Գյուղատնտեսությունն առաջ և այժմ

ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆ ԱՌԱՋ ԵՎ ԱՅԺՄ

Մեր թերթի սուղ էջերը չեն ներում, որ այս հարցի մասին մանրամասն գրենք։ Սակայն թռուցիկ ակնարկն անգամ հերիք է ցույց տալու, թե զարգացման ի՞նչ ահռելի թափ ստացավ մեր գյուղական հետամնաց տնտեսությունն ու հողային գործը Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ։ Ոչ միայն միլիոնավոր դեսյատին կալվածատիրական հողեր խլվեցին ու բաժանվեցին անհող գյուղացիության, ոչ միայն ստեղծվեցին բազմաթիվ օրինակելի խորհրդային տնտեսություններ, ցուցադաշտեր, այլև սկսվեց գյուղատնտեսական մշակույթի նոր ձևերին անցնելը։

Ռուսաստանի հարավ-արևելքը միշտ էլ ենթակա էր երաշտի, սակայն այժմ պետության օժանդակությամբ այդ շրջաններում գյուղացիությունն անցնում է մշակույթի նոր ձևերի և միանգամայն ապահովում իրեն երաշտից։ Ջրային ասպարիզում կատարած հսկա աշխատանքը ամուր պատվանդան է գյուղատնտեսական բարձր կուլտուրաների անարգել զարգացման համար. հենց այն, որ հաջողվեց կարճ ժամանակում նախապատերազմյան վիճակին հասցնել մեր գյուղատնտեսության մի շարք ճյուղեր, հենց միայն այդ ցույց է տալիս, որ Հոկտեմբերի գծած ուղին ճշմարիտ էր։

Այժմ, երբ հողաբաժանման աշխատանքները համարյա թե ավարտված են ամեն տեղ, հերթական խնդիր է գյուղատնտեսության հիմնական փոփոխումը։

Ինչպես անել, որ հնարավոր լինի ստանալ երկու հասկ այնտեղից, ուր առաջ ստացվում էր մի Հասկ, այսինքն՝ արդյունքի և արժեքի կրկնապատկման հարցը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը գյուղատնտեսության մեջ։

Բոլոր նախադրյալները կան այդ խնդիրը ևս հաջողությամբ լուծելու: Գյուղատնտեսական վարկ, գործիքների աժան վաճառում, գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի օտար շուկաներ, ցուցադաշտերի և փորձնական կայանների այն խիտ ցանցը որով տարեցտարի պատելու է մեր միությունը, վերջապես՝ գիտության և աշխատանքի շաղկապումն իրար այդ ասպարիզում, ահա՝ այս բոլորը մի-մի գրավական են՝ համոզվելու, որ յուրաքանչյուր Հոկտեմբերի տարեդարձին մեր տնտեսությունը ոչ միայն աճում է, այլև մշակույթի տեսակներն են փոխվում, գյուղացու աշխատանքը դառնում է գրավիչ և արդյունավետ, մեքենան մուտք է գործում մեր գյուղերը և, այսպիսով, հավիտյան զոդում քաղաքն ու գյուղը։

Ահա՝ ի՞նչ հեռանկարներ են բացվում մեր առաջ, և ի՞նչ պետք է անենք մինչև գալիք Հոկտեմբերը։