Գրիչ կրծողներ և թատերականներ
ԳՐԻՉ ԿՐԾՈՂՆԵՐ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԵՐՆԵՐ
Ահա վերին աստիճանի հետաքրքրական տիպարներ։ Արժանի վիպասանի գրչին և նկարչի վրձինին։
Շատ ժամանակ չէ, երևան են եկել այդ տիպարները մեր կյանքում—այն օրվանից, երբ գրականությամբ պարապելը և թատրոնին ծառայելը մի բուռը հայ խենթերի շրջանում պատվավոր բաներ են համարվել։ Բայց արդեն ձուլվել են, կազմակերպվել և այժմ ներկայացնում են գրեթե գեղարվեստական ամբողջություն։
Գրիչ կրծողներ և թատերակերներ։ Ո՞վ չի ճանաչում այդ մարդկանց։ Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն Թիֆլիսում, որ նրանց սկզբնական օրրանն է, այլև շատ գավառական քաղաքներում։ Միայն Բաքվում նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակների։
Դա մի ամբողջ դասակարգ է իր բնորոշ գծերով, իր սեփական հարազատ գործերով։ Մի դասակարգ՝ բաղկացած երկու մասերից, որոնցից մեկը կպել է հայ գրականության նիհարիկ մարմնին, մյուսը՝ հայ թատրոնի չոր ոսկորներին։ Երկուսն էլ կրծում են ամենայն համառությամբ։
Գրականությունն ու թատրոնը ամեն վայրկյան թափահարում են իրենց տանջվող մարմինները, ճիգ են անում ազատվելու նրանցից։ Բայց հնար չկա, կրծողները շատ ամուր են կոխել իրանց ատամները հարստահարվող մարմնի մեջ. ազատվել նրանցից անկարելի է։
Ես բավական ուսումնասիրել եմ այդ դասակարգը: Ընդհանուր առմամբ դա համակրելի է։ Համակրելի իր ձգտումներով և միտումներով։ Եվ ինչ ավելի գովելի ձգտում կարող է լինել, քան կամենալ անձնատուր լինել մտավոր և ազնիվ մի աշխատանքի — օգնել հայ գրականությանը կամ երջանկացնել ապաբախտ հայ բեմը մի նոր ուժով։
Ահա ձեզ մի եռանդով լի բարեսիրտ երիտասարդ։ Նա նոր է ավարտել այս կամ այն միջնակարգ դպրոցը կամ չի ավարտել, այս կամ այն պատճառով թողել է կիսատ։ Նա միջոց չունի բարձրագույն դպրոց անցնելու և չի ուզում դառնալ գործակատար, հաշվապահ, խանութպան, դասատու, արհեստավոր: Նա արհամարհում է այս բոլոր արհեստները: Մինչդեռ ունի աշխատելու փափագ: Կյանքը թրթռում է նրա ամեն մի շարժման մեջ, նրա վառվռուն աչքերը պսպղում են աշխատելու բուռն փափագից: Սակայն արհեստավորի գործիքը կոպիտ է նրա նրբացած մատների համար, գործակատարի պաշտոնը վիրավորական, խանութը ձանձրալի։ Նրա պատանեկական կրծքի տակ բուն է դրել մի վարակիչ ախտ, բոլոր ախտերից զորավորր և սոսկալին — փառք վաստակելու ախտը։ Նրան գրավում է կամ գրականական զբաղումը կամ թատրոնի մթնոլորտը։
«Այս ինչը վայելում է հասարակության լուռ հարգանքը իբրև հեղինակ, այն ինչը ամեն օր արժանանում է ամբոխի ծափահարություններին իբրև դերասան, ինչո՞ւ ես էլ չփորձեմ իմ ուժերը», մտածում է սոսկալի ախտով վարակվածը: Եվ ահա տեսնում ես նրան կամ խմբագրատների շուրջը պտտելիս, կամ կուլիսների հետևում բեմի եզրերը հոտոտելիս։
Ես նրան հաճախ հանդիպում եմ Գալավինսկիյ պրոսպեկտի վրա։ Կռնատակին գրքեր, գրպանները լի լրագրերով, երեսը գրեթե անլվա, մազերը կեղտոտ, վերարկուի օձիքը վեր և գլխարկի եզրերը վար քաշած, եղունգները կեղտոտ, փողկապը յուղոտ, կոշիկների կրունկները ծռծռված։ Սկզբում նրա դեմքը պայծառ է, քայլվածքը համարձակ: Բայց այդ միայն առաջին շրջանն է փորձի։ Հետզհետե կյանքը բաց է անում նրա առջև իր դաժան դեմքը և պարզում է իր անողոք օրենքները։ Տեսնում ես մտախոհությունը դրոշմեց պայծառ ճակատի վրա և վառվռուն աչքերի տակ խորշեր, և տակավին պատանեկական դեմքը կամաց-կամաց մթագնեց:
Փորձն արդեն ցույց է տվել պատանուն իր դառնությունները։ Առաջ է եկել մտատանջություն և ապագայի մասին խորհելու ընդունակություն։ Գրականական ասպարեզը մեկի, բեմը մյուսի համար դարձել է խորթ մայր։ Բայց ինչ արած, ախտն արդեն շատ խոր է ամրացել նրա հոգու մեջ, շատ է թունավորել նրա արյունը։ Ազատվելու հնար կար, բայց անհրաժեշտ են կամքի ուժ և մտքի զորություն։ Եվ նա, որ ունի այս բնական գանձը, կարողանում է ազատվել մոլորությունից և գտնել կյանքի ընդարձակ ասպարեզում ավելի համապատասխան ուղի։ Նա դառնում է ուսուցիչ, գործակատար, արհեստավոր, մի խոսքով, հասարակության ոչ ավելորդ անդամ։
Թշվառ և ողբալի է նրանց վիճակը, որոնք չունեն իրանց ախտից բուժվելու զորություն։ Քսանուհինգ տարվա ընթացքում իմ աչքի առջև ասպարեզ են եկել և անբախտացել ու անբախտացրել իրանց մերձավորներին գուցե հարյուրավոր այդպիսի «անաջողակներ» թե՛ գրականության մեջ և թե՛ բեմի վրա։
Այժմ գրեթե օր չի անցնում, որ ինձ իբրև գրականության հետ առնչություն ունեցողի՝ չդիմի մեկը կամ մյուսն այդ վարակվածներից՝ մի ձեռագիր ձեռքին։
— Պարոն այսինչ, խնդրում եմ կարդաք այս իմ գրականական փորձը և ձեր կարծիքը հայտնեք։
Բախտիս նայեցեք, որ տարիների ընթացքում իմ դատաստանին ենթարկված ձեռագրների մեջ չեմ հանդիպել գեթ մեկին, որ իրավունք տար ինձ նրա հեղինակին անկեղծ խրախուսելու։
Ճշմարիտ է, հետո ինձ ներկայացված ձեռագրներից շատ շատերը ես տեսել եմ մեր ամսագրների կամ լրագրների մեջ տպագրված։ Բայց դրանով նրանց արժանավորությունը մազի չափ չի ավելացել իմ աչքում։ Ես մի ավելորդ անգամ համոզվել եմ, որ բաժանորդների քչությունն է մեր հանդեսներին ստիպում տեղ տալ իրանց էջերում ամեն մի անշնորհք գրվածքի լոկ այն պատճառով, որ դրվածքը չի վարձատրվում։
Պատահել է, որ հեղինակ լինելու տենչով այրվողին չեմ կարողացել կարծիքս անկեղծ հայտնել։ Ինչ մեղքս թաքցնեմ, քաջություն չեմ ունեցել նրան հիասթափեցնելու և կարծիքս ամփոփել եմ անորոշ դարձվածների մեջ. «Վատ չէ, կարող էիք գրել, աշխատեցեք զարգացրեք ձեր միտքը, ուսումնասիրեցեք կյանքը, սովորեցեք հայերենս և այլն։ Ուրիշ, ավելի խիստ կարծիք հայտնել—ես թուլամորթաբար չեմ կարողացել, չկամենալով զրկել մարդկանց այն հավատից, որ ունին դեպի իրանց չունեցած ձիրքը։
Ավելի թշվառ են իմ աչքերում բեմի սիրահարները։ Դրանք արդեն կործանվում են ավելի դյուրին և արագ։ Եվ դրանց թիվն ավելի է, որովհետև բեմի հրապույրն ավելի զորավոր է թեթևամիտների համար։ Քանի-քանի մարդիկ կան այսօր թե՛ Թիֆլիսում և թե՛ գավառներում, որոնք անխնա աղավաղում են իրանց կյանքը բեմի տախտակամածի վրա։ Մարդիկ, որոնք ուրիշ հանգամանքներում կարող էին օգտակար քաղաքացիներ լինել։ Բայց համարձակվեցեք նկատել նրանց, թե բեմի համար չեն ստեղծված, և դուք ուղղակի վիրավորական պատասխան կստանք։ Օ՜օ անհնարին է դիպչել այդ մոլորվածների հիվանդոտ ինքնասիրությանը։ Նրանք չգիտեն և չեն զգում, որ ուրիշների մեջ կարեկցության զգացում են շարժում, որ ուղղակի խղճալի են — իրանց մտավոր ապիկարությամբ։
Ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց։ Չեմ էլ կարող ասել, որ այդ մոլորվածները միայն մեր վայրիվերո կրթվող հասարակության ծնունդներ են։ Բոլոր երկրներում և բոլոր ազգերի մեջ կան նույն տիպարները։ Պետք է ցավել միայն, որ մեր սահմանափակ հասարակական կյանքն էլ է ասպարեզ դուրս ձգում այդպիսի տիպարներ։