Գարնան համբույր
ԳԱՐՆԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ

Ահա՛ զգում եմ արդեն ջերմաշունչ
Գարնան արևի ախո՜րժ համբուրում.
Ու նայում դյութված, նայում անմռունչ
Շողերի խաղին ճերմակ ամպերում։

Եվ հորիզոնում ջի՜նջ, լուսատարա՜ծ,
Որպես հայելի, արծաթի ցոլքով.
Գարնան արևից վառ համբույր առած,
Ծովն է փայլփըլում վեհապանծ դեմքով։

Եվ որքա՜ն առաջ, ա՛յնքան իմ դիմաց
Հանդես ես գալիս լի՜ կախարդանքով
Դո՛ւ գարնան համբո՛ւյր - դաշտերում փռած
Ծաղկահյուս գորգեր նազելի շարքով…