Գոմեշն ու ուղտը

Գոմեշն ու ուղտը



(Ավանդություն)



Գոմեշն ասավ մի օր ուղտին.
— Երնեկ քեզ, որ լուծ չեն լծում։
Ի՞նչ ասեմ ես իմ սև բախտին՝
Համ լծում են, համ բեռ բարձում։
Ինչ կլիներ ես էլ քեզ պես
Ունենայի կանգուն մի վիզ,
Որ ամեն օր ահա էսպես
Չդնեին լուծը վզիս։
— Ի՛նչ ես խոսում, այ սև գոմեշ,
Պատասխանեց ուղտը նրան,—
Դու հո լավ ես ճանաչում մեզ,
էլ ի՞նչ երնեկ կտաս էդքան։
Չե՞ս իմանում, որ բոլորից
Ուղտն է անբախտ ծնվել մորից։
Երանի թե ինձ էլ լծեն,
Կամ թե բարձեն՝ ինչքան կուզեն,
Մենակ թե ինձ չչոքեցնեն
Ու չոքեցրած բեռ չբարձեն...
էն որ թոկս ձիգ են տալիս,
«Ե՜խ...» են անում, որ ես չոքեմ,
Սև քրտինք է վրաս գալիս՝
Թե բեռ բարձած ես ոնց կանգնեմ...