Գավաթ մը միայն
Օրհնյալ ժողովո՛ւրդ, հավատացյալ սիրելիներս, հիմա էնպես լսեր հասկցեր իմ թե՝ դուք որ մնացածներդ ըլ էն հերձվածներուն ու հերետիկոսներուն պիտոր հետևիք եղեր, ամենքնիդ ըլ էն կողմը պիտոր անցնիք, աղեկ ա, օրհնածնե՛ր, նախ հիմի հասկացեք դուք ըլ սանկ սըթղը պյութուն համոզելու եղիք թե՝ էնոր ուր գացին հանեցին կոշիկնին, որ դուք էս ցեղ աղըլին ոչխարներուն նմանակ էնոնց ետևեն ագի վերցուցեր եք կուրըզկուրայն։
«Դուք ի՛նչ ունիք որ, ձեր ցավն ի՛նչ ըլեր որ, ինչո՛ւ կփախփխիք, փառք աստծու, սախաթ չէ ժմերնիս, փառք աստծու, նավի մտած չէ պոչերնուդ տակ։ Ձեզի ի՞նչ ըսել պետք է հըպը, սիրելինե՛րս, երբ դուք էս տեսակ մոլոր գնացքներով հոգեկս կխորվեք, կխռովեք, ի՛նչ ըսեմ ձեզի, որ ցավուս չափը հասկնաք։ Էն ատեն ինծի ըլ չիյնա՞ր մի ըսել, քանի օր դուք իբրև այծյամս ոստոստեք, քանի որ դուք ձերինը մոռնալով ուրիշ փարախներ կերթաք, կլեցնեք․ ուրիշ բույն բրշակներ կշենցնեք, էն ատեն ալ ի՛նչ ըսեմ ձեզի օր հախ ու իրավունք տաք լսողը, արդյոք խրիկ կապիմ օտվնիս թե՝ մանկուր ձգեմ շլլինքնիդ, որ ալ ուզեք չուզեք, դոր ճեմբեն քելեք, ձեր իսկական բոն ու մսուրը ճանչնաք միայն, ձեր սուրբն ու սրբատեղերը համբուրեք միայն։ Ասածու սիրուն ըսեք թե՝ ալ ինչ ճար ճամփա մնըց ինծի։
«Հեմի դուք ձեզի ըլ հեչ երբեք չի խորհեցաք, թե էն տեղ օր ժամ պատարագ չըլլվիր, էնտեղ օր մաս նշխարհ չօրհնվիր, խաչ չի հանվիր, կամ ծնկաչոք աղոթելու տեղը աչք խրելով կաղոթեն եղեր, ալ ինտոր հավատալնիդ գեր, թե հոն էնտեղ մայրս մեր եկեղեցիին մեջ եղածին պես, տերն մեր Հիսուս Քրիստոս կուգա կբազմի։
Հապա ինչպես սուր բարկության տյառն չիջնա մեր գլուխներուն, ի՛նտոր ի՛նչ կերպով ցածուցանել վերուստին իրավացի ցասումը։ Քանի տարի էր օր մեր վարուցանին վրա լոպն ու մրջյունները կալ կհանեն, քանի տարի է օր գեղին թարաֆ էթրաֆը մեր պես լի հայվընակներուն գերեզմաններովը լեցվեցավ, ցավը, չոռը ամեն օր ախոռ կդարտկե, մեր տունուտեղը կպարպե, դուք ինչի՞ կուտաք էսոնց պատճառը,— մեր մեղքը, մեր ամբարշտությունները, մեր մոլար հիմար փախփխուկները անպատճառ։ Վաղը ի՛նչ ճուղապ տալ անոր, երբ հարցնելու ըլլի, ո՞ւր են քու մանկուքդ, տեր Պողոս, ո՜ւր քու սուրբ մանկունքներդ։ Ես պիտի կրնա՞մ սուրբ ըսել էն չարանավորդին, որ լուսավորչի հավատքը կփոխե։
Ու երբ էսպես, ես ըլ էն ահեղ դատաստանին օրը չպիտի՞ ըսեմ միթե, ահա սև մանկունք, սևերես մանկերանք իմ, տե՛ր, արա նոցա զինչ և կամիս։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, որ բարեխոս սուրբերն ու սուրբ զաստվածինը չընդունողներուն հետ, մեկ գեղի հետ ապրեցանք, մեկ աղբիրե ու մեկ ջուրե խմեցինք, ու անոնց երեսին մենք ալ նույն պատիժով պատժվեցանք»։
Ծերուկ գեղերեցը, ապա այս շարժումով ու միամիտ ուժգնությունով դեռ ուրիշ ու ավելի ծանր ծանր գուղձեր արձակելե հետո այն սևերեսներուն կամ նոր վարձերով երեսնին սևցնել պատրաստվողներու գլխուն, անգամ մըն ալ իր սովորականին պես, փաղաքշիկ օրհնություններու նախշուն ագարաթ մը կբանաձևե հոգնածի կտրատ հևքով մը, որ սակայն…
Բոլոր այս խոսքերը նախշուն կամ նշանակալի, բոլոր այդ տեղատարափը անկեղծ արցունքին, որ բարի ու հավատավոր հին քահանային աչքերեն կրնային հոսիլ, բան մը չեն կրնար դրջել, ամեն անգամ ալ միշտ նույն Գեդեոններու գտակներուն վրա կիյնան։ «Պահելով հավատքը ձեր և մեր օրհնյալ նախնիքներուն շատ և շատ բարությանց պիտոր արժանավորիք, շատ հաճելին կընեք բարվույն աստծու առջև, ու ես ալ վստահ է վկայություն սրբոց և բարեխոսությամբ սուրբ աստվածածնի՝ որ միշտ առատս պիտոր վայելեք, օրհնած սիրելինե՛ր, մեկ ցանելու ատեննիդ, երկուք պիտի քաղեք, մեկ խորով երաշտ առապարները պիտոր շենցնեք, ձեր անծինը ծնի, ձեր ամուլը բեղմնավորի, մահ մահտարաժամը վերնա, օրհնյալ եք և օրհնյալ լերուք, ամեն»։
Ամե՜ն, ամե՜ն, ամե՜ն… խեղդ մռունչներով տարտամ շշուկ մը վայրկենապես ու ոչինչ ավելի։ Ունկնդիրներու կողմեն քիչերն են, որ ան ամեններուն արձագանքող կըլլան, շատեր ատ պահուն կամ բոլոր ժամանակը քարոզին, ձանձրացածի հորանջումներով բերվնին կլորցնելու վիճակի մը մեջ, անբան հոգի մը կքնացնեն մեջերնին, այն կողմեն մաղասոտ հազ մը կպայթի ու առհասարակ ամեն կողմ խոշոր կարմրահատ համրիչներու շխշխկոցը կլեցնե, քանիներ անդին խածնող լուներուն ևլն. փնտռտուքն ու քերվըտուքները կընեն հուսահատ մռթմռթուկներով, մինչ ուրիշներ՝ քիչ մը անամոթները թերևս, այն պահուն, որ քարոզիչը ձեռքը ձեղունին դեպի երկինք, հոն հավիտենականը ապրող երջանիկ երևայնություններու վրա կկերկերցնե ձայնը, իրենք կերևա ավելի մոտը, նախանձելի երջանկություններու, այն տարփոտ աղավնիներուն ըրածներովը կհետաքրքրվին, որոնք հոն եկեղեցիին կամարները միացնող երկաթ ձողերուն վրա տեղ գտած՝ կտուց-կտուցի մեջ իրարու փոխանակած համբույրներովը կգինովնան ու վարերը հեթանոս գայթակղության մը մեղծ շունչը կսրսկեն փետուրներու դարձդարձիկ ծվեններու մը հետ, որ կատաղի սերերու հով փրփուրները պիտի ըլլան ապահովաբար։
Կվերջանան քարոզ, պաշտամունք, ժողովուրդը համ մը չի տանիր հետը լսածներեն, որոնցմե որ կրած տպավորությունը աղի, լեղի, քայլ մը անդին հովերուն կցանցնե։
Ժամեն դուրս ու անկե առաջ պահ մը ժամուն մեջ ալ, անանուն հասցեներու հայհուչները կնետվին ու գրեթե ամենքն են, որ ձեռքերու խաղալիքը կորսնցնող պզտիկներուն խոժոռ մռուղը ունին։ Այնպես կերևա, որ անոնք իրարու հետ ալ չեն խոսիր, ամեն մարդ օձիքն ականջին հասցուցած իր ոտքին բթամատինը կնայի միայն։
Շատեր արդեն քահանային կուրծքին վրա համբուրելու բռնված ավետարանին ալ չի մոտեցան, Բայց ասոնք ի՞նչ ունենան կմտածես, սատանան ասոնց ի՛նչ խնձոր կցուցնե։
Կար ժամանակ, որ անոնք լուռ աղոթք մըն ալ պատկերին սուրբին առաջքը կկատարեին, ու այս կերպով ավելի ջերմ, ավելի անկեղծ երկրպագողներ՝ հավատքին վերջին քամը ծծած ղուրս կելլեին։ Պատկերին աստվածածինը եթե սպառած դեմքով պառավ մը կերևար, պատճառը ան պիտի ըլլար անտարակույս, որ գեղին հազարումեկ տերտերով ցավվոր հարսներուն մեկ շունչով չէր կրնար ժմնիլ ու ինք գորովոտ մոր մը պես կհալեր։
Բայց հիմա ինչ ըլլար, որ հոն այն բարի սրբուհիին առաջքը աղոթող հարսներն ալ չեն երևար։
Ան օրերը՝ 34—40 տարիներ առաջ, հովերը ան գյուղին վրայեն անուղիղ վազքով մը կանցնին, աքաղաղը անժամանակ ճիչեր կարձակե, ծերերուն աչքը ինկած տեղը կպաղի, բնության մեջ վերեն վար արհավրոտ տարօրինակություն մը կա ու նույն պահուն տարօրինակ մըն ալ ան, որ գեղացին իր ժամը ետևը թողած՝ այն ինչ կողմը շիտկվեր է, շատեր այն կողմը՝ քուն աչքերով աղոթք մը կերթան կատարել։
Հոն խաչ չեն հաներ, արևելք չեն կայնիր, ծունկ գետինը չեն դպցնիր, կաղոթեն սակայն։ Այն կողմը անոնց կնիկներն ու աղջիկները ալ այնպես կաղոթեն։
«Գեղը փրոտն է եկեր»
Փրոտը ի՛նչ պիտի ըլլար։
Ու որոնք հենց առջի օրեն ատ անունը կունենան, ալ ոչ իսկ ետևնին կնային, ալ երբեք նույն երեկինը։
Երբեմնի սովորականություններու մասին զարմանալի պժգանքներ մը կցուցնեն, խունկին հոտեն չեն ախորժիր, հին ժամուն մթնոլորտը հատկանշող որևէ բույր կամ ճենճ գեշ կծվածք մը կշինե իրենց բղող քիթերնուն մեջ։
Բոլոր ինչ որ երեկիններն են, ժանտ բուրող հիներն են կըսեն ու ախվախով մը կըսեն, թե մինչև այն օրը վրա տրված ժամանակը իրենց աչքերեն վրա տրված լույսն է եղեր։
Հիմա նոր կրոնքը, նոր ճշմարտությունը աժան, անպայման այն շատ մը դյուրությունները, որոնց որևէ մեկուն տիրացումովը շատեր մխիթարությունն ունին հուսալու թե՝ շատ մը ձրի շնորհքներու տիրացած պիտի ըլլան կամ ոտքերու տակ մեկ-երկու աղյուս դնելով, գլուխնին ծածուկ երկինքի մը պիտի կրնան դպցնել, ինչպես այդ տեսակ անուշ մտածություն մը այն պզտիկներուն մեջ, երբ անոնք ալ կհավտան պահ մը թե՝ հոն լեռ մը ելլելով պիտի հաջողին երկինքի լույսերը՝ ոսկի ընկույզներ, իրենց գրպանները լեցնել։
Դեռ ինչե՜ր ուրիշ։
Գեղը ամբողջ այն կասկածելի նորություններուն բերած ազդեցության տակ կսարսռա, ալ չկա հոն հին համակերպող խաղաղությունը ընտանիքներու մեջ, ամեն ծածքի տակ բողոքող ճիչը բողոքական հովերը կշնչեն, որոնք նույն պահուն երբ մեկ կողմեն մեռնող խիղճերու ցավագին հռնդյունները կբերեն ականջի, ուրիշ կողմե ալ նոր ծնած հավատքին նախատոնը փառաբանողներուն գոռուն աղաղակները կլսցնեն։
Ժողովարանին զանգակը, ժողովարանին բառաչող երգերը ու ժողովարականին մանավանդ ճաթած կոկորդեն ժայթքող պոռոտ շեշտերը տուներու մեջ, փողոցը ու ամեն տեղ հինի ու նորի վեճերով, այն տեսակ աղմուկ մը կշինեն կհանրացնեն գեղին հետին իսկ ծակուծուկը, որ ատեն, մարդ՝ գոմեշի թոքեր ունեցող մարդն ալ դժվար շունչ մը կառնե ու վայրկյան մը կփորձե խորհիլ, որ այս գեղը այն տուներով համայնավեր հեղեղի մը բռնված ըլլա։
Կիրակեի այդ աղմուկներեն հետո երկուշաբթի կլուսնա, ու կտեսնվի ահա, որ կիրակեի արևով մարտիրոսացածի մը տրորված մարմինը սայլակի մը վրա նետված դատարան կփոխադրվի, որ հոն որոշվի իր վրա կատարված անիրավության չափն ու տեսակը։
Հարվածներու տակ ճզմվողները սուրբերը նախատող դավանափոխները կըլլան հավետ, մինչ մյուսները որոնք վայրկենապես փաստ կամ վկայություն գտնելու անճրկության մը ատեն, փողոցին քարերեն ու տանիքին ձողերեն կընեին իրենց մեջբերումները, հաստ բիրտ փայտերը հարդի պես մանրելով դեմիններուն գլխուն ու քամակին վրա — անոնք էին մասնավորապես, թունդ, հնամոլ ծուխետեր Պողոսին, որ ձեռվընին ժողովարանին պատին քսած ըլլալու անզգույշ սխալանք մը յոթը օր կուլային ու վերջն ալ յոթը ջուրով կլվային պղծված ձեռվընին։
Կիրակեն միշտ ըմբշամարտություն կար այս գյուղը, կիրակեն՝ ամբողջ օրը, հոն կովն ու եզը չէին բառաչեր միայն։ Այն օրը, մասնավորապես, ուր գեղը քով քովի կապրի, ժողովարանականը իրեններուն հետ հպարտ անցք մը կընե ժամվորներու աոջևեն, ու ահա հրավերը տրված կըլլար արդեն։
Այս վիճակը սակայն երկար չի տևեր, կանցնին տարիները ու նոր երևույթի մը նշանները կուգան աչքի տակ։ Գեղին կեսը ուրիշ կողմ կերթա, կաղոթե ու ալ ոչ իսկ փսփսուք մը վեճ ու կռիվ շինող։
Առջի օրերու անոթի, բոբիկ աղքատներու ետևե, որոնք պատառ մը հացին կարոտովը օձերուն լեզուն կծծեին, կուգա ատեն մը, ուր ջոջ տնվորներն ու թունդ պահպանողականներն ալ անձայն անձնատվություն մը կընեն այն կողմին։
Այն կողմը հրապույրը, այն կողմը շահերը, այն կողմեն մոտիկ, ծածուկ երկինք մը։
Աս վերջինները ինչպես առաջինները զարմանայի է, որ անմիջապես ալ մոռնալով երեկի իրենց պաշտպանածնին, դեպի այն՝ սաբաներովը կնետեն իրենց քարերը, հին եկեղեցին՝ կռատունը կամ հրեա սինակոկը իսկապես…
Անոնցմե շատերուն վրա մարիլ կուգա քահանա մը տեսնելու ատեննին ու աս շատերը հինին վերհիշումովը խելռած խոզերուն պես ծովն ու գետը կփնտռեին։
Հին եկեղեցին խեղճերու ատկտուք մը կմնա միայն անանկները, որ քահանաներուն ընտանիքն ու ազդականներն ըլլալով, իրենց մեծավոր հայրերուն անեծքներեն ու սպառնալիքներեն կվախնային, թեև իրավ է, որ ասոնք ու ասանկներ ալ երբեմն այն կողմին հավասովը կհնհնային։
Հարուստ տուներու ամենքն ալ դավանափոխ, էն վերջը այն տեսակ անակնկալ մըն ալ Շալճին կդնե մեջտեղ։
Ես ուշ կգտնեմ ըսելիքս, ես սակայն իրական վեպ մը պիտի պատմեմ ձեզի․ վստահ եղիք թե՝ քուն բերող հուշագրությունով մը չպիտի գրավեմ ձեր ժամանակը։
Հետամնաց մը, որ ահա ան ալ իր տեղը կգտնե վերջապես։
Բազեն բազեին քով, ճայը ճայերուն բույնը։ Շալճի Արթինն ալ դավանափոխ մը, բայց ի՞նչ ունենար այս մեկը, ինք քանի որ իր շրջանակին հարգված մարդը՝ իր առջևեն անցնող ճնճղուկն ալ կտուցը կուրծքին մեջ խրած՝ զինք պատվելու կերպ մը կըներ։
Այն կողմը ի՛նչ հրապույր ըլլար իրեն համար, կամ կբավե՞ր այն, որ հոն որովհետև իր այարները տեղ գրավեր են ինքն ալ անպատճառ անոնց կուշտին պետք էր հաստատիլ, այս տեսակ բնազդ մը մենք կըսեինք ու աշխարհ ալ կվկայեր թե՝ մարդ չեղող կենդանին ունի միայն։ Իր անունը իր ծախած ապրանքին անունովը համբավված՝ Շալճին, աշխարհ անոր համար այս վկայությունն ալ կուտար թե՝ քաղաքամեջի վաճառականի մը չափ ու անկե ավելի շահ կհնձե անցած տեղերեն։ Չարչի մըն էր, բայց ոչ այն տեսակեն, որ ծախելիքը իրեղեններու ծրարները կռնակը պատելու կելլե, Շալճին հեքիաթին պեզիրկեանին հովերովը կանցնի դուռներու առջևեն, ձիով կպտտի, ու այս բոլոր ժամանակը ապրանքը էշերու վրա բեռցուցած ուխտավորի կարավան մը կվարե կարծես ճամփու երկայնքին, մնացածը սպասավորը կլմնցնե։
Այս կերպով անոր ձեռք բերած հարստության վրա առասպելներ կպատմվին։ Հարուստ մը իր այն բաներովն ալ, որ վրան կկրեն։
Ականջին արծաթ օղերուն հետ ձեռքի մատներուն գրեթե բոլորին ալ վրա մեյմեկ թանկագին մատնի անցուցած կերևցնե, Սարդանաբաղ մը ու պակասը միայն դաստակին ապարանջանը կերևա։ Իր կապած շալ գոտին միայն ագարակ մը կգնե կըսեին, ու ինչ որ ունի կամ ինչ որ կկրե վրան, գլուխը անոր քանի մը տեսակները ու ավելի սուղերը ունի։
Աղոյենց Մղտես Ակոբին հետ երկրորդ մը ինք է, որ փիյրոլ ժամացույց մը կշաչեցնե ձեռքին մեջ կափարիչին ցուցամոլ խբվածքովը, ժամացույց մը էն պզտիկ զարդամասը իր ունեցածներունն, որուն ճոխ շղթան գոտիեն դուրս վիժած պորտը կծեծե մինչև ու մնացած ավելիովն ալ կրնա իշու քուռկի մը դունչը սիրունկեկ պախուրց մը անցուիլ։
Քիչ մը ետքե տեսնողի ձևերը նշմարել կուտա վրան, բայց մեկեն կմտածես, որ գեղի քաղքցիի մը առաջին նմույշը պիտի ըլլա ան, կամ հին ծոփեցի թերևս։
Շալճին գեղեցիկ իր ամբողջ ձույլին մեջ։ Քառասունը անցած տարիքովը անկնճիռ ճակատ մը կպահե թուխ մույնքով մը։ Առնացի, թիկնեղ ու հասակն ալ աշտարակի բարձրություն մը։ Սև, թավ հոնքերուն տակ թարթած աչքերը այն տեսակ համոզիչ մեղմիչ բան մը ունին, որ կրնան վայրկենապես չոր ժայռին երեսն ալ կանանչ մամուռ մը ծնեցնել։
Պակասը, խոսելու պահին, իր ձայնին թոնը կամբողջացնե։ Թրթռակ խազերով մեղրոտ բառեր մը, կգենկեզնաս կարծես կամ որոնք թերևս աղաչանք մը ըլլա այն նազոտ գեղջկուհիին, որ իր շալերուն այն ինչ հատին հավնելու ատեն անոր արժեքին մասին համառ անհասկացողություն մը կցուցնե։
Բայց մարդը գիտե մեջեն ելլել, ձեռք անցուցածը մրջնառյուծի մը պես կքմե։
Շատ ավելի գեղի կնիկներն են, որ անձկագին իրենց դուռներուն առջև Շալճիին կսպասեն։ Այն օրերը գեղի հարսնուկ մը իր հետույքին կլորության վրա պարսիկ շալ մը եռանկյուն մը կապել կարենալու համար, երեք օր, երեք գիշեր ծոմ կպահեր։ Այս ճաշակը տղամարդերուն մեջ ալ, որոնք անկե առաջ տեղական կտավով մը կպրկեին մեջքերնին։
Խ.–ցի Արթին առաջինն ինք կըլլա, որ ամբողջ դաշտը իր բերած գոտիին նորույթովը կողողե։
Այս կերպով տուն բերած շահերը փեթակներ կլեցնեն, հազար ոսկի ունի կըսեին, է՜հ, չէ՛, հազարն ալ բա՞ն է կավելցնեին։ Մարդուն հարստության չափին վրա առասպելներ կպատմվեին։
Ու մենք չըսինք տակավին թե՝ այս տեսակ հաջողված բախտավոր ինչո՞ւ պիտի շապիկ փոխեր։
Արթինին այն ինչ մեկ ազգականը շատոնց բողոքական կրոնքին հետևող ու աս ալ հարուստ մը իր կարգին, ամեն օր անծեղ մը կապրի իր ազգականին ականջին տակ։ Ես այն մեկը Զուինկըլ մը անվանիմ, դուք նույն ինքը Լուտեր մը հասկցեք։ Օրվան միսիոնարեն փայփայված առաջին դեմքն է գեղին մեջ։
Միսիոնարը հոգիով աղքատներուն երեսները համբուրելու ատեն, մինչև հիմա ալ այնպես է, որ ոսկիով բեռնավորվածներն ալ իր ալ ծունկին վրա կնստեցնե։
Բաղդիկ Պաղսար, միսիոնարին հայացքներուն մազին ծառայելու իր անձնվեր գործունեության մեջ, կաշխատի, միշտ կաշխատի, որ այն գեղը ապրող արագիլներուն բույներն ալ բողոքական ժողովարանին տանիքին վրա շինել տա։
Պաղսարի դավանափոխութենեն ետքը Ֆերնատ ժողովասրահին ժամկոչը կմնա այլևս, այն միականի Զաքարն ալ սոսկ տամճիի ծառայության մը մեջ։ Պաղսար կաշիի վրա գործ ընող խաղախորդ մըն է, իր ստորագրությունը միայն, որովհետև բողոքական մըն է։ Ալեքսանդրապոլցի Թրամփյաններուն առջև անսահման վարկ մը ունի։ Պաղսարն է հանձնարարողը ու անոնք անոր ուզածին կրկանպատիկը կբեռցնեն։ Գեղին բոլոր մյուս խաղախորդները, որոնք հարուստ դասակարգը կկազմեն, որպեսզի հաջողեին, միևնույն տեսակ շնորհքներ մը իրենք վայելել կաշիի այն ծանոթ վաճառականներուն կողմե, Պաղսարի դավանափոխութենեն վերջն էր, որ իրենք ալ միսիոնարին փեշերուն տակ գացին ապաստանեցան։ Պետք եղած ատենը համոզվածներն էին ասոնք, որոնք նույն ատեն իրենց համոզումին անկեղծությունը հռչակելու արտորանքով մը իրենց այգիներու քակել քայքայելու ցույցը կընեին, որ խաղող չուտեն, խաղողեն որովհետև գինին կելլե, ու գինին այդ կարմիր օձը ամեն անխոստովանելի մեղքերու մայրը գլխավոր։
Բաղդիկ Պաղսար հարկ կա՞ ըսելու, թե վերջապես օր մըն ալ իր ազգականին գլուխը կգերծե։
Մեկ հատիկ աղջիկ մը ունի, որ շատ ուզողներ ունի, բայց ինք կնախընտրե անոր ամուսնությունը իրեն ծանոթ շրջանակի մը մեջ փակել, քանի որ հիմա հասի չհասի խնդիր ալ չկա, նոր կրոնքին մեկ թույլատու պայմանը երկու իրար հավնող ազգականներուն միջև։
Արթինի համար աս տեսակ խոստում մը չսպասվածը կըլլա, իր տղային համար պետք եղածն ալ իրավ է, որ այն տեսակ աղջիկ մըն է, վաղը նոր հարստություն մը անոր շնորհիվ, վաղը Կրեսոս մը գեղին մեջ, միայն թե՝ ու ի՛նչ հեշտ պայման, ինքն ալ ու իր ընտանիքը ամբողջ, փոխարեն այն խոստումին, խոսք տան, որ ժողովարանը աղոթեն։
Կվերջանա համաձայնությունը ու Արթինին տունին մեջ համառողը անոր կինը կըլլա միայն, ես քածի մը համար կրոնքս չեմ փոխեր կըսե աս վերջինը, հեմ մեղք է այդքան մոտավոր աղջիկ մը հարս բերել։
Մարդը մտիկ չըներ պինդ գլուխ կնկանը ու մեկ օրեն մյուսը Պաղսարին հետ ծունկ ծունկի ժողովարանական մը կըլլա։
Ամիսը երկուք չըլլար Շալճին կատարելապես համոզված քրիստոնյա մըն է կըսեն ու եկեղեցիի անդամ կհռչակեն։ Լեցած է արդեն ժողովարանը Շալճիի մը մուտքով, որու ստվերը Պ…յաններու տղոց համար միայն խռովիչ բան մը ունի։ Պաղսարին աղջկան առաջին հետամտողներն էին ասոնք, իրենք ալ եկեղեցիի անդամ թեև, բայց մարդը գիշերն ալ իր հաշվին տերը, Արթինին միայն կխոստանա և այս անոր համար որ կհուսա, թե վաղը անոր տուն փեսա բերելու համաձայնություն մըն ալ պիտի կրնա կնքել։ Օտար տղան շատ անգամ էգին ավրող աղվեսն է ճոխ տունի մը մեջ։ Շալճին բաղդավոր մը ու քանի մը տեսակ հաջողություններով։
Իրեն համար համոզված պարկեշտ քրիստոնյան է ըսին հենց առաջին երևումով, Պաղսարին հավասար պատվավոր անդամակից մը նորակազմ եկեղեցիին, որուն որևէ մեկ անհատին այլ մասնավորապես անդամ նշանակված եղբայրակցության մը շրջանակին մեջ, հին մեղվոր գյուղացին չի կա այլևս։ Այս կարգինները մեջեն դուրսեն լվացված սրբություններ են կըսեն, սուտ բնավ չեն խոսիր, բամբասող մը սատանին դայեկը կճանչնան, մեկ մեկու հետ քրիստոնեական համերաշխություն մը ունին, եղբայրներ են ամենքն ալ, չեն հայհոյեր, մեջերնին կռիվ միջադեպ չի պատահիր, պատվիրված զգուշություններով կարծես իրարու հետ ժիր անգամ չեն խոսիր։ Ամեն մարդ իր ունեցածին տերը կմնա ու վայելքի մեջ նախանձի առարկա չի դառնար ուրիշե մը, յոթն օտար կնկուկ մը սիրելի քույր կկոչեն Քրիստոսով, ու կըսեն երբեք առջի հայրատ նայվածքը դեպի այն, կամ երբեք չար հետամտություն մը հինին պես նույնիսկ հրեշտակի դեմքով կնկան մը շուրջը։ Անոնք ինչ որ խոսին, սուրբ գիրքով կխոսին, սուրբ գիրքը անութներու տակ կարված հմայակ մը կցուցնեն։
Այս կերպով անոնք շատ բարձրեն կնային հին եկեղեցիին վերաբերվողներուն վրա, խեղճերը, որ պատկերին կհավատան ու խաչը կպաշտեն տակավին, հիմարները՝ որ Աբդլմսեհի պես կարգ մը սուրբերու բարեկամության կհուսան, ապուշները՝ որ քնաթաթախ հորանջումներով Տ․ Պողոսի մը սնամեջ բարբառույքներովը կլուսցնեն, իրենք մինչդեռ աղջամղջային խավարեն ոտքով գլխով ազատվածներ՝ բյուրեղիկ ճշմարտություններու անմահական սնունդ ունին իրենց հոգիներուն համար, ջուրը ուղղակի ակեն կխմեն, տեր Հիսուսի կհավտան միայն, գառնուկին միջնորդությունը միայն։ Միայն աղոթք, միայն խնդիրք ու միշտ տեր Հիսուսի ձրի շնորհքներովը։
Մսավաճառ մը այնքան մոլի աղոթավոր մըն էր կըսեին, որ երկարկեկ աղոթք մըն ալ կենդանին մորթել սկսելեն առաջ պիտի կափկափեր, «էս չորքոտանին, վուոր պիտոր մահացնենք հիմա, ո՜վ տէր, քու անունովդ ու քու միածին գառնուկիդ սիրուն համար պիտոր սպանանիենք ևայլն, ևայլն»։ Ասոնց քարոզիչ պաշտոնյան, ըլլար միսիոնարը Հիվիլըր կամ ասոր առաջինին Սիմոնիկը՝ կաղ Ֆերնատ, գրեթե միշտ անդրշիրիմի երանություններուն գաղափարը հատուկ պահելով իրենց բնազանցիկ քվքվանքներուն, արևի աշխարհին ունայնությունը կշեշտեին, երկիրը արցունքներու հովիտը, ուր ոչինչ կա տևական, անկայուն վաղանց պղպջակն է ան, որ ջուրերու երեսը կտեսնվի։
Ֆերնատ իր ժամկոչի ծառայության մեջ ալ ամպիոն ելլելու արտոնված՝ ամեն կիրակի, աշխարհի ունայնության հետ, աշխարհամարդուն ըրած, վայելած անմեղ զվարճություններն ալ մեղքերու սոսկալիները կպոռա «սոսկալի, եղբայրնե՛ր, սարսափելի է վիճակնիս, նույնիսկ պիտի ըսեմ թե՝ հենց պարապ տեղն ալ մի՛ խնդաք»։
Քարոզիչ պարոնը շատ անգամ խոսքը քրիստոնյա անունով մը ինքզինքնին արդարացած սեպողներուն ուղղելով, «չէ՛, կըսե, իմ սիրելի եղբայրներս ու քույրերս, չէ՛, էն ատեն որ, դուք կըսեք, կպարծենաք թե արդարներ եք, ճիշտ էն ատեն է որ, սարսափելի մեղքը կգործեք. բացարձակ արդարը ինքն է միայն, միենք միեր բոլոր սրբություններովը, բոլոր իստակություններովը նորեն միեղավորներ կսեպվինք, խաս չեշիտով արդար չեք ըսվիր ախըրը, քանզի իմ սիրելի եղբայրներս, էն օրը որ կխորհիս թե՝ անմեղ արդար վիճակի մեջ տուն կդառնաս, մտածելու եղիր, որ թեև ձեռքդ դրացիին էգիին չես երկնցուցած, թեև ձեռքդ ծոցդ պեյեր ես, բայց նույն օրը կրնա ըլլիլ որ ոտքովդ ես մեղանչած վասնզի, եղբա՛յր, դուք ըլ չե՞ք համոզված թե՝ դաշտեն մինչև տունը շատ մը բանվոր անմեղ մրջյուններ ու մկլեզները կմահացնեն ձեր ոտքերովը, սպանության պես միեղքը խոշ մարդուն կաս տեվեի պես խոշորության վրա չըլլիր միայն։ Ահա թե ինչո՞ւ կըսեմ, որ միենք բացարձակ արդար չե՛նք կըրնար ըլլիլ»։
Նոր կրոնքին աս եսսենական հայացքները տարիներ առաջ այսպես շատ ուշագրավ թվական մը կհանդիսավորեին, ինչպես հոս Խ.-ի մեջ ինչպես ալ Իչմեի ու բուն քաղաքի մեջ, երեք կարևոր կեդրոնները միսիոնարական գործունեության, ուր ճարպիկ միսիոնարը իր առաջին տաղավարները հաստատելու գործունեությունը ցցուց։ Քիչ վերջը չորրորդ մը Հ․․․ գյուղը կըլլա անոնց հետ։
Փակագիծս գոցելե առաջ ըսեմ որ այդ քարոզները պահ մը այն արդյունքն ունեցան, որ՝ ժողովուրդը՝ նախ անոնք, որ մոտեն ու մշտապես լսողները կըլլան անոնց, վերջը հետզհետե մյուսներն ալ որոնք ան ատեն կամ անկե առաջ հայ տերտերին նկարագրած դժոխքին յոթը անկերով կաթսաներուն սարսափը միտք պահած էին, ժողովուրդը կըսեմ, ուրանա ալ ևս արևին տակ ժպտող գույներուն հմայքը, ուր իր մեջը միայն անդենականի հոգերը լեցնե, աշխարհե ու աշխարհիկ հաճույքներե մեկուսանալու լուրջ ստուգանքներու մեջ։
Եվ անկե վերջ իրավ որ գեղին լուսավորչական ապրող ան ատկտուքներով ալ շատը այնպես տեսա, որ դրացի իրենց աշխարհուրաց բողոքականին տրտմությունով սգավորի ճրագ մը կմլմլցնեին տուներնուն մեջ։ Սգավորներ՝ պարի, պարխաղերու սովորություններե հրաժարված, սգավորներ՝ հարսնիքին թմբուկը իրենց ձեռքերովը խզտած։ Թախծոտ անժպիտ ինքնամփոփումի մը մեջ անոնք ամենքն ալ, երբ ալ բարեկենդանի գինողող տանիքներուն ցնծուն ծափերն ու քրքչանքներն ալ չեն լսեր կամ չեն ուզեր լսել։ Ցուլի և ըմբշամարտության խաղերու հերոսիկներն իրենց երդիկներուն տակ թաղված մեռելներ կմնան, որ չեն իշխեր ու չեն կրնար անգամ ըսել, որ երեկ ալ կյանք մը ունեին։ Բոլոր ասոնք ու այս կարգի սովորություններ մեղավոր հաճույքներ ճանչվեցան։
Փշիկ Սիմոյին տունը հարսնիքի եռուզեռ մը կա, ուր Շալճին ալ իր խատուտ հագուստի երանգներուն մեջ՝ իր տեղը կբռնե բազմոցին վերի կողմը, հիմա ու ամեն ատեն ալ միշտ այն գիրքն է անոր գրաված աթոռը։
Հարսնետերը ու բոլոր ուրիշներ՝ ամենքն ալ լուսավորչական ու պարտականները շալավաճառին, շատ ավելի անոր կշռայլեն պատիվը, հարուստ մըն է մարդը ու նույն ատեն խաթրլի դրացի մը, որուն հիմա պարկեշտ ու պատվավոր բողոքականի անունն ալ գլխագրով կգրվի։
Սիմո ավելի պատիվ մը իր բողոքական դրացիին, այնպես արդեն կարգադրած կըլլա, որ դափի թմբուկի ձայն ձուն չըլլա բնավ, գինին ալ, է՜հ, կարելիորեն չափավոր ու երբեք գինովություն։ Խիստ պատվեր մը այսպես ճահիլ հարսնևորներուն ականջին «Հարսնիքը կանցնի, խախկությունը կմնա, տղա՜ք, ձեզ տեսնամ, քեամի՜լ, քեամի՜լ, քեամի՜լ»։
Քեամիլ իրավ որ մինչև օրանին ալ բզեզը, իսկապես բողոքական հարկինքի մը անշշուկ լռությունով ու լրջությունովը կորակվի եղածը, որուն ավելի ճիշտ պիտի ըլլա սգավորներու հավաքույթ մը ըսել։
Պատվասիրության մը այս կերպ շռայլանքները, ինչպես կակնարկեինք, քիչ մըն ալ այն պաաճառով, որ Շալճին Փշիկեն ունեցած հին առնելիքներուն վրա նոր մըն ալ ավելցուցեր է անոր այս անգամ ալ ապառիկ տալով հարսանիքին համար հարկադրված գոտիները, վճարի պայմանն ալ դեմինը ինչպես որ կսպասեր։
Փշիկ ինքնին իր համակրելիության հետ ինկած երկրագործ մըն է, որ միշտ պատրաստ դրամ չունենար։ Ասանկներուն համար ըսված է, թե անոնք շատ անգամ ախոռին էշը կծախեն, որ տունին հարս մը բերեն, երկոտանի իշուկ մը ավելի տնտեսական գտնելով։
Հարսնիքի վերջին իրիկունը, վերջին հացին կնստին, տարևորները առանձին սեղանի մը շուրջը, հետո կարգ մըն ալ ճահիլ փեսամանուկները պիտի ունենան։ Վերջինները հավետ տրված պատվերներու մը համաձայն, ոտքերու բթամատի վրա արթուն ու ընդոստ՝ սեղանեն մինչև խոհանոցը կկոցի երթուդարձ մը կընեն։
Մեծերու այս սեղանին վրա կտուց կախողներուն մեջ՝ անգամ մըն ալ ըսեինք, թե դրացի Շալճիեն զատ ոչ ոք կա ուրիշ, որ ժողովարանը ներկայացնե։
Մյուսները տասնհինգ քսան հոգի՝ գինիին կարասին տակ քնացող լուսավորչական տուներու Իթուրիելներ՝ այն հիներն են, որ ժամուն ս. Ստեփանոսի պատմութենեն զատ բաներ մըն ալ շատ-շատ երկիրը իր վրա կրող մեծ եզին կյանքեն գիտեն։
