց, ուրախացավ, սրտում էլ երևաց հույսը ծլի պես։

— Չէ՜, պիտի բսնի՜…

Մի շաբաթ հետո արտը կանաչին էր տալիս, սև հողը չէր երևում։ Գալուստն ուզեց անպետք խոտը քաղհան անի, որ վիկն ավելի լավ աճի, բայց միտն եկավ ագրոնոմ ի խոսքը.

— Վիկն ուրիշ ժանգյալ խոտերի խեղդում է, չի վախենում...

— Թող խեղդի, ձեռք չեմ տալու...

8

Միայն Գալուստը չէր հետաքրքրվում վիկով. ուրիշներն էլ էին գալիս նայելու։ Արտի կողքով մի կածան էր ընկած։ Անցնող դարձող էր լինում։ Հենց որ Գալուստի հողին էին հասնում, կանգնում էին, նայում։

— Էս ա, հա, Գալուստի օյինն ա… Շատերը խոտի անունն էլ չգիտեին, հենց այդպես էլ ասում էին՝ Գալուստի օյինը։

Առաջին շաբաթը, երբ խոտը չէր ծլել, ցելը դեռ սևին էր տալիս, ծաղրում էին, ծիծաղում։

— Այ թե հացդ կերար, հա՜, Գալուստ…

Կամ դնում էին գյուղ, Գալուստին փողոցում տեսնելիս ասում.

— Ե՞րբ ես հարելու, Գալուստ, խոտդ պառկել ա, փչանում ա։

Ռուստամ ապերը հո մատի փաթաթան էր շինել.

— Էս հասակի մարդ եմ, տե՛սել չեմ, հիմի նոր խոտ են ասում։ Մեր հողն ընդունիլ չի՛, զո՜ւր ա, Գալուստ։

Գալուստը լռում էր, պռոշները հուպ տալիս, բայց մտքում մի խոսք կար.

— Սպասի՛, Ռուստա՛մ ապեր…

9

Հունիսն էր. վիկը բոյ էր քաշել, աճել փարթամ, տերևները մուգ-կանաչ, ցողունը բարակ, փափուկ։ Կանաչի մեջ կարմրավուն ծաղիկներ կային, ասես մեկը գունավոր քարեր էր շաղ տվել կանաչի վրա։ Վիկը ծաղկել էր։

Սանդ աղբյուրի գլուխն ուխտատեղ էր դարձել։ Գյուղում շատ անգամ էին խոսում Գալուստի օյինից։ Սայց կամաց-կամաց մոռացվում էր օյինը, քանի բոյ էր քաշում խոտը։ Առանց ջրելու բուսած վիկը խոստանում էր առատ բերք, և բերքի հետ բերնե բերան անցնում էր Գալուստի վիկի պատմությունը։

Գնում էին, պոկում, նայում ծաղիկներին։

Վիկը չսանրած մազի պես մճճվել էր, իրար խառնվել։ Մի բուռ որ քաղում էին, ձգվում էին ցողունները, ասես՝ ծալվեծալ էր պառկած։

— Գալուստ, սեյրակ սերմած լինեիր, լավ կլիներ,—ասում էին նրանք, որ մայիսին կասկածում, ծիծաղում էին։

— Լեզուն դեռ չեմ իմանում, եկող տարի սեյրակ կանեմ,— ասում էր Գալուստը։

Ռուստամ ապերն էլի չէր հավատում։ Գալիս էին ու նրան պատմում Գալուստի վիկի մասին։ Մի օր էլ տավարածը սարից գալիս մի քիչ քաղեց, բերեց ցույց տալու։ Ռուստամ ապերն էլ նստած էր ժամի պատի տակ։ Աչքի տակով նայեց, շոշափեց։

— Հը՞, Ռուստամ ապեր, հիմա ի՞նչ ես ասում, տես ի՜նչ բոյ ունի է՜,— ասեց մեկը և ցողունը մեկնեց։

Ռուստամ ապերը նայեց ցորնաբոյ ցողունին, գլուխը թափահարեց։

— Էս խ՜ոտ, համա ի՞նչ անես, որ ապրանքն ուտելու չի,— ասաց նա բանիմաց մարդու նման։

Շատերը հավատացին, էլի կասկածեցին, գուցե ճիշտ է ասում Ռուստամ ապերը։ Երևի մի բան կա, որ խոտն այդքան բոյ է քաշել։ Հին խոսք է, թե պտղատու ծառը բոյով չի լինի։

Ռուստամ ապոր խոսքը Գալուստի ականջին հասավ։ Էլի պռոշը հուպ տվավ, բեղի տակ ծիծաղեց։

— Սպասի՛, Ռուստամ ապեր, էլի սպասի…

10

Գալուստը գիտեր, որ վիկը շուտ է հասնում։ Ցանելուց երկու ամիս հետո կամ թե մի տասը օր ավել, վիկն արդեն կարելի է հարել։ Նրան ասել են, որ հարկավոր է վիկը փափուկ ժամանակ հարել, որ ցողունը կոշտ չլինի։ Այդպես համ տավարն է ախորժակով ուտում, համ էլ ցողունն ու տերևները խուրձ կապելիս չեն ջարդվում, չեն փշրվում։

— Ափսոս, որ շուտ չեմ ցանել։ Հողը նոր տաքացած ժամանակը ցանած լինեի, հիմա արդեն խոտը հավաքած կլինեի։

Գալուստին ասել էին, որ երկու տեսակ վիկ կա, մեկը աշնանն են ցանում, մեկն էլ՝ գարնանը։ Գալուստի ցանածը գարնան վիկ էր։

— Մեկ էլ ոտս որ քաղաք ընկնի, էն մի տեսակից էլ պիտի բերեմ։ Իմ խելքով՝ աշնան վիկը մեզ ավելի ձեռնտու ա,— ասում էր Գալուստն իր ընկերներին, որոնցից մի քանիսն արդեն խոսք էին տվել եկող տարի վիկ ցանելու։ — Մեր օգուտի թշնամին ե՞նք,— ասում էին իրար,— եկել մեր դռանը չոքել ա, չվերցնե՜նք։

Գալուստը պատմում էր, որ լսելով՝ ուրիշ երկրներում վիկով հողերը պարարտացնում են։ Վիկը ցանում են, հենց որ բոյ է քաշում, ուզում է պառկի, վարում են վիկի տեղը, խոտը հողի տակովն անում, իրար խառնում։ Հողի մեջ վիկը փտում է և հողը պարարտացնում։

— Էդ հենց մեզ համար ա։ Փեյին չունենք, ճամփեքը դժվար, տեղներս սար, հողերը հեռու,— ասում էին նրանք։

— Թող մի եկամուտն իմանամ, եկող տարի էդ էլ եմ փորձելու,— ասում էր Գալուստը։

— Չէ, Գալուստ, դու դեռ շատ հունարներ ես նշանց տալու մեզ։

11

Մի օր էլ Գալուստը վիկը քաղեց։ Վիկն արդեն հասել էր` ներքի տերևները դեղնել էին։

Տոն էր Գալուստի համար, մեծ ուրախություն։ Արևը խանձում էր վերևից, ինչպես առաջ, երբ ծանոթ սելվորի հետ վերադառնում էր քաղաքից, պարկի մեջ վիկի սերմը։

Քրտնել էր Գալուստը, բայց գերանդին օձի պես սլլում էր վիկի դալար ցողունների մեջ։ Գերանդին պսպղում էր արևի տակ, վիկի փնջերը թափվում էին իրար վրա։

Մի շերտ որ հարեց, ծայրին հասավ, ետ նայեց ու բեղի տակ քմծիծաղ տվեց…

— Ռուստամ ապերն էստեղ լիներ, աչքով տեսներ…

Արևը խանձում էր վերևից։ Սանդ աղբյուրի գլխին բեզարած Գալուստը բաց արեց պաշարը, կերավ, աղբյուրի ջրից խմեց, էլի գնաց հարած խոտը տեսնելու։

Նրան թվաց, թե ինքն ամենից բախտավոր մարդն է աշխարհում, թե հիմա մի քիչ հեշտ է լինելու գյուղում ապրելը։

Առավոտն եկավ, հարածը մյուս երեսին դարձրեց, որ չորանա։ Արևը թեքվում էր, երբ նա սկսեց խուրձ կապել։

Ճամփով անցնող գյուղացիք այդ օրն ավելի շատ էին կանգնում Գալուստի արտի մոտ, կռանում, վիկի ցողուններին նայում։ -Տե՜ս է՜, արտում ժանգյալ խոտ էլ չի մնացել։ Մեկի արմատն էլ ա չի երևում։ Ա՜յ խոտ ա հա՜… —ասում էին ընկեր ու հարևան։

Նորից էին հարցնում, թե քանի՜ փութ է սերմել, սերմը ո՛րտեղից կարելի է ճարել, հաշիվ էին անում, վարն էլ, սերմի գինն էլ, հարողի փողն էլ, էլի մեկին երկու օգուտ էր մնում։

Գալուստը և՛ խուրձ էր կապում, և՛ պատմում, թե ո՛վ է իրեն պատմել վիկի մասին, թե առաջին անգամ ո՛ր կազեթում է կարդացել, սերմը որտեղի՛ց կարելի է առնել։ Պատմում էր և խրձեր կապում։

— Էս ձմեռ երնեկ քու տավարին, Գալուստ, մերը չոր դարման ա ուտելու, քոնը՝ վիկի խոտ։

Մութն ընկնելու վրա էր, երբ Գալուստը գործը վերջացրեց և սկսեց խուրձերը մեկ-մեկ համարել։ Հարյուր երեսուն խրձից երկուսն էր պակաս։

— Էն երկու խուրձն էլ սրա-նրա պոկածը թող լինի։

Կիսամութին, Գալուստը չուխան ուսին գցած, իջնում էր կածանով և մտքի հետ հաշիվ անում, թե մի օրավարի տեղն ինչքա՜ն խոտ կտար, մի դեսյատին՝ ինչքան։ Հաշիվ էր անում, ծախսերը դուրս գցում, և էլի տակին մնում էր ավելի, քան թե ցորենի արտն է տալիս սարի գյուղերում։

Գութանավորը ծիծաղում էր, երբ վարում էր վիկի տեղը։ Նույն օրը գութանը վիկի կողքին մի արտ էլ էր վարել։ Նրա տեղը ցորեն էր ցանել։

— Համա կլիանա հա՜,— մտածեց Գալուստը։

Արտի մի մասին կարկուտն էր արդեն խփել, իսկ կարկուտից ազատ մնացած մասում ցորենը բոյ չէր քաշել, սեյրակ էր բուսել։

12

Վիկը տուն կրելիս շատերն էին խուրձերին նայում, մատներով խոտը տրորում։ Հարցնում էին, թե քանի՜ խուրձ է, ոմանք չէին հավատում ու Գալուստին կանգնեցնում էին։

— Ա՜յ մարդ, ձեր առաջով չպիտի անցնե՞մ,— ասում էր Գալուստը,— չես հավատում, դե կանգնի մեկ-մեկ համարի։ Մի բեռ էլ բերելիս Գալուստի աչքով ընկավ Ռուստամ ապերը, որ ժամի պատի տակ նստած թազբեհ էր քաշում։ Միտն ընկավ Ռուստամ ապոր խոսքը։

— Էս խո՜տ… տեսնենք մեր տավարը կուտի՞…

Գալուստը նայեց Ռուստամ ապոր կողմը։ Պատի տակ նստոտած մարդիկ տեսան այդ, հասկացան, թե ի՛նչ է ուզում ասի Գալուստը։

— Ռուստամ ապեր, մեր հողը կընդունի՞, թե չէ,— հարցրեց Գալուստը ծիծաղելով։

Ռուստամ ապերը չպատասխանեց։ Նա դեռ երեկ էր լսել, որ Գալուստը հարյուր քսանութ խուրձ խոտ է հարել իր փոքրիկ տեղից։ Լսել էր և չէր հավատացել։ Բայց առավոտյան նա արդեն առաջին բեռն ու մեծ խուրձերը տեսել էր։

Հանկարծ պատի տակից մեկն ասեց.

- Չէ՛, չէ՛, էդ հավատալի ա. հիմա դու էն ասա, էդ վիկի խոտը ձին կուտի՞…

— Բերենք փորձենք,— վրա բերեց մի ջահել։

— Փորձենք։

— Ռուստամ ապոր ձին բերեք,— ասաց ջահելը։

Ռուստամ ապերն ուզեց սաստի, արգելի, բայց ամենը վրա տվին, հռհռացին, թե անպատճառ Ռուստամ ապոր ձին պիտի ուտի, որ հավատան։

Գալուստը բեռը վեր դրեց, բերեց մի խուրձ դրեց ճամփի մեջտեղը։

Ռուստամ ապոր ձին բերին։ Ձին մռութը մի կողմից կոխեց խուրձի մեջ և սկսեց ախորժակով ուտել։

— Ա՜, ոնց ա գելի պես ուտում է՜— ասաց մեկը։

— Ա՜յ քեզ խոտ…

Գալուստը խոտը բարձեց, գնաց։ Մի անգամ էլ ետ նայեց Ռուստամ ապոր կողմը, ծիծաղելով հարցրեց.

— Ռուստամ ապեր, կերա՞վ, թե՞ չէ՜…

Ռուստամ ապերը չպատասխանեց…

13

Իրիկունը Գալուստի կինը զարմանքով էր պատմում, թե ինչքա՜ն ծանր էին խուրձերը։ Նա էլ սկզբում չէր հավատացել։ Գալուստը տրեխներն էր հանում և միտք անում, թե վաղը քար պիտի բերվի արտելի համար:

Կինը մտածեց մի քիչ, հետո թե՝

— Ինչքան զարմանք բան կա՜ աշխարհում…

— Դեռ ո՜րտեղ ենք,— ասաց Գալուստը…