***

Գիտեմ, փորձում ես դու ինձ չհիշել
Ու դրա համար ջանքեր էլ չեն պետք։
- Մոռացման պահը հոգուս մեջ փուշ է,
Չմարող մի ցավ, չմարող մի հետք։

Տեր, օգնական լեր՝ մոռանամ նրան,
Ես վերադառնամ մի քիչ դեպի ինձ։
- Կանչիս մեջ սակայն կարոտն է նրա,
Ինձ ինձնից հանող մորմոքն է նորից։

Ո՞ւմ դուռը գնամ եւ ո՞ւմ աղոթեմ,
Երբ որ Տերն էլ անտեր է թողնում։
- Իմ մեջ գարունքվա հեղեղ է, խենթ է,
Սրտիս մեջ ջարդված մի լույս է դողում։

Վեր կենամ, գնամ՝ զարկված, խելագար
Ու սիրուդ առաջ նորից... հեզ լինեմ։
- Ամանոր է եւ... ես քո տունը գամ
Ու մի խոսք չասած՝ շեմին... լաց լինեմ։