ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ


Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս:

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:

Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:

Ընկած են տներն իրարից հեռու,
Գործարանները մեջընդմեջ կեցած,
Ո՛չ ծուխ, ո՛չ փոշի և լույս տներում
Ժիր մարդիկ ահա դեմքերին ծիծաղ:

Ելած արթնացող քաղաքից` ահա
Ոլապտույտ շոսսեով այդ լայն,
Առջևում կարմիր մի դրոշ պահած
Անցնում է վաշտը պիոներական:

Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում ռիթմով կորովի,
Անցնում են նրանք քայլերով վստահ,
Աչքերով հստակ, դեմքերով թովիչ: —

Քայլում են նրանք շոսսեով, հետո
Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն`
Անցնում են ահա այն ձորի մոտով,
Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում:

Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
Իսկ այնտեղ ահա — մի հին ցանկապատ
Ու քարեր՝ ընկած կանաչի միջում: —

Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,
Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,
Ուր լռությունն է իշխում անհաստատ
Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև:

Ժպտում է վերից երկինքը կապույտ,
Արևն է զնգում անհուն զնգոցով,
Եվ վաշտն է անցնում քայլերով անփույթ,
Արբած արևի կենսատու բոցով:

Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած
Գարունն է ժպտում արևի ուժին: —

Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով: —

Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:

Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծնկները բոբիկ,
Ճակատը բարձր , աչքերը լուսե,
Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ, —

Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ,
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա:

Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»:

Կարդում է նա իր աչքերով ծավի,
Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,
Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —
Ու շարունակում իր թողած ճամփան:

Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն
Միանում է նա կրկին շարքերին —
Եվ, հուշի նման հավիտյան անցած,
Մնում է հանդում մի կորած շիրիմ...

Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...