Գէորգ Չաւուշի Յիշատակին

Գէորգ Չաւուշի Յիշատակին
Հրապարակվում է ըստ՝ «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» ժողովածուում տեղ գտած բնագրի: Այս երգի վերագրումը ոմն Աշուղ Մշեցու կամ Ռուբեն Զարդարյանին սխալ է; բնագրում նշված է նաև հեղինակի անունը: Տարբերակները ներկայացված են ըստ նույն ժողովածուում տեղ գտած վարիանտների և որոշ երգիչների (օր.՝ Ներսիկ Իսպիրյան) կատարումների:

ԳԷՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ


Հազար ին[ն] հարիւր եօթ թուականին,
Չքնաղ Մայիսի քսան եւ եօթին,
Տօն[1] է բազմաշխատ[2]՝ մահուան Գէորգին[3],
Սասնոյ հարազատ մեծանուն[4] քաջին:

Որ գրկած հողը հայրենի երկրին[5],
Մօտ[6] քսան տարի ծառայեց ազգին,
Կռուեցաւ անվերջ հետը տուշմանին[7],
Միշտ յաղթեց մէկով անոնց[8] հազարին:

Վերջին կռիւ մ’ալ կը սպասէր քաջին,
Պըսակելու զինք փառաց երկնային,
Եւ ահա զօրքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիւ մ’ալ ինչպէս հրաբուխ:

Յառաջ արշաւեց Ք[է]օսա պինպաշին,
Կանչեց՝ Ֆետայի՛ք, մահն է ձեր բաժին:
Որոտաց Գէորգ՝ Անիրա՛ւ տուշման,
Եկո՛ւր թանկ կեանքդ ծախեմ շատ աժան:

Հարուածը խօսքէն[9] շատ աժան[10] չեղաւ,
Իսկոյն պինպաշին ձիէն վա[յ]ր ինկաւ.
Երբ ինկած տեղից ուզեց վեր կանգնել,
Հասաւ Մքոյից գնդակ մահաբեր:

Վրէ՛ժ, ընկերներ, դիմենք դէպի մահ,
Պարոն Ռուբէնը մռնչեց անահ,
Ա՛լ չվախենանք թշնամու սրից,
Ազատ մեռնիլը քաղցր է ամէնից:

Քաջի մոսինը գոռաց երեք ժամ,
Երկինք ու երկիր թնդաց մի անգամ,
Խիստ իրարանցում եղաւ զօրաց մէջ,
Փռուող[11] դիականց չկար թիւ ու վերջ[12]:

Թնդաց սրտերը տասնեակ քաջերուն,
Կռուեցան անվերջ մինչեւ իրիկուն,
Իսկ երբ գիշերեց[13]՝ Գէորգը շալկած,
Գիւղէն դուրս ելան եւ գացին տրտմած[14]:

Ճամբան աղաչեց քաջը մահամերձ[15].
«Հանգիստ ձգէք[16] զիս, մի ընէք շնչահեղձ,
Դրէք զիս այստեղ, ծածկէք խոտերով[17],
Գացէք, ընկերնե՛ր, դուք գացէք բարով[18]:

Վերջին բարեւներս տարէք հայ ազգին[19],
Վերջին համբոյրներս՝ որդւոյս Վարդգէսին»,
Լացին ընկերներ, մօտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով[20]:

Նայեց բոլորտիք, ալ չկար ընկեր,
Ընկած կռուի դաշտ տառապէր անտէր[21],
Համբուրեց հողը քաղցըր հայրենեաց,
Փակեց աչքերը ներքեւն աստեղաց[22]:

Հանգիստ, փրկութիւն իր սուրբ ոսկերաց,
Պատուաւոր, յարգի անունդ անմոռաց,
Հայն[23] ալ միշտ պիտի տօնէ դարէ դար
Ազնիւ Գէորգի տօնը անդադար:


  1. Տարբերակ՝ Օրն
  2. Տարբերակ՝ բազմաշխարհ
  3. Տարբերակ՝ Գէորգ Չաուշին
  4. Տարբերակներ՝ անուն մեծ, անմոռաց
  5. Տարբերակ՝ Գլուխ չը դրաւ փափուկ անկողնին
  6. Տարբերակ՝ ճիշտ
  7. Տարբերակ՝ Կռուեցաւ անվախ՝ վրէժ իւր կրծքին
  8. Տարբերակ՝ թուրքի
  9. Տարբերակ՝ Հարուածն ու խօսքը
  10. Տարբերակ՝ հեռու
  11. Տարբերակ՝ մեռնող
  12. Տարբերակ՝ ոչ թիւ կար, ոչ վերջ
  13. Տարբերակ՝ գիշերին
  14. Տարբերակ՝ յոգնած ու տանջուած
  15. Տարբերակ՝ քաջ Շմաւօնին
  16. Տարբերակ՝ թողէք
  17. Տարբերակ՝ ծածկեցէք խոտով
  18. Տարբերակ՝ Իսկ դուք, ընկերներ, գացէք ապահով
  19. Տարբերակ՝ Անդրանիկ փաշին
  20. Տարբերակ՝ անցան ապահով
  21. Տարբերակ՝ Ինքն էր կռուի դաշտ՝ տառապեալ, անտէր
  22. Տարբերակ՝ Փչեց վերջին շունչ, հասաւ լուսնեակին
  23. Ժողովածուում՝ Նույն