ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. «Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»:

Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս. քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:

Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ո՛վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»: