Գրական-մշակութային անդրադարձումներ

Գուրգեն Գաբրիելյանն իմ կյանքում

Արիս Արսենի


Գուրգեն Գաբրիելյանն իմ կյանքում
Հատված հուշագրությունից


Ես օրհնում եմ իմ հոգեորդու՝ Արիսի առաջին գիրքը և ուրախ եմ, որ նրա կյանքում ունեմ իմ վաստակը։ Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գուրգեն Գաբրիելյանի մասին իմ հուշերն ուզում եմ սկսել հեռվից։

...Սկսնակ ստեղծագործող էի, գյուղական կյանքի մասին պատմող թղթակցություններով ու անպաճույճ բանաստեղծություններով հանդես էի գալիս Մարտակերտի շրջանային «Բարեկամություն» թերթի էջերում։ Մի օր էլ, երբ խմբագրության աշխատակիցները ծանոթացան բանաստեղծություններիս հերթական «փնջի» պարունակությանը, նամակների բաժնի վարիչ Լևոն Նանագյուլյանը բազմանշանակ ժպտաց, որին հետևեց նրա հեղինակավոր կարծիքը.

- Ոնց որ այս տղային Գուրգենի մոտ պիտի ուղարկենք։

Ես չհասկացա, թե ում մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, զգում էի, որ մի լավ անակնկալ է սպասվում ինձ։ Պարզվեց, որ պետք է մեկնեմ Ստեփանակերտ և իմ բանաստեղծությունները ներկայացնեմ մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությանը։ Եվ միայն այնտեղ կարող են համապատասխան «ախտորոշում» տալ իմ գրվածքներին։ Խոստովանեմ, որ Ստեփանակերտում մինչ այդ եղել եմ մի անգամ միայն, երբ դեռ վեց տարեկան էի, և հորս հետ մանկական հիվանդանոցում մեկ տարեկան հիվանդ քրոջս խնամող մորս էի այցի գնացել։ Հիմա, երբ առաջարկվում էր մեկնել Ստեփանակերտ, ու թեև ես գյուղում ութամյա կրթություն ստանալուց հետո մեկնել էի Դիլիջան ու տեղի միջնակարգ պրոֆտեխուսումնարանն ավարտելու վրա էի արդեն, բոլորովին անծանոթ էի Ստեփանակերտ քաղաքին։

Համադասարանցիս՝ Սարգսյան Սուրիկը, խոստացավ օգնել։

-Գիտեմ,-ասաց,-որտեղ է գտնվում խմբագրությունը, կուղեկցեմ։

Նա մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր արդեն և որոշակիորեն ծանոթացել էր քաղաքին։ Ճամպրուկը հանրակացարանի իր սենյակում տեղավորելուց հետո որոշեցինք զբաղվել «իմ հարցով»։ Բայց երբ Սուրիկի հետ մոտեցանք այն շենքին, ուր, նրա կարծիքով, պետք է խմբագրությունը լիներ, պարզվեց, որ... տպարանում ենք («շրջանցելով» խմբագրությունը՝ ես ու ընկերս իմ բանաստեղծություններն ուղիղ տպարան էինք հասցրել)։

Մեզ հուշեցին և խմբագրության շենքը գտանք առանց առանձնակի դժվարության։

Խմբագրության շենքը գտանք, բայց ուր և ում մոտ գնալ՝ Սուրիկն այլևս անզոր էր օգնել ինձ։ Կանգնել էինք մուտքի դռան մոտ ու չգիտեինք ինչ անել։ Նա, որպես «քաղաքաբնակ», քաղաքում կողմնորոշվելու որոշակի փորձ արդեն ուներ, ուստի, խորհուրդ տվեց բարձրանալ աստիճաններով և բախել հենց առաջին դուռը։ Երկրորդ հարկ բարձրացող փայտե աստիճանների վերջում երևացող դուռը մատնացույց արեց։ Բարձրացա աստիճաններով ու կանգնեցի դիմացի դռան առաջ՝ «Խմբագրի տեղակալ՝ Վ.Ս.ՀԱԿՈԲՅԱՆ» ցուցանակի դիմաց։

- Ներս մտիր,- ներքևից հուշեց ընկերս։

Վախվորած բախեցի դուռն ու ներս մտա.

- Կարելի՞ է։

Դիմացինի բարյացակամ վերաբերմունքից որոշ չափով սրտապնդվեցի ու նրան մեկնեցի բանաստեղծություններիս «Բարձունք տանող արահետով» բարձրագոչ վերնագիրը կրող տետրը։ Նա թերթեց մի քիչ, ընթերցեց մի քանի էջ ու ձեռքը դեպի հեռախոսը երկարեց։ Ընկալուչում պատասխան ձայն լսվելուց հետո անմիջապես ասաց.

- Գուրգեն, մոտդ մի տղա եմ ուղարկում՝ սեփական տպարանում սարքած գիրքը ձեռքին։

Ես հասկացա, որ վերջապես... «տեղ» եմ հասել և շուտով կտեսնեմ նրան, ում մոտ ուղարկել են ինձ։

Խմբագրի տեղակալի ուղեկցությամբ երբ նրա առանձնասենյակը մտա, անմիջապես վեր կացավ նստած տեղից ու հարազատի սրտամոտությամբ ու ջերմ ձեռքսեղումով պատասխանեց բարևիս, և հենց առաջին հայացքից զգացի, որ գործ ունեմ, իրոք, բանաստեղծությամբ ապրող մարդու հետ։ Նա ձեռքն առավ «սեփական տպարանում սարքած» գրքույկս և հենց առաջին բանաստեղծությունից սկսեց կարդալ։


Գիտեմ, որ ես չեմ ընթանա

ասֆալտապատ պողոտայով,

Պիտ ընթանամ մացառներով,

Անմատչելի կածաններով,

Մինչև դուրս գամ լայն պողոտա...


Գրքի նախերգն էր դա, որից հետո սկսվում էր «Քեզ համար եմ թախծում անվերջ» շարքը։


Ես չգիտեմ, թե ինչեր են

Ինձ առջևում դեռ սպասվում,

Եվ չգիտեմ՝ ճամփիս ով է

Իր վառ սիրով ինձ սպասում։

Իսկ կա՞ արդյոք նա, թե՞ զուր եմ

Իմ հւյսերը ոսկեջրում...


Էջի վերևի աջ անկյունում դրոշմվեց հավանելու նշանը, որից հետո անցավ հաջորդին։


Մի սիրիր նրան,

Ով քեզ չի սիրում,

Ով տառապում է

Ինչ-որ ուրիշի

Սրբազան սիրով։


Ընդգծեց «սրբազան» բառը, ասաց, որ տեղին չի օգտագործված, կարելի էր ավելի հարմար բառ ընտրել։ Դիտողություններ կային նաև «Քո աչքերը», «Ամեն օր ես քեզ տեսնում եմ», «Անունդ», «Շատ ման արի ու ինձ տես» բանաստեղծությունների համար։ Նկատառումներ ուներ հատկապես անընդհատ կրկնվող «ես»-երի վերաբերյալ.


Ես անչափ գոհ եմ,

Որ կյանքում միայն

Ես քեզ ընտրեցի...


կամ՝


Ես քեզ սիրում եմ՝

Ասել է, թե ես... և այլն։


«Պատասխան» բանաստեղծության մեջ արդեն խմբագրողի գրիչը գործի անցավ, իսկ «Աղբյուրի մոտ»-ը այդ նույն «թեթև» գրչի մի հարվածով դարձավ... «Վերհուշ»։ Երեք երկտողերից բաղկացած բանաստեղծությունից մնաց միայն առաջին երկտողը, որը նոր բանաստեղծության մեջ դարձավ... երրորդ (եզրափակիչ) երկտող։

Իր հավանած բանաստեղծություններից «Սովետական Ղարաբաղի» 1978-ի մարտի 12-ի համարի «Գրական երիտասարդական» էջի համար նախատեսված գործերի շարքում տպագրվեցին նաև իմ երկու («Հրավեր» և «Իմ երգը») բանաստեղծությունները։ Այսօրվա պես հիշում եմ էջում տպագրված Կոմիտաս Դանիելյանի «Երամ» վիպակից առանձնացված «Չմարող լույսեր» գեղեցիկ հատվածը, Միքայել Գասպարյանի, Կիմ Գաբրիելյանի, Հոմեր Վանյանի, Թովիկ Հայրապետյանի, Առնո Դանիելյանի, մյուսների բանաստեղծությունները։

Մարզային թերթում տպագրված տեսնելով իմ բանաստեղծությունները՝ ես ավելի ինքնավստահ դարձա։ «Իմ երգը» բանաստեղծությունս տպագրվել էր առանց որևէ փոփոխության։ Իմը չէին սակայն «Հրավերի» ո՛չ վերնագիրը, ո՛չ էլ բանաստեղծության «հանգուցալուծումը»։ Իմ անվերնագիր բանաստեղծությունն այսպիսի տեսք ուներ.


Գարուն է հիմա այս ջինջ աշխարհում,

Բացվել են գարնան լույս ծաղիկները,

Ու նոր բուրմունքով բուրում է սերը...


Գնա՛նք, թափառենք դաշտ ու անտառում,

Հմայվենք գարնան լույս ծաղիկներով

Ու երգենք սիրով,

Երգենք սուրբ երգը՝

Սիրո,

Վեհության,

Հավատարմության։


Գնա՛նք, սիրելի՜ս, կանաչ դաշտերը,

Թափառենք այնտեղ խորին հուզմունքով,

Թափառենք սիրով,

Ու գգվենք, փարվենք մենք ծաղիկներին...


...Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում։

Ահա, թե ինչու՝

Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում։


Առաջին տողում նախ՝ ընդգծեց «ջինջ» բառը, «այս»-ը իմ դարձրեց, հետո՝ «աշխարհում» բառը՝ լեռնաշխարհում, լավ չէր հնչում նաև «խորին հուզմունքով» բառակապակցությունը, ուստի՝ «խորին»-ը փոխարինվեց «անհուն»-ով։ Խմբագրվելուց հետո բանաստեղծության ավարտը ևս բոլորովին այլ տեսք ստացավ։ Ահա՝ տպագրված բանաստեղծությունն ամբողջությամբ.


ՀՐԱՎԵՐ

Գարուն է հիմա

Մեր լեռնաշխարհում,

Բացվել են գարնան

Լույս ծաղիկները,

Ու նոր բուրմունքով

Բուրում է սերը...

Գնանք, թափառենք

Դաշտ ու անտառում,

Հմայվենք գարնան

Լույս ծաղիկներով

Ու երգենք սիրով,

Երգենք սուրբ երգը՝

Սիրո,

Վեհության,

Հավատարմության։

Գնանք, սիրելիս,

Կանաչ դաշտերը,

Թափառենք այնտեղ

Անհուն հուզմունքով,

Թափառենք սիրով,

Ու գգվենք, փարվենք

Մենք ծաղիկներին...

Ես էլ ծաղիկ եմ,

Դու էլ ծաղիկ ես,

Գնանք, մեզանով

Փարթամացնենք

Մեր լեռնաշխարհի

Կանաչությունը...


Դա, իհարկե, ես այնքան էլ ցավագին չընդունեցի։ Կարևորն այն էր, որ իմ բանաստեղծություններին ճիշտ ախտորոշում էր տրվել արդեն և դրանք զետեղվեցին թերթի հերթական համարի՝ ստեղծագործող երիտասարդությանը տրամադրված էջում։

Երեք տարի հետո Գ.Գաբրիելյանի խորհրդով ու գործուն աջակցությամբ ես Ստեփանակերտ տեղափոխվեցի և աշխատանքի ընդունվեցի քաղաքային տպարանում։ Հետագայում մեր հարաբերություններն ավելի սերտացան, ապրեցինք աշխույժ ու լիարժեք գրական կյանքով...