Գութանի երգը (Շուշանիկ Կուրղինյան)

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ.


Հէ՜յ... վեր կաց գեղջո՛ւկ. դո՛ւք, ընկեր-եզներ՝
Գնանք շուտով արտ.
Հուժկու եռանդով սև կուրծքը ճեղքենք
Մայր հողի պարարտ:
Շրջենք յետ-առաջ, երկար գծերով
Փորենք ակօսներ՝
Սուրբ աշխատանքի որպէս ժրաջան,
Անվախ հերոսներ...
Արևը ահա փայլում է վերից
Գթառատ սիրով,
Անո՜ւշ գոլորշին շղարշի նման
Ճօճում դաշտերով:
Բացուած բներից գործի է դիմում
Անհամար մրջիւն,
Մայր-հողն է ծնում, գետը տարածում
Թովիչ կարկաչիւն:
Հէ՜յ... վե՛ր կաց եզնուկ, հերի՛ք մրափես.
Վեր կաց սերմնացան՝
Գնանք շուտով արտ, շաղ տուր հատիկներ
Այնտեղ ցիրուցան:
Կարօտ եմ ինչպէ՜ս հողի զով շերտում
Դէմքս պարտկել՝
Որտեղ գորշ որդեր անհոգ գալարուած
Գիտեն միշտ պառկել.
Կուզեմ ես հիւթոտ ծիլերի ցանցեր
Համբուրել սրտանց,
Հողի շշուկից արբել, մոռացուել
Խորքում անթափանց:
Հէ՜յ․․․ վեր կա՛ց, գեղջո՛ւկ, վեր կացէ՛ք եղներ
Միթէ չէ՞ք զգում—
Արտերը վաղուց սերմի կարօտից
Լալիս են, սգում:
Այս ի՞նչ եմ տեսնում․․․ գեղջուկն է գալիս
Գլխակոր, տրտում.
Կիսամերկ, գծուծ, թախծոտ հայեացքով
Ինչ որ փնթփնթում:
Թշուա՜ռ, գա՛րշ միջատ, գէ՛թ կուշտ լինելու
Չունեցար հնար...
Ըստրուկ՝ կեանքի մէջ, արդար վաստակից՝
Հեռո՜ւ, անհընա՜ր...