ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՔԸ

Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ խոստովանել... Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:

Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:

— Մի անգամ, — ասում է նա, — մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում կանգնած՝ ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:

Էս մեկ... մեկ էլ..

— Հիշում եմ, ա՜յ գայլ, — ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, — այդ բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում տեղիցդ շարժվել: