Ա՜յ իմ չար բաղդ, քեզ ի՜նչ ասեմ, արդյոք քեզ ի՞նչ անուն տամ,
Թե կույր ասեմ՝ իրավ կույր ես, բայց այդ դեռ չէ՛ բավական.
Դու անմիտ ես, դու հիմար ես, նախանձոտ ես չափազանց.
Դու Աստված չես, ինչպես կոչեց քեզ հին դարը դյուցազանց։
5
Կույր է և քո թշվառ կյանքը և այդ պաշտոն տըվողը,
Ո՛չ բաղդ, այլ աղբ քեզ չէի տալ պարարտացնել կոշտ հողը։
Այդպես խըղճով կատարում ես Արամազդա պատվերը.
Ախ, թե իջներ նա երկնիցը, տեսներ առատ հունձերը
Քու այլանդակ սերմնացանին, էլ ի՞նչ սուր-սուր նա սլաքներ
10
Պիտի շաղ տար քու գըլխին...
Քեզ շատ անգամ ես տեսել եմ երիզապինդ աչքերով,
Կո՞ւյր ես արդյոք, թե՞ գիտությամբ ման ես գալիս այդ կերպով.
Բայց կուզեի, որ դու մեկ օր հանգամանքե ըստիպված՝
Այս աշխարհքը ծայրե ի ծայր մեկ ժուռ գայիր աչքաբաց.
15
Ի՞նչ ահարկու տեսարաններ պիտի բացվեր քու աչքին
(Ցընորամիտ արարքովըդ լի են երկիր ու երկին).
Կը տեսնեիր մոլի վագրեր հովիվ դըրած հոտերուն,
Նենգ աղվեսներ, անհագ գայլեր միշտ անպակաս մոտերուն.
Կը տեսնեիր դու ժիր մեղվաց բունը՝ արջի քանդելը,
20
Բյուր մի անմեղ միջատների հացը՝ ծույլի ուտելը.
Կը տեսնեիր դու վարուժան մենակ վո՜ւ-վո՜ւն կարդալիս—
Նա իր սիրուն աղունակի կարճիկ կյանքիկն է լալիս,
Ամպի մեջեն վայր սըլացավ սըրաչ շահեն դեպի ծառ,
Բռնեց սիրուն աղունակին, անխիղճ արավ չորս պատառ։
25
Թողնենք մի կողմ անբաններին՝ բանականի մեջ մտնենք,
Նույն զըրկանքը, նույն նեղություն, անշուշտ, և հոն կըգտնենք.
Տե՛ս դու, թշվառ հողագործի գարնանային վաստակը—
Լափլիզեցին մարախները ցորնու նործիլ հասակը.
Դորա ներհակ՝ նավահանգիստ մըտավ նավը փարթամին,
30
Ո՛չ մի վնաս չի հասցրուց նորան ուռուցիկ քամին։
Տե՛ս այս խղճուկ իմ կտըրիճիս—առույգ, պարկեշտ ու գիտուն
Բայց հորական փող չունելով՝ հաճելի չէ՛ ամենուն.
Սորան հավասար չեն հարգում իշխանին կամ հարստին,
Բացեիբաց հեռանում են, որ սորա մոտ չի նըստին,
35
Այլ նստում են նորա մոտը, որի ջիբը ոսկի կա,
Չեն ամաչիլ աստված ասել հարստին, թե խոսքի գա...
Ասա՛, խնդրեմ, ինչո՞վ մեղավ այն խեղճ, գիտուն պատանին,
Մի՞թե աղքատ աշխարհ գալը մարդիկ հանցանք համարին.
Դըդմագլուխ իշխանորդին ինչո՞ւ ի վեր դասեցավ,
40
Սոկրատեսի՞ արդյոք լեզվով հանկարծակի խոսեցավ...
Ահա՛, այսպես չարութենով լըցել ես դու աշխարհքը,
Մի՞թե չես գալ սարսափանքի՝ տեսնելով քո արարքը։