[ 201 ]

1887

ԳՈՒՍԱՆ

Նվեր բարեկամական Տ. Վառվառեին



   Գուսան, ինչո՞ւ է քու ձայնը լըռել,
Փանդիռըդ ինչո՞ւ կախած է պատին,
Ինչո՞ւ է վիշտը քու հոգին տիրել,
Էլ հըրճվանք չի կա քու ազնիվ սըրտին։

   5 Թե աստված սիրես՝ թո՛ղ էդ ձանձիրը,
Խըմե՛ փըրփըրած էս Գողթան գինին,
Նորից ձեռքըդ ա՛ռ խոսուն փանդիռը,
Վերջ դիր հոգեմաշ այդ քու վըշտերին։

   Պատմե՛ մեր հայոց նախնյաց կենցաղը,
10 Սըխրալի գործքը հինօրյա քաջաց,
Հայ պատանեկաց երգըն ու խաղը,
Կաթողին սերը հայ օրիորդաց...

   Գուսանն ալեզարդ իր գլուխը շարժեց,
Մոլորված աչերն պըտըտցուց չորս դին,
15 Սըրտի խորքիցը ծանըր հառաչեց,
Ու ասաց իր շուրջ կայնած ամբոխին.

   — Երգեմ ես, բայց ի՞նչ, երկաթյա շըղթա՞ն,
Որ կաշկանդել է ձեռքըն իմ ազգին,
Թե՞ ծանըր լուծը և կամ խարազան,
20 Թե՞ հայի կըրած կյանքը դառնագին:

   Աշխարհքում մընա՞ց անեծք, թուք և մուր,
Որ չըլինեին մեր վըրա թափած,

[ 202 ]

Թըշնամու ձեռքում մընա՞ց զենք կամ սուր,
Որ հայ արյունով չըլիներ ներկած։

   25 Ուզում եք երգեմ կողոպտած գեղե՞րն
Մեր դրախտանըման խըղճուկ հայրենյաց,
Թե՞ ոտնակոխած, ավերած ժամերն,
Թե՞ հայ կուսանքը դուշմանեն պըղծած։

   Երգե՞մ բեղմնավոր հող հայ մըշակին,
30 Որ նորա ձեռքից թիզ-թիզ են խըլում,
Երգե՞մ հայերիս անտարբեր հոգին,
Որ տեսնում ենք այս և լուռ ենք մընում։

   Երգեմ մեծատանց երե՞սն անամոթ,
Որ օրնիբուն լոկ իր վրա են խորհում,
35 Փոխանակ տալու մեզ զենք, թընդանոթ,
Զանգուլակներով կուրծքն են զարդարում...

   ՉԷ՛, թող իմ նախնյաց ազնիվ փանդիռը
Թող մընա հավերժ լուռ, պատին կախած,
Քանց որ փարատե ձեր սին ձանձիրը,
40 Քանի որ հայի հոգին է թըմրած։