Սեղանին վրա եկած երևցած կերակուրներու կարգին՝ գլուխգործոցը կերևա վերջապես, խորոված գառը գլխովը մեկտեղ, որուն ցռկամեջը չես գիտեր ի՛նչ վայրագ հեգնություն մը խորհրդավորելու համար փունջ մը թարմ ազատքեղ կզետեղեն, բայց իրավ սքանչելի։ Դաշտեցիին թոնիրը եփված այդ գառը վայելելու համար մեկ ստամոքս ունենալ չի բավեր, մուպարե՜կը… Օ՜հ, մուրազ տվողը, որ վերջը կբերեն կըսեն, վերջը, որ վրան հարիր լիր խմվի՝ կբերե Փշիկ — հարիր ալ երկու հարիր ալ կարձանագրե ուրիշ մը։ Շալճին անխոս, ու կերևի անոթի քիչ մըն ալ, աջ ձեռքի մատները եռաժանիի մը պես կխրե գառին կուրծքը, ուսկե վերցուցած պատառները այնպես կթաղե, ինչպես արագիլը դոդոշները կկլլե։ Գինին գառին վրա չի խմողը, երկու անգամ կմեռնի եղեր։ Մեռնողներ անոնք ալ, որ հարյուր լիրին ախորժակը ունեն։
Ու դույլերը մեկե ավելի սպասավորողներու ձեռքին մեջ՝ գը՜լ, գը՜լ, գը՜լ, գը՜լ, բադերու ձայն մը կհանեն։ Օ՜խ, անա՛մ, պապա՛մ, ճանըմ…
Գավաթը պարպողը գինիին ու տիրոջը պատիվ՝ անպատճառ կունենա ըսելիք մը։
Այն մեկը խաղողին թուփին տակ կպառկի, ուրիշ մը գինին բղողին մեջ սատկող մուկը կուզե ըլլալ, «գինի, գինի, հեփիմիզըն տե տինի ու էօմրի, կըսե տանտերը, իշտե ես էսոր համար չի փոխեցի մսուրս որ ամեն օր ըլ էս մուպարեկ մեռոնով օծվիմ, ի՛նչ ըսիր պարոն Արթին, դուն մինակ ուտելուդ ես տալմիշ եղեր, անուշներ ըլլի, սիրելիս, անուշներ խմողաց։ Պարոնը, Արթին իրավ է, որ կնճիթը սեղանին վրա միշտ՝ ուտելուն կնայի միայն, բայց ինչ ըսել է»։
Հարսնետերը աչք մը կընե գինի մատռվակողներուն ու անմիջապես գավաթ մըն ալ անոր կերկնցվի, պարոն Արթին, աչքդ սիրեմ, կըսե Փշիկ, գառին հոգին քեզ կանիծե, թե որ․․․ Մարդը, բայց երբե՜ն է, որ իր տունեն կարասներն անգամ կտոր-կտոր ըրած ու դուրս նետած է։
Գինիի պես խմելիք մը իրեն ինչպես առհասարակ բոլոր եկեղեցիի անդամ եղբայրակիցներուն համար, ան օձն է, որ մտած տեղը թույնե ավելի մահաբեր բան մը կտանի։
Շալճի ու գինի, երկու ի՜նչ անհաշտ հակադրություններ, որ կրնայիք երևակայել։ Շալճին ժայռ մը, որ քլունկով ալ չի քակվիր, կմերժե հրամցվածը, գինի, ան սոսկալի բանը, որուն նախաձևն անգամ կասկածելի հապ մըն է իրապես, խաղողը, ու գինի հիմա, չէ՛, եղբայրնե՛ր, չէ՛ , անկարելին կխնդրեք։
Փշիկին հետ քովիններս ալ ստիպող կըլլան, որ Արթին առնե գավաթը, միայն մեկ գավաթ գոնե, բայց մարդը միշտ նույնին կրկնությունովը կմնա, անկարելին է իրեն սպասվածը, եղբայրներս, սիրելիներս…
Սեղանակիցներ վայրկյան մը վար դնելով իրենց գավաթները աս նազոտ հարսնևորին փնչփնչումներուն վախճանին կսպասեն, բոլորին ալ փափաքն է, որ բողոքական պարոնը — մենք չըսի՞նք որ եկեղեցիի անդամ մը — պզտիկ չի ձգեր զիրենք, հարսնիքի առիթով Քրիստոս ալ խմեց, կըսեն պարոն, գինին պակսելու ատեն, այն ինչ հրաշքն ալ գործեց, դուք ավետարան կկարդաք, դուք ավելի աղեկը գիտեք։
Սա տեսակ երդված սոֆի բողոքականի մը մանավանդ գինի խմցնելը քիչ մը ամեն լուսավորչականի համար ալ հետամտած քաջություն էր, որ վերջը իրենց մեջ ըսել պարծենալու հպարտությունը պիտի մնար։
Բայց, սիրելինե՛րս․․․ սիրելի եղբայրնե՛րս․․․ մարդը՝ նույն համառը, անգամ մըն ալ կգտնե անոնց պատասխանելու բանաձևը։ Փշիկ ինքն ալ նույն չափով համառ մը իր ծրագիրը կփոխե, չէ՞ որ արդեն տեղական սովորությունն ալ այնպես կպահանջե շատ հարգված հյուրին համար։
Մատուցումը այս անգամ ուրիշի ձեռքով, բուն իսկ տանտիրոջ կնկան կողմե։ Նոր գինի, նոր հրամցնող մը ահա, որուն աղվոր աչքերն ալ արդեն այնքան սև ու պաղպաջուն զույգ մը գավաթ կարժեն, «նոր բղող բացի, պարոն Արթին, խուրպան, ատուկ քեզի համար բացի, խաս գինին բերի, որ մեռոն կլմանի»։
Պարոնը ջուր քրտինք մը կսրբե ճակտեն, ալ հնար կա՞ բառ, շունչ փորձելու․ գինին աղվոր, տվողն աղվոր, երգն աղվոր, ձեռքը գավաթին կտանի վերջապես, քովինները զեղուն զվարթությունով մը կեռան, անուշներ, պարոն, անուշ ըլլի, անուշ ըլ․․․ իշտե հիմա հարսնիք կլմանի․․․ պարոնը գավաթը բերնին՝ անոր մեջինը ծծելու ատեն տարիներու կարոտով երազված սիրականի մը երեսը կծծե, էն վերջին կաթիլն ալ այո՛, ու բերանը սրբելով գողի նայվածք մը կընե քովիններուն։ Գող մը, գեհենապարտ մեղավոր մը, վերջը պիտի հասկնաք։ Շալճին գավաթ մը թույն էր, որ խմեց։
Ժողովարանին զանգակը մեկ-երկու շաբաթ վերջը, օրը երեք անգամ, օրը չորս ու հինգ անգամներ տենդոտ շեշտ մը կտարտղնե, հո՛ս եկեք, հո՛ս եկեք, շո՛ւտ վազեցեք․․․
Ժողովարանը իրարու վրա ամեն օր կարևոր խորհուրդներ մը կկատարվին։ Որոտագոչ աղմուկ մը եկեղեցիի անդամներուն մեջ, որոնց կարգին շատ ավելի Պ․․․երու տղաքն են, որ պոռալու ատեննին պատերուն ծեփերը վար կառնեն, օ՜հ, չէ, եղբայրներ, չըլլար այսպես, գայթակղության սոսկալին կըսեն ասոր, դուք ինչ կարծիք ունեիք, ժողովուրդ, կըլլա՞ր այսպես, մենք զատվեցանք, որ… մենք ճչմարիտ ավետարականը եղանք որ… մենք զինք իբր պարկեշտ ու նորոգված եղբայր մը եկեղեցիի անդամ ճանչցանք որ… բայց ան հիմա մեր բոլորիս ալ խերն անիծած եղավ։
Այո՛, այո՛, շատ շիտակ կխոսին Պ․․․յան եղբայրները, ջնջել, ձգել ու անունն ու բոլորովին մոռնալ պետք է վրա կբերվի ունկնդիր ժողովրդին մեկ մասին կողմե, մյուս շատերը Բաղդիկ Պաղսարին կարծիքը կպաշտպանեն, որ Պ․․․երու հակառակը պնդող մեծ ձայնն ունի, սխալ եք հասկցեր կըսեր աս վերջինը, եղբայրնե՜ր, սխալ հասկացողության մը հետևանքով անմիջապես վճիռ չարձակվիր, խմվածը գավաթ մըն է միայն, ան ալ ի՛նչ ստիպումով, ի՛նչ չափ զոռով, դուք ալ ըլլայիք ուրիշ կերպ չպիտի ընեիք կարծեմ, ի՞նչ կսեք ժողովուրդ, դուք կհաճիք, բերան մըն ալ մեզի համար բացեք։
Ունկնդիրներ մեծ մասով անգամ մըն ալ Բաղդիկին թմբուկը կզարնեն, բայց բան մը չարժեր իրենց հանած ձայնը, անգամ ըսվածներու մեծամասնությունն է, որ Պ․․․երու կողմը կպաշտպանե, այն հայտնի պատճառով, որ լսած կըլլան, թե Բաղդիկ մոտ օրեն իր պաշտպանածին հետ խնամիական կապ մը պիտի հաստատե։ Վաղն ան երկուքին միացած ազդեցությունը ամեն հավանականությունով իրենց շահերուն սպառնացող փորձությունը պիտի ըլլա։
Ջնջել, եղբա՛յր, ջնջելը միայն գայթակղության առաջքը կառնե։
Հովնան մըն ալ թող պակաս ըլլար, մանավանդ թե արդեն այսպես կպահանջեն նույնիսկ եկեղեցիին շահերը, որոնց պատասխանատվությունը ժողովրդեն առաջ, անգամ եղբայրակցության վրա կծանրանա։ Շալճին բացակա այս վերջին ժողովեն, ու նույնիսկ գեղեն ալ իր առուտուրին բերումովը, երկինքեն երկիր՝ մեղավոր հրեշտակ մը կնետվի, այնպես որ ալ ան անկումեն հետո հասարակ ժողովարանականի մը պատիվը չունենար։ Այսչափ արագ կփոխվի իր վրա ձևված համարումը, ժողով կամ ժողովուրդ այսչափ բծախնդիր միջամտության մը կարտորան պատմելու այն մեկը, որ այնպես կտեսնեին թե՝ քիչ մը լայն կնստեր ժողովարանին մեջ, ամեն օր հարսնևորի մը հագուստովը կերևար հոն, ու անոր ավելի ան անտանելիությունը, որ հիմա կխոսին, ան է եղեր, որ ժողովարանին մեջ աղոթքի ատեն, մինչ ուրիշներ աչքերնին խբելով ինքնամփոփ վերացումներու մեջ կըլլան, ինք նույն ատեն իր թարթիչներուն տակեն պահ-պահ կնիկներուն կողմը կհայի եղեր, կատարյալ բողոքական մը չէր կըսեն։ Ինք ժողովարան գալու ատենը թող կուտար, որ իր կնիկն ալ ժամ երթար, այս բանը քիչ մըն ալ բուն իսկ իր բարեկամ ազգականին ջիղերուն դպած էր օրին, բայց նա կծածկեր իր զգացումները ու կարելի է այդ իսկ պարագան ըլլար արգելիչ միակ պատճառը, որ Բաղդիկ չուզեր արտորալ իր աղջիկը Շալճիի պես կես բողոքական տունի մը հարս տալու։ Պ․․․ները կշահին ան, ինչ որ միտքերնին դրած էին. քաղաքեն միսիոնարն ալ եղածին հավանություն հայտնող պաշտոնական թուղթ մը կնետե անոնց առջև։
Մեկ քանի օրեր վերջը, բանադրված պարոնը տուն դարձած կիմանա բաները ու պահ մը ապուշ կապրի, կամ ավելի շիտակը, լուռ մխացողը կըլլա այն որոշումին հեղինակներուն դեմ ու անոնց անուններուն վրա կկռճտցնե ատամները։ Բաղդիկին բարեկամության չափն ալ աչքի տակ կբերե, բայց կարժե՞ փորձել բան մը, քանի որ լսած կըլլա նաև թե՝ անոնց ըսածներուն հավնողը ուրիշ բարձրագույն մարմին մը միսիոնարությունն ալ է եղեր, միսիոնարը հայ տերտերը չէ, որ մեկ դույլ գինիով յոթը մահացուները ներե։ Մարդու առուտուրին պարագաներն ալ այնպես են սա վերջին օրերը, որ քիչ մը ժիր շունչ առնել տալն անգամ վտանգավոր հավակնություն մը կխորհի։ Ձայնը վար կդնե ու տունին մեջ ինքնամփոփ խոշորկեկ գիրքի մը վրա կկախե գլուխը։
Այս վիճակին մեջ իրեն այցելող բարեկամները իրմեն այն տպավորությունը կտանին, կվկայեն թե՝ մարդը հիմա ինչպես առաջ ալ մեղրիկ մեղեսիկ քրիստոնյան կմնա, գեշը անոնք, որ անոր պես մեկը գավաթի մը մեջ խեղդելու անիրավությունը ըրին։
Բանը հոն սակայն որ խոստովանանքի կամ վկայության մը այս կերպը ուրիշներն ալ հայտնեն ու խոսքը մինչև այնինչ ամբիոնը արձագանքե։
Անոր միակ փափագն է կորսվածը գտնել ժողովարանին մեջ, վարկի վերադարձը կամ եկեղեցիի անդամակցությունը անգամ մըն ալ — ինչո՛ւ չէ, ապաշխարհող մեղավոր մը ողջունելու համար երկինքի սերովբեներեն առաջ արդեն, հոն, քաղաքի միսիոնարն ալ պորտ կնետե։
Դատապարտված մարդը այսպես շատ օրեր բուն գործն ալ մոռցած՝ խիստ ապաշխարության մը կենթարկե ինքզինք, միշտ կաղոթե, միշտ ս. գիրքն ունի ծունկերուն վրա։ Խոշոր աղյուսի մեծությունով աստվածաշունչ մը, որ օրին մեկը միսիոնարն է նվիրեր իրեն, անոր հետ ուրիշներ ալ կան ձեռքին տակ թեև, բայց անոնք մանր գիրերով են, ինք ավելի այն մեկը կսիրե գործածել, որ ոսկեզօծ կողքին հետ խոշոր ալ տպագիր մը ունի։ Բացած երեսին մանրագիր վկայություններն անգամ աչքե չի վրիպեցներ, կարգ մը բառերու վրա քմայքոտ եղանակներ մը կկզկզա, որ երգարանինը պիտի ըլլան։ Սար՜ր՜րան Աբրահամի կինը կամ քույրը, աս անունը զռինչի մը շեշտովը կերկարաձգվի իր բերանեն։ Սառռան, Աբրահամ մը հայտնապես սուտ մը ծամեց իր գեղեցիկ կնկան համար։ Գիշերները ս․ գիրքով լրացուցած առտու կանուխ դեմը եկողին ալ կպատմե որ՝ բոլոր ատենը միածին գառնուկի հետ խոսեր է, ճիշտ դեմ դեմի նստած խոսեր է գառնուկին հետ։
Ու պարոն Շալճի գիշեր մըն ալ ս. գիրքին հետ։ Գիշեր մը, սև գիշեր մը, որին հաջորդող ցորեկն ալ գիշերի մը մութովը պիտի պարուրե իր տունը։ Այն իրիկուն պարոնը — այն խոշորակազմ այն ընկերին՝ ս. գիրքին հետ կապրի նորեն, աքաղաղը երկու-երեք բերան խոսելե վերջ ինքն նույն անկյունը, ու նույն գիրքին վրա կմարմրցնե աչքերը, որ ալ հայտնի է, թե չեն կրնար դիմադրել ու նույնիսկ գիրերն ալ չեն կրնար տեսնել։
Պարոնին կինը պզտիկը կուրծքին ծծցնելու առած՝ մեղքնալով էրկանը գալարքներուն ու հատնումին, մեղմով մը շրթունքը կերերցնե ըսելու, որ քիչ մըն ալ վաղը կարդա, մեղք ես, էրի՜կ, քիչ մըն ալ վաղը պեյե կարդալիքդ, կհծծե Վարդեր։ Գորովոտ զգացում մըն է կնկան հայտնածը, որուն պարոնը անմիջապես պատասխանելու վիճակ չունենար, մրափի խրխռուկներ մը կլսցնե գլուխին աս ան կողմը, շրջել կախելովը ուսկե ազատելու համար պահ-պահ ջղուտ շարժումով ամփոփում մը կփորձե թեև, կբանա աչքերը կարկամ ու քիչ մըն ալ ապուշի թարթվածքով, գիրքին կշիտկե, բայց նա նորեն նույն անկումները կունենա, նույն խեղճ դրության մեջ կգալարվի. կինը հեղ մըն ալ կկրկնե ըսելիքը, «քեզի մեղք է, քիչ մըլ ինծի մեղքե ա ճանըմ, ել հիմա անկողինդ գուտ, հանգիստ մը ըրե, մնացածը կրնաս վաղն ալ կարդալ, առտու ես կանուխ պիտի էլլըմ, կանուխ՝ հաց պիտի թխիմ, ևն, ևն»։
Պզտիկը ծծցնող մորը խոսքը անավարտ տակավին, նա այն տեսակ հարված մը կընդունի երեսին վրա, որ կզգա վայրկեն պես թե՝ տունին ձեղունը իր բոլոր ծանրությունով իր գլուխին կփլի, վո՜ւյ, անորէն մարդ, քոռցուցիր, քոռցուցիր, վո՜ւշ, տունս ավրավ–ավրավ… այս կինը սարսափահար ու գետնե գետին ճանկռտվելու խելահեղ վիճակի մը մեջ։ Պարոնին ոտքերուն տակ, վիզեն կտրված հավ մը կցատկտե կամ վիրավորված այծ մըն է, որ կմկկա, վո՜ւյ, անորէ՜ն..․
Արթին գազան մը կդառնա հանկարծ ու սև գիշերի մը ծոցին մեջ իր կնկան աչքերն ալ միևնույն գիշերին վարագույրովը կփակե։ Ձեռքին աղյուսի ծանրությունով գիրքը լողքարի մը թափովը կիջեցնե կնկան երեսին, հետևանքը անմիջապես կըլլա, կնկան աչքերը «սև ջուր մը» կիջնե ու անմիջապես արդեն կույր մը կատարյալ, որու դեմ տասը արևներ ալ բռնվին, երբեք չի տեսներ։
Խեղճ կնկան իրավ որ տունը կավրվի։ Այդ գիշերը, որ հեշտ չի լուսնար, ու բոլոր այն ցորեկները, որ ան լույս գիշերներ կանցնին երեք չորս զավակներու մայր եղող կնկան մը վրայեն, ընտանեկան աղետներու շատ մը տեսակներուն մեջ բոլորովին նորն ու ահավորն է, որ կավելցնեն։
Բայց հանցանքն ի՞նչ այս կնկան, հիմա ու աոաջ ալ ի՞նչ մեղք ունենար։ Պարոնը կըսեն իր աս ապաշխարողի ծպտանքին մեջ, երբեմն նույնիսկ իր վրան գլուխը բզքտելու նեղսիրտ նոպաներ կանցնե եղեր, թշնամիները գիտեն արդեն, վերջը բարեկամ Բաղդիկին տեսակեն ալ հասկցավ, ու աս կարգով ատեն կունենա, կմտածե նաև, որ զինք ու իր կացքը չի տանողները իր գիտցածեն շատ ավելի մեծ թիվ մը ունին գեղին մեջ, ծանոթ խնդիրք շատ բան հասկցուց, գավաթ մը գինի, գավաթ մը միայն, այնքան մը ու ավելին Քրիստոսն ալ խմեց, վկա ավետարանը ահա, որ ոչինչ ունի սուտ կամ սխալ։ Փարիսեցիները սակայն, այն վատահոգի աճպարարները, անոնց մեջ էն ցածամիտը Բաղդիկ Պաղսարը մասնավորապես գայթակղող ժողովուրդեն վախնալ կեղծելով՝ այնինչ ժողովին ատենը ամենքեն առաջ ինք կըլլա համակերպողը իր նկատմամբ արձակած վճռին։
Բոլոր ասոնց ու այս կարգի երևույթներուն հանդեպ ինք անզոր վրիժառուի մը հուսահատությունը կունենա, կամ գործի մարդու նկատումներովը կապրի ըսեք,— ասոր անոր հետ իյնալ ճանկռտվելու փորձերը գուցե ավելին տուժել տան իրեն, լավը համբերելն է, նորեն լավագույնը միայն քրիստոնեական համակերպությունն է ապահովապէս, ինչ որ իր տունը մտնող ելլողին ալ այնքան որոշ ցցուցած ըլլալու համար՝ խոշոր այն գիրքը կպահե ձեռքին մեջ ու զայն գիշերն ալ կկարդա։
Այն գիշերը, պարոնին վերին աստիճան անձկոտ մեկ նոպային, կերևի ճիշտ այն պահուն, որ միածին գառնուկը, իր կեղծավորի ցույցերեն ձանձրանալը կհայտնե իրեն ալ ևս, Վարդերի պես իր բարի կինն ալ եղջերավոր սատանա մը կտեսնե։
Սատանա այս կինը անով մանավանդ, որ մինչև ան ատեն իր հայացքներուն հետևող մը չերևալով մեկտեղ՝ միշտ ալ պատճառ մը մնացեր է ու կմնա, որ աժած չաժածների համար հազար անուններ տան իրեն, կես-կես մըն է ըսեն, կասկածելի բողոքական մը կամ լրտես մը ժամուն հաշիվին, որ անորը կմնա կըսեն, ինչպես իր կիմը ժամունը կպահե տակավին։ Պարոնը ամեն բան մեկ անգամեն միտք բերելու համար դեռ կհիշե, որ Բաղդիկի պես մեկուն այն ցուրտ վերաբերումներուն շարժառիթն ալ իր կինն էր, որուն երես չէր տար Վարդեր ու ամեն անգամ ալ թթված դեմքով մը անցած անոր առջևեն։
Բաղդիկի աղջիկն ալ իր տունին հարս չի կրնար ըլլալ եղեր, ինչո՞ւ, որովհետև հայ կրոնքին ու սովորության մեջ այն չափ մը մոտավոր ազգականի հետ այնպես բան մը չէ տեսնված։ Մեծ հանցանքը Վարդերին, որուն քավության համար աչքերը կուտա ու կուլա միայն, այն գիշերը, այն ցորեկը ու բոլոր օրերը կուլա միայն ու կուլան տունին պզտիկներն ու ծակերուն ծղրիթներն անգամ։
Շալճիին տունը լաց ու շիվան ամեն օր, ու պահ մը ամբողջ գեղը կըլլա մղմղացողը կնկան մը գլխուն իջած այն «կարմիր ձոնին» համար։ Ոճրագործը ինք ալ բան մը կքմե՞ աչքերեն ― ով գիտե, միայն թե ինք կըսեն անգամ մըն ալ ինքզինքը մեռած մը զգալով ժամավորի ու ժողովարանականի այնքան արդար ցասումով արձակած քարերուն տակ, կամաց մը դուրս կելլե ճգնարանեն ու կինը գեղ-գեղ մինչև քաղաք, մինչև այն ինչ քաղաքները բժիշկներու կտանի, կներկայացնե, խղճահարի ստրջանքով ապուշցած խենթ մը, քարեն փայտեն ալ օգնություն, դարման կկողկողա, բայց պարապ հոգնություն, թեև ինք հանդիպածին իր ամբողջ հարստությունը կխոստանա։ Էն մասնագետ բժիշկներն անգամ հուսահատ իրենց անձեռնահասությունը կխոստովանին։ Մեռելի աչքեր իրապես, որ բնավ ճար չիկա դարմանելու։
Կերևակայեք հիմա թե՝ Արթին իր այս նոր մեղքին հետևանքովը ինչ տեսակ դժոխք մը կգտնե իր տունը։ Դժոխք ու ավելի բան մը ըսեք երբեմնի աս ընտանեկան խաղաղիկ բույնին, ուր հիմա էրկանը ձեռքովը կուրցած կին մը սըկե հոն քայլ փոխելու համար պզտիկներուն օգնության կդիմե ու պատերը խարխափելով կհասնի տեղ մը։
Ալ ասեղ, մկրատ չի կրնար բռնել, ա՛լ երբեք առջինին պես։ Իրկու առտու քրքրցվելիք կերակուրի մը համար երբ մառանը կփորձե մտնել, երբ անկե թոնիրին եզերքը կդառնա, զույգ ձեռքերը մարմինեն միշտ առաջ բռնած, աչքերն ալ լայն բանալու բնազդով մը, բոլոր այս կերպերուն մեջ, ոտքերու վրա կանգնած դիակի մը պես կքաշքշվի ու գլուխը ճակատը միշտ նոր փորձություն մը ու ամեն պահուն նոր ցավով մը կխշխշա։
Մեծ տղայեն զատ մյուսները երեք պզտիկ խլեզներ, վերջինը ծծկան մը տակավին, ասոր մյուսներուն ալ տված նեղությունն ու սրտմաշուքները Վարդերի ոսկորը հալեցնող ցավերը կըլլան, էրիկը կտեսնա այս բոլորը ու դեռ շատ ավելիները կտեսնա, ինք որ հիմա շատ օրեր արդեն տունեն չի զատվելու ստիպողութենե կաշկանդված կմնա, տունեն դուրս ամոթն ու այպանքը կսպասեն իրեն։ Դուրսը կամ ներսը կզգա իր վիճակին ծանրությունը, բայց ինչ ընել։
Անտանելի մըն ալ ան չէ՞, որ հիմա մոտի հեռունի հաճախորդները կբերեն իրեն, մինչև իր տունը, որ իր դուրս չի կրնար ելլելուն համար պահ մը խանութին կերպարանք մը կառնե եկող երևցնողներու ամեն տեսակներուն ներկայությունովը, որոնք տունին փերիշանությունը տեսնելով գեշ տպավորություն մը կտանին, շատ պզտիկը մանավանդ հավձագի մը աղտերը կձգե իր սողոսկած գետինին երեսը։
Պարոն Արթին ան տեսածներին առջև ամչցող երեսներ ալ կունենա եղեր։ Օրին մեկը կնկանը խորհրդին կդիմե, «Վարդե՛ր, խուզում, չեքիլմեզ տերտ տերլեր պունա, դուն եթե ատ աչքերովդ չես տեսնար տունին հալը, փերիշանությունը, ես ալ ճշմարիտ որ իմ աս սաղ աչքերովս չեմ տեսնար կոխած տեղս, Վարդե՛ր… տունեն ավելի քեզի կմեղքնամ, ճանրքո՛ս, տունը կնկուկ մի ձգիք, որ քիչ մր խըզմեթ ընել գիտնա»։
— Դուն գիտես, էրիկ մա՛րդ, կպատասխանե կինը, տունդ ձեռքովդ քակելե վերջ, փորձե հիմա ալ ուրիշի մը ձեռքովը շինել, ինձմե ինչու խելք կուզես, դուն քու խելքիդ հարցուր։
Վարդեր այն աղետալի գիշերին դեպքեն ի վեր միշտ այսպես քենը միտքեն չի հանող վիրավորված մտերիմի մը նազոտ ճվանքովը կխոսի իր ամուսնին հետ, որուն ներելու համար կսպասե, որ գերեզմանին վրա թիզ մը խոտ բուսնի ու իրեն համար աստված միայն կայնի հախ դատաստանի։
Տունը կին մը սպասուհիի ծառայությունով, ո՛վ կըրնա ըլլա ան կամ ո՛ւր կգտնվի այնպես մը։ Շալճին իր չարչիի ամենուրեքությունովը, մարդահամար պաշտոնյայի մը չափ արդեն գիտե ու կճանչնա հոս իր գեղը ու այն կողմ ուրիշ դրացի գեղեր ապրող կնիկները, անոնց նույնիսկ կապած չիթերու հետ մեջքերնին փաթթած գոտիներուն տեսակը միտք պահած։ Պապա կամ պարոն Արթին, հենց ըղունկին վրա կգրե ու ահա անմիջապես աղվորիկ հարսնուկ մը իր դեմը, որ թարմուկ կենճ մը ըլլալու հմայքին հետ ճկուն եղեգի պես հասակ մը ունի, սիրուն աչքեր մը կքթթե աղեղ բաղեղ հոնքերուն տակ։ Վարդ մը, որ Վարդաթիլեն կուգա պարոնին տունը։
Վարդաթիլ պզտիկ գեղ մը: Խ՞ի դրացի, Արթին այդ տեղի վրա թռչկոտող ճնճղուկներուն փետուրներն ալ համրած՝ միտքը կուգա, որ անկե այն ինչ պարտականին վրա ունեցած առնելիքը՝ հազար ղրուշ, ուրիշ կերպով չպիտի կրնա կարգադրել։ Դեմինը խեղճ մըն է, այն տեսակեն, որ օրական հացին գինն ալ չի շահիր իր մշակի բանվորությունովը։
Օր մը սխալ մը ըրած ու կնկան ստիպանքին չդիմանալով Շալճիեն մեկ-երկու գոտի գնած կըլլա ապառիկ։ Հարյուր ղրուշ պարտք մը մեկ քանի տարիեն հազարի կբարձրանա վրա գալած տոկոսովը ու ալ հետզհետե բարին տանի առնելիքվորը։
Չիկա, չունինք ըսողը ամեն ատեն ալ պարտականին կինը կըլլա. «Արթին աղա, պոյիդ հեյրան, աչքերուդ խուրպան, քիչ մըն ալ համբերե», Արթին ամեն անգամ ալ այս կնկան շռայլած անուշ փաղաքշանքներուն տակ՝ հմայված օձի մը պես պոչը բերանը կառնե ու հեռանալուն կնայի։
Ու հիմա ան է, որ Արթինին տունը խըզմեթ ընելու կխրկե էրիկը անմիջապես, ետևեն հուսալով նաև, թե հայտնի սույն պարտքը ջնջվելե ետքը կրնա ուրիշ անհայտ շնորհքներու ալ տիրանալ, Շալճին ախըր շա՛տ առատ, շա՛տ խոջաղ մարդ։
Ու շուտ ըսելու համար իրավ է, որ ալ Արթին կմոռնա մեկ անգամեն այն մարդն ու պահանջը, հաշիվը ինքնին փակված գտնելով, արի տես, որ մարդն իր կնիկեն ալ կմոռցվի բոլորովին, ուսկե ոչ իսկ բարև մը կընդունի։ Բայց ցավ, հոգ չըներ բնավ, հերիք, որ տարիքի պես մեծ հոգե մը փրկված է, մնացածը ինչ որ ալ ըլլար։
Օղաբեր խոնախի ճոխությունով տունին հարմարած կնիկը կըլլա, անոր հետ հոն Վարդերն է միայն, որ կարճ կխոսի կամ խոսելու ատենը երբեմն անոր սուր մխոցներ մը կշուլլե լեզվին ծայրովը։ Բաները աչքով չի տեսնող տանտիրուհին երբեն ի վեր է, որ ականջին ու քիթին ծայրովը կհոտըտա ու գեշ մուխ մը կծառանա Այդ բաները մոտիկ դրացիներն ալ կտեսնեն այնպես, անոնց նկատմամբ բոլոր գեղին ու մինչև հեռավորներու բերանը կդառնա խոսքեր մը, Շալճին երկու կնիկ կգործածե, նոր գայթակղություն, նոր փոթորիկ մը այս, ուսկե բողոքական պարոնին տունը խլյակի մը պես կերերա վտանգավոր ջուրերու մը երեսին։ Ամբողջ գեղն է հուզվողը։ Շատեր ավելի ստույգը շեշտելու համար, կույս կնիկը բոլորովին երեսե ձգեր է կըսեն ու Վարդաթիլցիին հետ կապրի միայն, սանկ անօրենություն մը ո՛վ լսեր է կըսե ժամվորը, օ՛հ, այո՛, եղբայր, ան շնացողին պես Սոդոմի մեջ ալ չիկար կավելցնե ժողովարանականը. գավաթին մեջ խեղդվող դավանափոխը, հիմա ալ աշխարհի աչքին տակ Վարդաթիլցիին թաղարին մեջ կթաղվի։ Այն տեսակ խոշոր, բելիարի պես մարդ մը այս տեսակ փոքրություններու մեջ կխբե ինքզինքը։ Բայց աս չէ շատ զարմանալին։ Ժամեն հրաժարող պարոնը, հիմա ամենևին ժողովարան ալ չի կրնար մտնիլ, ուր ու ամեն տեղ կատաղի տրամադրություններ լարված կերևան դեմը, պզտիկներ իր անունով շինված շերեր կպոռան մինչև իր դուռին առաջքը մոտենալու համարձակությունով, որոնց ինք ներսեն ձայներ մը երկնցնելով՝ հա՜, օղուլ, հա՛, երկու կնիկ իմ առեր, տահա իրեք ու չորս ըլ պիտի առնիմ, տահա կուզեք մարերնիդ ալ կառնիմ։
Շալճիին աս նախատինքը այս բանաձևերով, լուսավորչականները ամենքեն առաջ մատերնին փաթթած օրվան առաջնորդ վարդապետին բողոք մը ներկայացնելով կպահանջեն անպատճառ, որ կամ այն մարդը իրենց գեղեն ելլա գեղը շնացողի մը գայթակղութենեն փրկված ըլլալու համար, և կամ իրենք թույլատրած ըլլան, որ անոր հետ իրենք իրենց ուզածին պես չափվին, շնացողը, անկրոնը որ ամեն բան ուրանալով հանդերձ, հիմա ալ երկու կնիկ գործածելը արդարացնելու համար, կպնդե, որ ավետարանը կարտոնե իրեն այնպես, ավետարանին մեջ ո՞ւր կա խոսք մը, ակնարկ մը, որ երկու կնիկ ունենալը կարգիլե, կամ քանի որ հոն եպիսկոպոսին համար մեկ կնիկ ունենալու խոսքը հայտնի իր տեղը ունի՝ ըսել չէ՞ աս, որ աշխարհական մը կրնա երկուք ու երկուքեն ա՛լ ավելին ալ գործածել։ Շալճին կըսեք իր աս ծամած չամի՞չն էր, որ այնքան երկար հոգնությունով ս․ գիրքին մեջ կփնտրեր, զոր ուշ գտնելու խըրսովը, կնկան աչքերը կուրցած, աս հարցումներուն պատասխանելու ժամանակ չունիմ հիմա, դուք զարմացեք անոր, որ պարոնը իր այն բանաձևը քանի՜ քանի անգամներ միսիոնարի առջև ու ամեն մարդու ալ ականջի, ըսել կրկնելն հետո անգամ մըն ալ հայ առաջնորդարանին մեջ կնետե համարձակ։ Իր այս խոսքը իր ուզածին պես ըմբռնելե խույս տվող պաշտոնական դեմքերը պահ մը անով հասկացողության բերել կհաջողի, որուն ամեն տեսակեն ալ մեծ առատությունով մը ունի իր ծոցն ու քսակը։ Շալճին Վարդաթիլցիին տեր մնալու համար ամբողջ հարստության հետ, ամբողջ կյանքն ալ վրա կուտա վերջապես ու մենք երկու բառով անոր այդ վերջինը, Շալճիին վերջին վայրկյանը փակենք։
Մարդը ազատելու համար իրեն հետամտողներեն, որոնք զինք ծամելեն քմելեն իրեն բան մը չեն թողուր ա՛լ ևս, ունեցած հարստության էն վերջին քամն ալ կծծեն, իր սիրական սպասուհիին հետ տունեն դուրս փախելով, դեմի լեռները կանհայտանա, հոն ան տեղվանքը նոր տեսակ հովվերգական կյանք մը պահ մը, բայց պահե մը վերջը այն անմատչելի ափափաներուն ծայրերն ալ ուզածը չի գտներ կամ վայելքը հոս ալ ձրի չըլլար վերջապես, այդ բարձրություններուն վրա մագիլավոր բազեներու ուրիշ խումբ մը կհալածե զինքը, որու հետևանքով նոր կրոնափոխության շրջագիծ մը կձևե վայրկյան մը, բայց ալ ժամանակ չեն տար իրեն։ Պաշտելի թռչունը գիշեր մը իր ծոցեն խլել փախցնելու դեպքով, վայրագ ձեռք մըն ալ մինչև իր ամորձիքին վրա կերկննա, կխբվի, պարոնը վայրկենապես ալ ոչ իսկ շունչ մը կրնա փորձել, հոգին այն կողմեն կթողու լեռը, ու մարմինն ալ օրեր վերջը՝ ալ բոլորովին քայքայված վիճակին մեջ, Վարդերին առջև կբերվի կնետվի։ Հեք կինը, որ բոլոր այն իրադարձություններուն տեղյակ՝ ալ բնավ չի լալ չի ցավելու համար, քար սիրտ մը սկսեր էր ունենալ, երբ այն ինչ իրկունը իր ամուսինին դիակը կձգեն առջևը, քարերը լացնող շիվան մը կփրցնե, ա՜խ, մարդո՜ւկս, հոգի՜ս, աչքերդ տուր, որ աչքերդ տեսնայի, լոսս տուր, որ լոս երեսդ հայեի, քեզ, ո՛ր ձեռքը ըրավ էսպես…
Այս դեպքեն վերջը, չես գիտեր ինչ մը մնաց այն գեղին գեղացիին մեջ, ուր երբ մի որևէ ժողովարանական բերան բանալ, շաղակրատել փորձեր, անդիեն լուսավորչական աղբրուկ մըն ալ բոբիկ, անվարտի, անպատճառ պիտի ըսեր անոր. «Բերանդ, պարո՛ն, բերանդ, գավաթը կկլլես»։ Գավաթը չմոռցվելիք պատմություն մը մնաց այս գեղը։ Հոն անոր մեջ Շալճիեն ետքը, ուրիշներ ալ խեղդվեցան ետևե, առհասարակ հարուստ դասակարգը Խ.–ցի դավանափոխներուն, որոնք ապա իրենց պահանջատերները շոլրցնելու համար նույն տեսակ գավաթներ մը պարպել տվին անոնց, մեկ կաթիլը մեկ ոսկիի արժեքով քշելով։
Ավելի զարմանալին, ո՛վ միտքը անցներ, որ Քեսրիկի եկեղեցիին մեջ պաշտոնավարող քահանան՝ Տ. Գուրգեն ան պզտիկը ըլլար, որ իր մորը կուրծքին վրա անշահ հոր մը ըրածին վկան եղեր էր օր մը։ Շալճիին կրտսեր մանչը հիմա աղվորիկ քահանա մը Քեսրիկի մեջ, ուր կըսեն ամեն կիրակմուտի խունկը իր հորը հոգուն համար կծխե նախապես։
1907