Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով...

* * *


Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով
Աղմկում եք դուք, պողպատե դևեր,
Նետվում եք ներքև, ցատկում դեպի վեր,
Օրորում եք ինձ ձեր ահեղ երգով...

Մանուկ օրերից, սև կամարի տակ,
Ես ձեր երկաթե խոսքերն եմ լսում,
Եվ կարճ քնի մեջ, մռայլ երազում
Հռհռում է ձեր երգը դժնդակ...

Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն,
Ո՞վ շղթայեց մեզ ձեր մեռած կամքին,
Մի՛թե վերջ չկա մեր տառապանքին,
Եվ մի՞թե արդեն մենք չենք երազում...

Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում
Չըգիտեք հանգիստ և գութ չըգիտեք,
Գիշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ
Խուլ մռնչում եք, անսիրտ ծիծաղում...