ԳՅՈԻԼՇԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի ախքատ մարթ, կենըմ էր Շահ-օղլի Շահաբասի քաղաքըմ։ Ինչ արած, Շահ-օղլի Շահաբասն էլ ժառանգ չուներ, հ'իրա վրին պաս էր դրել, որ ընչար հ'իրան ժառանգ չըլի, չէթա հ'իրան Գյուլշան բախչեն:

Օրերի մեկ օրը էտ ախքատն ու կնիկը հ'իրար հետ խոսակցեցին, Կնիկը մարթին ասեց.— Ա՛յ մարթ, թե որ էրկու շալակ ցախ բերես, մնի հախը կուտենք, մնինը՝ կպըհենք, ժամանակին կհարկավորի մեզ, հիվանդութուն կա, թուլութուն կա։

Մարթն ասեց.— Շատ լավ ես ասըմ, կնի՛կ, հ'էքուց շատ թեզ ինձ ձեն տուր, որ ես էթամ, էրկու շալակ բերեմ։ Մնինը կտամ հացի, մնինը կբերեմ կտամ քեզ՝ կպըհես։

Քշերն աքլորը կանչեց, կնիկը ձեն տվուց.— Մա՛րթ, վե կա՛ց, վախտն ա, անջախ էթաս՝ գաս։

Էտ մարթը վե կացավ, հ'էրեսը լվաց, հ'իրա ասսուն փառք տվուց, ասեց.— Ա՛յ կնիկ, ես գնացի, դուռդ ղայիմացրու։

Վե կացավ գնաց ծովի ղրաղը, տեհավ իրեք մարթ գիր են գրըմ:

Ասեց.— Ա՛յ մարթ, էտ ինչ չախ եք էկել, որ ինձնից հ'առաչ եք ընկել, սաղ ցախերը թոփ եք արել, բա ես ինչ պըտեմ անեմ։

— Ա՛յ մարթ,— ասեցին,— մենք ցախ թոփ անող չենք։

— Բա ի՞նչ մարթ եք:

— Մենք լիսն ու մութը բաժանողն ենք։ — Ոտիդ մեռնե՛մ, ընձ էլ իլլաճ կարաք անի՞լ, էթալ գալով, ցախ կրելով իլլաճս կտրվել ա: Լավ իմացեք, որ ժառանգ էլ չունեմ ինձ:

— Ա՛յ մարթ, քեզ աստված բան շատ ա տվել:

Ախքատն ասեց.— Ի՞նչ:

— Աստված քեզ տվել ա մի ջուխտ որթի, մինը պըտի Արևելքի թաքավորութունը տիրի, մինը Արևմըտի թաքավորութունը պըտի տիրի։ Որ ըտենց շատ խնթրըմ ես, ծերունի․ հ'արի ես քեզ մի հատ ձու տամ, որ քշերը լիս տա, իսկ ցերեկը դնես ամանի տակ։ Հ'ուրըշի բան չասես։ Հ'ամեն հ'իրիկուն ձուն կդնեք ձեր առաչը, հ'ամեն մեկդ քառասուն ծունդր կդնեք, «Եկեսցեն» կասեք, աստված կաղաչեք ու կմտնեք ձեր տեղը։

Էտ մարթը ձուն առավ, դրուց ծոցը, ցախը շալակեց, էկավ բազարը, ծախեց, փողն առավ գնաց տուն։

— Է՜ կնիկ,— ասեց,— հ'աշկդ լիս ըլի։

— Ա՛յ մարթ, ի՞նչ ա պատահել։

— Կնի՛կ, խոսալ մի՛, որ աստված մեզ տվել ա։

— Ի՞նչ ա տվել։

— Էս ձուն ա տվել։

— Ա՛յ քու տունը շինվի, մեր տունը լիքը ձու ա, դրա էլածն ի՞նչ ա:

— Ա՛յ կնիկ, էս ընենց ձու ա, որ քշերը լիս կտա, էլ ճրաքի ծախս ունենալ չենք։

— Հըմի տենենք, ա՛յ մարթ։

Էկավ մութն ընկավ, հին կարպետը քցեցին ոնների տակը, չունեին զաթի, հենց էտ էր, ձուն բերին դրին հ'առաչները, սկսեց ձուն լիս տալը, չորս պատը լիս դառավ։

— Ա՛յ մարթ, հաստատ որ աստված մեզ տվել ա։

Մարթ ու կնիկ սկսեցին «Եկեսցե» ասելը և քառասուն ծունդր դնելը։

Էտ էլավ հ'իրանց պարտքը, որ հ'ամեն հ'իրիկուն աղոթքները անեն։

Շահ-օղլի Շահաբասը հրամայեց դալալին, որ ոչ մի տեղ ճրաք չպըտի ըլի, որ հ'ինքը պըտի քշերը ման գա, քաղաքը շատ անկարքացել ա, տենի էտ լրփութունը ինչ տեղ ա։ Հ'իրան վազիրին հրամայեց.— Էրկու ձեռք դարվիշի շոր կբերես։

Վազիրը գնաց, էրկու ձեռք շոր բերուց, մինը հ'ինքը հաքավ, մինը՝ վազիրը։

Քշերը սկսեցին ման գալը: Ասեց.— Վազի՛ր, նիլ մի բանցր տեղ, տես ինչ տեղ ա ճրաք էրևըմ:

Վազիրը նի էլավ մի բանցր տեղ, ասեց.— Թաքավոր, ոչ մի տեղ ճրաք կա ոչ. մենակ քաղաքի տըտըմը մի ճրաքի շաղավուրթ ա էրևըմ:

— Էթա՛նք,— ասեց,— գողերը ըտեղ կըլեն:

Գնացին հասան էտ ախքատի տունը։

— Գիտե՞ս ինչ կա, վազի՛ր, շահել ժամանակդ ըսկի անկարքութուն արե՞լ ես։

— Ես անկարք մարթ չեմ, ներողութուն։

— Որ անկարք մարթ չես, խի՞ չես ոններդ հանըմ, որ թխկոց չըլի, հ'իմանան: Դե վե կաց նի՛լ[1]:

Վազիրը նի էլավ հերթիկը, թամաշ արուց, տեհավ մի մարթ, մի կնիկ թեք ընկած քնած են, մի կրակ մի քերեղանի մեչ դրած վառվըմ ա։

— Թաքավո՛ր, իմ ասելով չես հասկանա, դու էլ նի՛լ, տես ինչ կա։

Թաքավորը նի էլավ կտուրը, տեհավ մի կնիկ մի մարթ քնած են, ընեց որ՝ կոտորես հ'իմանալ չեն։ Տեհավ քերեղանի մեչ դրած մի ձու, լիս ա տալի։

— Ա՛, նազի՛ր,— ասեց,— իմ խազնի կորած քարն ա էտ, էս լավ էլավ, որ քթանք։

— Դե վեր հ'արի դուռը նշան արա, որ հ'առավոտենց կանչենք էտ մարթը տարաղաջ քաշենք։

Լիսը բաց էլավ, վե կացան, մարթը ասեց կնկանը.— Դե՛, կնիկ, իմ պարանը տու, ես էթամ ցախի։

Կնիկը վե կացավ, պարանը տվուց մարթին, դուռը ծեծեցին։

— Ի՞նչ մարթ ես, ա՛յ մարթ։

— Հ'արի՛, թաքավորը թեզ կանչըմ ա քեզ:

— Ա՛յ մարթ, ես ի՞նչ եմ արել, իմ արածը ի՞նչ ա։ Էրկու բռունցքը տվուց էդ ախքատի գլխին, թե խոսալ մի՛, գնա հ'առաչ, տարավ:

Տարավ Շահ-օղլի Շահաբասի կուշտը: Հասնելու պես օխտը հետ գլուխ տվուց, ութ դիանդա ձեռը կապեց, կաննեց:

— Ա՛յ մարթ,— ասեց Շահաբասը, — էս քարը քեզ ո՞վ ա տվել:

— Թաքավորն ապրած կենա, ինձ ծովի ղրաղից լիսն ու մութը բաժանող իրեք մարթ են տվել:

— Խափիլ մի՛, շլինքդ կկտրեմ:

Ձեն տվուց, մի միլչի[2] և մի իսանի ղասաբ էկան կշտին կաննեցին:

— Թաքավո՛ր, ինձ սըպանիլ մի՛, դուզն եմ ասըմ, լիսն ու մութը բաժանողն ա տվել ինձ:

— Դե որ ըտենց ա, կէթաս էտ քարը կվերունես կբերես կտաս ինձ, ինչ որ արժողութունն ա, ես փողը կտամ:

Սկսեց աղաչելը թաքավորին.— Ինձ տեհա՛ր հո, թաքավո՛ր, ես փախչողը չեմ, կբերեմ օխտն օր եդը կտամ քեզ, ինձ օխտն օր ժամանակ տուր:

— Դե՛, գնա, քեզ օխտն օր ժամանակ:

Էկավ տուն, լաց ըլելով ասեց.— Է՜ կնիկ, աստված տվուց ու տարավ:

— Ի՞նչ ա ըլել, ա՜յ մարթ, ի՞նչ ա ըլել, պատմա տենեմ:

— Քարը պըտի տանք թաքավորին. դրա իլլաճը ի՞նչ կըլի, որ քարը կես ըլի, կեսը տանք թաքավորին, կեսը՝ մնա մեզ: Հ'արի՛, օխտն օր ժամանակ ա տված, օխտն օր պաս ու ծոմ պըհենք, լաց ըլենք, «աստված» աղաղակենք, բալքի քարը էրկու կտոր ըլի, մինը տանք թաքավորին, մինը մնա մեզ:

Օխտն օր մարթ ու կնիկ ծոմ ու պաս պըհեցին ու աղաչեցին ասսուն, օխտն օրից հետո քարն ըլավ էրկու կտոր, մինը տարան թաքավորին, մինը մնաց հ'իրանց:

Մի քշեր անկարծ քնած ին մարթ ու կնիկ, կնիկը զարթնեց, մարթին ասաց.— Ձեռդ բեր հըլա՛:

Մարթը տարավ ձեռը՝ դրուց կնկա փորին, տեհավ էրեխեն փորի մեչը հաղըմ ա:

— Դե՛,— ասեց,— հ'արի էս կողքիս թամաշ արա: Տեհավ որ էրկու էրեխա ա։

— Մարթ,— ասեց,— աստված տվել ա մեզ, թե որ բարի ծնունդ ըլեն:

Իննը ամիս, իննը օր, իննը հրոպպա թամըմեց, էտ կնիկը ծնեց էրկու տղա։ Շատ շնորքով տղեք, որ արևին ասըմ ին դուս մի՛ գալ, ըստի մենք կանք:

Մի ժամանակ հ'անց կացավ, ախքատը սկսեց ման գալ, որ հ'իրան քավոր քթնի. որդի դիպավ, ըլող չէլավ:

— Է՛, կնիկ,— ասեց, — որ ըտենց ա, պետք ա ման գամ դրանց տվողին քթնեմ, որ գան հ'իրանց տված հարամը հալալեն։ Դե՛, կնիկ, ինձ հըմար էրկու հաց կապա՛։

Կնիկը հացը կապեց, էտ մարթն առավ ընկավ սար ու ձոր, գնաց Հյուսիսային սարի մեչը մտավ, տեհավ էտ իրեք մարթը ըտի նստած, ջրի ղրաղին գրըմ են։

— Բա՛րև ձեզ,— ասեց,— ինձ անգին քար ընծայող մարթիկ․ էկեք ձեր տված էրեխեքը հալալեցեք. ընդար անճար եմ, որ ինձ քավոր ըլող կա ոչ։

— Դե գնա՛ դու, ախքատ, հ'առավոտը շատ թեզ ես Շահ–օղլի Շահաբասին ղոնաղ եմ, էրեխի մինը ես վե կունեմ, մինը՝ Շահաբասը: Կէթաս ձեր տունը արխեին, դուռ ու տունդ թամուզ կսրփես, կջրջրհանես, որ գանք, թամուզ տենենք քու տունդ։


Վե կացավ, էդ մարթկանց մինը մի ջահել տղա էր, գնաց Շահաբասին ղոնաղ, ընենց նստեց, կաննեց, որ Շահաբասը մնաց մաթալ, հ'իմացավ որ դա էլ թաքավոր ա։

Ասեց.— Թաքավո՛ր, քու ախքատներին խի՞ չես թամաշ անըմ[3]:

— Ի՞նչ ա էլել, թաքավոր ախպեր։

— Գիտես ի՞նչ, թաքավոր ախպեր, վե՛ կկենաս՝ բռնած մարթկանցդ միչին անմեղ, մարթ շատ կա, կազատես, փակած դուռ ունես՝ բաց կանես, բաց դուռ ունես՝ կփակես, լսել եմ, որ քու Գյուլշան բախչի դուռը փակ ա, էն էլ բաց կանես, ձեր տանիցը ընչար ախքատի տունը խալիչա կփռես, շամադանները կդնես էս դիհը, էն դիհը, հ'ամեն մի շամադանին մի ղարավուլ կդնես, որ չանցնի ճրաքը, էթանք էդ ախքատի էրեխեքը մինը ես վեր ունեմ, մինը՝ դու։ Ուրախութունով ունթունեց թաքավորը. վե կացան գնացին, էրեխու մինն հ'ինքը վե կալավ, մինն էլ՝ Շահաբասը, տարան եկեղեցի, պատարաքով կնքեցին, բերին դրին սանամոր գիրկը:

Էդ լիսն ու մութ բաժանող թաքավորն ասեց.— Թաքավոր ախպե՛ր, եփ որ էս տղեքը կմենձանան, քու ձեռով կտաս կաըթալու:

— Որ ըտենց ա,— ասեց Շահաբասը,— որ տղեն լավն էլավ, էն իմն ա, կվերունեմ ինձ, ինձ ժառանգ չունեմ:

Ըլեդ ախքատը սկսեց հ'իրա ցախը բերելը: Նաչարի տղեն թեզ կմենձանա. ութ-տասը տարեկան դառան տղեքը, կնիկը մարթին ասեց.— Էլ ինչ դարդ ունենք, թաքավորի պես քավոր ունենք. գնա՛ թաքավորին ասա՛, մեր էրեխանցը տա կարթալու:

Ախքատը վե կացավ, շըշկիլ-մըշկիլ[4] գնաց թաքավորի կուշտը:

— Ի՞նչ կա, սանահեր:

— Էրեխեքանց հ'ուսումի վախտն ա, թաքավորն ապրած կենա:

— Դե դու գնա՛ տուն, հ'առավոտը շատ թեզ թաքուհու հետ ձեր տանը ղոնաղ ենք:

— Է՛հ, թաքուհի, հ'աշկդ լիս, անտղա տեր, տղի տեր ենք ըլել,— ասեց Շահաբասը հ'իրան կնկանը:

Ձեն տվուց բախչաչուն.— Բաղման, կէթաս կջրջրհանես ծաղկըները, որ հորս վախտը ոնց տեհել եմ, որ նրանից լավ չէլավ՝ գլուխդ կկտրեմ:

Բաղմանչին գնաց հ'իրա գործին:

Շահաբասը վե կալավ էրկու ձեռք տղի շոր ու թաքավորական լենթ, որ տենողները ասեն թաքավորի ժառանգ ա, վե կացավ կնկա հետ գնաց սանահոր տունը:

— Բարով ձեզ, սանահեր ջան, էրեխեքը ի՞նչ տեղ են, կանչա գան:

Հերը վե կացավ, գնաց էրեխանցը բերուց, ասեց.— Իմ ունեցածը էս էրկու էրեխեն ա, ձեզ փեշքաշ:

Հաքցրին թաքավորի բերած շորերը, լենթը կապեցին կռանը, ընչար կարել-կապելը տասնէրկու աշըղ էկան:

— Դե՛հ,— ասեց Շահաբասը,— ածեցեք, էթանք մեր բախչեն: Դե՛հ, մնաք բարով, սանամեր ու սանահեր, մենք գնացինք: Շահաբասը մի էրեխու կուռը բռնեց, թաքուհին մի էրեխու կուռը բռնեց, սազով-սազանդարով գնացին դըբա բախչեն։

Նի մտան բախչեն, հ'ամեն բան հազիր էր. նստեցին, կերան խմեցին: Մըն էլ տեհան մի ջուխտ բլբուլ էկան, վեր էկան էտ տղեքանց վրին, մինը կաննեց մի տղի գլխին, մինն էլ կաննեց մի տղի գլխին: Սկսեցին խոսալ։

Թաքուհին ասեց.— Թաքավո՛ր, էրնակ հ'իմանայինք էս բլբուլների ասութունը:

Պուճուր տղեն ասեց.— Թաքավո՛ր, որ ինձ իրավունք տաս, էս կասեմ։

— Իրավունք ա, որթի,— ասեց։

— Բլբուլն ասըմ ա, որ ափսոս Շահաբասի աշխատանքը, մինս պըտի Արևելքի թաքավորութունը ստանանք, մինս Արևմըտի թաքավուրութունը ստանանք:

— Թաքուհի, պըտի աստված մարթիս տա,— ասեց թաքավորը,— խալխի տղեն մարթի տղա ըլիլ չի։

Մենձը վե կալավ թե.— Թաքավո՛ր, ջահելի խո՞սքն էլ ես վասմի գընըմ։

Թաքավորն ասեց.— Թե որ ըտենց ա, բախշեցի ձեզ, իմ ամակը թող գուբ չկորչի։

Ըտեղից վե կալավ էկավ էրեխանցը դըբա տուն, հ'իրա թախտը, կանչեց վարժապըտին, թամբահ տվուց, ասեց.– Վարժապե՛տ, քանի՞ տարըմը մի էրեխեն հ'ուսումը կավարտի։

Ասեց.— Օխտը տարըմը, թաքավո՛ր։

— Էս էրկու էրեխեն կտանես, հ'ուսում կտաս։

Վարժապետն առավ տղեքը գնաց։ Օխտը տարին թամամեց, թաքավորը վե կալավ թաքուհուն, հ'իրա տասնէրկու վազիրներին գնաց հ'ուսումնարան, դուռը բաց արուց, վարժապետը, սաղ հ'ուսումնարանի մոնթերը տեղներիցը կաննեցին. էն էրկու բլբուլը, որ բախչըմը տղեքանց գլխին խոսըմ ին, էկան փանջարեն կաննեցին, շխշխկացրին։

Թաքավորը ասեց.— Փանջարեն բաց արեք, թող էտ բլբուլը գա։

Բլբուլն էկավ, հ'ամեն մինը մընի գլխին վեր էկավ։ Սկսեցին խոսալը։ Շատ խոսացին, թաքավորը հրամայեց, թե իրեք հարիր տղի միլչին ով կարա էտ ղշի ասութունը ասի, Ամա պուճուր սանիկը մատը բանցրացրուց: Ասեց.— Թաքավո՛ր, պատմե՞մ:

Ասեց.— Պատմա՛, որթի։

— Բլբուլն ասըմ ա, որ հազար ափսո՜ս թաքավորը, որ տվել ա մեզ հ’ուսումի, մինս պըտենք Արևելքի թաքավորութունը տիրել, մինս՝ Արևմըտի։

Շահաբասը վարժապըտի հախիաթը տվուց, ասեց.- Դե՛հ, էկեք գնացեք, ձեր մուրազին հասեք:

Տղեքը գնացին հ’իրանց հորն ու մոր կուշտը, մնաս բարով արին, ընկան ճամփա գնացին։

Շատ ու քիչ աստված գիտեր, գնացին, տեհան ճամփեն էրկուտակվեց։

— Դե՛հ, ախպեր,- ասեց,– մնաս բարով,- էս իմ ճամփեն ա, էտ էլ քո ճամփեն ա։ Էս մինը կէթա Արևելք, էտ մինն՝ Արևմուտք։

Մենձ ախպերը շատ գնաց, քիչ գնաց՝ մեշի մեչ մութն ընկավ, տեհավ մի հ’ախպուր կա, ասեց.— Գեննին մնամ, ինձ կվնասեն, ավելի լավ ա ծառը նի’լնեմ, քշերը կենամ, հ’առավոտենց ընկնեմ ճամփեն։

Արևելքին մոտեցել էր, նի’լավ ծառը, քշերր հ’անցկացրուց։

Արևելքի թաքավորի տղեն ավշի էր. սարը ման էկավ, բերուց որ ձին էտ հ’ախպրըմը ջրի, ինչ արուց, ձին ջուր չխմեց. դու մի ասիլ տղի պատկերքը ընկել ա ջրի մեչը, ձին դրանից հուշտ ա ըլըմ։

Մի ղաֆիլ թամաշ արուց ծառին, տեհավ որ մի սիրուն տղա կպած ա ծառիցը:

— Ա՛յ տղա, դու չե՞ս տենըմ, որ ես իմ ձիուն սըպանեցի, մա՞րթ ես, թե հրեղեն ես։

— Չէ՛, ախպեր, ես էլ քե պես մի մարթ եմ։

— Դե վեր հ’արի, տենենք ո՞ւմ տղեն ես, ո՞վ ես։

— Ես,— ասեց,— Շահ-օղլի Շահաբասի մենձ տղեն եմ։

— Բա հ’ո՞ւր ես էթըմ դու։

— Ես մի սիրուն ախչկա եմ ման գալի։

— Էտ քո ասածը իմ տանը կա, դեհ իմ ձին բռնա, ես խաբար անեմ հորս՝ գան քեզ պատվով տանեն։

Տղեն ձին բռնեց, թաքավորի տղեն վե կացավ գնաց հ’իրանց տունը։

— Թաքավոր,— ասեց,— հ’աշկդ լիս ըլի: Տղեն մի քիչ խելքից պակաս էր։

— Ա՛յ տղա, ի՞նչ ա էլել:

— Էկել են մեր ախչիկը ուզելու։

— Ո՞վ:

— Շահ-օղլի Շահաբասի տղեն։

— Հըմի ընչի՞ ես էկել, ձիդ բաց թողել։

— Էկել եմ, որ մի քանի մարթիկ տանեմ, էն տղեն վեր ունեմ բերեմ:

Թաքավորը բարկացավ տղի վրա.— Բարով բերես,— ասեց,– ձիդ տարավ՝ տարավ, ո՛չ գնա, ոչ էլ էն։

— Վախենալ մի, թաքավոր, էն ընենց տղա չէր, դու ինձ մարթիկ տուր։

Թաքուհին դուս էկավ, հարցրուց.— Էտ ի՞նչ խաբար ա։

Թե.– Շահաբասի տղեն էկել ա իմ քիրն ուզելու։

— Որ ըտենց ա, ղրգենք մեր ախչիկը հազրվի, որ տղեն գա։

Տղեն վեր կալավ տասը լավ մարթ ու գնաց դըբա էտ տղեն, առավ, պատվով բերուց տուն։

Թաքավորը շատ լավ ընթունեց էտ տղին, հարցրուց.– Ո՛րթիս, ի՞նչ ես կամենըմ, ուզա՛ տամ:

Ասեց.– Քու սաղութունը, թաքավո՛ր, հ’ուրիշ ոչինչ:

Տեղ քցեցին, տղեն գնաց օթախըմը քնեց։ Հ’առավոտը դուս էկավ, գնաց մառմար հավըղըմը հ’էրեսը լվանալու՝ թաքավորի ախչիկը փեշքիրը բերուց, քցեց տղի ձեռին։ Տղեն սրփեց հ’էրեսը, տվուց փեշքիրը ախչկանը, վե կալավ գնաց։

Ախչիկը գնաց մոր կուշտը, ասեց.— Մե՛ր, ապրեմ՝ էս տղի կշտին, մեռնեմ՝ էս տղի կշտին։

Թաքուհին գնաց թաքավորի հեննա խոսալու։

— Թաքավո՛ր, էտ տղին հարցրու, տես ընչի՞ ա էկել, բալքի ամանչըմ ա։

Թաքավորն էկավ հարցրուց տղին.– Որթի՛ ջան, խի՞ չես խոսըմ, հ’առաչի անքամը ասեցի, թե ուզածդ ուզա՛, տամ, ամանչիլ մի՛, ասա՛:

— Թաքավորն ապրած կենա, թե որ ուզըմ ես, ախչիկդ տուր ինձ, դրա հըմար էլ էկել եմ։

— Որ ըտենց ա՝ իմ թաքավորութունի հետ իմ ախչիկն էլ տվի քեզ, ինձնից ետը իմ թագավորութունը քունն ա։ Էկան օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին պսակեցին: Մի քանի ամսից ետո տղեն ստացավ անոր թաքավորութունը, որովհետև աները շատ ծերացել էր, տղեն էլ խելքից պակաս էր, անջաղ էթըմ էր մեշեն, գալի:

Անկարք քաղաք էր, ընենց կարք դրուց, որ ոչ մի երկրըմ էտ կարքերը կար ոչ: Ինչ թուջար որ գար՝ պետք է թաքավորին ընծա տաներ, որ թաքավորը իրավունք տար ապրանքը ծախելու:

Էտ տղեն թող ըստի թաքավորութուն անի, գանք պուճուր տղիցը սալղը տանք։


Պուճուր տղեն գնաց, տեհավ սարի մեչտեղը մի ձեռք տներ կա:

— Էս լավ էլավ,— ասեց,— ես թաքավորի որթին եմ, լավ էլ տեղ ռաստ էկավ, քշերը կկենամ, հ’առավոտենց կէթամ:

Նի մտավ նեքսև, տեհավ քառասուն հարամի նստած։

— Բարով ձեզ,— ասեց,— հարամի ախպերտինք:

— Հազա՛ր բարի, թաքավորի որթի։

Հարամբաշու խասիաթն էլ ընենց էր, որ ինչ մարթ դիմեր հ’իրան, շլինքը պըտի կտրեր:

— Ա՛յ տղա,— ասեց հարամբաշին,— ի՞նչ տեղի տղա ես դու։

— Ես Շահ-օղլի Շահաբասի տղեն եմ,— ասեց։— Հորիցս նեղացած եմ, էթըմ եմ դըբա Արևմուտ։

— Այ տղա, ով ինձ պատահել ա, շլինքը կտրել եմ, ամա որ քե տեհա, շատ դիրս եկար. քեզ ինձ պըտի տղա շինեմ։

— Ընչի՞ հըմար, հարամբաշի։

— Գիտե՜ք,— ասըմ ա,— էս մեր արևմուտքի թաքավորի ախչիկը շատ լավ կռիվ անող ա, ինչ տղա որ գալիս ա ուզի՝ հետը կռվըմ ա, թե որ զոռըմ ա՝ գլուխը կտրըմ ա. հիթսուն տղի գլուխ կտրել ա։ Ափսոս ես, քու գլուխդ էլ կէթա, հ’արի ես քեզ իմ ղոչաղութունը սարվացնեմ, նոր գնա՛. դու որ թաքավոր դառնաս, ինձ վազիր կդնես, բոլ ա ինչ հարամութուն արել եմ։

Մի հատ ձի տվուց էտ տղին, մի հատ նետ ու անեղ տվուց, մի հատ էլ գուրզ տվուց։

— Հ’առավոտն,— ասեց,— մի հատ պրհած ալ ձի ունեմ, բախշիլ պըտեմ քեզ, դուս գանք մեյդան, տենենք քո ղոչաղութունը, ես տեհել եմ էն ախշկա ղոչաղութունը։ Լիսը բաց էլավ, դուս էկան մեյդան, քառասուն հոքին մի դիհը կաննեց, մենակ տղեն մի դիհը կաննեց։

— Ա՛յ տղա,— ասեց հարամբաշին,— իրավունք ունես, հ'առաչ սֆթա գուրզը քոնն ա, քցա՛:

Տղեն ձին քշեց, գնաց ու էկավ՝ գուրզը քցեց հարամբաշուն, ասեց.— Հարամբաշի, ձիգ գնաց, մենակ քեզ ղըմիշ չարի։

Տալուն պես ձին տակին թպրտաց ու սատկեց։

— Է՜, ա՜յ տղա, էտ հուսը քեզանից չունեի, գնա՛, ազատ իրավունք ունես, էտ ախչիկը կառնես։ Հ'արի՛ քեզ ճամփի խարշլըղ էլ տամ, որ տղամարթու պես էթաս խանը հազրվես, որ լիսը բացվի էթաս մեյդանը՝ ախչկա հետ կռվես:

Հանեց մի բոլ խարշլըղ տվուց, ճակատը պաչեց, ասեց.— Գնա՛, աստված քեզ հետ, մենակ ինձ միտ բերես։

Տղեն քշեց, գնաց, վեր էկավ խանը, ձին տեղավորեց, հ'ինքը նի'լավ օթախը։

Խանչին հարցուց.— Որտեղացի՞ ես, խեր ըլի։

Ասեց.— Ես Շահ-օղլի Շահաբասի տղեն եմ, էկել եմ թաքավորի ախչկա հըմար։

— Է՛ որթի, զուր ես էկել:

— Ընչի՞ հըմար:

— Քանի որ էտ ախչկան ախտոզ ըլիլ չի, քանի տղի գլուխ ա կտրել, ափսո՛ս ես, ետ դառ:

— Մեռնեմ՝ մեյդան մննիլ պըտեմ հ'առավոտենց, ապրեմ՝ մեյդան մննիլ պըտեմ:

Խանչին մարթ ղրգեց ախչկանը, թե՝ Ըսենց մի տղա ա էկել, հ'արի՛ տես:

Ախչիկը, որ անըմը Գյուլշան էր, հաքավ հ'իրա թամուզ շորերը, քառասուն ջառու հետ վե կացավ, երգելով էկավ դըբա խանը: Նի մտավ նեքսև, որ տղին տեհավ՝ ձեռ ու ոտը գեննիցը կտրվեց։

— Հ'առավոտենց էս տղեն ինձ պըտի ախտի ու ինձ պըտի առնի,— ասեց,— էլ էս թավուր տղա ես ո՞րդի պըտի քթնեմ, որ առնեմ, իմ ձեռքս զոռիլ չի, որ գուրզ քցեմ:

Ախչիկը ետ դառավ դըբա հ'իրանց տունը, ասեց հորը.— Թաքավոր, մի ընե՛նց տղա ա էկել, որ երկնքի հրեշտակից լավ ա, ես մնացել եմ մաթալ, թե դրա վրին ես ո՞նց գուրզ քցեմ։ Հերը ասեց.— Որթի, թե որ գիտես ուժդ ախտիլ չի, մարթ ղրգենք, բերենք ըստեղ, առանց կռվի, քեզ տանք:

Ախչիկը վե կալավ ասեց.— Հե՞ր, ես մեռե՞լ եմ, որ անկռիվ ես նրան առնեմ, որ էքուց իմ երեսովը տա։

Մարթ ղրգեց թաքավորը տղի կուշտը, կանչեց։

Տղեն ասեց.— Ընչար մեյդան դուս գամ ոչ, ես քու կուշտը գալ չեմ։

Բարի լիսը բացվեց վըրներիև, տղեն վե կացավ, երեսը լվաց, հաց կերավ, վեր էկավ ձին հազրեց, քաշեց՝ նի էլավ, էկավ մեյդանի գլուխը կաննեց։

Խաբարը գնաց թաքավորին։

Ախչիկն էլ արաբղզի[5] շորերը հաքավ, ձին նստեց էկավ, գլուխ տվուց տղին, մեյդանի տըտըմը կաննեց։

Թաքավորը հրամայեց դուքան բաց չմնա, բիրադի գան մեյդան թամաշա, արթարութունով տենեն որն ա զոռըմ՝ ախչիկը, թե տղեն։

Էկան, ժողովուրթը սաղ թոփ էլան։

Թաքավորն ու թաքուհին ջոկ տեղ նստեցին, ժողովուրթը՝ ջոկ:

Գլուխ տվուց տղեն թաքավորին, ասեց.— Իրավունք տուր կռվելու:

Սկսեցին կռիվ անել:

Ախչիկն ասեց.– Տղա՛, դու գլուխն ես, ես՝ ոտը, սֆթա դու քցիլ պըտես, քցա՛։

Տղեն իրեք գլուխ ձին քշեց, ախչիկը տեհավ տղեն հաստատ տղամարթ ա, ասեց.– Շան տղեն շատ զոռբա տղա ա, բա ինձ տանիլ պըտի՜։

Տղեն գնաց՝ էկավ, օխտը հետ գլուխ տվուց թաքավորին ու թաքուհուն։

Թաքավորն ասեց թաքուհուն.- Ախչիկս ձեռիցս գնաց, համա ի՞նչ տղա ա՜, էրանեկ գուրզը ձիուն դիպչի, ախչկանս չդիպչի։

Տղեն գնաց՝ էկավ, ձիու սաղրու հետ դզվեց, թամբի մեչը կաննեց։

— Հա,– ասեց,– ախչի, ձիուդ գլուխը գնաց,– ու գուրզը քցեց։ Քցելուն պես՝ ախչկա ձին ընկավ սատկեց, տղեն ձիուցը վեր էկավ, թուրը քաշեց դրուց բերանն ու վազեց, ախչկան վե կալավ, տվուց գետինը ծունկը դրուց սրտին, վաթսուն հուսակը ձեռով բռնեց ու քաշեց վիրև, թուրը քաշեց, որ շլինքը կտրի, թաքավորն ու թաքուհին վրա էկան, ասեցին.— Տղա՛, էտ մի ախչիկը ինձ բախշա, թաքավորութանս հետ քեզ տվի:

Տղեն թուրը դրուց տեղը, ախչկա բիլակը բռնեց՝ կաննացրուց:

Քոմմա ժողովուրթը բղավեց.— Հալալ ա քե՛զ էտ ախչիկը:

Նոր ախչկա աչու բիլակը բռնեց ու գնաց դըբա թաքավորի տները:

Հասնելուն պես հանեց հ'իրա մատանիքը, տվուց ախչկան, ախչկա մատանիքը դրուց հիրա մատը։

Ժողովուրթն էկավ թե.— Թաքավո՛ր, արժան ա դրան թաքավորութունը:

Բերին օխտն օր, օխտը քշեր շատ շնորքով հարսանիք արին, պսակեցին։ Պսակեցին, թաքավորն ասեց.— Ես ծերացել եմ, իմ թաքավորութունս էլ ըսօրվանից քեզ տվի։

Դառավ թաքավոր։ Էտ քաղաքն էլ անկարք քաղաք էր, հ'ամեն բան հ'իրա տեղը կարքի տակ դրուց, իսանն հ'իրա տեղից չէր կարըմ եռալ քշերը:

Օրերի մի օրը մի գիր էկավ էդ տղին Արևելքիցը, որ հ'էքուցվանից սկսիլ պըտենք կռիվ անիլ։

Դա էլ պատասխանը գրեց, թե՝ թողեք էս էլ իմ թագարեքը քաշեմ, կռվըմ ենք՝ կռվենք։— Էն ժամանակը թաքավորը թաքավորի հետ էր կռվըմ, զորքը՝ ոչ։

Տղեն մի գիր գրեց էն հարամբաշուն, որ՝ համեցե՛ք, հաստատ իրավունք ունես վազիր դառնալու։

Հարամբաշին ասեց.— Տղե՛ք, ինչ որ արինք՝ բոլ ա, ինչ մարթ էթա իրա տունը, իմ մնացած ապրանքն էլ ձեզ։

Էկավ թաքավորի կուշտը, դառավ վազիր։

— Է՛,— ասեց,— վազի՛ր, Արևելքից մի գիր ունեմ, առ կարթա, տես սրա հնարն ի՞նչ կըլի։

Հարամբաշին ասեց.— Թաքավո՛ր, հ'ամեն բանի իլլաճ կըլի, էտ նոր էկող թաքավորին իլլաճ չի'լիլ, կբռնվենք մենք:

Թաքավորն ասեց.— Ընչի՞ հըմար։ Ասեց.— Նա Ըսպհանու անղին լարով[6] քե կկալնի, մուղաթ կա՛ց՝ քեզ չքցի:

Հ'առավոտենց շատ թեզ դուս էկան դաշտը, տեհավ երկնքի աստղերին համբարք կա, մենակ դրա էկած ղոշընին համբարք չկա։

Ղոշունը մի դիհ ընկավ, էրկու թաքավորը մի դիհ ընկան:

Ասեց.— Ջահել թաքավո՛ր, հաստատ հետս կռվը՞մ ես, թե քաղաքդ տալիս ես:

Արևմտի թաքավորն ասեց.— Քանի սաղ ու կենդանի եմ, ես քեզ մի հատ քար չեմ տալ։

— Դե,— ասեց,— ազատ իրավունք ունես, գուրզդ քցա՛:

Հարամբաշին ասեց.— Թաքավո՛ր, հ'աշկդ ետ պըհա, ափսոս ես, քյամանդով քե կբռնի։

Ըտեղից Արևելքի թաքավորը բանցրացավ ու անդին լարը քցեց, քցելուն պես ընկավ Արևմտի թաքավորի շլինքը։ Ձեռը քցեց լարին քաշեց, քաշեց, կարեցավ ոչ կտրի։ Բերուց կշտին կաննացրուց: Ձեռները անղին լարով կապեց, քցեց ձիու հ'առաչը, ղոշունն էլ հետը:

Խաբարը գնաց կնկանը, թե մարթիդ քյամանդով տարան։

Կնիկը հաքավ արարգղի շորերը, հերսիցը հ'աշկերիցը կրակ էր վե թափըմ, քշեց ղոշընի հ'առաչը։

— Հը՛,— ասեց,— թաքավո՛ր, համփերի՛, ես էլ եմ թաքավոր, կռիվ անիլ պըտենք։

Ախչիկը ճչաց, ճչալուն պես Արևմտի թաքավորի հ'աշկիցը հեղեղ թափվեց, ասեց,— Ես զուր գնացի, կնիկս էլ իմ կրակն ընկնիլ պըտի:

Էտ դղըմը օխտն օր, օխտը քշեր էտ ախչիկը կռիվ արուց, մի փոս կար, քշեց ձին, բուգուրմիշ էլավ, Արևելքի թաքավորը քյամանդը քցեց, շլինքիցը բռնեց։ Դրա կռներն էլ կապեց, արուց ձիու հ'առաչը։

Գնաց, հասավ Արևելքը, հ'ինքն իրան մտածեց, թե մին օր մնի հ'աշկերը հանեմ, մի օր էն մնի հ'աշկերը հանեմ, նոր քցեմ զնդանը։

Քշերը տարան բռնատանը բռնեցին էտ կնկանն ու մարթին, ջոկ-ջոկ: Հ'առավոտենց թաքավորը կաննեց միլչուն ասեց.— Ի՞նչ ժամանակ որ ես կհրամայեմ «Հ'աշկերը հանա», էն հրոպպեին կհանես։

Կանչեց թաքավորին. էկավ գլուխ տվուց, կաննեց:

Ասեց.— Մանկութունից ինչ որ գլուխդ էկել ա, պատմիլ պտես, թե ոչ՝ հ'աշկերդ հանիլ պըտեմ։

Թաքուհին էլ կշտին նստած ա, հ'իրան նազիր-վազիրներն էլ կողքը:

Խաբարը գնաց ժողովրթին թե էն ջահել թաքավորի հ'աշկերը հանիլ պըտեն, մեր ու մանուկ էկան թոփ էլան թախտը։

Արևմըտի թաքավորը սկսեց հ'իրա գլխի էկածը մի-մին պատմիլը[7]:

Որ պատմեց պրծավ՝ Արևելքի թաքավորը հ'իմացավ, որ էտ հ'իրա ախպերն ա, սկսեց լաց ըլիլը ու փաթըթվեց ճտովը:

Տղեն ասեց.— Էն օխտն օր քեզ բանտ անող տղեն իմ կնիկն ա, թեզ ազատա՛, մեղք ա:

Գնաց էտ ախչկանը վե կալավ, բերուց հ'իրա կուշտը, կնիկն էլ հասկացավ, որ հ'իրա տեքրն ա:

Վազեց տեքրը հարսի ճակատը պաչեց, ասեց.— Հալալ ա քեզ, որ իմ ախպորը առել ես. օխտն օր ինձ բանդ արիր։

Մի քանի օր ըտեղ մնացին ղոնաղ, վերչը Արևելքի թաքավորն ասեց.— Դե, վե կալ քու կնիկը, քու ղոշունը, գնա՝ քու երկիրը։ Հասնելուն պես մի ձեռք օղլուշաղի շոր կարել կտաս, որ գին չունենա, վե կունես ու կգաս իմ կուշտը, որ հ'իրար հետ էթանք մեր ծնողներին տենենք, մին էլ Շահ-օղլի Շահաբասի լավութունի տակից դուս գանք։

Արևմըտի թաքավորը առավ հ'իրա կնիկը, գնաց հ'իրա երկիրը, էտ շորերը կարել տվուց, դրուց խուրջինը, թաքավորութունը տվուց անորը, հ'ինքը ղոշուն վե կալավ, էկավ մենձ ախպոր կուշտը։

Ախպերն էլ հ'իրան պատրաստութունը քաշել էր, մոր հըմար ու Շահ-օղլի Շահաբասի կնկա հըմար։

Վե կացան էկան Շահ-օղլի Շահաբասի սնուռը։ Արևելքի թաքավորը քշերվա կիսին մի հատ նետ քցեց ձենով, որ հ'իմանա Շահ–օղլի Շահաբասը։ Էտ ձենին թաքավորը վե կացավ, տեհավ որ ճրաքով լիքն ա քաղաքի չորս դիհը, ոտ ու ձեռը շաղվեց:

— Ա՛յ, հա՜յ,— ասեց,— իմ թաքավորութունը գնաց ձեռիցս, սկսեց լաց ըլիլ։ Վե կացավ մի ձիավոր ղրկեց, թե՝ գնացեք տեհեք էտ էկողները ի՞նչ մարթիք են։

Գնացին, ըտոնց տարան թաքավորի կուշտը, ասեց.— Մենք դոստ մարթ ենք, էկել ենք թաքավորին ղոնաղ։

Հ'առավոտենց վախենալուն Շահ-օղլի Շահաբասը ղոշունն առավ, դեմ գնաց։

Հ'ինքը հ'իրան Շահաբասը մտածեց.— Ես ի՞նչ տամ սրանց, որ ինձնից հոժար ըլեն։

Գնաց էտ թաքավորի չադիրը, համեցեք արուց, հանթեսով առավ էկավ տուն։

Քշերը ըտեղ մնացին։ Շահաբասը ասեց կնկանը.— Տենես նրանք ի՞նչ բանի հըմար են էկել. թե էս քշեր վե կենանք սրանց գլխները կտրենք՝ ափսոս են, ջահել են, թե կտրենք ոչ՝ ինչ տանք որ հոժար ըլնեն, թողան էթան։

— Ընչի՞ ես խառնվել, թաքավո՛ր,— ասեց Շահաբասի կնիկը,— էն մեր սանահոր տված ձուն բախշենք, հերիք ա նրանց։ Շատ ուրախութունով ըռաղի կըլնեն։

Բարի լիսը բաց էլավ ձեր վրեն, մեր վրեն, Շահաբասը գնաց թաքավորների կուշտը, ասեց,— Բարի լի՛ս, ջահել թաքավորներ:

— Ասսու բարի՜ն, հազար բարին,— ասեցին թաքավորներն ու տեղներիցը կաննեցին։

— Գիտե՞ս ինչ կա, թաքավո՛ր,— ասեցին էրկու թաքավոր ախպերները:

— Ի՞նչ կա, ասեցե՛ք, պատրաստ եմ։

— Պըտենք էրկու խուրջին վեր'նենք էտ քուչովը էթանք ցած։

Ասեց.— Շատ լա՛վ, էթա՛նք։

Էրկու խուրջինը վե կալան, գնացին, քաղաքիցը դուս էկան, հասան էն հ'իրանց տունը։

Շահաբասը ետ թամաշ արուց, որ էտ էրկու թաքավորների հ'աշկերիցը կրակ ա թափըմ։

Մենձ ախպերը մի մարթի հրամայեց, թե էս էրկու խուրջինը վե կալ, տար էտ ախքատի տունը, ասա՝ թող հաքնեն, որ թաքավոր ա գալիս ձեզ ղոնաղ։ Էտ մարթը նի մտավ տուն, տեհավ էրկուսն էլ տկլոր կախ էլած թունդիրը, թունդիրն էլ անցած:

— Բիձա՛,— ասեց,— վե՛ր, թաքավորը գալիս ա քեզ ղոնաղ։

— Ա՛յ որթի,— ասեց հալիվորը,— մեզ ի՞նչ ունենք, որ թաքավորը դա մեզ ղոնաղ։

— Շատ խոսալ մի՛, թեզ արա, առ էս շորերը հաքեք, որ թաքավորը կաննած ա։

Կնիկը մարթին թե.— Աստված տվել ա, շոր ա, հաքնենք էլի։

Հալիվորն ու պառավը հաքան շորերը, Շահաբասը տեհավ, որ հեղեղի պես ա գալի արտասունքը, նոր մտածեց, որ էս տղեքը հ’իրա սանիկներն են։

Նի մտավ նեքսև, Շահաբասն ասեց.— Բարո՛վ քեզ, սանահեր։

— Ասսու՛ բարին, հազա՛ր բարի։

Տղեքն էկան փաթըթվեցին հորն ու մորը, լաց էլան, ասեցին.— Մենք քու տղեքն ենք, ճանանչըմ չե՞ք:

Մերը որ էտ հ’իմացավ, հ’ուշը գնաց, ջուր տվին, հ’ուշն էկավ գլուխը, փաթըթվեց տղին ու լաց էլավ:

Մի քիչ մնացին, Շահաբասն ասեց.― Էկեք քոմմեքս էլ էթանք մեր գյուլբախչեն։

Գնացին գյուլբախչեն, նստեցին դինջացան։ Մըն էլ տեհան էն էրկու բլբուլը էկան, հ’ամեն մինը մընի գլխին վեր էկավ ու խոսաց։

Տղեքն ասեցին.— Քավո՛ր, մենք քու սանիկներն ենք, մի՞տդ ա որ ես էն ժամանակն ասեցի թե բլբուլն ասըմ ա, թե մինս Արևելքի թաքավորոթունը տիրիլ պըտի, մինս Արևմըտի, հրե՛ս կատարվեց բլբուլի ասութունը։

Կերան, խմեցին, սկսեցին ուրախանալ, ետո վե կացան, էկան թաքավորի օթախը։ Սանիկները Շահաբասին խնթրեցին, որ վեր’նեն էրկու խուրջինը, հ’իրանց բերած շորերը հաքնեն։

Շահաբասը վե կալավ տարավ հաքնելու, տեհավ հեչ գնահատիլ ըլիլ չի էտ շորերը, հ’ամենաառաչի շորերն ա: Ինքն էլ բերուց նրանց տված քարը փեշքաշ արուց նրանց, ասեց.— Էս էլ իմ տված ընձեն ըլի ձեզ։

Էտ քշերը ըտեղ մնացին, հ’առավոտենց քշերով Շահաբասը էրկու հատ ձի բերիլ տվուց, մինը տղեքանց հերը նի’լնի, մինը՝ մերը։ Շահաբասն ասեց.― Տարեք ձեր հորն ու մորը, որ մխիթարվեն ձեզնով, թող հերը մենձի հետ էթա, մերը՝ պուճուրի։

Գնացին հասան էն ճամփեն, որ հ’իրարից բաժանվիլ պըտեին, էրկու ախպերտինքը հ’իրար հետ պռոշտի արին, մենձը վե կալավ հորը, պուճուրը վե կալավ մորը, գնացին հ’իրանց քաղաքները։

Դրանք հասան հ’իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։


  1. Բարձրացիր (ծանոթ. բանահավաքի)
  2. Աչքեր հանող (ծանոթ. բանահավաքի):
  3. Նայում (ծանոթ. բանահավաքի):
  4. Արագ-արագ (ծանոթ. բանահավաքի):
  5. Սև շորեր (ծանոթ. բանանավաքի)։
  6. Եփած կաշե լար (ծանոթ. բանահավաքի):
  7. Շատերն ամբողջովին կրկնում են (ծանոթ. բանահավաքի):