ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ


— Ի՞նչ նվեր կ՚ուզես որ բերեմ քեզի,
Իմ աղվո՛ր հուրիս, պատանին կ'ըսեր,
Տաղերգ մը նուրբ, գիրք նըման բեհեզի
Որուն մեջ կարդաս իմ պաշտումն ու սեր:

Եվ աղվոր հուրին աչքերով անթարթ՝
Կը նայեր հեռուն, հեռուն, ամպերուն,
Որ կը սուրային ճերմակ ու հանդարտ,
Ճերմակ անուրջ մը տանելով հեռուն:

Ու կը հարցըներ պատանին նորեն.
— Կ՚ուզե՞ս մանյակ մը, վարսկա՞լ հյուսեմ,
Աշխարհի շըքեղ արևակներեն
Որոնք քեզ պատմեն իմ սերըս վըսեմ:

Աղվոր աղջիկը անշարժ ու լըռին
Կը նայեր ծովին կապույտ ջուրերուն,
Որոնք ավազին վըրա կը խըրին
Փըշրելով վիհին անուրջն օրորուն:

Ու կը թախանձեր խանդավառ տըղան,
Ուզելով ձոնել պերճանքներ անգին,
Որոնց անունեն միայն կը դողան
Կանանց սիրտերը տենդով մ՚ահագին:

«Գոհարներ, տաղեր, ծաղիկ, խոսքով սեր,
Ըսավ աղջիկը ձայնով մ՚որ կուլար,

Իմ շուրջս ամեն օր ես շատ եմ տեսեր,
Բայց սիրտըս կույս է, և հոգիս՝ դալար։

Ես կ՚արհամարեմ, ինչ որ ուրիշներ
Միշտ կը վայելեն աչքերով ծարավ․
Կը բաղձալի որ վայելքը մեռներ
Տիեզերքին մեջ, հյուսիսեն հարավ։

Կ՚ըղձամ այն բանին, որ ինձմե առաջ,
Ոչ ինձմե ետքը չէ տրված մեկուն․
Կը հեծե հոգիս միշտ լալահառաջ
Զուր ըղձանքներուսվըրա իմ թաքուն,

Կ՚ուզեի որ ինձ երկինք մը տայիր
Բոցով, փայլակով, արևով անշեջ
Որոնք հրդեհ մը վառեին անծիր,
Ահեղ հրդեհ մը անմահ սիրույդ մեջ։

Կ՚ուզեի միայն ես տեսնել ըզքեղ,
Նայվածքըդ միա՛յն իմ վըրաս հառեր․
Իմըս ըլլային աչքերդ հըրակաեզ,
Եվ անոնց մեջ լոկ իմ սերըս վառեր։

Ես կը նախանձիմ ծովեն ոը հովեն․
Չեմ ուղեր որ դուն աստղերուն նայիս․
Կուլամ, այդն ու շաղ երբ ըղքեղ թովեն․
Չեմ ուզեր տեսնես ծաղիկն՝ ու մայիս»։

Թըրջվեր էին աչքերն հուզմունքեն,
Եվ խոսեցյալը, սրտոտ պարմանի,
Ըսավ․ «Նըվեր մը տա՛մ քեզ ապաքեն․
Նըվեր մ՛որ սիրույդ ըլլա արժանի»։

Կանուխ էր ելեր կաղանդին առտուն,
Փափուկ մուշտակով ուսերը փաթթած,

Բազմոցին վըրա կ՚երազեր արթուն,
Հիր անուրջներու օծումով դեռ թաց:

Շունչի, համբույրի շրշյունով վարդեր,
Ցընորքը ծաղկի, ձյունի և հուրի
Լուռ կը սավառներ ու կը հևար դեռ
Աչքերուն առջև աղջըկան հուրի:

Եվ կը մըտածեր. միտքն իբրև ժիպակ
Կ՚ոստոստեր. նըման ջուրի կը հոսեր,
Մավիճեն փետուր, փետուրեն դիպակ,
Մինչև հըմայքը կյանքին, սեր, միշտ սե՜ր...

Եվ իր նըվերին խանդով կ՚սպասեր.
Լուսնի նըշույլներ, ուրուներ բալի,
Թովքը իրիկվան, ծաղկածին հույսեր
Կ՚անցնին առջևեն զերթ հույլ հոբալի:

Բայց... տեսիլք մը նոր աչքը կը կարթե.
Դուռ մը բացված է, քողերով ճերմակ
Կայթ մը կը բերեն հյուսված մարգարտե,
Հարսի պես շըքված բեհեզով համակ:

Ճերմակ հասմիկներ, շուշան, նունուֆար
Վարդերու վըրա ընկեր են ծոպ-ծոպ.
Լելակներու քով կամելյակներ վառ
Ձյունոտ լանջքերնին կը ցուցադրեն ցոփ:

Եվ ծոցն այդ ծաղկոտ բույրե տարփանքին`
Գոհարատուփ մը լայն սուտակներով:
Գաղտնքին հանդեպ կը դողա հոգին,
Եվ կը վարանի տարտամ ու խըռով:

Հետո, կը բանա. թավիշին վըրա...
Խորունկ բիբերը, ո՜հ, կը մըթագնին...
Զույգ մը աչք կա հոն... ու կը սարսըռա...
Աղվոր աչքերն են իր սիրականին:

1903