Գիշեր է և լռություն...
* * *
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում...
Ցուրտ է աշխարհն ու աղոտ.
Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ,
Ե՛վ մտածում, և՛ վերհուշ...
Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում.—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։
Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի՛ դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ...
Համր է երկիրն ինձ համար,
Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման...
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում...