Գործակատարի հիշատակարանից
 XI

Եվ այժմ ոչ ոք չի կարող երես առ երես ինձ հանդիմանել, որովհետև ես փող ունիմ, հարուստ եմ։ Իսկ հետևիցս ով ուզում է և ինչ ուզում է թող խոսե, փույթ չէ։ Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է։

Երեկ տեր-Վահակից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խնդրում էր Շ... քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից։ Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը։ Այժմ կարող եմ և միջոց ունիմ բարեգործություններ անելու, ես Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս...

1883 թ․, նոյեմբեր, Թիֆլիս։