Գարուն է պայծառ, արշալույսին դեմ.
Երկնից թագուհին յուր ճեմն է առնում,
Երկինք ու երկիր պատկեր մի վսեմ
Աչքիդ առջև ներկայացընում։
Կարծես, կրակի բոցով են պատած
Սուր գագաթները բարձր սարերի,
Որոնց լանջերում՝ հեռուն տարածված՝
Արոտ են ելել հոտեր խաշների։
Իսկ ծառերի տակ, թավ անտառներում,
Վճիտ առվակներ հայելու նման
Հոսում են հստակ, խոխոջ բարձրացնում,
Կարծես, սուրբ ողջույն գարնանը կարդան։
Այնտեղ հրաշալի ի՜նչ ալեծածան
Ծաղկանց փունջերով ծածկվել են դաշտեր.
Աջ, ձախ ու խոնարհ ծփան ու խայտան
Թեթև զեփյուռից ճկուն թերթիկներ։
Եվ սիրուն ծիծռունք — խաբարբերք գարնան —
Եկել են մեզ մոտ երկիրներեն,
Նախկին ու ծանոթ հարկ նվիրական
Որոնեն, գտնեն, բնիկներ շինեն։