Գարնանամուտ (Շուշանիկ Կուրղինյան)
Գարնանամուտ
Նորից գարուն,
Կարմիր արև,
Թռչունի երգ,
Առվի խոխոջ․․․
Նորից հույսը մարդուն ընկեր
Ու պահապան։
Նորից երգը միշտ սրտահույզ
Ու խնդալից։
Նորից լուծը
Թեթև, անցավ՝
Թոթափելու մոտ ու խախուտ։
Մորմոքները մթնշաղի թևերի պես
Շուտ նոսրացող։
Կապանքները՝
Անցողական,
Զրկանքների թիվը հաշված․․․
Որքան ծաղիկ
Պիտի բացվի․․․
Որքան ճաճանչ
Պիտի շոյե բաց դեմքերը․․․
Որքան ցնծերգ
Պիտ ոլորա կրծքերի տակ․․․
Որքան համբույր պիտի պոկվի
Շրթունքներից՝
Փորագրվի
Հուշերի մեջ․․․
Արևները սրտերի մեջ
Պիտի վառեն
Բախտի թագին,
Որ խնկարկվի կյանքն ու ապրում․․․
Գիշերների մթության մեջ
Պիտի երկնեն կոկոնները
Հազարերանգ,
Բողբոջները՝
Ցողով սնած․
Ծնվող խոտով
Պիտի լցվեն
Դաշտերն անծայր,
Թևավորող
Թռչուններով՝
Օդը հստակ
Ու բուրալի․․․
Որքան թիկունք
Պիտի ծռվի
Խոնավ հողին,
Կոշտ հանքերին,
Հնոցի դեմ,
Սալի առաջ,
Ծանրության տակ՝
Որ ապրելու խլե հնար․․․
Ժիր աղմուկը բահի, մուրճի
Եվ քլունգի,
Որքան քրտինք պիտի քամե
Ճակատներից
Արևակեզ,
Ու ողողե ողջ արդյունքը
Աշխատանքի․․․
Տրտում մտքերը գերել են ինձ,
Տխրած չէի ոչ մի գարնան։
Ու լալիս է
Անմխիթար
Սիրտս հիվանդ․․․
Որքան կսկիծ ծլեց ծաղկեց
Եվ ինձ համար․․․
Ու թույլ եմ ես,
Կընկնեմ խամրած՝
Երբ ծլում է խոտը, կանաչ,
Երբ ծաղկում են
Ծաղիկները հազարերանգ․․․