Գող մաքին

Կատուն ընկավ դռնեդուռ,
Գազաններին տարավ լուր,
Թե՝ չեք ասի, ես տեսա,
Դեռ լավ էր, որ շուտ հասա,
Վախկոտ մաքին, դեռ մի ձին՝
Խիստ անպատվեց առյուծին:
Էն խոտից, որ դիզված է,
Փշից-մշից զտած է,
Որ պիտ լինի անկողին
Գազաններիս պահողին,
Գողցավ մի փունջ գիժ մաքին,
Տարավ տվեց իր ձագին:

— Ե՞րբ կամ ինչպե՞ս տեսար դու,
Խանում-խաթուն մեր կատու, —
Ասավ արջը ծաղրելով,
Կատվի մեջքը շոյելով:
— Դու ինչո՞ւ ես անհամբեր,
Մեր բոլորի մեծ ապեր.
Ես իմ տեսածն եմ ասում,
Սուտ բան երբեք չեմ խոսում,
Հենց երեկ էր, որ մաքին,
Մատաղ նրա դըմակին,
Ինձ բանի տեղ չդրավ,
Առավ խոտն ու ղո՛ւ տարավ:

— Այո՜, այո՜, էդպես է,
Մեր կատուն ուղղախոս է,
Պիտ պատժվի էնպեսը, —
Վրա բերեց աղվեսը:

— Ըմբոստ մաքու էդ քայլը, —
Կարծիք հայտնեց ծեր գայլը, —
Պիտի դատենք միասին,
Թե հավատանք աղվեսին:

— Ի՞նչ ես ասում, ա՛յ քեռի,
Սուտ ասողը քըրքըրվի,
Էդ ինչե՞ր ես մտածում,
Ինձ ինչո՞ւմն ես կասկածում.
Է՛, ի՛նչ կուզեք դուք արեք,
Թեկուզ ողջը սուտ հանեք,
Առյուծի մոտ ես կերթամ
Բանը մեկ-մեկ կկարդամ,
Էլ չզսպվեց աղվեսը,
Կրունկն արավ դեպ դեսը,
Երկար պոչը թափ տալով,
Թռչկոտելով, ծափ տալով,
Գնաց-գտավ արքային
Անտառումը, իր գահին,
Դալար ճյուղեր հովանի,
Որ արևը զոռ չանի:
Հետը տարավ նվերը,
Մի զույզ հնդկահավերը,
Տարավ դրեց առաջին,
Ինքն էլ նստեց իր պոչին:

— Պարո՛ն աղվես, էս խե՞ր է…
— Առյուծ արքա, ինձ ներե,
Էս աշխարհը փոխվել է,
Ահ ու երկյուղ թռել է,
Մի գողություն, չես ասի,
Ապա պատմեմ, ինձ լսի:
Էն խոտից, որ դիզել ենք,
Կըղկըղել ենք, գզել ենք,
Որ ձմռանը լիորեն
Գցեք քո տակն ու վրեն,
Գողցել, տվել է իր ձագին
Ժաժան գլուխ գող մաքին:

— Հաշիվ թող տա ըմբոստը,
Կամ վեր դնի իր փոստը:

— Այո՜ , այո՜, տեր արքա,
Գործած մեղքին պատիժ կա,
Եթե ներես այս անգամ,
Էն գող մաքին անզգամ
Երբեք չի գա էլ կապի,
Խոտը կուտի, կըպարպի:

Առյուծ արքան էդ մասին
Էսպես ասեց աղվեսին.
— Որքան կենդանիք որ կան,
Թող վաղը շուտ ինձ մոտ գան,
Մենք բոլորս միասին
Խորհուրդ անենք այդ մասին,
Թե ինչ պատիժ է հարմար,
Այդ ըմբոստ մաքու համար:

Աղվեսն ելավ, ծըռմըռվեց,
Հինգ-վեց անգամ խոնարհվեց,
Լիզեց տիրոջ թաթիցը
Ու դուրս թռավ մոտիցը:

Դեռ չէր ցրվել մառախուղ,
Առավոտյան շատ կանուխ
Կենդանիներն անտառում
Գըզվում էին, գոռգոռում:
Երբ արևը դուրս եկավ,
Ալ աբրեշում շոր հագավ,
Շողքը գցեց սարերին
Ու կյանք տվեց անտառին,
Առյուծն իջավ իր գահից,
Ողջը լռեց իր ահից:

— Իմ գազաններ, լսեցե՜ք,
Մեկ-մեկ հերթով խոսեցեք,
Ամեն մեկը ձեզանից
Թող մտածի իրանից,
Կարծիք հայտնի՝ թե ինչպես
Պատժենք մաքուն սևերես,
Որ սրբազան դեզիցը
Խոտ է տարել դըրսիցը:
Էսպես խոսեց առյուծը,
Գազանների էն մեծը:

Առաջ եկան իշանը,
Զռզռոցն էր նշանը.
Թոփ-թոմարի խոսեցին,
Բայց ոչինչ էլ չասացին,

Լավ էր, եկավ վարազը.
Բռնեց իշերի հաղը,
Վարազից խիստ վախեցին,
Ականջները կախեցին:

Օգտվելով էդ բանից,
Շիլ նապաստակն իր կողմից.

— Ես չեմ խոսում երկար-ձիգ,
Ահա՜ համեստ իմ կարծիք.
Մաքուն պատիժ թող չինի,
Որ նա բոստան չմտնի,
Կաղամբ, գազար չկրծի,
Այլ դաշտերում արածի:
— Կորի՜, ծուռ աչք, դու շըլդիկ,
Ծնածդ օրից անվարտիք...
Թազին քաշեց կարճ պոչից,
Իսկ կատուն էլ սուր դնչից:
— Թե որ բանը ինձ մնա,
Մեր ամենի տեր արքա, —
Ասեց գայլը ալևոր,
Միս ու արյան միշտ սովոր,
— Ու քանի որ մենք մեզ ենք,
Բերենք գողին մի գզենք:

Հերթն հասավ արջ ապորը,
Քիչ հիվանդ էր նա էդ օրը.
— Չէ՜ , ձեռք չտանք գող մաքուն,
Միայն ամեն իրիկուն
Պարտավորվի մեզ համար
Մեղր բերի անդադար:

— Ձայն եմ տալիս նաև քեզ,
Մեր խելացի, ժիր աղվես:
— Որովհետև բրդոտը
Գողացել է քո խոտը.
Ուստի արդար կլիներ
Լոկ քեզ բաժին նա լիներ…

Էստեղ արքան՝ խիստ ու մթին,
Դարձավ կանգնած ժողովրդին.
— Մեր աղվեսի այս խորհուրդը
Ընդունո՞ւմ է ժողովուրդը:
Եվ ամենքը խոնարհ ու լուռ
Ընդունեցին միահամուռ: