Գ - Հաշտության պտուղները Գևորգ Մարզպետունի (Դ -)

Մուրացան

Ե - Հին վշտերի վախճանը
Դ

925 թվականը վերջացավ և սակայն Հայոց երկիրը, շնորհիվ տեղի ունեցած հաշտությանց, վայելում էր դեռ կատարյալ անդորրություն։

Այս պատճառով դաշնակից իշխանները իրանց զորքերով հեռացել էին Երազգավորսից, Մարզպետունի իշխանը միայն չէր կարողանում վերադառնալ յուր ամրոցը՝ Գառնի, ուր վաղուց արդեն գտնվում էր Գոռը՝ նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ։

Արքայի հարցին՝ թե «ինչո՞ւ իշխանը չէ կամենում հանգստանալ», վերջինս պատասխանեց․

— Իմ հանգստության ժամը չէ հասել տակավին։

— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց թագավորը։

— Ես դեռ պարտք ունիմ կատարելու, — ավելացրեց իշխանը։

— Դու քո պարտքերը հատուցել ես արդեն, — նկատեց թագավորը․ — ահա՛ լրանում է երկրորդ տարին, ինչ դու շարունակ հոգսերի մեջ ես։ Դու ազատեցիր ինձ ապստամբների հետապնդությունից, դու չարչարվեցար իշխանների միության համար, բանակ կազմեցիր՝ գրեթե չեղած տեղից, հաղթանակ տարար թշնամիների վրա․ հագարացոց հրոսախմբերը ցրվեցիր, վերջապես Աբասին ինձ հետ հաշտեցրիր և Դվնո ոստիկանին ահաբեկելով, ստիպեցիր նրան բարեկամություն խնդրել մեզանից, ուրիշ էլ ի՞նչ պարտք է մնում քեզ կատարելու։

— Ամենից գլխավորը, տե՛ր։

— Այսինքն։

— Երդմանս պարտքը։

— Ի՞նչ երդման, — հարցրեց թագավորը զարմանալով։

— Այն, որ երդվեցի Գառնիում, ս․ Մաշտոցի գերեզմանի վրա, իմ ուխտի զինվորներին և Գառնո ժողովրդյան առաջ։

— Այսինքն։

— Չվերադառնալ ընտանյացս գիրկը, չմտնել իմ հարկի տակ, մինչև, որ վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։

Թագավորը նոր հիշեց այդ պատմությունը, որ արել էր նրան իշխանը Սևանում և տարակուսելով հարցրեց․

— Ինչո՞ւ, ուրեմն, թույլ տվիր ինձ հաշտվել ոստիկանի հետ, քանի որ այդպիսի ուխտ ունեիր արած։

— Մտածեցի, թե ավելի լավ է տարագիր մնամ իմ տանից, քան թե մեր բանակը վտանգի ենթարկեմ։

— Դու առաջ արդեն մտադիր էիր Դվնո վրա հարձակվելու, — նկատեց թագավորը․ — մի՞թե այն ժամանակ զերծ պիտի մնար զորքը վտանգից։

— Այն ժամանակ հույս ունեի իմ հավատարիմների վրա, որոնք կաթողիկոսի հետ միասին Դվին պիտի մտնեին։ Բայց հետո այդ հույսը ոչնչացավ, որովհետև «բռնավորը» մեր գաղտնիքը մատնեց։

Թագավորը լռեց և ընկավ մտածության մեջ։ Նա ճանաչում էր իշխանին, գիտեր, որ որչափ քաջ և աննկուն էր նա թշնամիների առաջ, նույնչափ և փափկասիրտ ու խանդակաթ էր դեպի յուր ընտանիքը։ Այդ պատճառով վշտացավ, որ իշխանը հեռու է գտնվում Գառնիից յուր երդման պատճառով և այդ՝ այնպիսի մի ժամանակ, երբ նրա միամոր որդի Գոռը նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ վայելում է այնտեղ ընտանեկան կյանքի քաղցրությունները։ Նա գիտեր, զգում էր, թե որչա՛փ սրտագին կփափագեր իշխանը մասնակցել յուր որդվո ուրախության՝ սեփական հարկի տակ։ Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող տենչանոք սպասում է այն օրին, երբ պիտի տեսնե որդուն արժանավոր ամուսնությամբ բախտավոր․․․ Եվ ահա՛ իշխանի համար հասել էր ցանկալի օրը, բայց բախտի անողոք որոշմամբ նա չէր կարողնում այժմ վերադառնալ յուր տունը, տեսնել որդուն երջանիկ և նրա երջանկությունը կրկնապատկել յուր հայրական գգվանքներով։

Այս մտքերը հուզեցին թագավորին։ Նա պատրաստ էր ամեն անձնվիրության, միայն թե ազատեր սիրելի իշխանին երդման կապանքներից։ Այդպիսով, գոնե, կփոխարիներ մի փոքր նրա երախտիքը։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Միակ հնարը ոստիկանի հետ դրած ուխտին դրժելն էր, որ, սակայն, իբրև քրիստոնյա թագավոր նա չէր կարող անել։

Բայց նա սիրով ընդունեց իշխանի մի առաջարկությունը, որի նպատակն էր օրինական ճանապարհով ստիպել ոստիկանին՝ կատարել իրենց մի պահանջը և կամ պատերազմել իրանց հետ։

— Նսըրի բարեկամությունը մերժելու մենք առիթ չունինք, բայց մեր հափշտակած գույքը ետ պահանջելու իրավունք միշտ ունինք, — ասաց իշխանը թագավորին։ — Կաթողիկոսարանի գրավումը ոչ միայն հափշտակություն, այլև սրբապղծություն է, որի նմանը չեն կատարել ո՛չ պարսից մարզպանները և ո՛չ Նսըրից առաջ եղող ոստիկանները։ Եթե այդ անարգանաց վրեժը մենք չլուծեցինք, գոնե պիտի պահանջենք, որ եկեղեցուց հափշտակածը վերադարձնեն եկեղեցուն։ Այս պատճառով ահա՛ ես կամենում եմ գնալ Վասպուրական և համոզել կաթողիկոսին, որ նա նորեն վերադառնա այստեղ և իբրև եկեղեցվո գլուխ՝ պահանջե եկեղեցվո սեփականությունը։ Վեհափառն այժմ չի վախենալ նրանից, որովհետև մենք արդեն հաջողության մեջ ենք։ Եթե ոստիկանը նրա պահանջը կատարե, վերջինս կրկին կմտնե յուր աթոռանիստը, իսկ եթե ոչ, այն ժամանակ մենք սրով ձեռք կբերենք այն՝ ինչ որ մեզ է պատկանում։ Որովհետև ոչ մի պատվասեր ազգ բարեկամության դաշն չի կռիլ մի դրացու հետ, որ բռնաբարում է յուր սրբազան իրավունքները։

Թագավորն իրավացի գտավ իշխանի խոսքերը և հաճություն հայտնեց նրա մտադրության։ Եվ որովհետև վերջինս միտք ուներ նաև դաշնակցել Գագիկ Արծրունու հետ, որպեսզի պատերազմի դեպքում նա ևս միանա Արարատյան իշխանապետության, ուստի հետկար խնդրեց թագավորից, որպեսզի իբրև լիազոր ներկայանա Գագիկին։ Թագավորը տվավ նրան ինքնագիր նամակ։

Մի քանի օրից հետ Մարզպետունի իշխանը յուր թիկնապահներով ելավ Շիրակից և ուղղվեցավ դեպի Վասպուրական։

Բայց դեռ չէր հասել Արծրունյաց ոստանին, երբ լուր հասավ նրան, թե Հովհաննես կաթողիկոսը վախճանվել է Զորո-վանքում։

Իշխանը սաստիկ վշտացավ այդ գույժն առնելով, որովհետև կաթողիկոսի մահվամբ մի քանի չարիքներ միասին էին առաջանում։ Առաջին՝ խանգարվում էր յուր մտադրությունը, որ էր Դվնո առումը և հագարացոց հալածումը։ Երկրորդ՝ կաթողիկոսարանն ու եկեղեցական կալվածները մնում էին Նսըրի իշխանության ներքո, որով բազմաթիվ վանքեր ու միաբանություններ ենթարկվում էին կարոտության։ Երրորդ՝ ինքը իշխանը զրկվում էր երդումից ազատվելու և յուր ընտանյաց գիրկը վերադառնալու հնարավորությունից, և չորրորդ՝ կաթողիկոսական գահը մնում էր Վասպուրականում և այդ առթիվ պիտի հառաջանային զանազան գժտություններ ու պառակտումներ և շարունակվեին, ո՛վ գիտե, քանի՛-քանի՛ տարիներ և ստեղծեին անշուշտ հակաթոռ կաթողիկոսություններ, որով և կազմալուծեին եկեղեցական իշխանապետությունը, որ առանց այն էլ հեռի էր նախանձելի վիճակ ունենալուց։

Այսուամենայնիվ իշխանն շտապեց Զորո-վանքը՝ ներկա լինելու կաթողիկոսի թաղման։

Վասպուրականի բազմաթիվ ժողովրդյան հետ միասին խռնված էին այստեղ նաև նրա վանքերի հոգևոր հայրերը և գլխավոր եպիսկոպոսները։ Այդտեղ էր նաև Գագիկ թագավորը յուր մեծամեծ իշխաններով և պալատական տիկնանցով։ Մարզպետունի իշխանը ներկայացավ Զորո-վանքում իբրև Արարատյան իշխանապետության ներկայացուցիչ, և Գագիկ թագավորն ընդունեց նրան արժանավայել մեծարանքով։

Երբ կաթողիկոսի մարմինն ամփոփեցին վանքի դամբարանում, Գագիկ թագավորը հրավիրեց Մարզպետունուն յուր արքայական ոստանը՝ Վան։

Այստեղ իշխանը մնաց մի քանի ժամանակ և ապրելով թագավորի արքունիքում՝ յուր իմաստության և ազնվական հատկությանց շնորհիվ սիրելի դարձավ ոչ միայն թագավորին, այլև նրա բոլոր իշխաններին ու պալատական տիկնանց։ Այս առավելության արդյունքը եղավ այն, որ Գագիկ թագավորն ընդունեց Աշոտ արքայի ինքնագիր նամակով առաջարկած բարեկամությունը և միության ուխտ հաստատեց նրա հետ, գրելով այդ առթիվ դաշնագիր և վավերացնելով այն յուր ստորագրությամբ ու կնիքով։

Այդ միջոցներում ահա՛ հոգևոր միաբանությունների մեջ սկսավ արծարծվիլ նոր կաթողիկոս ընտրելու խնդիրը և մի քանի նշանավոր վարդապետանոցներ Մարզպետունու գուշակած երկպառակության դրոշը պարզեցին։

Հայաստանի հյուսիսային նահանգներում հոգևորականությունը ցանկանում էր, որ կաթողիկոսն ընտրվի իրանց եպիսկոպոսներից և բազմե անպատճառ Ոստանում, իբրև կաթողիկոսի մշտական վեհավայրում, մինչդեռ հարավային նահանգներում ցանկանում էին, որ նա լինի Վասպուրականի վանականներից և բազմե Զորո-վանքում, ըստ որում կաթողիկոսը վախճանվել էր այդտեղ։

Հոգևոր միաբանությանց արծարծած խնդիրը գրավեց նաև կուսակից իշխաններին և երկպառակությունը հետզհետե ընդհանրացավ։ Փոքր իշխաններին միացան մեծերը, իսկ այս վերջիններին՝ նախարարական տները։

Մարզպետունի իշխանը յուր փորձառու իմաստությամբ զգաց, որ այդ շփոթը կարող է վնասել յուր նոր ստեղծած միությանը և, հետևապես, արգելք լինել ապագա ձեռնարկությանց, որովհետև տեսնում էր, թե հյուսիսային նահանգների դեմ բողոքող ձայներին միանում էր նաև Գագիկ արքայի Տունը։ Նա իսկույն մի նամակով դիմեց Աշոտ թագավորին և ծանուցանելով նրան գալիք վտանգները, խնդրեց այս հարցի մեջ համակերպիլ վասպուրականցիներին, որպեսզի դրանով Գագիկի ինքնասիրությունը շոյվի։

Այսպիսով Արծրունյաց Տունը ավելի սերտ կկապվեր Բագրատունյաց հետ, իսկ այդ բարեկամությունն օգուտներ կբերեր ապագայում թե՛ գահին և թե՛ հայ»րենիքին։

Այսպիսի մի նամակ էլ նա գրեց արքաեղբորը, խնդրելով նրան՝ հորդորել թագավորին յուր խնդիրը չանտեսել։

Եվ ահա անմիջապես նա ստացավ պատասխան, որով թագավորն ու արքաեղբայրը իրավունք էին տալիս նրան տնօրինել այդ խնդիրը ըստ յուր ցանկության։

Իշխանն այդ ժամանակ ներկայացավ Գագիկ թագավորին և հարցրեց նրան, թե ո՞ւմ կկամենար ընտրել կաթողիկոս և ո՞ւր կցանկանար բազմած տեսնել նրան։

Գագիկ թագավորը պատասխանեց, թե յուր ընտրելին Վասպուրականի մեջ հայտնի Ստեփաննոս եպիսկոպոսն է․ իսկ կաթողիկոսարանը նա ցանկանում է տեսնել Աղթամարա կղզում, ուր ինքը կառուցել է հոյակապ եկեղեցի և հզոր դղյակ և ուր որ շուտով արքունիքը պիտի տեղափոխե։

Իշխանը հայտնեց, թե Աշոտ թագավորը և Աբաս գահաժառանգը հրամայել են իրան, իբր Արարատյան իշխանապետության լիազորին՝ հարգել այդ խնդրում Գագիկ թագավորի կամքը։ Հետևապես թող հաճի արքան ընտրել հայրապետական գահի ժառանգ նրան, որին ինքը կցանկանա և այդ ընտրության համար կտան իրանց հաճությունը հյուսիսային նահանգների նախաթոռ վարդապետարանները։

Գագիկ արքային մեծ հաճույք պատճառեց այդ լուրը։

— Աշոտ թագավորը և Աբաս թագաժառանգը երախտապարտ կացուցին ինձ այդ գեղեցիկ շնորհով, — բացականչեց նա ուրախությամբ․— այսուհետև Արծրունյաց տունը թող անբաժան զինակից լինի Բագրատունի թագավորաց և նրանց թշնամիները՝ թշնամի հռչակվին նաև մեր գահին։

Մի քանի ժամանակից հետ՝ Արծրունյաց Ոստանում խմբված համագումար ժողովում կաթողիկոս ընտրվեցավ Ստեփաննոս եպիսկոպոսը և այդ ընտրության, ինչպես խոստացել էր Մարզպետունին, իրանց հաճությունը տվին Աշոտ թագավորը և հյուսիսային նահանգների վարդապետանոցները։

Գագիկ թագավորը մեծ փառքով տարավ նորընտիր կաթողիկոսին Աղթամարա կղզին և օծել տալով նրան յուր նորակառույց ս․ Խաչի տաճարում, բազմեցրեց այդտեղ իբրև հայոց ընդհանրական կաթողիկոս։ Իսկ յուր շնորհակալիքը Աշոտ արքային հայտնելու համար ուղարկեց նրան թանկագին ընծաներ և նույնպիսի նվերներով էլ պատվեց Մարզպետունի իշխանին։

Բայց վերջինս ուրախ էր ոչ թե այդ սին ընծաներով, այլ այն բարեկամությամբ, որ ձեռք բերավ Վասպուրականում և որ ապագա հաջողությանց համար պիտի ծառայեր իբրև հիմնաքար։

Ինչ վերաբերում է կաթողիկոսական խնդրին, իշխանը նրան այն նշանակությունը չէր տալիս, ինչ որ տալիս էր Գագիկ Արծրունին։ Վերջինս կաթողիկոսական աթոռը Աղթամարում ունենալը մեծ փառք էր համարում յուր համար, և մինչև անգամ մի առավելություն Արարատյան իշխանապետության նկատմամբ, մինչդեռ Մարզպետունին ավելի գին էր տալիս Արծրունյաց Տան նիզակակցության, հաստատ հավատացած լինելով, որ Վասպուրական իշխանների մի քանի գումարտակները ավելի շահ կարող են բերել գահին, քան թե Ոստանում նստող կաթողիկոսը, մանավանդ որ յուր ժամանակի ընտրելիների մեջ չէր նշմարում նա մինը, որ ժառանգ համարվեր Գևորգ կամ Մաշտոց արժանավոր հայրապետներին, այլ ամենքն էլ Հովհաննես կաթողիկոսի թուլության հաջորդներն էին։

Այդ հայացքն ունեին այս խնդրի վրա նաև Աշոտ թագավորն ու արքաեղբայրը։ Այդ պատճառով և լիաբերան շնորհակալություն մատուցին Մարզպետունուն, որ նա իմաստնաբար խորհելով՝ փոքրը զոհել էր՝ մեծագույնը ձեռք բերելու համար։

Մարզպետունի իշխանը վերադարձավ Երազգավորս՝ գոհ յուր առաքելությամբ։ Նա թեպետ անկարող եղավ վերադարձնել Հովհաննես կաթողիկոսին, բայց դրա փոխարեն բերավ յուր հետ Գագիկ թագավորի բարեկամության դաշնագիրը, որ առավել մեծագնի էր, քան հայրապետի վերադարձը։

Իշխանը հանգիստ առավ արքունիքում և սկսավ խորհել նոր ծրագրերի մասին, ըստ որում հանգամանքները փոխվել էին արդեն, և նա պարտավոր էր հարմարվել նրանց։ Սկզբում նա մտածում էր տիրել մայրաքաղաքին գաղտնի ճանապարհով կամ ներքին դավադրությամբ, որպեսզի յուր զորքերը կորուստ չունենային։ Բայց այժմ, երբ Գագիկը միաբանել էր արքայի հետ, էլ երկյուղ կրելու տեղիք չէր մնում։ Հայերը կարող էին գրավել Դվինը նույնիսկ հարձակումով, եթե խաղաղ պաշարումը երկարաձգվեր։ Եվ ահա իշխանը մտածում էր օգտվել ձմեռային ամիսներից և հարկ եղած պատրաստությունները տեսնել, որպեսզի գարունը բացվելուն պես առաջ վարեր զորքը։

Բայց անողոք բախտը խանգարում էր նրան։ Հազիվ նա մի քանի գործեր կարգադրեց և հավատարիմներին հրահանգներ տվավ, ահա՛ գույժ հասավ Ուտիքից թե Ցլիկ-Ամրամը Գուգարաց և Տաշրաց իշխանների հետ միանալով՝ հյուսիսային այդ երեք նահանգները հանձնում է ափխազաց Բեր թագավորին։

(Այդ ժամանակ արդեն վախճանվել էր վերջինի հայր Գուրգենը, որ միևնույն ժամանակ Աբաս արքաեղբոր աներն էր և որի տեղ Ափխազիայում իշխում էր Բերը)։

Այս լուրն ընդհանրապես ծանր տպավորություն արավ արքունիքում, բայց ամենից ավելի վշտացրեց արքային և իշխան Մարզպետունուն։

Երբ վերջինս մտավ թագավորի մոտ՝ Ամրամի այս նոր դավաճանության պատճառի մասին նրա կարծիքն իմանալու, արքային գտավ տխուր և տկար։ Այսուամենայնիվ նա սիրով ընդունեց նրան և հետն սկսավ մտերմաբար խոսակցել։

— Այդ դավաճանությունը նոր չէ․ դա հնի շարունակությունն է, — ասաց թագավորը։ — Այդ սեպուհը, ինչպես մի անգամ էլ ասացի քեզ, ոչ թե ազգի, այլ ի՛մ թշնամին է։ Հետևապես նրա այս չարությունն էլ ուղղված է իմ անձի դեմ։ Նա լուռ էր մինչև այսօր, որովհետև ես փախուստ էի տվել յուր երեսից և ապրում էի Սևանում անփառունակ վիճակի մեջ։ Իմ այդ դժբախտությունը գոհություն էր պատճառում նրան, և վրեժխնդրության կրակը հանգել էր նրա սրտում։ Բայց այժմ, որովհետև դարձա իմ աթոռը, և քո շնորհիվ մեր գործերը մի քիչ հաջողեցան, ուստի հին ոխն ու վրեժը նորեն նրան գրգռեցին, և նա այդ ազգադավ չարությունը հղացավ։ Այդ մարդը կարծում է, թե Աշոտ թագավորը բախտավոր է արդեն, թե ինձ համար երջանկության նոր արև է ծագել և այդ պատճառով մեր նահանգները հանձնում է Բերին, մեր հինավուրց թշնամուն, որպեսզի իմ սիրտը նոր վշտերով դառնացնե․․․ Բայց եթե գիտենար, որ այս սիրտը վիրապատ ու մահամերձ է արդեն, գուցե, իբրև մարդ, խղճահարվեր․․․ դադարեր չարիքներ գործելուց․․․

— Ես կամենում եմ թողնել այս տեղի գործը կամ հանձնել այն մեծ իշխան Աբասին և դիմել Ուտիք, գուցե կարողանամ վտանգի առաջն առնել, քանի ափխազաց թագավորը չէ եկել յուր կապուտը գրավելու, — ասաց Գևորգ իշխանը։

— Գնալ Ուտի՞ք․․․ Այո՛, այդ կարևոր էր․․․ բայց դու շատ հոգնեցար․ Հայոց աշխարհը ուրիշ Մարզպետունի չունի, դու պետք է խնայես քեզ։

— Մարզպետունիները աննշան մարդիկ կլինեին, եթե անգործ նստեին։ Հրամայիր ինձ, արքա, վաղն ևեթ ճանապարհվել, գուցե կարողանամ դեռ պիտանի լինել գործին, — հարեց իշխանը։

Թագավորը մի քանի վայրկյան մտածեց և ապա նայեց Մարզպետունու աչքերին։ Նա, կարծես, կամենում էր մի նոր բան ասել, բայց քաշվում էր։

— Մի՞թե որևէ միտք արգելում է քեզ՝ տալ ինձ այդ հրամանը, — հարցրեց իշխանը թագավորին։

— Ո՛չ․ դու կարող ես գնալ, և գուցե այս անգամ ազդես նրա վրա․․․ բայց որտե՞ղ հույս ունիս պատահել Ամրամին։

— Ամբողջ Ուտիքը կարող եմ շրջել։

— Ո՛չ, ավելի լավ է գնալ ուղղակի Տավուշ․․․ գուցե նա դեռ այնտեղ լինի։

— Տավո՞ւշ․․․ շատ բարի, ես ամենից առաջ կմտնեմ Գուգարք։

— Ուրեմն կարող ես մի քանի օրից ճանապարհվել։

— Կճանապարհվեմ նույնիսկ վաղը, այստեղ ինձ ոչինչ չի ուշացնում։

— Վա՞ղը․․․ այդպես շո՞ւտ։

— Այո՛․ որքան շուտ, այնքան լավ։

Թագավորի սիրտը, կարծես, տեղահան եղավ, մի ուրախ անհանգստություն, որից սակայն անբաժան էր վշտերի զգացումը, նրա սիրտը պաշարեց։ Եվ նա մոռացավ իսկույն հյուսիսային նահանգները, մոռացավ Բերին, Ցլիկ Ամրամին․․․ Նրա միտքը սլացավ դեպի Տավուշ, թափանցեց նրա դղյակի ներքին խորշերը և այդտեղ որոնում էր թշվառ բանտարկյալին, այն գեղանի իշխանուհուն, որի հրավառ աչքերը դժբախտ սեր վառեցին յուր սրտում և որ պատճառ դարձավ մի շարք չարիքների․․․ Որքա՛ն ժամանակ էր, որ նա չէր տեսել նրան, որքա՛ն ժամանակ էր, որ լուր չուներ նրանից։ Արդյոք մեռա՞վ, թե՞ ապրում է դեռ․ սիրո՞ւմ է իրան, թե՞ անիծում․․․ ոչինչ չգիտեր։

Մի անգամ միայն, երբ եգերացոց զորքով մտավ նա Գուգարք, լսեց որ Ամրամը փակել է յուր կնոջը դղյակի զնդանում և պահում է նրան ինչպես մահապարտի․․․ Այնուհետև այլևս ուրիշ լուր չառավ։ Իսկ այժմ, ահա՛, երբ Գևորգ իշխանը գնում է Տավուշ, հարկավ մի տեղեկություն կբերե Ասպրամ տիկնոջից․․․ Եվ ինչպե՜ս կցանկանար պատվեր տալ նրան այդ մասին․․․ հրամայել․․․ ո՛չ, խնդրել, աղաչել, որ նա մտնե այն խուցը, այն խավարչտին բանտը, ուր փակված է թշվառ սիրո զոհը․ խոսե նրա հետ, հայտնե, որ հայոց թագավոր Աշոտ Երկաթը դեռ հիշում, դեռ սիրում է նրան․․․ որ նա չարաչար տանջվում է տիկնոջ տխուր վիճակը հիշելով․ նրա դալկահար դեմքը, նրա լացող աչքերը երևակայելով․․․

Բայց մի՞թե կարելի էր այդպես պատվեր տալ Մարզպետունուն․ այն առաքինի հերոսին, որ աշխարհի մեջ միայն երւկու սրբություն էր ճանաչում — հայրենիք և ընտանիք, և որ միայն այդ սրբարանների առաջ էր խոնարհվում։

Այդ իհարկե գիտեր թագավորը, ուստի և նրան ոչինչ չպատվիրեց։ Նա գոհ եղավ միայն այն մտածությամբ, թե իշխանը տիկնոջ մասին կլսե անշուշտ Տավուշում մի նորություն և կբերե այն իրան։

Հետևյալ օրը, ինչպես որ որոշված էր, իշխանը յուր թիկնապահներով ելավ Երազգավորսից և ուղղվեց դեպի Գուգարք։