Առաջին մաս՝ Ժ - Կույր վրիժառուն Գևորգ Մարզպետունի (Ա - Այրիվանքում)

Մուրացան

Բ - Նոր դիմումներ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ


Ա
ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ

Այս հրաշակերտ վկայարանը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնո ամրոցի հյուսիս-արևելյան կողմը։ Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուր ախորժալուր աղմուկով ահավոր ձորն ու շրջակաները լցնում։ Նախաջրհեղեղյան սասանությունները, երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով՝ կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բազալտյան սյունաձև բուրգեր, որոնք, միմյանց հաջորդելով կամ իրար վրա ամբառնալով՝ շրջապատում էին Այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի։ Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակներն ի մի ժողովելով՝ միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը՝ տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար։

Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով։ Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար։

Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը՝ Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները։ Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության ու ճգնության օթևան։

Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո։ Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ՝ յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար։

Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբանություն, որ բարեկարգել ու ծաղկեցրել էր Այրիվանքը։ Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը՝ Հովհաննես կաթողիկոսը, որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով՝ թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով ու հայրապետական գանձերով ապաստանել Այրիվանքի ամրություններին։

Երկու օր էր ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Տուսուփից հետո տեղակալ էր կարգված, և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին։ Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը։ Եվ ահա՛ նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից։

Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան՝ կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա՝ կաթողիկոսարանը գրավել։

Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է՝ անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում։

Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով՝ կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարառությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալներից ժառանգած թանկագին իրեր էին։

Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում։

Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին։

Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր Դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան՝ ասելով․

— ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին։ Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը։

— Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում․ ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։

— Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր․ այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին։

Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության։

Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել։ Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր։ Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց։ Բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը։ Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի։ Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը պահանջում էր այդ։ Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր։ Բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և, վերջ ի վերջո, այդ բարեկամության կորուստը խնայում։ Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ՝ որպեսզի յուր փառքը չաղարտե, նա արգելք չէր դնում հասնող չարիքներին։ Նա չուներ ո՛չ զորեղ կամք, ո՛չ հաստատ բնավորություն, և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ տկարը և թե՛ զորավորը, թե՛ խարդախ բանսարկուն և թե՛ իմաստուն խորհրդականը։ Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա արած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը։ Իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե ո՛րն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա։

Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ, նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու։ Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ։

Բայց ահա՝ հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ։

— Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում։ Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին՝ թվով քառասուն հոգի, — ասաց սարկավագը։

Կաթողիկոսը երկյուղից այլագունեց։ Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին․ ինչպե՛ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին։ Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու։

— Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, — հարցրեց կաթողիկոսը սարկավագին։

— Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ, — ասաց սարկավագը, — Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր՝ Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրան ժառանգությունից և խնդրում էր Նսըրին՝ օգնել, վերադարձնել իրան հայրենի ժառանգությունը։ Ոստիկանն ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին՝ գալ իրան այցելության։ Վերջինս կասկած չունենալով Նսըրից, ընծաներով գալիս է նրա մոտ։ Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնե նրանց ժառանգության գործը։ Իշխանները համաձայնվում են։ Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում ու բանտարկում է։

— Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան, — դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները։

— Այդպես է, վեհափառ տեր․ ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր։

— Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել․․․ Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից, սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար․․․ նույնիսկ թագավորի և ինձ համար․․․

— Իսկ քեզ համար, Վեհափառ տե՛ր․․․ — կցեց սարկավագը։

— Հա՛, ինձ համար ի՞նչ, — շտապով ընդհատեց կաթողիկոսը։

— Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում։

— Այսի՞նքն։

— Կամենում է կալանավորել։

— Ի՞նձ․․․

— Այո՛, Վեհափառ տեր։

— Ինչպե՞ս իմացար այդ, — հարցրեց կաթողիկոսը երկյուղագին։

— Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ․․․

— Իմ ետևից, այնպես չէ՞։

— Այո՛, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար։

— Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան, — կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։

— Աստծուն է միայն հայտնի, տե՛ր, — պատասխանեց սրբազանը։

— Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը։

— Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում։

— Այո՛, Վեհափառ տեր։

Կաթողիկոսի գույնը թռավ։

— Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, — ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին։

Վերջինս լուռ էր։

— Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, — հարցրեց կաթողիկոսը։

— Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինես, տեր։

— Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ։

— Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը․․․-ծանրությամբ հարեց սրբազանը։

Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց։

— Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, — խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո։

— Այո՛, Վեհափառ տեր, ասացի։

— Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե։

— Անշուշտ։

— Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին։

Եպիսկոպոսը չպատասխանեց։

Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք։

Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց։ Նա որոշեց հեռանալ Գառնի։ Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը՝ բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու։ Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց հետ, զորք կուղարկե անշուշտ իրան կալանավորելու համար։

Գևորգ սարկավագը փութաց Վեհափառի հրամանը կատարելու։

Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը։ Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ Դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է։ Այդ նշան էր, թե նա հույս չունի այլևս Հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան։

Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրանց ապահովության համար։ Նրանք գիտեին, որ հագարացիք Այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցցնեն միաբանությունը և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրանք էլ նրա հետ հեռանային։

Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար։

Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ։ Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ։

Ըստ սովորության՝ սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ։ Նա ընթեռնում էր առաքելոց գործերը։ Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետեյալը․

«Ես եմ հովիվն քաջ․ հովիվ քաջ զանձն յուր դնե ի վերա ոչխարաց։ Իսկ վարձկանն, որ ոչ հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն, իբրև տեսանե զգայլն զի գա՝ թողու զոչխարսն և փախչի․ և գայլն հափշտակե զնոսա և ցրվե։ Քանզի վարձկան է, և չէ փույթ նմա վասն ոչխարացն․․․»։

Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը դենջակը ձգելով՝ այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց․

— Օ՛ն և օ՛ն, թե վարձկան լինիմ ես, ո՛վ Այրիվանից հավք։ Գայլից փախչում էի, Այո՛, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար։ Որովհետև այդ զգուշությունը վարձկանի անուն պիտի վաստակե ինձ համար, ապա ուրեմն այս վայրկենից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության։ Ես այևս չեմ հեռանում այս ուխտից։

Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած։ Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ։

— Աստվածարյալ տեր,-բացանանչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան։ Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ։

— Չէ, սիրեցյալ եղբայր, — պատասխանեց կաթողիկոսը․ — այդ վարդապետն անպարկեշտ ոչինչ չասաց․ նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը․ նա հիշեցրեց ինձ իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին Անմահ և Քաջ հովվի պատվերը․․․։ Իսրայելի հանցավոր առաջնորդներին աստված կոչում էր ուղղության ճանապարհը մարգարեների բերանով։ Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ։ Չդատապարտենք այս մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ։

Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկենին ամբիոնի առաջ լուռ և անշարժ, նրա դեմքը խաղաղ էր և հայացքը հանգիստ։ Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած, բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից։ Նա գիտեր, թե ինչո՛ւ համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց։ Իսկ թե այնուհետև վա՞րձք թե պատ՛իժ կչափեին իրան, բնավ հոգը չէր։

Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերովն անգամ չհանգստացավ որովհետև վախենում էր, թե գուցե Վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը, նա հարցրեց վարդապետին բարձր՝

— Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ այդ ավետարանը։

— Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին, — պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով։

— Անշուշտ նա է պատվիրողը, — հարեց Դռան եպիսկոպոսը, — եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ։ Աստված կամենում է, որ վեհափառ հայրն ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության ու վշտերին։ Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին։

— Ես չեմ հակառակում, — ասաց կաթողիկոսը։ -Ես կամենում էի, Այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ալևորությունն արգելվեցավ։ Ուրեմն ես կմնամ։

Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց։ Եվ եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար։

Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարանը։ Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի՝ հայտնելու համար բերդապահին՝ չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան։

Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե։

Որոշվեցավ նախ բոլոր մեծագին իրեղենները, եկեղեցական սպասներն ու սրբությունները և մանավանդ Սուրբ Գրոց ու այլ մատենից ժողովածուները ծածկել հեռավոր և խավարչտին այրերի մեջ։ Երկրորդ՝ բոլոր միաբանության մասնակցությամբ կատարել թափոր և ապա մնացորդ օրը անցնել աղոթքով ու հսկումով, որպեսզի աստված խնայե անպաշտպան միաբանությանը և չմատնե նրան յուր թշնամու ձեռքը։

Եվ, արդարև, անապատականների այս ընկերությունը թաքչելուց ու աղոթելուց զատ չուներ պաշտպանության մի այլ զենք։ Թագավորն զբաղված էր ապստամբ իշխանների հետ կռվելով, իսկ զորք ունեցող իշխաններն ամրացած էին իրանց բերդերում։ Այդ պատճառով վանքերն ու միաբանությունները մնացել էին անպաշտպան։ Թշնամու երեսից փախչող խուժանը, որ չէր վայելում արքունական զորաց կամ որևէ իշխանի պաշտպանությունը, խուճապելով խռնվում էր դարձյալ այդ վանքերի մեջ և այդպիսով ավելի ևս ծանրացնում միաբանության դրությունը։ Որովհետև վերջինս ստիպված էր լինում ոչ միայն նրանց պաշտպանելու, այլև կերակրելու հոգն ստանձնել, որ շատ անգամ կապված էր լինում մեծամեծ դժվարությունների հետ։

Աշնանային գեղեցիկ առավոտ էր։ Վճիտ և անամպ երկնակամարի վրա սահում էր արևի հրափայլ գունդը, կարծես, ավելի լուսավոր և ավելի ճառագայթարձակ, քան ուրիշ օրեր։ Գեղա լեռան լանջերն ու բարձունքները, որոնց վրա թոշնել ու դեղնել էին արոտն ու թավուտը՝ վառվում էին արդեն երփներանգ գունով։ Այրիվանից ժայռերը, բուրգերն ու ամբարտակները, որոնք իրանց քարեղեն կրծքում սեղմում էին, կարծես, տխուր մենաստանը, ազատվում էին հետզհետե ժայռապատ լեռան ստվերներից, և առավոտյան անուշ հավերը, որոնք Գեղա լեռան լանջերը քերելով՝ մտնում էին Այրիվանից ձորը՝ Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արևի տապը, որ սկսում էր արդեն զգալի դառնալ այդտեղ։ Մենաստանի շուրջը բուսած ծառերի և կարկաչահոս գետի ափունքը հովանավորող թուփերի մեջ սկսել էին թռչուններն իրանց վաղորդյան ճռվողյունը, որ խառնվելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մի ախորժալուր աղմուկով։

Եվ ահա վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները անդաստանի քաղցրանվագ շարականը երգելով։ Նրանց հետևում էին ուրարակիրները, սարկավագները, աբեղաների խումբը, վարդապետները և վերջապես բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած Վեհափառ հայրապետին։ Նրա առջևից դեմ առ դեմ գնում էին երկու սարկավագներ, արծաթե բուրվառները ձեռքներին, որոնք և շարունակ խնկարկում էին կաթողիկոսին։ Սկսած աբեղաներից մինչև եպիսկոպոսները՝ ամենքն էլ ծածկած էին սև փիլոններ, որովհետև ոսկեթել շուրջառները և այլ թանկագին սպասները թաքցրել էին արդեն այրերի մեջ։ Միայն կաթողիկոսն էր կրում սպիտակ, ոսկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչություն էր տալիս նրա բարձր ու գեղապատշաճ հասակին և քաղցր ու բարի դեմքին, որ զարդարված էր սպիտակափառ և կուրծքը հովանավորող մորուսով։

Հասնելով վանքի պարսպապատի մեջտեղը, շրջան կազմեց միաբանությունը թափորն սկսելու համար։ Բայց հազիվ սկզբնական աղոթքները կարդացին և գրքերի ընթերցումն սկսան, ահա՛ երկնքի վրա կատարվելիք մի հրաշքի նշանները երևացին։ Լուսավոր երկնակամարը գորշ-կանաչագույն ստվեր առավ յուր վրա։ Նրա մեջ, զանազան կետերում, սկսան աստղեր նշմարվիլ։ Օդի մեջ հանկարծ ցրտություն տիրեց, և քամին ընդհատ կերպով սկսավ շառաչել։ Թռչունները, որոնք մինչև այն ուրախ ու զվարթ ճռվողում էին, ձայներնին քաշեցին և սկսան վախեցած այս ու այն կողմն ընկնել։ Թափոր կազմող միաբանությունը պաշարվեց բնազդական մի երկյուղով, և գիրք կարդացող վարդապետն զգաց, որ յուր աչքերի տեսությունը նվազում է։

Հանկարծ կաթողիկոսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, բացականչեց․

— Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին․․․

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով, և հրավառ սկավառակը խավարում է արդեն։

Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին։ Ամենքն մնացին սառած, և միայն երկյուղի ու զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից։

Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց․

— Վեհափառ տեր․ աստված ահա՛ բացահայտ կերպով ցույց է տալիս յուր կամքը Այրիվանից ուխտին, որ ցանկացավ պահել քեզ յուր մոտ և յուր գրկում պատսպարել հայ եկեղեցվո սրբազան հարստությունը։ Դու չընդդիմացար և ասացիր․ «Եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար»։ Եվ ահա՛ աստված լսեց քո խոսքը, նրա ամենակարող աջն սկսեց ստեղծել ցանկալի գիշերը, խավարելով տվնջյան պայծառ լուսատուն։ Նա ուրեմն կամենում է, որ դու հեռանաս այս ուխտից և քո անձն ու հայրապետական սրբությունները փրկես վերահաս վտանգից։ Հեռացի՛ր, Վեհափառ տեր, հեռացիր այստեղից, որովհետև այդ է աստուծո անքննելի կամքը։

— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը, — գոչեցին ամեն կողմից միաբանները։

— Հնազանդվում եմ աստուծո կամքին, — ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել։

Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին։

Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը։

Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը՝ թողություն խնդրելու։

— Ես հանցանք գործեցի քո դեմ, Վեհափառ տեր, — ասաց նա արտասվելով, — ինձ թվում էր, թե աստված է ներշնչել ինձ քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ։

Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից։

— Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի, — ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով, — աստված ինքն է ներշնչել քեզ այն՝ ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը։ Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին։

Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից, գլուխ խոնարհեց և հեռացավ։

Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի։

Հայրապետի հեռանալուց հետո միաբանության երկյուղն ավելի սաստկացավ։ Նրանք հավատում էին, որ աստված, երկնքի վրա ցույց տված այդ հրաշքով, հայտնել էր իրանց թշնամիների մոտալուտ հարձակումը։ Ուստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու հարձակման կամ նրանից չարչարանք կրելու չափ քաջություն չունեին, խույս տվին լեռները և կամ պատսպարվեցան հեռավոր այրերում։ Նրանց հետևեց և Այրիվանքին ապաստանած խուժանը։

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով՝ թողնել վանքը բարբարոսների ձեռքում։

Թեպետ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող և դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետև գիտեին, որ այդ խուժադուժները եթե ամայի և անմարդաբնակ գտնեին վանքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին նրան, որպեսզի փախչողների սիրտը կսկծացնելով՝ վրեժ լուծեին նրանցից, ուստի կարևոր համարեցին մնալ վանքում, գուցե թշնամու բռնություններն իրանց վրա դարձնելով ազատեին վանքը նրա բարբարոսություններից։

Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց հետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար։

Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը՝ թշնամիների հարձակման լուրը գուժելու։

— Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցցնելու համար,-ասաց նա վանահորը․ — կաթողիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար։

— Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի, — պատասխանեց վանահայրը, — կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար։ Գուժկանի հեռանալուց հետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար։

Նրանք դեռ ծնկաչոք աղոթում էին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց։

Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց․

— «Արիք, երթիցուք, զի հասեալ է ժամ․․․»։ — Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով։

Բոլորը հետևեցին նրան։ Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց․

— Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ․ այդ ուխտին դրժելու իրավունք չունինք․ գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի․ գնանք ուրախ և անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ։

— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը։ — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում։

Վաղ թե ուշ պիտի մեռնեինք․ հավիտենական չէր լինելու մեր կյանքը։ Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու։ Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկվելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները՝ շեն գտնելով այս կամարները՝ պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք «ընտրության անոթ» և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար՝ հավիտենական բարիքը անցավորից գերադասելով։

— Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկի․ գնա՛նք մեր պարտքը կատարելու, — բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան։

Հագարացիք հասել էին արդեն վանքի պարիսպներին և շրջապատել նրան։ Դռները փակ գտնելով՝ նրանք զայրացել, կատաղել էին։ Այդպիսի հանդգնություն չէին սպասում մի խումբ հոգևորականներից։ «Ուրեմն այդտեղ պաշտպանող զորքեր կան», մտածում էին նրանք և իրանց գոռում-գոչումով վանքի այրերը թնդացնում։ Նրանք հրամայում, հայհոյում, սպառնում էին։ Ահագին ժայռեր գալիս, զարկվում էին պարսպապատի դռանը՝ նրան ջախջախելու համար։ Քարագնացները վանքի ետևից բարձրացող ժայռերի վրա ելնելով՝ քարեր էին գլորում այդտեղից, իսկ նախահարձակները պարսպին սանդուղքներ հենելով՝ պատրաստվում էին ելնել նրանց վրա կամ իջնել վանքի բակը։

Վանականների խմբակը կանգնած էր այդտեղ անզեն, անպաշտպան, ինչպես անմեղ էրեների մի խումբ՝ արյունռուշտ որսորդներով ու բարակներով շրջապատված։ Հրոսակների վայրենի աղաղակները և երկաթապատ դռան բոմբյունը դող ու թունդ էին հանում նրանց սրտերը․ և որքան էլ նրանք պատրաստված՝ կամավոր հոգով իրենց անձը զոհելու, այսուամենայնիվ նրանք դողում, սարսափում էին․ մսից ու արյունից կազմված մարդը ընկճվում էր նրանց մեջ․ բնազդումը գործում էր ավելի, քան հոգեկան կորովը․ և նրանցից ամեն մինն աղոթում էր աստծուն՝ անցնել իրանից դառնության այդ բաժակը։ Միայն Մովսես վարդապետը կարծես խլացել, անզգայացել էր․ զորքի աղաղակը, դռան ճարճատյունը, լեռնալանջից գլորվող քարերը նրան ո՛չ շփոթում, ո՛չ սարսափեցնում էին․ նա անվրդով նայում էր այդ ամենին, կարծես սպանելով, որ հասնե շուտով կատարման ժամը։

— Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց, — դարձավ նա վանահորը․ — ավելի լավ է բանանք պարսպի դռները և ընդունենք նրանց, վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք։

— Ոչ, ոչ․ գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը․․․ — պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն։

Այդ ժամանակ պարսպի և աշտարակների վրա բարձրացան զորքերը և զարմանալով տեսան, որ բակի մեջ կանգնած էին միայն մի խումբ վանականներ։ Չկային այդտեղ դիմադրող զորքեր և ոչ էլ կռվի կամ պաշտպանության պատրաստություն։ Այդ անակնկալ հայտնությունն իջեցրեց նրանց կատաղության եռանդը։ Մի քանիսը միայն իրանց սվինները ձգեցին դեպի խմբակը, այն էլ կարծես ոչ թե հարվածելու, այլ վանականներին վախեցնելու համար։

Բայց երբ պարսպապատի դուռը, ժայռերի հարվածին չդիմանալով, ահագին ճարճատյունով գլորվեցավ ընկավ, և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը։

Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին։ Սրերն ու սվիններն սկսան շողալ։ Մի վայրկյան ևս ամենքը պիտի ջնջվեին։ Բայց խմբապետներից մինն առաջ անցնելով՝ զորավոր ձայնով գոռաց․

— Ոչ ոքին չսպանեք, այս է զորապետի հրամանը։

Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին։

— Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին, — գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին։

Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա և վերջ դրավ զորականի վայրենի եռանդին։

Դա մի հաղթանդամ և զորավոր մարդ էր, խոշոր և թուխ դեմքով, հրացայտ աչքերով, հարուստ, գորշախառն մորուքով, որ իջնում էր մինչև, գոտին․ գլխին փաթաթած էր սպիտակ ապարոշ, որի մեջ ծածանում էր մի ոսկե ցցունք։ Հագած էր թանկագին ասվի և նրա վրա պղնձե զրահ, կողքից կախած ոսկեզարդ, աղեղնաձև թուր, իսկ ձեռքին բռնած փոքրիկ, փայլուն վահանակ։

— Ո՞րն է ձեր մեծը, — հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց։

— Ես, խոնարհ ծառադ, — առաջ անցավ վանահայրը։

— Որտե՞ղ է ձեր կրոնապետը, — հարցրեց Բեշիրը։

— Նա գնաց Գառնի։

— Գառնի՞։

— Այո՛, տեր։

— Ինչպե՞ս համարձակվեցավ։ Միթե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու։

Վանահայրը չպատասխանեց, նա տատանում էր և չգիտեր ի՞նչ ասել։

— Ինչպե՞ս չէ, բերին, — հառաջ անցավ Մովսես վարդապետը։

— Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց։

— Նրան կարելի էր խնդրել, բայց երբեք՝ հրամայել։

— Դու համարձակվում ես այդ լեզվով խոսի՞լ ինձ հետ։

— Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու։

— Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն արմատից հանեմ։

— Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար։

— Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական։

— Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով, մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք։

— Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ, — գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով։

— Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի, — պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց, — որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը։

— Մենք գանձեր չունինք, — պատասխանեց վանահայրը։

— Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ։

— Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ։ Մենք գանձեր չունենք, որովհետև անապատականներ ենք․ իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ։ Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է։

— Դե՛հ ուրմեն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը, — հրամայեց զորապետը։

— Ես իրավունք չունիմ, — պատասխանեց վանահայրը։

— Ես հրամայում եմ քեզ։

— Ես պիտի անսաստեմ քո հրամանին։

— Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն, — հրամայեց զորապետը․ — իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարանները, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին։

Զորապետը դեռ չէր ավարտել յուր խոսքը, որ զորքերն իրար անցան։ Կարծես ոսկե բեռներ հափշտակելու հրաման տրվեցավ իրանց։ Բայց Բեշիրը թույլ չտվավ, որ ամեն ցանկացող ներս մտնե վանքը։ Նա գիտեր, որ զորականը խիղճ ու օրենք չունի, հետևապես գտած թանկագին իրերը պիտի ծածկեր և սեփականեր։ Ուստի ընտրեց մի քանի խումբ խուզարկուներ և նրանց ուղարկեց դեպի ծածկարանները։

Զորքերը խուժեցին վիմափոր տաճարը, փոքրիկ մատուռները, միաբանական խուցերը, ելան լեռան լանջերում փորված այրերը, միով բանիվ՝ թափանցեցին ամեն տեղ, ուր որ մի ծածկված հարկ կամ գաղտնի անկյուն գտան։ Նրանք տենդային եռանդով խուզարկում էին այդ տեղերը, քրքրում էին ծակամուտները, փորում էին գետինը, թափում էին փայտերի կույտը կամ ցրում աղյուսը, կարծելով, թե նրանց տակ թաղված պիտի գտնեն մեծամեծ գանձեր։ Բայց երբ մեծագին ոչինչ չգտան, դուրս բերին և ժողովեցին բակի մեջ եկեղեցու հասարակ շապիկներ, փիլոններ, զանազան հնոտիք և խուցերից հավաքած ցնցոտիներ ու կարպետներ։

Բեշիրն այդ տեսնելով սկսավ կատաղել։ Խուզարկուները մինչև, անգամ չէին գտել վանքի մեջ գործածվող պղնձեղենը, որ, յուր իմանալով, ահագին քանակության էր հասնում։ Հարուստ Այրիվանքում, ուր մի քանի հարյուր միաբաններ կային, ուր ինքը կաթողիկոսն էր ապրել, չգտան մինչև անգամ մի պղնձե գավաթ, մի սկուտեղ։ Բակի մեջ ընկած էին միայն մի քանի հատ փայտյա խաներ, ափսեներ և հողե ամաններ։

— Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկե՞լ եք, — զայրացած հարցրեց զորապետը՝ դիմելով վանահորը։

— Ծածկել ենք ա՛յն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում, — պատասխանեց ծերունին։

— Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ, — գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրավ վանահոր գլխին։

Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա դալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար։ Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին։

Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց․

— Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ չունիս, արժանի չես զորապետի անվան։ Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից։

Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին, և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին։

Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության։

— Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել, — սպառնաց Բեշիրը․ — հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվեք մահից։

— Մենք չենք մատնիլ ձեզ՝ ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները, արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ, — պատասխանեց մի ուրիշ վանական։

— Դո՛ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր, — դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին։

— Այո՛, տեր, մատնությունը գարշելի գործ է, և մեզանից ոչ ոք չի մատնիլ ձեզ ոչինչ։ Ծածկված մարդիկը մեր եղբայրներն են, ծածկված իրերը՝ մեր սրբությունները կամ ժողովրդի գույքը։ Մենք նրանց ձեզ հանձնելու իրավունք չունինք։ Մեր սեփականը, ահա՛, այս մարմինն է․ դուք կարող եք նրան անշնչացնել, բայց ընկճել մեր հոգին՝ երբեք։

Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը, — հրամայեց զորապետը և հեռացավ։

Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի, և ինքը պիտի հափշտակե նրանց։ Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը։

Բայց վերջինները համառում էին գլխավորապես այն պատճառով, որ այն ծածկարաններում, ուր վանքի և կաթողիկոսի գույքերն էր զետեղված, պատսպարված էին և շատերը իրանց կարգակիցներից։ Իրեղենների տեղը հայտնելով՝ պիտի մատնեին նրանք և թաքնված մարդկանց, որոնց և թշնամու սուրն անխնա պիտի ջնջեր։ Այս պատճառով ավելի լավ համարեցին միայն իրանք զոհվել, քան իրանց եղբայրներին էլ մասնակից անել մահվան։

Անխիղճ զորքերը քաշկռտեցին միաբաններին այս ու այն կողմը։ Նրանցից մինին ծառի վրա պրկելով սկսան հարվածել, մյուսին ձիու պոչից կապելով, քաշքշեցին գետնի վրա, երրորդին մերկացնելով՝ սկսան խարաններով այրել, չորրորդի մարմինը սվիններով ծակծկեցին, հինգերորդինը՝ աքցաններով պոկեցին, և այլն և այլն։ Բայց և այնպես արիասիրտ միաբաններից ոչ ոք հանձն չառավ զորապետի հրամանը կատարելու։

Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ․ տեսավ թե ինչպե՜ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին․ կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցնել բոլորին։

Զորապետի հրամանը մի ակնթարթում կատարվեցավ․ բոլորին էլ միանվագ գլխատեցին։ Կենդանի մնաց միայն Մովսես վարդապետը, որին Բեշիրը, ըստ յուր խոստման, հրամայեց ողջ պահել, որպեսզի նա յուր վերքերից տանջվի շարունակ։ Բացի այդ, զորապետը հրամայեց նրան շտապել Գառնի և, խարաններով ու աքցաններով կեղեքած յուր մարմինը կաթողիկոսին ցույց տալով հայտնել նրան, որ իրան էլ զորապետը այդ օրին պիտի հասցնե, եթե յուր կամքով չկամենա Դվին վերադառնալ և ոստիկանին հնազանդություն երդվել։

Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր։

Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան․ թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները, որոնք խիստ բազմաթիվ էին, և թե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը։

Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ։ Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ։ Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ։