Գյուղիս ճամբան

Կյանքի նավակն հետք չի թողուց իր ետին,
Մոռացումը առա՛վւ ինձմեէ ամեն բան,
Հին երազներս ամպերու պես կ'անհետին,
Հիշատակն ալ կ'անցնի երգի մը նման։

* * *

Հոգիս սակայն կը հիշե՛ քեզ,
Դուն ծաղկավետ գյուղիս ճամբան,
Ուր քալեինք գառնուկս ու ես,
Դեպի պուրակն ու բուրաստան,
Անմեղության երազին պես։

Ու քովիկեդ դողդողագին
Սահեր աղվոր վճիտ առուն
Մերթ կամուրջին ու մերթ մարգին
Տակ պահվելով կ'երթար հեռուն,
Ամայության իբրեւ ոգին։

Բարակ, նիհար քանի մը ճյուղ
Կը զատվեին վտիտ բունեդ
Մին կը դիմեր դեպ' անշուք գյուղ,
Կը տարածվեր, կ'ըլլար անհետ,
Բոլորելով խրճիթն ու հյուղ։

Մին մագըլցեր բլուրն ի վեր,
Մյուսը կ'իջներ ձորակեն վար,
Ուր ուռենին կուտար ստվեր,
Ուր սրինգն իր երգը կուլար,
Զոր կրկնեի՛ն գարնան հովեր։

Ձմրան ալ երբ ձյունն սպիտակ,
Կը գտներ մեզ շուրջ թոնիրին,
Անհետ կ'ըներ իր ծալքին տակ
Մեր հին գյուղին վտիտ ուղին,
Ինչպես մարգերն ու մանիշակ։

* * *

Տաշված քարե ուղիղ ճամբան
Կը տանի զիս արդ ի ծովափ,
Կը ճմլըվի՛ հոգիս սակայն,
Մտածումով մը հրատապ,
Ու կը թռչիմ հին մանկության։

Հոն՝ փակ թեեւ՝ սակայն աղվոր
Ու երփնագե՛ղ էր հորիզոն,
Հմայքներով լի բյուրավոր
Անմեղությո՛ւնը խայտար հոն
Ճամբուն վրա ոլոր մոլոր։
  
Մին՝ մագլցեր բլուրն ի վեր,
Մուսը կ'իջներ ձորակեն վար,
Ուր ուռենին կուտար ստվեր,
Սրինգն ալ իր ե՛րգը կուլար,
Զոր կրկնեի՛ն գարնան հովեր։

* * *

Կյանքի նավակն հետք չի թողուց իր ետին,
Մոռացումը առավ ինձմե ամեն բան,
Հին երազներս ամպերու պես կ'անհետին,
Հիշատակն ալ կ'անցնի երգի՛ մը նման․․․

Իզմիր