Գործակատարի հիշատակարանից
ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ
ՊԱՏՄՎԱԾՔ
(Նվեր Րաֆֆիի գրականական գործունեության 25-ամյակին)
I

Հազար ութ հարյուր վաթսուն և ութ թվականի գարնան պարզ և գեղեցիկ օրերից մեկն էր, երբ ես Շ․ քաղաքում ավարտեցի իմ ուսման ընթացքը հռչակավոր տեր-Վահակի ուսումնարանում։ Այդ օրն ինձ համար այնքան նշանավոր էր, ես ինձ այնքան ուրախ և բախտավոր էի զգում, որ անշուշտ նրա ամեն մի ժամը պիտի տպավորված մնա հիշողությանս մեջ մինչև կյանքիս վերջը․ Չորս տարի շարունակ տեր-Վահակի ձեռքում տանջվելուց հետո, չորս տարի նրա բարբարոսական ֆալախկայի տակ չարչարվելուց հետո, բնական է, որ ինձ անսահման բախտավոր պիտի համարեի այդ օրն, երբ, վերջապես, ազատվել էի անխիղճ տերտերի ձեռքից։ Էլ ինչ երկարացնեմ, ես թևեր չունեի, որ ուրախությունիցս թռչեի, երբ հորս գնած մի ֆունտ թեյն հանձնելով տեր հորն իբր շնորհակալության նշան ինձ տված կրթության համար, վերջին անգամ համբուրեցի նրա կոշտ ու զարհուրելի ձեռը և դուրս թռա ուսումնարանից։ Ես մեր տան հերոսն էի այդ օրը, ոչ ոք իմ եղբայրներից կամ քույրերից իրավունք չուներ որևէ կերպով դիպչել իմ քեֆին։ Ամենքը դեպի ինձ սիրով ու հարգանքով էին վերաբերվում։ Եվ ինչպես կարող էին չհարգել, քանի որ նրանց մեջ ամենակրթվածը և ամենագիտունն ես էի։ Քանի որ ամբողջ ճարտասանությունն և Նարեկը գլխից մինչև վերջն անցել էի։ Բոլորը, հավաքված իմ շուրջը, փայփայում էին ինձ։ Մայրս իսկույն ինձ համար սկսեց պատրաստել իմ սիրած կերակուրը, հայրս խոստացավ հենց այն օրը գնել ինձ համար մի նոր արխալուղ։ Մի խոսքով, մեր ընտանիքի մեջ այդ օրն անխտիր ամենքի սիրո և փաղաքշանքի առարկան ես էի։ Ամենքը ինձնով էին զբաղված, ամենքը աշխատում էին ինձ հաճոյանալ ամեն կերպ։ Իսկ ես, ինչպես վայելում է հերոսին, աշխատում էի պահել ինձ խիստ լուրջ և վեհանձն, սեփական արժանավորության զգացմունքով լեցված։

Հայրս, չնայելով յուր աղքատությանը, այդ օրը խիստ առատաձեռն էր դառել։ Նա հրամայեց մորս, բացի իմ սիրեցյալ կերակրից, պատրաստել և՛ մի ուրիշ տեսակ կերակուր։ Նա մտադիր էր այդ օրը հրավիրել մեր բարեկամներից մի քանիսին՝ յուր անդրանիկ որդու ուսման առիթով կատարվող ուրախության մասնակից լինելու, միևնույն ժամանակ, խորհրրդակցելու նրա ապագայի վերաբերմամբ։

— Հարկավոր է, ա՛յ կնիկ, հենց այսօր որոշել, թե այսուհետև ինչով պիտի պարապի Խաչին։ «Ծեծիր երկաթը, քանի որ նա տաք է», — ասում է առածը։ Պետք չէ թույլ տալ, որ նա մի օր անգամ անգործ մնա, կարող է ծուլանալ ու այնուհետև դժվար կլինի նրա համար մի գործի կպչել։

Մայրս համաձայն չէր հորս մտքի հետ։ Նա ուզում էր, որ ես գոնե մի ամիս տանը հանգիստ ապրեի, և փորձեց հակառակել նրա կամքին, բայց ի՜նչպես կարող էր իմ հոր նման մարդու ասածին կինը հակառակել։ Նա այնպես գոռաց խեղճ կնոջ վրա, որ սա տեղն ու տեղը լռեց ստրկությամբ, ինչպես ամեն ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում էր ինձ, ես այդ օրն ուրախութենից այնքան շվարած էի, որ չգիտեի, թե ինչ մտածեմ։ Ես բավական էի միայն նրանով, որ, վերջապես, ազատվել էի տեր-Վահակի ֆալախկայից։ Այսպես թե այնպես, մոտեցավ կեսօրվա ժամանակը։ Ճաշն արդեն պատրաստ էր։ Այն ժամանակ մեր քաղաքում միմիայն հարուստների տներումն էին գտնվում աթոռներ, սեղաններ և ուրիշ եվրոպական կահ կարասիք, իսկ մեզ նման չունևորները դեռ ապրում էին հին, ասիական եղանակով։ Մայրս մեր բավական ընդարձակ սենյակի հատակի վրա տարածելով կապտագույն սփռոցը, ծածկեց նրան զանազան տեսակ համեստ, էժանագին, բայց համեղ ուտելիքներով և մրգեղեններով։ Հայրս սպասում էր հյուրերին, իսկ ես անհամբերութենից քիչ էր մնում, որ տրաքեի։ Այդ օրն ուրախութենիցս շատ դես ու դեն վազվզելով, հոգնել էի և սաստիկ քաղցել։ Ես գայլի ախորժակով սպասում էի այն րոպեին, երբ պիտի ձեռքս հասցնեի իմ սիրած կերակրին։

  Վերջապես, հյուրերն եկան և ամենքը, առանց երկարացնելու, ծալապատիկ շարվեցին փափուկ մինդարների վրա, սեղանի շուրջը։ Հայրս ինձ հրամայեց ոտքի վրա ծառայություններ անել։ 
  Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ օղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ վարելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում․ նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը։ Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։ 
   — Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես, — ասաց նա, — աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ։ Աոաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեզ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ,

ուր տեսնես, թե մի կոպեկի անգամ շահ ունիս, ամեն միջոց գործ դիր այդ շահը չկորցնելու։ Վնաս չունի, հարկավոր եղած ժամանակ սուտ էլ ասա, միայն թե մեջտեղ շահ ունենաս։ Վերջապես, միշտ մտաբերիր Քրիստոսի պատվերը․ «Եղեք խորամանկ, ինչպես օձ, իսկ միամիտ՝ ինչպես աղավնի»։

  Այս խրատը խիստ երկար ու բարակ էր, զարդարված զանազան առակներով։ Բայց ավելորդ եմ համարում նրան ամբողջովին բերել այստեղ, որովհետև ես գործնական մարդ եմ և ժամանակ չունիմ հիշատակարանս լեցնելու զանազան մանրամասնություններով։ 
  Ճաշը վերջանալուց հետո հայրս իսկույն և եթ առանց երկարացնելու խոսք բաց արավ հյուրերի հետ իմ ապագայի մասին։ Սկսվեց երկար ու բարակ խորհրդակցություն։ Որովհետև հյուրերի գլուխները մի փոքր տաքացել էին, այս պատճառով իմ ապագայի հարցը դառավ նրանց համար խիստ վիճաբանության առարկա։ Ես, մի կողմ քաշված, լուռ ու մունջ, խորին ուշադրությամբ ականջ էի դնում նրանց խոսակցությանը։ Հայրս հայտնեց այն միտքը, թե մտադիր է ինձ որևիցե արհեստի տալ, բայց չգիտե ո՛րն է արհեստներից ավելի մաքուրը և, միևնույն ժամանակ, արդյունավետը։ Մեր հյուրերի թվում կար մի դարբին, որի որդին ինձանից մի տարի առաջ ավարտելով ուսումը նույն՝ տեր-Վահակի մոտ, պարապում էր յուր հոր արհեստով։ Այդ մարդը խորհուրդ էր տալիս հորս, որ ինձ նույնպես տա երկաթագործության որևիցե ճյուղը սովորելու։ Բայց մանրավաճառ Թորոսը, որի տված խորհուրդը վերը բերեցի, խիստ ընդդիմացավ դարբնի այդ մտքին։ Նա ասաց, թե արհեստը դատարկ բան է, թե նա փոր չի կշտացնում, բայց միայն մարդու կյանքը մաշում է և օրինակ բերեց նույնիսկ յուր արհեստի նշանակությունը պաշտպանող դարբնին։
  — Դու ինքդ, պ․ Մարութ, — դարձավ նա դարբնին, — մեր քաղաքի ամենաառաջին արհեստավորն ես համարվում, բայց ինչ ես առաջացրել մինչև այսօր, երբ կյանքիդ մեծ մասն արդեն անցել է։ Ի՞նչ ես առաջացրել, ասա տեսնեմ, որ ուրիշներին էլ խորհուրդ ես տալիս արհեստ սովորելու,— շարունակեց նա տաքացած։ Չնայելով, որ անդադար ծանր մուրճը ձեռքումդ, կրակի առաջ,

ռաջ, արյուն քրտնքի մեջ, տաք երկաթը ծեծելով գիշեր-ցերեկ չարչարվում ես — ընտանիքդ շաբաթական մի անգամ տաք կերակրի երես չի տեսնում։ Չէ՛, ես հակառակ եմ ամեն տեսակ արհեստներին և եթե ես որդի ունենայի, թեկուզ ինձ սպանեին, նրան չէի թողնի, որ արհեստավոր դառնա։ Արհեստը, բացի նրանից, որ նյութապես չի ապահովում մարդուս, մինչև անգամ բթացնում էլ է նրան։ Ինչի՞ է նմանում արհեստավորը մի հասարակության կամ հանդեսի մեջ, հը՛ը․․․ դարմանով լցրած տոպրակի։ Նա ոչ կանոնավոր կերպով խոսել գիտե, ոչ էլ յուր անձը մաքուր պահել։ Արհեստը մարդուս չի կրթում, այլ մի տեսակ կենդանի է դարձնում։

Այդ կծու նկատողությունը արհեստի վերաբերությամբ մանրավաճառ Թորոսը, կարծես, հենց դիտմամբ էր անում, որ խեղճ դարբնին վիրավորի։ Դարբինը խիստ ամոթխած մարդ էր։ Լսելով այդ կոշտ խոսքերը, կարմրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել։

Երևում էր, որ ինքն ևս զգում էր յուր ոչնչությունը հպարտ հակառակորդի առաջ։

Հայրս երկար վիճաբանությանը վերջ դնելու և հարցը միանգամից վճռելու համար հարցրեց․

— Այժմ, պարոններ, ասացեք, ինչ խորհուրդ եք տալիս Խաչիի համար, ինչ պարապմունքի տամ նրան, որ մարդ դառնա։

— Վաճառականության, — պատասխանեց ամենից առաջ մանրավաճառ Թորոսը։

— Բայց վաճառականության համար ախար փող է հարկավոր, իսկ ես, ինչպես գիտեք, աղքատ մարդ եմ։

— Տուր նրան մի հարուստ վաճառականի խանութ գործակատարի պաշտոնով, նա այնտեղ առևտուրը քիչ թե շատ սովորելուց հետո, ինքը կարող է վերջ ի վերջո սովորել փող ձեռք բերելու հնարը և ժամանակով վաճառական դառնալ։ Միայն հարկավոր է համրերութուն ունենալ, ուրիշ ոչինչ․․․

— Այդ ինչպե՞ս կարելի է, էլի ես չեմ հասկանում, թե դատարկ ձեռքով մարդ ի՞նչ կարող է անել, — հետաքրքրվեց հայրս, իսկ որ չկարողանալով Թորոսի խոսքերից բան հասկանալ։ — Աշխարհում անկարելի բան չկա, — հակառակեց մանրավաճառը։ Ես ինքս տասը տարի մի մանրավաճառի մոտ գործակատար եմ եղել դատարկ ձեռքով․ ինչպես տեսնում եք, ինքս այսօր մանրավաճառ եմ և, փառք աստուծո, մոտ տասը հազարի կարողություն ունիմ։ Բայց ես դեռ ոչի՛նչ, համեմատելով ուրիշների հետ։ Մտիկ տվեք մեր քաղաքի ամենաերևելի վաճառականներին, նրանցից ո՞ր մեկն է լիք գրպանով եղել առաջ։ Ամենքն էլ իրենց ժամանակին գործակատարներ կամ խանութի ծառաներ են եղել, իսկ այժմ ամեն մեկը հարյուր հազարների առուտուր է անում։ Վաճառականությունը մի այնպիսի գործ է, որ ինքն է սովորեցնում սիրողին փող աշխատելու հնարը․ հարկավոր է միայն գտնել նրա գաղտնիքը, այնուհետև ամեն ինչ ինքնըստինքյան հեշտանում է։

— Ի՞նչ գաղտնիք է այդ, պարոն Թորոս, — հարցրին բոլորը գրեթե միաբերան։

— Ձեզ համար արդեն ուշ է հասկանալ այդ գաղտնիքը, ձեր ժամանակն արդեն անցել է, իսկ Խաչին կարող է շուտով հասկանալ։ Թող միայն սիրով դիպչի գործին և թող սրանից առաջ իմ տված խրատներն յուր ականջում միշտ պահի, երբեք չմոռանա, այնուհետև գաղտնիքը հեշտությամբ կպարզվի։

Մինչդեռ նրանք այս վիճաբանության մեջ էին, ես ևս սկսել էի արդեն մտքումս խորհել իմ ապագայի մասին։ Մանրավաճառ Թորոսի խոսքերն ինձ համար խիստ խորհրդավոր էին․ ես չէի հասկանում այդ խոսքերի նշանակությունը։ «Այն ինչ գաղտնիք է, որը կարող եմ գտնել վաճառականության մեջ», մտածում էի ինքս ինձ։ Այդ գաղտնիքը սկսեց ինձ խիստ հետաքրքրել, այնպես որ փոքր էր մնում, որ ես համարձակվեի բերան բանալ և խնդրել հորս, որ նա հետևի Թորոսի խորհրդին և թույլ տա ինձ մտնել գործակատար մի վաճառականի մոտ, որպեսզի իմանամ, թե ինչումն է կայանում փող ձեռք բերելու գաղտնիքը։ Բայց ես ինչպես կարող էի բերան բանալ իմ մեծերի մոտ։ Այդ կլիներ իմ կողմից մի աններելի հանդգնություն, և ես հեշտ չէի պրծնիլ հորս ձեռքից։ Բարեբախտաբար, առանց իմ միջամտության, բանը փոխվեց իմ ցանկացածի համաձայն։ Երկար վիճաբանություններից րից հետո ամենքը, իհարկե, բացի դարբին Մարութից — որը մինչև վերջը լռություն էր պահում — համաձայնվեցին, որ ինձ համար լավ կլինի մտնել վաճառականական ասպարեզ, քան թե որևիցե արհեստ սովորել։ Հայրս վճռեց հանձնել ինձ մեր քաղաքի այդ ժամանակվա ամենահայտնի վաճառական աղա Գուլամյանցների մանուֆակտուրայի մագազինը գործակատարի պաշտոնով։

Թեև ես չգիտեի այն ժամանակ, թե ինչ ասել է վաճառականի գործակատար և ինչումն է կայանում նրա պարապմունքը, բայց խիստ ուրախացա հորս այդ վճռով։ Առաջինը, ինձ հետաքրքրում էր մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքը և երկրորդ, ճշմարիտը խոստովանած, երբեք ես հակումն չունեի դեպի որևիցե արհեստ։ Ճշմարիտ է, ես այն ժամանակ խիստ տհաս էի, որ կարողանայի ճիշտ գաղափար ունենալ արհեստների նշանակության մասին, որովհետև իմ տասնևյոթ տարին դեռ չէր լրացել, սակայն ուղեղս այնքան էլ անզարգացած չէր, որ չկարողանար գեթ հասարակ համեմատություններ անել։ Ես նույն րոպեին սկսեցի մտքումս համեմատել դարբին Մարութին մանրավաճառ Թորոսի հետ, ակամա երևակայելով իմ ապագան իրականացած այդ երկու մարդկանց մեջ։ Մեկը սրանցից իմ աչքի առաջ կանգնած էր առողջ, չաղ, ինքը մաքուր, հագուստը նույնպես մաքուր և նոր, փորը կուշտ, գրպանը միշտ լիք, հարգանքը և պատիվը հասարակության մեջ համեմատաբար ավելի, որին ամենքը ուշադրությամբ ականջ էին դնում, թեև խոսեր հիմարություն, որը հանդեսներում յուր ընկերների մեջ առաջին տեղն էր նստում, ինչպես և նույն օրը մեր տանը։ Մյուսը — նրա մոտ կոշտ ու կոպիտ, միշտ տխուր, դեմքը նիհար, և ժամանակից առաջ պշկած, վիզն և երեսը սևացած, ձեռները քարի նման կոպտացած, միշտ կեղտոտ և անվայելուչ հագուստի մեջ, որը հասարակության մեջ, ինչպես և նույն օրը մեր տանը, ոչ մի հարգանք կամ համակրություն չէր վայելում։ Որին խոսելու ժամանակ ոչ ոք չէր կամենում լսել, որ շատ անգամ ծիծաղի առարկա էր դառնում։ Նա գիշեր ու ցերեկ ֆիզիկապես աշխատում էր տնային կենդանուց ավելի, բայց և այնպես, հազիվհազ կարողանում յուր ընտանիքը կերակրել։ Որքա՛ն զանաղանություն սրա և առաջինի մեջ։