Գյուղի հերոսը
Գյուղի հերոսը
Խուճուճ փափախը թեք դրած գլխին՝
Սազում է հագի գետնագործ չուխին,
Արծաթե բարակ գոտիկը մեջքին՝
Շուքով փայլում է նայողի աչքին։
Կրծքին կապել է «պատրոնդաշները»,
Գոտու մեջ խրել չուխի փեշերը,
«Դաստան» շիրմայի խանչալը աջից,
Կախ է ընկած ձախ գոտու առաջից։
Ուսովը ձգած փայտե «այնալուն»՝
էնպես սիրուն է, ողորկ ու փայլուն,
Որ նայողներին սարսափ է ազդում,
Թշնամի մարդկանց չար միտքը սաստում։
Ու մեկ էլ հանկարծ նրա դեմ ելավ
Ուռած ու փքված մի մեծ հնդուհավ.—
— Վա՜յ, նանի,— գոռաց,— ե՛կ ազատի ինձ,
Թե չէ, էս է հա՜, կուլ կտա սա ինձ։