Գարնան կարկաչուն վտակի ափին

Գարնան կարկաչուն վտակի ափին

* * *


Գարնան կարկաչուն վտակի ափին
Մոլորվա՜ծ մտքով ես նստած էի
Եվ նայում էի պղտոր ջրերին,
Պես–պես ցավերով տանջված սիրտըս լի։

Եվ փունջը ձեռիս քրքրում էի,
Ծաղիկներն մեկ-մեկ ջուրն էի ձգում,
էվ պղտոր ալիք գարնան վտակի
Միշտ հառաջ էին անդարձ գլորում...

Եվ աչքըս ջրին՝ ասում էի ես.
«Կյա՛նք, դու էլ մեկ-մեկ օրերս ինձանից
Խլում ես պղտոր այդ վտակի պես։

Ինչպես ծաղիկներն իմ փնջի միջից՝
Անհետանում են անուշ երազներ —
Սի՛րտ իմ, դրախտ էիր, և դարձար ավե՜ր»:

1897