Գեղեցիկ Վարթիկը
ԳԵՂԵՑԻԿ ՎԱՐԹԻԿԸ
Ա
Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ։
Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ՝ փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր։
Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր։
Արշայույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով։ Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին։ Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ։
Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:
Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակում: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը։
- Խաչո՛, Մաթոս՛, Պողոս՛, Խուդո՛,- ձայն տվեց նա յուր որդիներին։ Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով։
— Դու որդի՛, Խաչո,— ասաց հայրը,— Խուդոյի հետ կլծես սբորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը։ Մաթոսը թող գնա քսանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը։ Իսկ ես Պողոսի հետ կգնամ լրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է։
Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը։
Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բունած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին կծելու, կամ որը հասակով մեծ էր, ղրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լինելու։
Այդ միջոցին ջրի սափորն ւուսին ներս մտավ մի հասուն աղջիկ: Դա ծերունու վերջին զավակը' օրիորդ Վարթիկն էր։ Այդ ժիրը զարթնել էր ամենից առաջ, և չորրորդ անգամն էր արդեն, որ ջրի սափորով դառնում էր հեռավոր աղբյուրից։
Արևը ծագեցավ։
Մի քանի անգամ ծանր կերպով զարկեցին խրճիթի դուռը։ Եվ լսելի եղավ թուրքերեն լեզվով մի սպառնալի ձայն.— գյավուրներ[1], ինչո՞ւ է ուշանում ձեր բեգարը[2]:
Դա գյուղատեր խանի ֆերրաշն էր, որ հրավիրում էր բեգարներին յուր աղայի բրնձի դաշտերում գործելու։
Դարձյալ զարկեցին դուռը և լսելի եղավ նույն սպառնալի ձայնը։
— Վարթիկ, բալաս,— ձայն տվեց օրիորդի մայրը խորին հոգոց հանելով, — այդ անիրավը դուռը կկոտրե, շուտ արա՛, գնա՛, մի ուշացիր... ա՜խ, ե՞րբ պիտի ազատվենք այդ բեգարներից...— հառաչանքով ավելացրուց նա։
Վարթիկը ոչինչ չխոսեց, հնազանդությամբ լսեց մոր խոսքը և առնելով ալաղի խշբիկը և մի քանի ցամաք հաց, մի կտոր պանիր, թաշկինակի մեջ փաթաթած, կապեց մեջքին, և դուրս գնաց տնից։ Պառավ տատիկը, նստած թոնրի շրթան մոտ, ձգեց կրակը այդ նահապետական օջախի մեջ։ Նրա խորշոմած և ցամաքած դեմքը տխուր էր որպես ավագ ուրբաթի գիշերը, նա դառն կերպով հոգվոց հանելով սկսավ հառաչել.
— Ա՜խ, բարի աստվածը հոգիներս է՜լ չէ առնում, որ ազատվենք այդ չարչարանքներից... Ի՞նչ է մեր կյանքը... Ի՞նչ բանի պետք է նա... միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար... մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները․ նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը...
Եվ արտասուքը խոշոր կաթիլներով սկսավ գլորվել պառավի ցամաքած աչքերեն։
Բայց Վարթիկը դուրս գալով գյուղամեջը, գտավ այնտեղ հավաքված մի խումբ յուր հասակակից, իրանից մեծ և փոքր աղջիկներ, նա խառնվեցավ նրանց հետ և գյուղատիրոջ ֆերրաշը անասունների նման սկսավ քշել նրանց դեպի խանի բրնձի դաշտերը։
Բ
Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ։ Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ, բայց արևից այրված և գորշ թշեր։ Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ։ Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք։
Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության։
Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին անգամից գրավել կարեկից տղամարդի սիրտը, ուր այն փառազուրկ, աղքատ և անպաճույճ գոյության մեջ, կարող էր նկատե դժբախտության տխուր պատկերը սիրո և գեղեցկության բոլոր վսեմություններով։
Նրա թեև բանելուց կոշտացած ձեռքերը, բոբիկ ման գալուց ճաքճքած և սևացած ոտքերը դեռ կրում էին իրանց մեջ մի գողտրիկ քնքշություն, որոնք առաջին նայվածքից ձգում էին կարեկից նայողի սրտում մի ցավալի ափսոսանք՝ թե ինչո՞ւ դրանք զոհվում էին ստրկական կյանքի վշտաբեր կարիքներին, թե մի այդպիսի գեղեցիկ ձեռքերը և ոտիկները, փայփայելով փափուկ կեցության մեջ, կարող էին գրավել միշտ գեղասեր երիտասարդի նուրբ ճաշակը
Այսուամենայնիվ Վարթիկը, էր թագուհի յուր գյուղի աղջիկների մեջ, նրան կոչում էին գեղեցիկ Վարթիկ։
Ամեն առավոտ Վարթիկը ստիպված էր գնալ խանի մշակության դաշտերում գործելու։ Այդ, կարծես թե, նրա ճակատագիրն էր, և նա հպատակվում էր դրան խոնարհությամբ...
Հասնելով բրնձի դաշտերին, վերակացու ֆերրաշը բաժանեց աղջիկների մեջ գործը, թե նրանցից ամեն մինը մինչև իրիկուն քանի ածու պիտի մաքրեր ավելորդ խոտաբույսերից։
Գործը սկսվեցավ։ Աղջիկներից ամեն մինը մտան իրենց նշանակված ածուն և սկսան աշխատել։
Բայց Վարթիկը զարմացավ տեսնելով, որ յուր մաքրելու ածուն բավականին հեռու էր նշանակված յուր ընկերուհիներեն, այնպես որ նա, բաժանված աղջիկների խմբից, մնում էր միայնակ։
Հանկարծ, հանդիպակաց բլուրի հետևից երևան եղավ մի ձիավոր, փայլուն, խայտաճամուկ հագուստով։ Նա կրում էր յուր աջի վրա մի բազե և նրա որսորդական բարակները խորամանկությամբ սողում էին հունձի արտերի մեջ, լորերը թռցնելով։
Այդ գեղեցիկ որսորդը գյուղատեր խանի մանկահասակ որդիներից մինն էր։ Նա մոտեցավ բրնձի դաշտին, ուր գործում էին աղջիկները։ Վերակացու ֆերրաշը առաջ վազեց և բռնեց յուր տիրոջ ձիու սանձը, և խորին կերպով գլուխ տվեց նրան։ Խանի որդին վայր էջավ ձիեն։
—Դու կատարեցի՞ր իմ հրամանը,— հարցրուց խանզադեն յուր ծառայեն։
— Այո՛, տեր իմ,— պատասխանեց վերակացոա ֆերրաշը, կրկին գլուխ տալով։ — Ո՞րն է նա:
— Ահա այն մենավոր աղջիկը, որ գործում է դաշտի հեռավոր անկյունում,— մատով ցույց տվեց ֆերրաշր Վարթիկին։
Խանի որդին մոտեցավ աղջիկներին, նրանք բոլորը դադարեցան գործելուց և խոնարհությամբ գլուխ իջուցին իրանց աղայի որդուն։
Նա զննեց նրանց գործը, գովեց նրանց աշխատասիրությունը. աղջիկներն ուրախացան, կրկին գլուխ իջուցին, իսկ նա բաժանվելով նրանցից, սկսավ դիմել դեպի այն կողմը, ուր գործում էր Վարթիկը։
Գեղեցիկ աղջիկը, ձեռքերով և ոտքերով թաթախված ցեխերի մեջ, անդադար գործում էր։ Բայց նրա դեմքը, նույն րոպեին շառագունված գործի տաքությունից, փայլում էր հիանալի գեղեցկությամբ։
— Բարաքալլա, բարաքալլա,— ասաց խանի որդին, մոտենալով գեղեցիկ օրիորդին։— Ինչ աշխատասեր աղջիկ ես դու... Վարթիկը ոչինչ չպատասխանեց և խորին գլուխ տվեց յուր տիրոջը։
— Ո՞ւմ աղջիկն ես դու,— հարցրուց խանզադեն։
— Ձեր ծառայի, Հայրապետի աղջիկն եմ ես,— պատասխանեց օրիորդը։
— Ո՞րպես է կոչվում քո անունը։
— Վարթիկ։
— Ինչ հիանալի անուն է այդ, գեղեցիկ աղջիկ, հիրավի, Դիլ֊գուշեի[3] վարդերը ամաչեն քո սիրուն թշերի մոտ։
Օրիորդը ոչինչ չպատասխանեց և ավելի կարմրեցավ։
— Բայց ափսոս դու հայ ես և քրիստոնյա...— կրկնեց խանի որդին, ավելի զգալի նշանակություն տալով յուր խոսքերին։ Օրիորդը դարձյալ ոչինչ չպատասխանեց, միայն նրա մարմինը ցնցվեցավ մի անհնարին դողով, և նրա սիրտը զգաց խորին տհաճություն։
— Դու որքան գեղեցիկ ես իմ կարծիքով, այնքան ևս խնլացի աղջիկ պիտի լինիս,— առաջ տարավ խանի որդին.
— Դու համաձայնո՞ւմ ես, որ քո այժմյան վիճակը աննախանձելի չէ՛։ Օրիորդը դարձյալ լուռ էր։ Վրդովմունքը արդեն սկսել էր խեղդել նրան։
— Ինչո՞ւ չես խոսում,— հարցրեց իշխանի որդին։
— Ես աղքատ աղջիկ եմ, տեր իմ,— պատասխանեց Վարթիկը դողալով։
— Բայց երևակայի՛ր, որ քեզ նման մի սիրուն աղջիկ կարող է լինել հարուստ, բախտավոր և միևնույն ժամանակ տիրուհին այդ գյուղի, որի դաշտերը ստիպված ես դու մշակել քո քնքուշ ձեռքերով։ Օրիորդը պատասխանեց խիստ ցավալի կերպով.
— Ինձ այդպես է ստեղծել աստված, տեր իմ։
— Դու սխալվում ես, դու կարող ես լինել բախտավոր։
— Ինչո՞վ,— հարցրուց օրիորդը, փոքր֊ինչ համաձայնություն ստանալով։
— Եթե կընդունեիր մի առաջարկություն,— պատասխանեց խանի որդին։
— Ո՞րպիսի առաջարկություն,— զարհուրելով կրկնեց նա։ Խանի որդին ավելի մոտեցավ նրան և ասաց սիրահարվածի ոճով.
— Մի գեղեցիկ առաջարկություն — սիրել ինձ։
Օրիորդը սարսափեցավ և ոչինչ չպատասխանեց։
— Ինչո՞ւ չեք խոսում,— հարցրուց իշխանի որդին։
— Ես քրիստոնյա եմ, իսկ դուք թուրք, ինձ չէ կարելի սիրել ձեզ,— ասաց օրիորդը վճռական կերպով։
— Սերը խտրություն չէ դնում կրոնքների մեջ, գեղեցիկ օրիորդ,— պատասխանեց իշխանի որդին։ Օրիորդը ոչինչ չպատասխանեց։
— Քեզ ավելի լավ կլիներ և թուրքանալ, այն ժամանակ դու, բացի այդ աշխարհի բախտավորությունից, որ կվայելեիր իմ սիրով, և մասնակից կլինեիր մեծ մարգարեի (Մուհամմեդի) ջեննաթի երանություններին։
— Ոչինչ բախտավորություն, ոչինչ երանություններ չեն կարող բաժանել ինձ իմ հավատքեն,— պատասխանեց օրիորդը համարձակ կերպով։
— Այդ հիմարություն է,— արհամարհանոք ասաց երիտասարդը։
— Դուք այդպես համարեցե՛ք, միայն այդ իմ համոզմունքն է։
— Բայց ես կստիպեմ քեզ իմ առաջարկությունները ընդունելու․․․— վերջացրուց խանի որդին բավականին խիստ կերպով։ Լսելով վերջին խոսքերը, օրիորդին բավականին պարզվեցավ խանի որդու միտքը, կարծես թե, նա այլևս յուր աչքի առաջ չուներ յուր տիրոջ որդին, այլ խոսում էր մի լրբի հետ, որ առաջարկում էր նրան անպարկեշտ խոսքեր։
— Ուրեմն դու չե՞ս սիրում ինձ,— հարցրուց խանի որդին մի փոքր բորբոքվելով։
— Ոչ,— պատասխանեց օրիորդը համարձակ կերպով։
— Ինչո՞ւ։
— Որովհետև ես չեմ կարող սիրել ձեզ։
Խանի որդին դարձյալ ընդունեց յուր առաջին փաղաքշական ձևը, և ավելի մոտենալով նրան, մատով հեզիկ զարկելով օրիորդի վառված թշին, ասաց.
— Ախ, գեղեցիկ աղջի՛կ, դու ինձ սպանում ես...
Օրիորդը ետ քաշվեցավ, նրա աչքերը վառվեցան բարկությունից. նա ասաց ավելի պինդ ձայնով.
— Հեռացե՛ք, խնդրում եմ, եթե դուք թույլ կտաք ձեզ այդպես վարվել իմ հետ, ես այս րոպեիս կթողնեմ գործը, կվազեմ դեպի գյուղը, և բոլոր ձեր խոսքերը կհայտնեմ իմ հորը։
Խանի որդին, բոլորովին ուշադրություն չդարձնելով այդ խոսքերին, ձեռքը գցեց օրիորդի թևքից, մոտ քաշեց նրան և կամենում էր յուր շրթունքը հպեցնել նրա թշերին։
Բայց օրիորդը դուրս պրծավ նրա ձեռքից, ձգեց գործը և կամենում էր վազել դեպի յուր ընկերուհիները։ Խանի որդին, նկատելով յուր նպատակի անհաջող վախճանը, բռնեց օրիորդին ասելով.
— Անմեղ աղջի՛կ, ես հանաք էի անում քեզ հետ. իմ խոսքերը դու բանի տեղ մի դնիր, ես ահա գնում եմ, դու շարունակե քո գործը։ Նա հեռացավ։ Բայց օրիորդը, դեռ ոչ բոլորովին հանգստացած յուր վրդովմունքից, երկար մնաց անշարժ կանգնած և նրա սիրտը սաստիկ կերպով դողում էր։ Այդ տեսարանը չնկատեցին նրա ընկերուհի աղջիկներից և ո՛չ մինը, որովհետև նրանք բավականին հեռու էին։
Բայց խանի որդին մոտեցավ վերակացու ֆերրաշին, որ բռնած էր նրա ձիու սանձը, ոտքը դրեց ասպանդակի վրա, հեծավ, պատվիրելով նրան.
— Ահմե՚դ, այսօր երեկոյան պահուն աղջիկներին կարձակես սովորականից խիստ շուտ, իսկ ամենից հետո կարձակես Վարթիկին։
—Լսում եմ, տեր իմ,— ասաց ֆերրաշը գլուխ տալով։
Իշխանորդին հեռացավ։
Դ
Կեսօր էր։
Վերակացու ֆերրաշը հրամայեց աղջիկներին դադարել գործելուց և նստել ճաշելու։ Նրանք լվացվեցան մերձահոս առվակի ջրով, և խումբ-խումբ նստեցին մոտավոր ուռիների հովանու տակ, կանաչ խոտերի վրա, և ամեն մինը բաց անելով յուր հետ բերած հացը, սկսան ճաշել։
Իսկ Վարթիկը, յուր ընկերուհու Նարգիսի հետ, հեռացան մի ծառի տակ։
— Վարթիկ, դու ի՞նչ ես բերել տանից ուտելու,— հարցրուց Նարգիսը։
— Մենք այսօր ոչինչ չունեինք, քույրիկ,— ասաց Վարթիկը,— բերել եմ միայն մի կտոր պանիր և սոխ, հացի հետ։
— Ինձ առավոտը մայրս տվավ կարագ և սեր, միասին կուտենք, քույրիկ,— կրկնեց բարեսիրտ Նարգիսը։ Նրանք նստեցին ծառի տակ և ամեն մեկը բաց արավ յուր հացի թաշկինակը։
— Ձեր կովերը չե՞ն կթվում,— հարցրուց Նարգիսը։
— Մեր կարմիր կովը երեք շաբաթ է, որ ցամաքել է, կաթ չէր տալիս։ Մայրս ասում է, թե պառավ Գոզեն նազարլամիշ արավ (չար աչքով տվեց), գիտե՞ս նա ի՞նչ չար աչք ունի, Նարգիս։
— Ուֆ, նրա աչքը տրաքի, ափսոս չէ՛ր կարմիր կովը,— ցավելով խոսեց Նարգիսը։— Բայց Վարթիկ, քույրիկ, մեր կովն էլ նազարլամիշ արին, ցամաքեցավ, կաթ չէր տալիս, մայրս գնաց տերտերի մոտ, մի վառյակ, տասն հատ ձու ընծա տարավ, տերտերը մի զորավոր գիր էր արած թղթի վրա, այն գիրը մայրս կաշու մեջ կարեց, և քարշ տվավ կովի եղջյուրներից։ Քո արևը, Վարթիկ, կաթը հենց այն օրը սկսեց աղբյուրի պես վազել։
— Այդ լավ է, Նարգիս ջան, ես էլ կասեմ մորս գնա տերտերի մոտ, գիր անել տա։
Այսպես խոսելով, երկու ընկերուհիները ուտում էին իրանց պարզ և աղքատիկ ճաշը։ Միայն Նարգիսը նկատեց, որ Վարթիկի դեմքը այնօր գունատված և տխուր էր։ Եվ զարմացավ, որ յուր ուրախ և զվարճախոս ընկերուհին այնօր յուր խոսքերին տալիս էր խիստ սառն և հատուկտոր պատասխան։ Այդ պատճառով հարցրուց.
— Վարթիկ, ինձ երևում է, այսօր քո քեփը տեղը չէ՛, դու խիստ գունատված ես։
— Այո՛, քույրիկ, մի փոքր վրդովված եմ,— ասաց Վարթիկը տխուր ձայնով։
— Ինչո՞ւ։
— Այն անիծված խանզադեն այսօր խիստ վշտացրուց ինձ։
— Ես տեսա, նա խոսում էր քեզ հետ, բայց ասա, ի՞նչպես վշտացրուց քեզ,— հարցրուց Նարգիսը անհամբերությամբ։
Վարթիկը պատմեց խանի որդու բոլոր խոսակցությունը յուր հետ։ Նարգիսը զարմանալով լսում էր նրան, և նա, խոսքը դարձնելով դեպի խանի որդին, ասաց արհամարհանոք.
— Է՛հ, հողը քո գլխին, լա՛վ բան է մտածել..., Բայց, Վարթիկ, հոգի՛ս,— դարձավ նա դեպի յուր ընկերուհին,— չլինի որ նրա խոսքերից խաբվիս, թե չէ, հոգով և մարմնով կկորչիս, քույրիկ։
— Մի՞թե ինձ հիմար ես կարծում։ Նարգիս, որ ես խաբվիմ նրա խոսքերից և ուրանամ իմ հավատը,— կրկնեց Վարթիկը։ Նարգիսը, որի մեջ խիստ անհանգստություն պատճառեցին ընկրուհու խոսքերը, կամեցավ ևս առավել պնդել նրա համոզմունքը, ասելով.
— Գիտե՛ս, քույրիկ, թուրքերի ամեն բանը մայրս ինձ շատ անգամ ասել է, նրանք մեռոն չունին, խաչ չունին, Ավետարան չունին։ Մայրս ասում է, նրանց երեխաները չեն մկրտվում, դրա համար շատ վատ հոտում են։ Մայրս ասում է, նրանց մեռելները գոռնազիզ են լինում։
— Ի՞նչ է նշանակում գոռնազիզ լինել,— ժպտալով հարցրուց Վարթիկը։
— Նշանակում է, որ մեռելները գիշերներով դուրս են գալիս գոռից (գերեզմաններից) և շան լակոտների կերպարանքով, կանգնում են ճանապարհների վրա, հաչում են։
— Այդ դրուստ է, Նարգիս,— պատասխանեց Վարթիկը,— ես լսել եմ, որ մի գյուղացի մարդ գիշերով անցնելով գոռխանայի կողմից, տեսել էր մի շատ սիրուն շան լակոտ, առել էր նրան և բերել էր յուր տունր, դրել էր նրան մի կողովի տակ, որ առավոտյան կաթ տա, մեծացնի, բայց առավոտյան վեր առնելով կողովը շատ զարմացել էր, տեսնելով պատանքած մի ահագին մեռել դրած էր կողովի տակին։
— Այդ ես էլ եմ լսել,—կրկնեց Նարգիսը։— Բայց դու գիտես դժոխքում որպես են նրանց չարչարում։
— Գիտեմ,— պատասխանեց Վարթիկը,— ասում են նրանց բերաններում կրակում կարմրացրած երկաթե գերաններ են կոխում, և գլխներին նույնպես կրակում կարմրացրած երկաթե արախչիներ են դնում։
— Վա՛յ վա՛յ և նրանց գլուխը էրվում է, ճզճզում է, էդպես չէ՞,— հարցրուց Նարգիսը սարսափելով, կարծես ինքը տեսնում էր մի այդպիսի երևույթ։
— Բա՛, քույրիկ, նրանք այրվում են, բայց մոխիր չեն դառնում, որ մնան ու երկար այրվին։ Բայց քրիստոնյայի փառքը արքայության մեջ, գիտես, մայրս ինչպես էր պատմում,— առաջ տարավ Վարթիկը։
— Ասա՛, ասա՛, ի՞նչպես,— հարցրուց Նարգիսը։
Վարթիկը չկարողացավ պատասխանել, որովհետև վերակացու ֆերրաշը վրա հասավ և հրամայեց վեր կենալ և սկսել գործը։
Նրանք արդեն ավարտել էին ճաշը, լսելով վերակացուի սպառնալից խոսքերը, փաթաթեցին հացի մնացորդները թաշկինակի մեջ, և ամեն մինը գնաց յուր գործին։
Նույն ավուր երեկոյան պահուն աղջիկները իրանց գործը վերջացրին խիստ վաղ, որովհետև այն օր նրանց ամեն մինին բաժանված էր փոքր գործ։
Բայց Վարթիկը չկարողացավ վերջացնել, նրա համար, որ այնօր նրան նշանակված էր մյուս օրերին համեմատելով բավականին շատ գործ։ Աղջիկները, վերջացնելով իրանց գործը, դեռ արևը չմտած, տուն գնացին։ Բայց վերակացուն հրամայեց Վարթիկին մնալ այնտեղ, մինչև կվերջացներ յուր գործը և թողեց օրիորդի վրա հսկելու մի ծերունի թուրք, ինքը գնաց։
Մութը պատել էր աշխարհը, երբ Վարթիկը վերջացնելով գործը, առեց յուր խշբիկը, և յուր քաղհան արած խոտերից մի քանի խուրձ կապեց, շալակն առեց, որ տանե իրանց հորթերի համար, և սկսավ դիմել դեպի գյուղ։
Անցնելով ձեռատունկ անտառի մոտից, օրիորդը նկատեց, որ յուր վրա հարձակվեցան մի քանի մարդիկ, մի թանձր քող ձգեցին նրա գլխին, աչքերը կապեցին և բերանը փակեցին աղլուխով, որ ձայն չհանե։
Սարսափը և երկյուղը բոլորովին ուշաթափ արեցին նրան, խեղճ օրիորդը անզգա ընկավ գետնի վրա։ Հափշտակողները, դնելով նրան ձիու վրա, աներևութացան գիշերային խավարի մեջ։
Դ
Գյուղի խրճիթներում վառվեցան գիշերային ճրագները։ Վարթիկի ծնողքը, նրա եղբայրները, անհանգիստ սպասում էին նրան, բայց նա դեռ չէր դարձել։
— Որդի, Խաչո, Մաթոս,— ձայն տվեց օրիորդի մայրը.— քա՞ր է ձեր սիրտը, ի՞նչ է, դե՛, մի գնացե՛ք, տեսեք ի՞նչ եղավ այդ ջրատար աղջիկը, այդչափ ուշացավ։
— Մայրիկ, ինչո՞ւ ես անհանգիստ լինում,— պատասխանեցին որդիքը,— կարելի է յուր ընկերուհիներից մինի մոտ գնացած լինի։
— Չէ՛, այդքան ո՛չ մի օր չէր ուշանում նա,— պատասխանեց մայրը չարագուշակ զգացմունքով։— Գնացե՛ք, նրա ընկերուհիներից հարցրե՛ք, իմացեք, ո՞ւր մնաց խեղճ աղջիկը։
Օրիորդի եղբայրները դուրս գնացին և սկսան դրացիների տներում հարցնել իրանց քրոջ մասին։ Բայց ոչ մի տեղ չգտան նրան։ Միայն նրա ընկերուհիները պատմեցին, թե նրանք թողեցին Վարթիկին բրնձի դաշտումը միայնակ, որովհետև նա դեռ չէր վերջացրել յուր օրական գործը։
Որդիքը իսկույն վազեցին դեպի տուն, այդ լուրը հայտնեցին ծնողքներին։
— Նրան պատահել է մի վտանգ,— ասաց ծերունի Հայրապետը, և յուր ցուպը առնելով վեր թռավ տեղից։
— Վա՛յ իմ Վարթիկս,— հառաչեց պառավ Նազլուն և վազեց դեպի դուրս։
Օրիորդի եղբայրները, նույնպես նախագուշակելով մի չար դեպք՝ ծնողաց հետ միասին վազեցին դեպի բրնձի դաշտերը։
Գիշերային խորին լռության մեջ խղճալի ծնողաց և եղբայրների ձայնը հնչվում էր հեռու և հեռու խուլ դաշտերում, շրջակա բլուրներից լսելի էր լինում միայն նրանց ձայների տխուր արձագանքը, բայց նրանք չլսեցին երբեք գեղեցիկ Վարթիկի ձայնը։ Նրանք հասան բրնձի դաշտերին, ուր ցերեկով գործել էր նա. այնտեղ դարձյալ չգտան նրան։
Պառավ մայրը, իբրև մատակ առյուծ, որի բույնից խլել էին կորյունը, կատաղաբար սկսավ վազվզել դաշտերի մեջ։ Նրա ծերունի ամուսինը հետևեց յուր կնոջը։ Եղբայրները նույնպես ամեն մինը դեպի մի կողմ գնացին։
Լուսինը յուր գունավոր դեմքը ցույց տվեց թուխ ամպերի տակից։ Գիշերային խավարը մի փոքր պարզվեցավ։ Հանկարծ լսելի եղավ Խաչոյի ձայնը։ Ամենքը դեպի այն կողմը վազեցին, Խաչոն կանգնած էր ձեռնատունկ անտառի մոտ, ուր պատահեցավ խրղճալի օրիորդի հափշտակվիլը։
— Ահա՛ նրա նշանները,— ասաց Խաչոն, ցույց տալով գետնի վրա ընկած մի քանի առարկաներ։
— Այդ նրա խշբիկն է, այդ նրա ոտի տեղն է, ահա նրա հացի թաշկինակը..․— գոչեց ծերունի Հայրապետը, և ընկավ գետին...։
— Իմ Վարթիկս կորա՜վ...— հառաչեց պառավը և ուշաթափ ընկավ յուր ամուսնի գրկում։ Սույն միջոցում Ուրմի քաղաքի մեջ, որ ավելի հեռու չէր այն գյուղից, ուր պատահեցավ այդ անցքը, մի հոյակապ ապարանքում, փառավոր կերպով լուսավորված էր մի սենյակ։ Նրա լուսամուտները, զարդարված գույնզգույն ծաղկանկար ապակիներով, վառվում էին կախարդական փայլողությամբ։ Խորասանու գեղեցիկ գորգեր, շինական հազվագյուտ ամաններ, բյուրեղային և բրոնզե կարասիք, ոսկի, արծաթ, գոհարներ,— բոլորը միախառնվելով, շնչում էին պարսկական կյանքի ճոխ և խայտաճամուկ շռայլությամբ։
Այդ սենյակի մի անկյունում կանգնած էր մեր ընթերցողին արդեն նախածանոթ կալվածատեր խանի որդին, մեծաշուք կերպով հագնված, և մի անկյունում կուչ էր եկած գեղեցիկ Վարթիկը, դեռ յուր հնամաշ, աղքատիկ հագուստով։
Խանի որդու առջև դրած էին զանազան տեսակի կանացի հագուստներ, ոսկեհուռ, կարված մախմուրից, ատլասից, քիշմիրյան շալից և նուրբ կերպասներից։ Նա յուր ձեռքին բռնած ուներ մի գեղեցիկ օղամանյակ, որ վառվում էր զանազան գոհարներով, և ոսկի ապարանջաններ, բազկակապեր, մատանիներ և այլ կանացի զարդարանքներ, որոնք իրանց փայլողությամբ կուրացուցիչ Էին։
— Գեղեցիկ աղջիկ,— խոսեց վերջապես խանի որդին, ցույց տալով հագուստների և պաճուճանքների վրա,— դոքա բոլորն պատրաստված են քեզ համար, սիրե՛ ինձ, և դու քանի րոպեից հետո կլինես թագուհի այդ փառավոր ապարանքի:
Վերջին րոպեի հուսահատությունը կարծես թե ոգևորել էր խեղճ օրիորդին, աներկյուղ համարձակությամբ նա ձեռքը տարավ դեպի յուր հնամաշ հագուստը, պատասխանեց.
— Ես բախտավոր եմ համարում ինձ միշտ այդպես աղքատ կերպով հագնվել, քան այդ փայլուն լաթերի համար, որ իմ աչքին ոչինչ են, սիրել քեղ:
Իշխանի որդու աչքերը վառվեցան վայրենի կատաղությամբ: Բայց նա դարձրուց յուր առաջին սառնասրտությունը և ասաց, մի սարսափելի ծիծաղ նկարագրած յուր երեսին.
— Գեղեցիկ օրիրորդ, իզուր է քո բոլոր ջանքը՝ ընդդիմանալ իմ կամքին, դու այդ րոպեին քո բոլոր տկարությամբ իմ որսն ես, լսե՛ ինչ որ ասում եմ քեզ, ուրիշ ճար չունիս դու, բայց միայն սիրել ինձ...:
Օրիորդը աներկյուղ կերպով պատասխանեց.
— Ես երբեք չեմ կարող սիրել ձեզ:
— Դու չե՞ս սիրելու ինձ,— գոչեց երիտասարդը կատաղությամբ.— ես այս րոպեիս կհրամայեմ կտոր կտոր անել քո մարմինը և ածել իմ բարակների և շների առջև, ես կհրամայեմ իմ սրիկաներիս կոտորել քո ծնողքը, քո եղբայրները, ես իսպառ կջնջեմ քո ազգատոհմը աշխարհի երեսից...:
Օրիորդը բոլորովին ուրացել էր յուր անձը, նա յուր կյանքի համար չէր ափսոսում, բայց լսելով վերջին խոսքերը յուր ծնողաց և եղբայրների մասին, նա դողաց բոլոր մարմնով, երկու հակառակ զգացմունք նույն րոպեին սկսան պատերազմել նրա անմեղ սրտի մեջ, մինը՝ քնքուշ և փափուկ սերը դեպի յուր ծնողքը և եղբայրները, իսկ մյուսը՝ զզվելի սերը դեպի իշխանի որդին։ Նա խիստ ողորմելի ձայնով հարցրուց.
Դու և իմ ծնողների ու եղբայրների վրա՞ էլ պիտի գործ դնես քու անգթությունը։
— Անտարակույս, եթե դու չսիրես ինձ:
Խղճալի օրիորդը չոքեց հատակի վրա, լուր արտասուքով լիքը աչքերը բարձրացրուց դեպի երկինք և գոչեց...: Իշխանի որդու սրտում ծագեցավ շառավիղը յուր ցանկալի հույսի: Նա մոտեցավ օրիորդին բռնեց նրա թևից և վեր բարձրացրեց: Օրիորդը չդիմացավ: Նա նույն րոպեին գտնվում էր մի սարսափելի վրդովմունքի մեջ: Իշխանի որդին գրկեց նրան և կամենում էր յուր սրբապիղծ շրթունքը հպեցնել օրիորդի նույն րոպեին գունատված թշերին։
Հանկարծ, կատվի արագությամբ, սրընթաց որպես եղջերու, օրիորդը դուրս պրծավ իշխանի որդու գրկից և վազեց սենյակի մյուս ծայրը։ Նա արդեն յուր ձեռքում ուներ օմելարի կեռ խենջարը, որ դուրս քաշեց իշխանի որդու գոտիից։ Օրիորդի սևորակ աչքերը վառվեցան սարսափելի կրակով։ Նա խիստ զգալի ձայնով գոչեց.
— Մա՛հը կազատե ինձ քո ձեռքեն...
Եվ օրիորդը խրեց յուր փափուկ կրծքի մեջ մահառիթ խենջարր։
Նա թավալվեցավ գետնի վրա։ Տաք արյունը առվակի նման սկսեց հոսել նրա կրծքեն։
Իշխանորդին, սառած արձանի նման, երկար կանգնած նայում էր յուր զարհուրելի զոհի վրա: Նա կատաղաբար փետեց գլխի մազերը և գոչեց.
— Նա մեռա՜վ...
Նույն գիշերում քաղաքի բաղնիքների խողովակների (կլոակ) մինի մեջ ձգեցին արյունով ներկված մի դիակ։
Այդ անբախտ Վարթիկի մարմինն էր...:
- ↑ Գյավուր նշանակում է քյաֆուր, կամ անհավատ։ Այդ անունով Ուրմի նահանգում մուսուլմանները կոչում են քրիստոնյաներին:
- ↑ Բեգար նշանակում է այն մշակները, որոնք որոշված օրերում ձրի պիտի գործեն յուրյանը աղայի, կալվածատեր խանի համար, թեև նրանք ստրուկներ չեն:
- ↑ Դիլ-գուշե — պարսկերեն նշանակում է սիրտ բաց անող, այսինքն զվարճացնող․ մի գեղեցիկ այգիի անուն է Ուրմի քաղաքում։ Ծանոթ, հեղ.: