Գերի արագիլը

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Գերի արագիլը


Գերի արագիլն, ինչպես բանտարկված,
Բարձր պարսպի հետևն է փակված.
Կուզեր նա թռչել ու անցնել ծովեր,
Բայց, ափսո՛ս, խեղճի խուզած են թևեր։

Եվ ըզգում է նա յուր անզոր վիճակ
Ու պահում գըլուխը թևերի տակ.
Կուզեր մտիկ տալ, բայց, ավա՜ղ, ինչի՞ն —
Բարձր պատերն են կանգնած առաջին։

Կարող է տեսնել նա երկնակամար
Յուր մութ, նեղ բանտից, բայց ինչո՜ւ համար…
Այնտեղ թռչում է ազատ կարավան,
Ինքը՝ մատնված դառըն գերության։

Եվ նա անհամբեր սպասում է վշտով,
Որ մեջքին բուսնին թևերը շուտով.
Ո՜հ, այն ժամանակ չար գերությունից
Կըթռչե ազատ աշխարհ լուսալից։

Ահա ցրտաշունչ աշունն է փչում.
Արագիլները տաք տեղ են թռչում.
Թշվառ, ինչպես ստրուկ, նա անհամարձակ,
Վշտագին ու որբ, շրջում է մենակ։

Լսում է հանկարծ վերից կռընչյուն.
Այդ նորան ծանոթ կռունկների է չուն…
Ականջ է դընում չարատանջ գերին
Ազատ երամի ուրախ երգերին։

Կամենում է նա նորից փորձ փորձել,
Խուզած թևերը բարձր տարածել.
Բայց այլոց նման, ավա՜ղ, նա ազատ
Չէ կարող սլանալ երկիրն հարազատ։

Անբա՛խտ արագիլ, խե՛ղճ կալանավոր,
Է, այն հաղթական դու չես թևավոր.
Թե զորանան էլ թևերդ ուժգին,
Զոհ պիտի լինին անգութ դանակին։

Թարգմանության տարի՝ 1889