Գարնան... փոխարեն
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 163։

Գարնան... փոխարեն


Գարունը նոր է հունի մեջ մտնում,
Բայց ի՞նչ՝ ոչ աշուն, ոչ էլ ամառ է,
Մառախուղ-անձրև օրն է լուռ մթնում,
Արևն՝ անզիջում-այրող-համա՛ռ է։

Հավատի որմին թախիծը թառել՝
Մահվան կորստից փրկվել է ուզում,
Իր համար մի պուտ արև է ճարել,
Ու էլ աշխարհի ցավից չի հուզվում։

Երեկոն կախվել օձիքից օրվա,
Ողջ վաստակածը խլում տանում է,
Իսկ մնացածը, բաժինքը նրա,
Գիշերը առել ու կլանում է։

19.05.01, Ստեփանակերտ