Օրը մարմրեց անտառի վրա
եւ ամենաբարձր
ծառերը նրան հրեցին վերեւ։
Մի ծառի կատար
թաթախված մնաց հուշով արեւի։
Անտառից մի հավք գնաց օրվա հետ,
հոգնած թեւերի
ստվերը թողած խիտ սաղարթներին։
Եղնիկը փորձեց իր կերպարանքը
դուրս քաշել ջրից,
փախցնել դեպի բացատներ ուրիշ։
ՈՒ եղավ մի պահ,
երբ դեռ արեւը լրիվ չմեկնած,
լուսինը իր կես դեմքով երեւաց,
քմծիծաղ տվեց՝
առանց ետին միտք։
Հանկարծ ծմակից դուրս սահեց չոր ու
գեջ փայտով բարձված
կարմրախայտ մի ձի,
կարմիրի վրա՝
տեղ-տեղ արեւի բծերը մարած։
Մեկ ուրիշ բանուկ կածանի վրա
անտառից ելավ
առաջաքաշը գյուղի նախիրի,
գալիք գիշերվա
ուրվանկարը՝
տղամարդ մի ցուլ։
Ես ու Մեծ քարը
նայում ենք գյուղին։
Մայրս այսօր էլ կհանդիմանի,
որ ես նախիրը ուշ եմ գյուղ բերում։
Ցուլից շատ մոտիկ քայլող երինջի
դունչին պահվել է
մեր հանդ ու սարից պոկված մի ծաղիկ։
Ավարտված օրը - որպես մի խնձոր -
ես տուն եմ տանում ցլի պոզերին...