Է
ԴՎՆՈ ԱՌՈՒՄԸ

Գագիկ Արծրունին մի քանի շաբաթ շարունակ հյուր պահեց յուր մոտ Աբաս թագավորին և ի պատիվ նրա, նաև հրավիրյալ իշխաններին։ Այդ բոլոր ժամանակ նա նրանց զբաղեցնում էր հաճոյական զբոսանքներով։ Մի օր շրջեցնում էր յուր անառիկ բերդում և ցույց տալիս նրանց նրա հրաշալիքները, բնության ու մարդկանց և մանավանդ, յուր ձեռքով կերտված ամրությունները, ահավոր մարտկոցները, վիմափոր անձավները՝ իրանց գաղտնի ճանապարհներով, քարակոփ մատուռները և ջրալից ավազանները։ Ցույց էր տալիս այդ լեռնակարկառ բարձրության առաջ բացվող գեղազվարճ տեսարանները, որոնց վրա նայում էին նրանք՝ բազմելով քարաբլրի ծովահայաց կողերում ամֆիթեատրաձև փորված նստարանների վրա։ Այդտեղից երևում էր քաղաքը յուր բազմազան շինություններով, ծովակը՝ յուր գեղածուփ ալիքներով և ապառաժուտ կղզիներով․ երևում էին ծովափնյա այգիներ ու դարաստաններ, կանաչազարդ դաշտեր ու բլուրներ և կապուտակ լեռների ձյունագագաթ գոտիներ, որոնք Բզնունյաց ծովակը պատում էին չորս կողմից՝ Սիփանը հյուսիսից, Արտոսը հարավից, Վարագը արևելքից և Գրգուռն ու Ընձաքիսարը արևմուտքից։

Մի ուրիշ օր նա զբոսեցնում էր նրանց Վանա գեղազվարճ այգեստաններում, որոնք քաղաքի արևելյան կողմից սկսած տարածվում էին դեպի ծովակի հարավակողմը մի քանի ժամվա ճանապարհ, ամփոփելով իրանց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր և իշխանական ամառանոցներ։ Ամեն մի ուշադրության արժանի վայրում, կարկաչահոս աղբյուրների մոտ և հովանավոր ծառերի տակ՝ նա պատրաստում էր հյուրերի համար զվարճալի խրախություններ, համեմված ճոխ հացկերույթներով և գուսանական երգերով ու կայթերով, որոնցով մանավանդ հարուստ էր յուր արքունիքը։

Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց։

Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց Վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրանց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յուր երկրի մտավոր ու կրոնական զարգացման հառաջադիմությունը։

Վերջապես նա յուր արքայական նավակներով զբոսեցնում էր հյուրերին նաև Վանա ծովի վրա՝ այցելելով նրանց հետ միասին ծովափնյա ամրաստանները և ծովի մեջ գտնվող Լիմ, Կտուց, Առտեր և մանավանդ գեղադիր ու քարեշեն Աղթամար կղզիները։ Վերջինի մեջ այդ ժամանակ նստում էր հայոց ընդհանրական կաթողիկոսը։ Այդտեղ Գագիկ թագավորը կառուցել էր հրաշակերտ եկեղեցի, հոյակապ արքունիք, անառիկ բերդ ու դղյակ, ուր և անցնում էր ամառային ամիսները։ Այդ բոլորը նա ցույց էր տալիս յուր բարձրաստիճան հյուրերին, բացատրում էր նրանց յուր ճարտարապետական գաղտնիքները և հրճվում էր նրանց գովությունները լսելով։

Բայց այս բոլոր զբոսանքների ժամանակ Աբաս արքայի ուշադրությունը գրավում էին միայն Գագիկ Արծրունու ռազմական ամրությունները։ Նա գտնում էր, որ դրանց շնորհիվ է նրա երկիրն ազատ մնացել թշնամու ավերումներից, չնայելով որ այդտեղ բազմիցս արշավել էին թե՛ Յուսուփ ոստիկանը և թե՛ նրա տեղապահները։ Թեպետ Վասպուրականը բնությունից արդեն օժտված էր գեղեցիկ ամրություններով, այնպես որ, ոչ միայն Գագիկ Արծրունու նման բազմափորձ զինվորականը, այլևս նրանից ավելի տկար մի իշխանապետ կարող էր այդ ամրությանց ապավինելով՝ ապահովել երկիրը թշնամու հարձակումներից, բայց և այնպես, Գագիկ Արծրունին բնության տվածների վրա ավելացրել էր նաև յուր ստեղծագործությունները։ Վասպուրականի ամեն մի կիրճը, քարաբլուրն ու լեռնալանջը, վանքն ու մենաստանը նա դարձրել էր պաշտպանության վայր, ժողովրդյան ապաստանարան․ իսկ բերդերն ու ամրոցները շինել էր անմատչելի։ Եվ ահա՛ այս պատճառով Վասպուրականի ժողովուրդը ավելի բարեվիճակ, վանքերն ավելի շեն, միաբանությունները բարեկարգ էին, քան թե Արարատյան երկրում։ Եվ Աբասն ինքն իրան մտածում, ծրագիրներ էր կազմում, որ յուր երկիրը դառնալուն պես՝ ամեն ջանք դնե յուր թագավորությունը նույն ձևով բարեկարգելու։

Սակայն Գևորգ Մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված։ Նախ՝ նա մտածում էր Արարատյան ու հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միությունն հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ՝ համոզել բոլոր միացած իշխաններին՝ հավաքական ուժով Դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով՝ մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը երկրի վրայից հեռացնե։

Այս նպատակով, ահա՛, նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ Աղձնյաց ու Մոկաց տերերին, մերթ Սյունյաց իշխաններին և հաճախ՝ Գագիկ Արծրունուն կամ արքայորդի Աշոտ-Դերենիկին։ Նա հարյուրերորդ անգամ կրկնում, ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ նույնիսկ իրանց՝ իշխանապետների համար։

Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել։

_________

Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ։ Նա գիտեր, որ Աբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են։ Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ բռնավորի դավադրության աջակցելու, և այդպիսով յուր երդման դրժելով՝ քակել էր Աբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս, թագավոր պսակվելուց հետ, վրեժխնդիր պիտի լիներ, մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրան։ Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում։

Ամենից առաջ նա միացավ Աշոտ բռնավորի հետ և խոստումն առավ նրանից՝ օգնել իրան յուր զորքերով՝ եթե Աբասը հարձակվելու լինի յուր դեմ։ Ապա զորքեր խնդրեց ամիրապետից՝ առարկելով, թե Հայաստանի արաբական կալվածները վտանգի մեջ են, հետևապես անհրաժեշտ է այդ վտանգի դեմ զինվելու։ Բայց ամիրապետն զբաղված լինելով յուր երկրի ուրիշ կողմերում ծագած խռովություններով՝ անուշադիր թողեց Նսըրի խնդիրը։ Այն ժամանակ վերջինս միացավ Միջագետքի և Կորդվաց կողմերում ինքնագլուխ իշխող ամիրաների հետ և, օգնական զորք առնելով նրանցից, սկսավ Դվինն ու նրա շրջականերն ամրացնել։

Ամենից առաջ նա ընտիր պահակախմբերով և․ առատ պաշարով ապահովեց Դվնո և Արտաշատու բերդերը (որոնք միմյանց մոտ լինելով՝ ունեին միմյանց հետ և գաղտնի հաղորդակցության ճանապարհներ), որպեսզի վտանգի դեպքում ինքը ապաստանե դրանցից մեկին։ Ապա յուր զորքերը բաժանելով մի քանի ստվար մասերի, նրանցից մինին հանձնեց քաղաքի ներքին պարիսպների և աշտարակների պահպանությունը, երկրորդին՝ արտաքին մարտկոցների հսկողությունը, երրորդին քաղաքի խրամը ջրով լցնելու և շարժական կամուրջները կառավարելու գործը, չորրորդին՝ Արտաշատու Տափերական կոչված նշանավոր և մեծատարած կամրջի պաշտպանությունը, որի վրայով թշնամին պիտի հառաջանար դեպի Դվին։ Բացի այդ նա յուր ունեցած հեծելազորը չորս հառաջապահ գնդերի բաժանելով՝ ուղարկեց նրանց Դվնո նշանավոր ճանապարհները բռնելու։ Դրանցից մինը Խլաթա ուղին էր, որ սկսվում էր քաղաքի արևմտյան հարավից․ երկրորդը՝ Նախիջևանի պողոտան հարավ-արևելքից․ երրորդը՝ Բերդկանց ճանապարհը արևելյան կողմից․ չորրորդը՝ Կողբափորի ուղին, որ ձգվում էր հյուսիսից։ Ինչ վերաբերում է Կարնո ճանապարհին, որ քաղաքի արևմտյան կողմն էր ընկնում, այդտեղ ոստիկանը պահապաններ չկարգեց, որովհետև այդտեղից նա սպասում էր յուր դաշնակից Աշոտի զորքերին, մինչդեռ մյուս կողմերից, նրա կարծիքով, պիտի հառաջանար թշնամին, այսինքն՝ Խլաթա կամ Նախիջևանի ճանապարհով Աբասը, Բերդկանց ճանապարհով՝ սյունեցիք, իսկ Կողբափորի կողմից՝ Վահրամ սեպուհը, որ տակավին գտնվում էր Գուգարքում։

Չնայելով այս պատրաստությանց, ոստիկանը, սակայն, հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե՝ կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը։

Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական՝ Աբաս արքայի գահակալությունն ու թագադրությունը շնորհավորելու և նրա հետ հաշտության նոր դաշն կռելու։

— Ասացեք ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները․․․ — պատվիրեց Աբասը արաբացի դեսպաններին և հետ դարձրեց նրանց իրանց ընծաներով։

Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր ուխտադրուժ վարմունքը ներել։ Այս պատճառով երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսըրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել։

Բայց Աբաս թագավորի բանակը, որ կազմված էր միայն Արարատյան գնդերից և Արծրունյաց զորքերից, ծանրությամբ էր հառաջանում։ Որովհետև, համաձայն կանխավ արած որոշման, Մոկաց տերն ու Աղնձյաց նահապետը իրանց զորքերով պիտի միանային արքայի հետ Շարուրի դաշտում․ Սյունյաց իշխանները պիտի մտնեին Մազազ և Գառնո ու Գեղա զորքերի հետ միասին իջնեին Ուրծաձոր։ Իսկ Վահրամ սեպուհը, որ ապահովված էր արդեն ափխազների կողմից (որովհետև ամբողջ Գուգարքը զինել էր արդեն նրանց դեմ), յուր զորքերն առնելով պիտի իջներ Շիրակ և Երազգավորսի շրջանում եղած գնդերի հետ միանալով՝ դիմեր Դվնո դաշտը։ Ուրեմն, մինչև որ այդ իշխանները կհասնեին որոշյալ տեղերը, թագավորի զորքը չպիտի շտապեր, որովհետև դաշնակից իշխանները նպատակ ունեին միահամուռ կերպով պաշարել Դվինը և եթե կարելի էր, գրավել նրան հարձակումով։

Բայց այստեղ արդեն արաբացիք տենդային պատրաստությանց մեջ էին․ քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մթերքներ, դարանները լցնում էին դյուրավառ նյութերով, խրամատների համար պատրաստում էին խցաններ, մարտկոցները զինում էին երկաթյա կարթերով ու ջախջախող գործիքներով, բուրգերի մեջ հավաքում էին որձաքարի բեկորներ, որով պետք է փիլիկվաններն ու սանդուղքները ջարդեին՝ միով բանիվ առավոտվանից մինչ երեկո մարդիկ զբաղված էին մահառիթ աշխատությամբ և հույս ունեին, որ դրանով մեծ կոտորած պիտի անեն պաշարողների մեջ։

Ներքին պատրաստություններն ավարտելուց ետ՝ ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել։ Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի թումբերը բանալով՝ ջուրը դարձնեն դեպի Դվին։

Այդ ջրանցքը շինվել էր Քրիստոսից մոտ 200 տարի առաջ Արտաշիաս կուսակալի օրով և կարթագենացոց հռչակավոր զորավար Աննիբալի ծրագրով։ Երբ վերջինս հայրենիքից տարագիր՝ դեգերում էր Հայաստանի մեջ, Արտաշիասն ասպնջականեց նրան սիրով և օգուտ քաղելով բազմափորձ զորավարի ներկայությունից, նրա խորհրդով հիմնեց Արտաշատ քաղաքն ու բերդը Երասխ գետի վրա։ Եվ որովհետև տեղը, ուր հիմնված էր քաղաքը, երեք կողմից պատած էր Երասխ և Մեծամոր գետերով, ուստի չորրորդ կողմը ջրափակ անելու համար փորեցին այդ ջրանցքը, որով քաղաքը դառնում էր թշնամուն անմատչելի։

Բայց որովհետև հռչակավոր Արտաշատը վաղուց արդեն դադարել էր շահաստան լինելուց, և նրա փառաց ու ճոխության ժառանգորդ այժմ Դվինն էր հանդիսանում, ուստի նրա հինավուրց ջրանցքն էլ Դվնո խրամը պիտի ողողեր։ Արտաշատի անշքանալուց ետ՝ հայոց թագավորները՝ սկսած Խոսրով Բ․— ից, որ Դվինը շինեց և յուր աթոռն այդտեղ փոխադրեց, մինչև Բագրատունյաց պայազատները, իրանց հոգն ու խնամքը Դվինի նվիրեցին և ռազմական ամրություններով հարստացրին նրան։ Ուստի այդ ժամանակից հիշյալ ջրանցքն էլ ծառայում էր Դվնին։

Բայց օրերն անցնում էին և Աբաս արքայի զորքերը դեռ չէին երևում։ Մինչև անգամ Նախիջևանի ճանապարհը պահող հեծելազորը շարունակ լուրեր էր ղրկում Դվին, թե Աբասը դեռ բանակած է Շարուրում։ Այս պատճառով արաբացիք սկսան մի առժամանակ անհոգության տալ իրանց և կերուխումով զվարճանալ։ Մինչև անգամ ջրանցքի վրա աշխատողները ծանրությամբ էին շարժվում և մի քանի օրվա մեջ հազիվ էին փլել թումբերի մի մասը։

Սակայն Աբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց հեռացել էր Շարուրից և այն՝ գիշերանց։

Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրաններ՝ մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին՝ խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ։ -Այդ զորքը, սակայն, զանազան մասերի բաժանված, անծանոթ ճանապարհներով դիմում էր Դվին։

Արդեն ամեն կողմից մոտենում էին դաշնակիցները միմյանց, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե արաբացիք սկսել են ջրանցքի թումբերը փլել՝ Դվնո խրամը լցնելու համար։ Սպարապետ իշխանը, որ միտք ուներ դեռևս հանգիստ տալ զորքին Ուրծաձորում, սաստիկ այլայլվեցավ, որովհետև խրամի լցվելով ահագին դժվարություններ պիտի առաջանային իրանց համար, նախ՝ զորքն անկարող պիտի լիներ մոտենալ քաղաքի ջրապատ պարսպին կամ դռներին, հետևապես մտադրված հարձակումը չպիտի հաջողեր, երկրորդ՝ մեծ աշխատություն և երկար ժամանակ պիտի գործ դնեին ջրանցքի բերանը փակելու և ջրալից խրամը, գոնե մի քանի տեղ, խիճով լցնելու, որպեսզի այդ տեղերով զորքը կարողանար մոտենար պարսպին, երրորդ՝ այդ գործերը կատարելու համար աշխատող հայերից շատերը նետահար պիտի լինեին թշնամուց, որովհետև պարսպի վրա եղողները թույլ չէին տալ ոչ ոքին՝ պարսպի տակ գործելու։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ սպարապետը հայտնեց թագավորին, թե անհրաժեշտ է մի քանի գնդերով դիմել անմիջապես Արտաշատու կողմը և ջրանցքի բացումն արգելել։ Մարզպետունու առաջարկությունը բանավոր գտան նաև դաշնակից իշխանները։

Ուստի թագավորի ընտրությամբ այդ գործի համար նշանակվեցան Վանանդացոց ու Սյունյաց գնդերը, որոնց պիտի առաջնորդեր Բաբգեն իշխանը, իբրև քաջածանոթ Արտաշատու շրջականերին։

Երեկո էր, երբ Բաբգեն իշխանը յուր զորքերով մտավ Ազատ գետի հովիտը և սկսավ առաջանալ դեպի Դվին։ Որովհետև ճանապարհը, որով առաջանում էին նրանք, անցնում էր Խոսրովակերտ անտառի միջով, որ Ազատի հովտից սկսած տարածվում էր մինչև Գեղա ստորոտը, այդ պատճառով զորքերի ընթացքը աննկատելի մնաց արաբացի պահանորդներին, որոնք խմբերով թափառում էին Դվնո դաշտում։

Մութը կոխելու վրա հայերը Մեծամորն անցան և նրա ուղղությամբ սկսան առաջանալ դեպի Աոտաշատ։ Չնայելով որ զորքերը հոգնած էին, այսուամենայնիվ իշխանը չէր կամենում հանգիստ տալ նրանց, որովհետև ամեն մի կորցրած ժամը կարող էր մի վտանգ առաջ բերել իրանց համար։ Բայց Արտաշատից մի քանի փարսախ հեռու նա ստիպված էր կանգ առնել՝ մինչև որ ջրանցքը դիտելու համար ղրկված յուր լրտեսները կվերադառնային։ Նա կամեցել էր նախ տեղեկանալ, թե ի՞նչ դրության մեջ է գտնվում գործը և ապա զորքերն առաջ վարել։

Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, էլ իրանց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ։ Այդ քայլը, ընդհակառակը, կարող էր վնաս բերել, նախ՝ յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով և երկրորդ՝ թշնամուն թագավորի գալը հայտնելով։

Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպնդեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր։

— Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, էլ սպասելու ժամանակ չէ, — գոչեց Բաբգեն իշխանը և առաջ անցավ։ Զորքը սրընթաց հետևեց նրան։

Եվ արդարև, ջրանցքի առաջը բանալու համար մնացել էր միայն մի քանի քայլ։ Գործավոր զորքի գլխին կանգնած էր Բեշիր զորապետը և շտապեցնում էր նրանց, որպեսզի հենց նույն գիշեր ջուրը դարձնե դեպի խրամը։ Չնայելով որ մութը կոխել էր, այսուամենայնիվ, զորապետը չէր հեռանում այդտեղից։ Արաբական նժույգի վրա նստած՝ նա դիմում էր մերթ այս մերթ այն կողմը՝ գործավորներին շտապեցնելու համար։ Ըստ երևույթին նա չէր կամենում հեռանալ այդտեղից, մինչև որ յուր աչքով չտեսներ ջրանցքի բացումը։

Եվ ահա՛ հանկարծ Արտաշատու կողմից որոտընդոստ աղաղակներով արաբացոց վրա թափվեցան հայոց զորքերը և սրերով ու նիզակներով սկսան անխնա և աջ ու ձախ հարվածել։ Հարձակումն այնքա՛ն անակնկալ և թափն այնքա՛ն զորավոր էր, որ արաբացիներից ոչ ոք չհամարձակվեց դիմադրել։ Նրանք շփոթված ու սարսափահար ձգեցին բահերն ու գործիքները և սկսան փախուստ տալ դեպի Դվնո և Արտաշատու կողմերը։ Չնայելով որ Բեշիրը սուրը հանեց և գոռալով խրախույս կարդաց զորականին, բայց նրան լսող չեղավ։ Մի քանի տասնյակ հոգի, որոնք բահերով ու վաղակավորներով խիզախեցին հայերի դեմ, տեղն ու տեղը ջարդվեցան։ Այս տեսնելով Բեշիրը, ինքն էլ ձգեց ճակատը և ձին մտրակելով փախավ դեպի Դվին։ Հայերն աղաղակելով ընկան փախչողների ետևից և հալածեցին նրանց մինչև քաղաքի սահմանը, և ապա դառնալով՝ գրավեցին ջրանցքը և կանգ առան այդտեղ։

Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ Դվնից նոր զորք բերելու մտքով։ Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց ու հեռատես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից։

— Քանի որ չգիտենք, թե ի՞նչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ի՞նչ կետերում են համախմբված նրանք և մութն արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել, առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք աստուծո լույսով և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել, — ասաց Նսըրը Բեշիրին, և վերջինս բանավոր գտավ այդ խորհուրդը։

Եվ որքա՞ն մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող վորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից։ Ամոթի հետ միասին մի կատաղի զայրույթ եղավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից։

— Հենց այս վայրկենին կջարդեմ բոլորին, թո՛ղ ոչ մի զորական չազատվի իմ սրից, — գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով՝ պատրաստվում էր դուրս գալ Դվնո պարիսպներից։

Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր Դվնո շրջապատը, տեսնելու համար թե էլ ուրիշ որտե՞ղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է՝ Կարնո ճանապարհով, ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ․

— Ահա գալիս են և մեր դաշնակից Աշոտի զորքերը, — ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին։

— Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք, — հոխորտաց զորապետը և յուր հրոսախումբը կարգավորելով, դուրս եկավ Դվնո պարիսպներից։

Բաբգեն իշխանի դրությունը խիստ ծանր էր։ Նա յուր հետ ուներ ընդամենը հինգ հարյուրի չափ զորք։ Եվ թեպետ դրանք հայոց ամենաընտիր քաջերիցն էին, այսուամենայնիվ չէին կարող երկար դիմադրել, եթե նրանց շրջապատեր ավելի մեծ բազմություն։ Բացի այդ, նրանք գտնվում էին Արտաշատու և Դվնո մեջտեղը, բաց դաշտի վրա և չունեին ո՛չ պատսպարվելու տեղ, ո՛չ էլ ժամանակ՝ պատնեշ շինելու։ Արաբացիք կարող էին շրջապատել նրանց և տեղնուտեղը կոտորել։ Միակ փրկությունը ձգել հեռանալն էր։ Բայց այդ էլ չէին կամենում անել, որովհետև այն ժամանակ ջրանցքը կմնար արաբացոց ձեռքը, և նրանք մի կես ժամում թումբի մնացորդը փլելով՝ ջուրը կդարձնեին դեպի խրամը, որով և կոչնչանային թե՛ տարած հաղթությունը և թե՛ ապագա հաջողության հույսերը։

Աբաս թագավորը ղրկելով իշխանին այստեղ, ապահովացրել էր նրան՝ թե ինքը հետևյալ առավոտ, յուր բոլոր զորքերով, կգտնվի Դվնո առջև։ Բայց արևն ահա ծագում էր և, սակայն, արքայական բանակը չէր երևում ոչ մի տեղ, նույնիսկ հառաջապահ գնդեր չէին նշմարվում․․․ Բաբգեն իշխանի հետամուտները, որոնք Արտաշատու բլուրներից դիտել էին ամեն կողմ, եկան և պատմեցին, թե միայն Կարնո ճանապարհի վրա տեսան մի հեծելախումբ, որ շտապով հառաջանում էր դեպի Դվին, իսկ մնացյալ տեղերում արաբացի պահակներից զատ ոչինչ չնշմարեցին։

— Կարնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ, — ասաց Բաբգենը․ — մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից։

— Մեկ էլ՝ երկնքից, — նկատեց համհարզներից մինը։

— Եթե աստված հաճի․․․ — հարեց իշխանը և լռեց։

Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները, և արաբացոց զորքը գալարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը։

Բաբգեն իշխանն արդեն կարգավորել էր յուր փոքրաթիվ զորքը, կանգնեցնելով նրանց եռանկյունաձև և հրաման տալով, որ հարձակման դեպքում աշխատեն միջամուխ լինել հարձակվողների մեջ և երկու մասի բաժանելով նրանց՝ այնպես սկսեն իրանց բախումը։ Այդ եղանակն այն առավելությունն ուներ, որ կթուլացներ հարձակման թափը և հրոսախմբի ստվարությունն արգելք չէր լինիլ ազատ զինաշարժության։

Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով՝ ձայն տվավ դեպի զորքերը․

— Սիրելի՛ քաջեր, մենք սակավաթիվ ենք, և թշնամին զորավոր։ Բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ։ Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն է ամենից։ Դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության, աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մահ կվիճակվի, նա թող մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա՛ Դվնո բարձունքից նայում է մեզ վրա։

Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի ս․ Գրիգորի գմբեթը դարձնելով՝ — «Դո՛ւ մեզ օգնիր, ո՛վ սուրբ կաթողիկե, մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար է․ թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին․․․»։

Այս ասելով նա սուրը շողացրեց և «օ՛ն, հառաջ․․․» գոռալով դիմեց դեպի թշնամին։

Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտընդոստ աղաղակով հետևեցին նրան։

Նույնպիսի ոգևորությամբ և գոռյուն-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները։

Վերջապես նրանք հասան, և քաջերը գոռալով ընկան միմյանց վրա։ Սրերն սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ։ Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կարգերն իսկույն խանգարվեցան։ Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջիններն՝ իրարից, նույնպես էլ արաբացիք չկարողացան իրանց միությունը պահպանել։ Հայերի մի մասը ետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը։ Այդպիսով խմբերը ճապաղելով՝ կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա։ Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով՝ ավելի հաջողությամբ կկռվեին։ Բայց ոստիկանը, որ յուր մինարեթից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության։ Այդ պատճառով հայերը նոր հարձակման հանդիպելով, հետզհետե տկարացան։ Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավար գունդ։ Վայրկյանը հուսահատական էր․ Բաբգեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ ետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը Դվնո կաթողիկեին ուղղելով՝ սրտառուչ ձայնով բացականչեց․ «Մի՞թե դու, ով լուսավորչի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գարշ հագարացուն, որ ծաղրում է քո սրբությունը․․․ Ցույց տուր, ով քառաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին գամվեցավ․․․»։

Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը։ Բայց ո՛չ իշխանի և ո՛չ նրա զորքի հերոսական ջանքերը չկարողացան հաղթել արաբացոց գնդերին, որոնք հետզհետե ստվարանում էին։ Ընդհակառակը, մի քանի կետերի վրա հայերն սկսան վերջնականապես ընկճվել, նրանք հոժարությամբ փախուստ կտային, թե չվախենային իսպառ ջնջվելուց, այս պատճառով կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Փոքր մի ևս, և արաբացիք հաղթության փողը պետք է հնչեին․․․ Բայց ահա՛ հենց այդ վայրկենին լսվեցավ հանկարծ հայախումբ զորքերի որոտագին աղաղակը և Վահրամ սեպուհը, ինչպես շանթառաք մի հարված՝ ահավոր սուրը ձեռին ընկավ արաբացոց վրա։ Նրան հետևում էին գուգարացիք, բասենցիք և Շիրակավանի քաջերը։ Ինչպես հանկարծահաս մի փոթորիկ կամ գարնանազայր մի հեղեղ թափվեցան նրանք արաբացիների վրա և սկսան անխնա կոտորել, ջարդել, ջախջախել՝ ոմանց սրախողխող անելով, ոմանց նիզակահար սատակելով և շատերին նժույգների ոտքի տակ տալով։

Բաբգեն իշխանը զարմացավ։ Որտեղի՞ց բուսավ արդյոք սեպուհը։ Որտե՞ղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում գուշակել։

Բայց Դվնո արևմտյան ճանապարհով եկող հեծելազորը, որ խրախուսել էր ոստիկանին և, ընդհակառակը, երկյուղ ազդել Բաբգենին, հենց Վահրամ սեպուհի զորախումբն էր եղած։ Վերջինս արքայի հրամանով շտապել էր իշխանին օգնության, ըստ որում բուն բանակը փոքր-ինչ պիտի ուշանար։ Սեպուհը հագարացոց պահակներից խույս տալու և Արտաշատի ջրանցքին անարգել հասնելու համար շրջան էր արել Դվնո դաշտի բարձրից և Խոսրովու անտառը անցնելով՝ մտել Կարնո կոչված ճանապարհը։

Սեպուհի և նրա գնդերի հարձակումը փոխեց իսկույն կռվի կերպարանքը։ Հագարացիք հանկարծակի եկան, իսկ սյունեցիք ու վանանդացիք նոր ոգի առնելով՝ սկսան ավելի կատաղաբար հարձակվել հակառակորդների վրա։ Նորեն կռիվը բորբոքվեց․ նորեն խմբերն ընդհարվեցան։ Հազարավոր սրեր շողում էին ու հարվածում, նիզակները՝ ճոճում ու շամփրում, սաղավարտներ ճեղքում, զրահներ պատառում, վահաններ ջախջախում․․․ Հաղթողների աղաղակը, ընկնողների վայունը, զենքերի շաչյունը թնդացնում էին օդն ու դաշտը․․․

Սակայն հաղթության աստղը թեքվում էր հայոց կողմը, արաբացիք նորեկների հարձակումից շվարելով և մանավանդ թե սաստիկ հարված առնելով՝ մի քանի կետերում սկսան նահանջել։ Բեշիրն այդ տեսնելով՝ հրամայեց իսկույն նահանջի փող հնչեցնել, որպեսզի մնացորդ զորքն ազատե կոտորածից։ Բայց արաբացիք փողի ձայնն առնելուն պես՝ փոխանակ քայլ առ քայլ հետ նահանջելու, սկսան միահամուռ փախուստ տալ դեպի Դվին։

Հայերն ընկան փախչողների ետևից և սկսան չարաչար կոտորել նրանց։ Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը։

Սեպուհն այդ տեսնելով՝ հանդուգն միտք հղացավ, այն է՝ հրամայել յուր զորքերին՝ ներս խուժել քաղաքը փախչողների ետևից։

Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին։

Նրանք բավականացան տարած հաղթությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը։

Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը՝ Գևորգ սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ։

Վերջինս, սպարապետի կարգադրությամբ, շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից։

Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության համար՝ թագավորն ուրախացավ և ի նշան յուր գոհության՝ գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ սեպուհին։ Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր։

Կարճ ժամանակվա ընթացքում Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր ու կաղամախներ և տապարներով ջախջախվելով՝ դերբուկաձև դիզվեցան թե՛ բանակի մեջ և թե՛ քաղաքի շուրջը, պարիսպների և աշտարակների հանդեպ։

Երբ մութը կոխեց և ահագին խարույկները վառվեցան, Դվինը, կարծես, դյութական կերպարանք առավ։ Հարյուրավոր կրակների բոցը բարձրանում, ծառանում էր դեպի երկինք և շրջապատն ամբողջապես բոսոր գունով լուսավորում։ Մայրաքաղաքի պարիսպներն ու մարտկոցները պատած էին կրակով և հեռվից նայողը կարծում էր, թե քաղաքն ամբողջապես գտնվում է հրդեհի մեջ։ Նրա բարձրադիր ապարանքները՝ իրանց սյունազարդ սարավույթներով, գմբեթազարդ եկեղեցիները՝ փայլուն խաչերով և արաբական մզկիթի ու ոստիկանական տան ուղղաձիգ մինարեթները՝ ոսկյա կիսալուսիններով՝ փայլում էին գիշերային խավարի մեջ մերթ պայծառ լուսով և մերթ քրքմագույն և տալիս քաղաքին մի տեսակ տխուր և խորհրդավոր կերպարանք։

Իսկ Դվնո բարձունքներից նայողի առաջ ուրիշ պատկեր էր բացվում։ Արքայական բանակը, որ պատած էր քաղաքը ամեն կողմից և որ ցերեկվա լուսով իսկ ահավոր էր երևում, գիշերվա մութին ավելի երկյուղ և սարսափ էր ազդում։ Խարույկների բոցածավալ լույսը կարծես թե կրկնապատկում, եռապատկում էր զորախմբերի թիվը, բազմաթիվ կրակների շուրջը կայթող և հաղթական երգերով օդը թնդացնող զորականի աղմուկը խռովում, անհանգստացնում էր պաշարյալ մահմեդականների սիրտը։

Դվնո հայերը, ընդհակառակը, գաղտնի հրճվանքի մեջ էին, թեպետ և չէին համարձակվում երևան հանել իրանց ուրախությունը։ Այն միտքը, թե շուտով մահմեդականի բռնապետությունը պիտի վերջանա, թե գոռոզ հագարացին պիտի խոնարհի վերջապես արքայի հաղթական դրոշակի առաջ, նրանց սիրտը լցնում էր անսահման բերկրությամբ։ Եվ ամենքի շրթունքները մրմնջում էին աղոթքներ, մանուկ և ծեր, կին թե տղամարդ աղաչում էին աստծուն, որ այս վերջին անգամ էլ փառավորե յուր անունը՝ հաղթություն տալով հայոց խաչին և Լուսավորչա հավատին․․․

Բայց ոստիկանը, որ յուր ապարանքի մինարեթից դիտում էր այդ մեծատարած խարույկները և տեսնում հայ զորքերի խաղերն ու պարը և լսում նրանց որոտաձայն երգելը, որոնք շարունակվում էին մինչև ուշ գիշեր, կատաղությունից, կարծես, ուզում էր խելագարվել։ Նա մտաբերում էր միմյանց ետևից իրան հասած անհաջողությունները, և այդ բոլորը վերագրում յուր զորապետի ու պաշտոնյաների անհոգության և անմտության, ուստի և հայհոյում ու անիծում նրանց։

«Չէ՞ որ կարող էին գեթ մի օր առաջ ջրանցքը բանալ և քաղաքի խրամը ողողել․․․ խոսում էր ինքն իրան ոստիկանը, բայց չարին, անհոգության տվին իրանց և պատճառ դարձան թե՛ քաղաքի գլխավոր պաշտպանությունը ոչնչացնելուն և թե՛ զորքերի կոտորածին․․․ Իսկ իմ պահակ հեծելախմբե՞րը․ ո՞ւր մնացին նրանք, ինչո՞ւ մինչև այժմ պահպանության չորս կետերից գեթ մի զինվոր չհասավ, որ թշնամու գալուստն ինձ հայտնե»․․․

Բայց ոստիկանն իզուր էր տրտնջում վերջին կետի նկատմամբ։ Որովհետև ոչ թե յուր պահակ հեծյալների անուշադրությունն էր պատճառը՝ որ ինքը ժամանակին չէր իմացել յուր հակառակորդի մոտենալը, այլ հայոց սպարապետի բազմափորձ զգուշությունը, որովհետև, նա զորքերն առաջ էր վարել այնպիսի ճանապարհներով և այնքա՞ն միմյանցից անշատ խմբերով, որ հագարացի պահանորդները չէին կարող նրանց նշմարել։ Նույնիսկ Շարուրում բանակած զորքի վրանները այն ժամանակ միայն սկսեցին քակել հայ պահակները, երբ բուն բանակն իջնում էր արդեն Դվնո դաշտը։

Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ։

— Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվին մեզ վրա, — ասաց նա զորապետին,-ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբասին մեզ հետ հաշտվել ստիպելու։

— Ո՞րն է այդ, — հարցրեց Բեշիրը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով։

— Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն՝ Սյունյաց Սահակ իշխանին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ Դվինից։

— Աբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին ու ընծաները հետ չէր դարձնիլ Վասպուրականից։

— Ուրե՞մն․․․

— Կմերժե քո առաջարկությունը։

— Այն ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թո՛ղ այնուհետև նրա Սմբատ ու Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և Դվինն առնելուց առաջ՝ իրանց եղբոր դիակը գրկեն։

— Իսկ եթե, հանկարծ, Դվինն առնե՞ն։

— Թո՛ղ առնեն, եթե կարող են․ ճակատագրից չպիտի փախչենք, ես, գոնե, այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը։

— Բայց, տեր իմ, այդ որոշումը կարի վտանգավոր է, — նկատեց Բեշիրը․ — այս հայերը բնավ խստասիրտ չեն․ նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում նրա բնակիչներին։ Այդպես էլ եթե Դվինը գրավեն, վնաս չեն հասցնիլ մեր անձին կամ նույնիսկ մեր զորքերին, եթե միայն քո ցասումը գործադրած չլինիս դու․ բայց եթե Սահակ իշխանին սպանես, այն ժամանակ մենք ամենքս անխնա կջնջվենք։ Դու չես ճանաչում սյունեցիներին․ բայց ես հաճախ ընդհարվել եմ նրանց հետ և ծանոթ եմ այդ ցեղի անսանձ կատաղությանը։ Նրանք չեն կարող տանել այն անարգանաց, որ դու կհասցնես նրանց իրանց իշխանին սպանելով։

Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։

— Ի՞նչ անենք, ուրեմն, — հարցրեց նա վերջապես՝ մտախոհ աչքերը զորապետին ուղղելով և յուր նոսր, աղեբեկ մորուքը հուշիկ շոյելով։

— Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ, — վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը։

Այս որոշման գալով՝ ոստիկանն ու զորապետը բաժանվեցան իրարից։

Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր։ Թագավորն ու իշխանները ապահով էին, որ ամեն կողմից շղթայած են Դվինը, մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմա՞մբ թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը։

Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը։ Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից Դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց Շարուրից հեռանալն իմանալով՝ շտապում էին թե՛ նրանց ճանապարհը փակելու (հուսալով մի որևէ տեղ հանդիպել նրանց) և թե՛ ոստիկանին տեղեկություն տալու։

Սպարապետն ընդունելով, թե դրանք իրանց ետևից շրջապատելու և Դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով։ Վերջինիս միացան նաև Մոկաց քաջերը։

Վեդիի ներքին հովիտներից մեկում սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել։

Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն՝ հարձակվել սկսան։

Այն ժամանակ սեպուհի հզոր ձայնը որոտաց և հայոց քաջերը մեծադղորդ աղաղակով ընկան թշնամու վրա։

Տեղի ունեցավ կատաղի ընդհարումն։ Բայց նա երկար չտևեց։ Արաբացիք իսկույն զգացին, թե որքա՛ն բազմաթիվ են իրանց դեմ սուր շարժող բազուկները, ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ, սակայն, տասնյակ զինվորներ արժեց իրանց, զինադուլ խնդրեցին։

Վահրամ սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձիանը խլելով՝ իրանց գերի վարել բանակը։

Եվ որովհետև հետևյալ օրը նրանք տեղեկություններ տվին սպարապետին այն պահակախմբերի մասին, որոնք գտնվում էին Խլաթա, Բերդկանց և Կողբափորի ճանապարհներում, ուստի Մարզպետունի իշխանը՝ հրաման առնելով արքայից, մի քանի ստվար զորախմբեր ուղարկեց այդ կողմերը արաբացի հեծյալներին հալածելու համար, որպեսզի քաղաքի հետ ունեցած ընդհարման դեպքում նրանք ետևից հասնելով չխանգարեն իրանց։ Հայոց զորախմբերը, որոնք դիմեցին հիշյալ ճանապարհները՝ Վահրամ սեպուհի, Սմբատ իշխանի և Մոկաց տիրոջ առաջնորդությամբ, պատահելով հագարացի պահակախմբերին, հարձակվեցան նրանց վրա և քիչ կամ շատ կոտորած անելուց հետ՝ նրանց մի մասը հալածեցին դեպի Ատրպատականի կամ Կորդվաց կողմերը և մյուսը գերելով՝ բանակը բերին։

Աշոտ բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին լսելով Աբաս թագավորի՝ յուր դաշնակիցների հետ միասին Դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած քանի մի հաղթությունները, ոչ միայն հետ կացավ Նսըրին օգնելուց, այլև յուր զորքերը Բագարան ժողովելով՝ ինքը ևս ամրացավ այդտեղ։

Իսկ Աբաս թագավորը Դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց հետ՝ խորհրդի հրավիրեց յուր իշխաններին՝ որոշելու համար, թե ի՞նչ եղանակով սկսեն հարձակումը։

Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին՝ ամենից առաջ Նսըրին առաջարկել քաղաքը հանձնել իրանց առանց պատերազմի։

— Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք, — ասաց սպարապետը։

— Այո՛, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնտվությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե՛ մեզ և թե՛ իրան, — ավելացրեց Սմբատ իշխանը։

Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ։

Նույնիսկ այդ օրը Աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց Դվին՝ ոստիկանի հետ խոսելու։

Նսըր ամիրան պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մինում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը։

— Աբաս արքան հրամայեց ինձ ասել մեծափայլ ամիրային, — խոսել սկսավ նահապետը, — թե Դվինը Հայոց աշխարհի մայրաքաղաքն է, թե նրան հիմնել և տիրել են հայոց թագավորները, և թե վերջին տարիներում իսկ նա պատկանել է հայոց իշխանապետության։ Ամիրապետի ոստիկանները կարող էին նստել այդտեղ՝ իբրև երկրի շահաստանում և գանձել ամիրապետի հասույթները։ Բայց նրանք իրավունք չունեին նրան գրավելու և նրա միջոցով էլ երկրի ազատության վրա բռնանալու, ըստ որում այդ երկրի կառավարը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը՝ ինքը ժողովուրդը։ Յուսուփը և նրա նախորդները անիրավ հափշտակությանց հետ միասին՝ հաճախ բռնացել են նաև Դվնո վրա։ Բայց այդ պատահել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները անջատվել են իրանց թագավորից և կամ վատաբար դավաճանել են նրան։ Իսկ այժմ որովհետև հայ իշխանները միացած են ինձ հետ, և իմ զորքերը հավատարիմ են ինձ, ուստի ես զորավոր եմ և հենց այդ պատճառով էլ թույլ չեմ տալ, որ Յուսուփի հաջորդը գնա նրա շավղով կամ թե բռնանա իմ ժողովրդի վրա։ Չհիշելով անգամ այն, որ Նսըր ամիրան բարեկամության ուխտ է դրել հանգուցյալ արքայի հետ և վերջը դրժելով յուր ուխտին՝ աջակցել է հայոց գահի դեմ լարած դավաճանության․․․ չհիշելով այն՝ որ նա անիրավաբար հափշտակել է հայոց կաթողիկոսարանը և կաթողիկոսի աթոռը տարագրել Ոստանից, որի համար ես իբրև իմ եկեղեցվո պաշտպան, պարտավոր էի արժանավոր հատուցումն անել նրան, այսուամենայնիվ, չկամենալով արյունահեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ Ոստիկանին խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը, որից հետ և ես կթույլատրեմ իրան ազատ ապրել յուր ապարանքում։ Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, այն ժամանակ թո՛ղ ոստիկանը իմանա, որ առաջին օրն իսկ բնաջինջ կանեմ թե՛ յուր զորախմբերը և թե Դվնո բոլոր ամիրաներին, որոնք կալվածներ ունին Ոստանում և ապարանքներ՝ Դվնո հրապարակների վրա․․․ Բացի այս, ես չեմ խնայիլ նույնիսկ իրան՝ ոստիկանին։ Եվ այս ամենն անելով հանդերձ՝ ես թշնամացած չեմ լինիլ ամիրապետին, այլ պատժած միայն նրա գործակալին, որ անխոհեմությամբ խռովում է իմ երկիրը․․․

Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես վեր թռավ տեղից և հուզված բացականչեց․

— Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է, քան յուր նախորդը․․․ Ասա՛ նրան, որ ես չեմ ընդունում հաշտության ո՛չ մի պայման և որ ես իրավունքով տիրում եմ այն քաղաքին, որ երկու հարյուր տարի սրանից առաջ գրավել է արաբական սուրը։ Թո՛ղ հառաջ վարե նա յուր զորքերը և ուժով գրավե այս քաղաքը, եթե կարող է։ Բայց միևնույն ժամանակ թո՛ղ չմոռանա, որ նա կռվում է արաբացոց երկնափառ ամիրապետի և ոչ թե նրա ոստիկանի հետ․․․

Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսըրի պատասխանը։

— Լավ ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ո՛չ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել, — ասաց թագավորը և ապա հրամայեց սպարապետին հարձակման պատրաստությունները տեսնել։

Երազգավորսից հետզհետե բերում էին պաշարման վերաբերյալ գործիներ և պարսպահար մեքենաներ, որպիսիք էին՝ խոյեր, բաղիստներ, բաբաններ, հրացան, պարսեր և երկաթե զանազանակերպ սանդուղքներ, բարձած բազմալուծ սայլերի վրա։ Այդ ամենը պատրաստել էր տվել Մարզպետունի իշխանը դեռևս արքայի՝ Վասպուրականում եղած ժամանակ։ Նրա հրամանակատարները, որոնք ռազմական մեքենագործության հմուտ վարպետներ էին և որոնք այդ բոլորը պատրաստել էին կատարյալ եղանակով, այժմ էլ բանակում զբաղված էին նույնպիսի աշխատությամբ։ Նրանք կառուցանում էին փայտե շարժական աշտարակներ կամ եռահարկ մարտկոցներ, որոնց պետք է մոտեցնեին քաղաքի պարիսպներին՝ նրանց քանդելու կամ այդ մարտկոցներից քաղաքը զորք մտցնելու համար։

Բայց որովհետև մեքենաները պարսպին մոտեցնելն արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի, թագավորը հրամայեց առաջին հարձակումն առանց մեքենաների սկսել։

Այդպես էլ արին։ Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից։ Այնպես որ հագարացիք, բոլոր շրջապատի հետ կռվելու համար, ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել։

Հայերը, որ հայտնի էին իբրև ընտիր նետաձիգներ՝ սկսան իրանց տարափը նախ ասպարափակ շարքերի ետևից տեղալ, ապա հետզհետե պարիսպներին մոտենալով սկսան վանել դիմադիր հագարացիներին։ Վերջիններս, սակայն, հզորապես կռվում էին այն խմբերի հետ, որոնք կամենում էին սանդուղքներ մոտեցնել պարիսպին։ Բացի կարթավոր երկաթյա ձողերից, որոնք մահ էին սպառնում սանդղքավոր զորականին, նրանց նետերն էլ քիչ չէին նեղում հարձակվող հայերին։

Այդպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր Դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե՛ երկաթյա դուռը և թե՛ կրկնապարիսպը։ Այդ մարտկոցները գրավելուց ետ հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար։ Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ։

Բայց մարտկոցների բարձրից տեղացած տարափը և նամանավանդ դյուրավառ նյութերի հրահոսանը թույլ չէին տալիս հայերին սանդուղքներ մոտեցնել։ Այդ պատճառով հարձակվողներին օգնության հասան հրձիգ գնդերը։ Նրանք գլխներին վահաններ բռնած և խռվի ու խոտի խրձիկներ գրկած՝ արագ-արագ անցան խրամի վրայից և պարիսպներին մոտենալով կրակեցին խուրձերը մարտկոցների առաջ։ Դրանց հետևեցին փայտակիրները, որոնք մի քանի վայրկենում ահագին քանակությամբ փայտ ու խռիվ դիզելով կրակված խուրձերի վրա, մեծ հրդեհ բորբոքեցին թե՛ պարիսպների տակ և թե՛ մարտկոցների առաջ։

Բոցածավալ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին։ Այն ժամանակ հրդեհից ազատ անջրպետներում հայերն անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները։

Արաբացիք այդ տեսնելով՝ սաստկապես հարձակվեցան խիզախողների դեմ․ բայց վերջիններին շարունակ հետևում էին ուրիշ խմբեր։ Չնայելով որ կրակի ջերմությունն ու ծուխը խեղդում էր մարդկանց, այսուամենայնիվ մարտկոցների վրա տեղի ունեցավ կատաղի ընդհարում։ Հայերն ու արաբացիք կռվում էին ինչպես վագրերի ոհմակներ, մի կողմից հանդուգն հարձակումը, մյուս կողմից հուսահատ ընդդիմությունը՝ կռիվը դարձրել էին զարհուրելի, սրեր էին, որ հարվածում էին, նիզակներ՝ որ շամփրում էին, վահաններ՝ որ ջախջախվում էին և դիակներ՝ որոնք աշնան տերևների պես մարտկոցների բարձունքից թափթփում էին աջ ու ձախ։ Եվ սակայն քաջերը քաջերի պատահելով՝ երկու կողմերն էլ մնում էին անպարտելի։

Բայց որովհետև ընդհարման կետերում արաբացիք հետզհետե նվազում էին և հայերը, ընդհակառակը, բազմանում, այդ պատճառով առաջինները վերջ ի վերջո նահանջեցին։ Հայերը տիրեցին հառաջապահ մարտկոցներին և անցան կրկնապարիսպը։ Այդտեղ խռնվող հայերի և անջրպետը պաշտպանող արաբացիների մեջ դարձյալ փոթորկեց ընդհարումն։ Երկու կողմից էլ կոտորած եղավ, բայց որովհետև հագարացիք նոր օգնություն չստացան, ուստի այստեղ էլ նրանք պարտություն կրեցին։ Հայերը գրավեցին կրկնապարիսպի տարածությունը և սկսան քանդել նրա պատվարները և հետզհետե լցնել խրամի մեջ։

Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե՛ թագավորին և թե՛ դաշնակիցներին, ստիպեց նաև Մարզպետունուն գոհ լինել տարած հաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար՝ հարձակումը դադարեցնել։

Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարսպի վրա։ Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել, հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել, այնպես որ հետևյալ օրը հայերը կարող էին մոտեցնել ներքնապարիսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները։

Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր, ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին։ Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի, որքան կարելի էր, մեծ տարածություն ծածկեն ու հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան։

Մի քանի օր անցնելուց ետ՝ թագավորն ու իշխանները որոշեցին երկրորդ հարձակումն սկսել։ Դրա համար վաղ առավոտվանից սկսան առաջ վարել պարսպահար մեքենաները։ Խոյերն ու էշ կոչվածները, որոնցով զբաղվում էին ավելի քիչ մարդիկ և որոնցով միայն խրամատներ պիտի բացվեր, մոտեցնում էին պարիսպներին։ Ծանրաշարժ բաբանները, որոնց սպասավորում էին հարյուրավոր հոգիք և որոնցով ահագին ռումբեր էին նետում պատվարները փլցնելու համար, կանգնեցնում էին աշտարակների առաջ։ Թեթև բաղիստրները, որոնք խոյերի ու բաբանների նման պատսպարաններ չունեին, և որոնցով երկարաբուն նետեր կամ սվիններ պիտի արձակեին, շարում էին պարիսպներից բավական հեռու, որպեսզի պարիսպից տեղացող նետերը չհասնեին նրանց։ Իսկ փայտակերտ մարտկոցները, որոնց թիվը շատ չէր, բայց որոնք իրանց հզոր կազմությամբ ամենաապահով պատնեշներն էին պաշարողների համար, կանգնեցնում էին բուրգերի հանդեպ, որտեղից կարող էին կամուրջներ ձգել դեպի այդ բուրգերը, զորքեր փոխադրել նրանց վրա և կամ ներքին հարկում հարմարեցրած խոյերով բուրգերը խրամատել։ Այդ մարտկոցներն առաջանում էին ճռնչալով ու դանդաղելով, թեթևներն անիվների վրա, իսկ ծանրաշարժները գլանների օգնությամբ։ Այդ պատրաստությունները, որոնք մի քանի օր տևեցին, հաճախ խանգարում էին պաշարյալները՝ մերթ հախուռն նետաձգությամբ և մերթ պարսատիկներից քար ու կրակ տեղալով։ Թեպետ այդ բոլորից հայ զորականը չէր վնասվում, որովհետև գործում էր զգուշությամբ և շարունակ պաշտպանվելով, այսուամենայնիվ գործը դանդաղում էր բավական։

Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահուն արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը։ Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով։

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել։

Մայիսյան առավոտ էր․ մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի չէ ծագել արևը, բայց որ շուտով այրում ու մրկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա։

Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից, և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրանց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք։ Այդ նշան էր, թե արաբացիք պատրաստվում են դաշտն իջնելու։

Դվնո հրամանատարները որոշումն էին արել անսպաս հարձակվել հայերի վրա և այն՝ երկու կողմից, այն է՝ Դվնո և Արտաշատու։ Դվնեցիք առջևից պիտի հարձակվեին, իսկ արտաշատցիք՝ ետևից։ Այս կարգադրությունը մեծ հաջողություն կունենար, որովհետև հարձակման համար ընտրել էին ամենահաջող միջոց, այսինքն՝ այն վայրկյանը, երբ հայերը կսկսեին բանակատեղը ձգել և պատնեշներից ելնելով դիմել դեպի Դվին։ Այդ ժամանակ նրանք հույս չունենալով հանդիպել որևէ հարձակման ավելի անհոգ և անպատրաստ կլինեին․ ըստ որում կռիվը դեռ պիտի սկսեին մի օր հետո։

Սակայն այս ամենը գուշակեց սպարապետը և հրաման արավ զորքին՝ բանակից ելնել կատարյալ պատրաստությամբ։ Բացի այդ, նա կարգադրեց, որ Մոկաց իշխանն ու Վահրամ սեպուհը իրանց գնդերով վերջինը ելնեն բանակից և հետևապես զգուշանան, որ Արտաշատու կողմը որևէ խլրտումն տեսած ժամանակ՝ իսկույն իրանցից անջատվեն եւ հարձակվեն նրանց վրա։ Մյուս հառաջապահ գնդերը՝ ամենայն ապահովությամբ կարող էին շրջափակել իրանց մեջ արաբացիներին, եթե նրանք հանդգնեին ելնել Դվինից։

Սեպուհն ուրախությամբ լսեց այդ կարգադրությունը և նորեն հղացավ մի հանդուգն միտք, այն է՝ Արտաշատից ելնողներին աստուծո օգնությամբ վանելուց հետ, թափանցել, մուտք գործել քաղաքը։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունը, երբ Մոկաց իշխանը, որ յուր պես աներկյուղ՝ բայց իրանից ավելի ձեռներեց մի մարդ էր, համաձայնվեցավ նրա հետ։ Հենց այս պատճառով սեպուհին ընկերացավ նաև Գոռ իշխանը յուր քաջարի գնդով։

Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին, և վերջապահ գնդերը պատնեշներից հեռացան, ահա՛ Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի ետևից ընկան։

Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ սեպուհը և Մոկաց իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, ետ դարձան իսկույն և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա։

Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրանց գաղտնիքը նախատեսնված է նրանցից։ Այսուամենայնիվ շարունակեցին իրանց ընթացքը, մինչև որ միմյանց հանդիպելով սկսան ընդհարվել։

Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ։

Անցավ կես ժամ․ կոտորածը շարունակվում էր։ Արաբացիք կռվում էին քաջությամբ․ բայց միևնույն ժամանակ շարունակ նայում էին դեպի Դվին, հուսալով, թե ահա՛ կբացվեն շուտով նրա դռները, և՛ ոստիկանի զորքը դուրս կխուժե այդտեղից հայերին շփոթելու և իրանց աջակցելու համար։ Բայց ժամանակն անցնում էր․ հայերը շարունակում էին իրանց ջարդը և սակայն Դվնո կողմից օգնություն չէր հասնում։

Պատճառը հետևյալն էր։ Ոստիկանն ու Բեշիրը, տեսնելով թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ ու ընկավ արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է Դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրանց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից։

Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրանց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց հետ, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել։

Հայոց առաջնորդները հրամայեցին զորքերին խառնվել արաբացոց հետ և միջամուխ լինել քաղաքը։ Եվ որովհետև առաջին օրինակը Գոռն ու սեպուհը տվին, ուստի զորքն աներկյուղ խառնվեցավ թշնամու հետ։ Հագարացիք, որոնք իրանց գլուխները կորցրած՝ անձերնին փրկելու վրա էին մտածում, չկարողացան արգելք լինել ներս խուժող հայերին։ Եվ երբ բերդապահը փախչողներին ներս առած կարծելով՝ հրամայեց քաղաքի դռները գոցել, սարսափելով տեսավ, որ երկաթապատ փեղկերը ջախջախվել են արդեն հայերի ձեռքով և թե նրանցից շատերը նոր կոտորած են սկսել քաղաքի մեջ։

Հուսահատությունը տիրեց հագարացիներին, մանավանդ, երբ դեպի վեր նայելով տեսան, թե միջնաբերդի վրա ծածանում է արդեն հայոց հաղթական դրոշակը։ Ուրեմն փրկության վերջին ապավենն էլ գրավված էր։ Այդտեղ բարձրացել էր Գոռը յուր քաջերով։ Որովհետև, հարձակվող հագարացոց թիվը բազմացնելու պատճառով միջնաբերդի զորքերը ևս միացել էին նրանց հետ, ուստի բերդը մնացել էր անպաշտպան։ Գոռն այդտեղի սակավաթիվ պահակները ջարդելով՝ գրավել էր բերդը և յուր գնդի դրոշը ցցել հինավուրց դղյակի ճակատին։

Արաբացիք իրանց կատարյալ պարտությունը տեսնելով՝ զինադուլ խնդրեցին։ Եվ որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ անելով արաբացիներին, քաղաքն ու բերդն առան իրանց հսկողության տակ։

Հաղթության լուրը հասավ հայոց բանակը և ուրախությամբ լցրեց ամենքին, որովհետև Արտաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ Դվինից զատ՝ կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը։

Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ սեպուհի և Սյունյաց, Մոկաց և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը։

Արևը դեռ նոր էր Գեղա բարձունքը ոսկեզօծում, և սակայն կռիվն սկսված էր արդեն։

Նետաձիգ գնդերը իրանց նետերի տարափն էին տեղում, բաղիստրավորները սվիններ էին արձակում, պարսատիկներից կրակ էին ցրվում, բաբանները ահավոր ռումբեր էին նետում, իսկ խոյերն ու էշերը փորում խրամատում էին պարիսպները։ Ինչ վերաբերում է շարժական աշտարակներին, նրանք մարտնչում էին բուրգերի ու մարտկոցների հետ՝ մի տեղ վանելով պահակախմբերը, մյուս տեղ շարժական կամուրջներ վարսելով, երրորդ տեղում բուրգի կողերը փլելով և այլն։

Սաստիկ և աննահանջ հարձակումը մեծ վնասներ էր պատճառում պաշարյալներին, կոտորում էր զորքերը, հրդեհում էր մերձակա շինությունները և խախտում, անպիտանացնում էր ամրությունները։ Այսուամենայնիվ արաբացիք դիմադրում էին քաջությամբ։ Նրանց նետաձիգներն ու սվինավորները փոխարինում էին հայերին՝ սրանցից ստացած վնասը։ Բացի այդ, նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրանց երկաթե կարթերով ու ձողերով գլորեցին և կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և վերելակներ։

Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում՝ նվազում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ։ Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը այն աստիճան սաստիկ էր, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերն անմիջապես գրավեցին։

Բացի այդ, սպարապետի առաջնորդությամբ կռվող զորագունդը հաջողել էր քաղաքի երկաթյա դռներից մինը՝ բաբանից արձակված ռումբերով ջախջախել, որից հետո զորականն սկսել էր դռան հետին սրահակը փորել։ Այդտեղ լցված խիճն ու ավազը դուրս հանելուց հետ, արդեն պիտի բացվեր քաղաքի մուտքը։ Թեպետ արաբացիք կարող էին նրա առաջ փայտի ու նավթի հրդեհ բորբոքել՝ ներս խուժողներից արգելելու համար, բայց դիմադրության այդ միջոցը երկար չէր տևիլ․ հրդեհի նյութը վերջ ի վերջո կսպառեր կամ հայոց հրշեջները կհանգցնեին նրան։

Բեշիրն այդ անդարմանելի վնասը տեսնելով՝ շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրանց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ։

Նսըր ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե «եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ», սաստիկ վախեցավ, երբ զորապետի խոսքերը լսեց։

— Միջնաբերդը մեզ չի պաշտպանիլ, քանի որ քաղաքի պարիսպներն ու պատնեշները չեն կարողանում պաշտպանել, — ասաց նա Բեշիրին․ — եթե Արտաշատը գրաված չլինեին, այն ժամանակ գոնե կարելի էր հուսալ միջնաբերդի վրա, որովհետև նրա գետնափորով կարող էինք ապաստանել Արտաշատին, եթե անխուսափելի վտանգ հասներ մեզ։ Փախստյան այդ ճանապարհը փակված լինելով՝ մեծ չարիք կհասնե մեզ, եթե ամրանանք միջնաբերդում։ Դրանով նախ՝ մենք չենք կարող ապահովել մեզ․ որովհետև հայերը կա՛մ վերջ ի վերջո բերդը կգրավեն, կա՛մ երկար պաշարումով սովամահ կանեն մեզ․ երկրորդ՝ մենք այդ ընդդիմությամբ ավելի կգրգռենք մեր թշնամու զայրույթը, և նա, միջնաբերդը գրավելուց հետո այլևս չի խնայի ո՛չ զորականին և ո՛չ մեր անձին։

— Ի՞նչ անենք ուրեմն, վտանգը դռան մոտ է, — հարցրեց Բեշիրը։

Ոստիկանը չպատասխանեց նրան, աչքերը գետնին հառած մտածում էր։

— Ի՞նչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա, — կրկնեց զորապետը։

— Գիտե՞ս ինչ․․․

— Հրամայի՛ր։

— Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին։

— Ինչպե՞ս․․․ հապա մեր այսքան կորուստն ու կոտորա՞ծը, — բացականչեց Բեշիրը։

— Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում, — նկատեց ամիրան լրջությամբ, — եթե մենք համառինք, ավելի պիտի կորցնենք․․․

— Ուրե՞մն․․․

— Պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը՝ մեր զորքն ու անձը փրկելու համար։

Բեշիրը գլուխը կախեց և լռեց։

Մի ժամից հետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ դրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդսմին հարձակումը դադարեցնել։

Իսկ փոքր ինչ հետո դռները բացվեցան, և երևացին Նսըրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու։

Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ, և կատաղի ընդհարումը կանգ առավ մի վայրկենում։

Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց հետ՝ հանձնեցին թագավորին բերած բանալիները։

Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին։

Ամենից առաջ ներս մտավ Գևորգ Մարզպետունին՝ Արարատյան գնդով, որ կրում էր սպարապետական դրոշը և գրավեց քաղաքի կարևոր դիրքերը՝ անսպառ խլրտումներից ապահով լինելու համար, նրան հետևեցին դաշնակից իշխանները՝ յուրաքանչյուրը յուր զորախմբով և իշխանական դրոշով։ Ապա գալիս էր Վահրամ սեպուհը, առաջնորդելով հեծյալ գնդերին։ Դրանց հետևում էր արքայական հեծելախումբը՝ թագավորական դրոշակով, և ապա ինքը՝ Աբաս թագավորը՝ շրջապատված յուր ազատագունդ թիկնապահներով։

Ամենից հետո գալիս էր Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին Մարզպետունյաց Տան դրոշը։

Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ, սպարապետի առաջին գործն եղավ տեղեկանալ, թե որտե՞ղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը։ Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ և, մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը և որին տակավին հսկում էին արաբացի պահապաններ, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ։

Թագավորը, տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և փարելով իշխանին՝ ասաց։

— Միայն ի պատիվ քո ազատության՝ ներում եմ ես ոստիկանին։ Թո՛ղ ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր Դվնո բարիքները։

Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասուքն աչքներին փարեցին իրար։ Նրանց ուրախության մասնակցեցին բոլոր իշխանները։

Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց ս․ Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրանց։ Արքային դիմավորեց Դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով։

Տաճարից դուրս գալուց հետ Աբաս թագավորը գնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրավված էին արաբացիք, բայց սպարապետն շտապել, պատրաստել էր տվել արքայի բնակության համար։

Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը՝ հալածելով այդտեղից արաբական պաշտոնյաներին։ Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքներն ու աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա։

Երբ Գևորգ Մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, զգացվեց և արտասվեց։

— Ահա՛ վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը, — բացականչեց նա հուզված ձայնով, — բայց ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է նրա գահույքը․․․ ինչո՞ւ այդ մարդը չհամբերեց այնքան, որ աստուծո աջը օգնության հասներ․․․

Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու։

Այսուամենայնիվ ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև, մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով։