Գևորգ Մարզպետունի/Հարսի հիշողություններն ու ոգևորությունը փեսային գալստյան առիթով

Է - Երեք տարվա ընթացքում հայ ազգի կրած և հարս թագուհուն անհայտ մնացած դժբախտությունները Գևորգ Մարզպետունի (Ը - Հարսի հիշողություններն ու ոգևորությունը փեսային գալստյան առիթով)

Մուրացան

Թ - Անհավատարմության հայտնություն
Ը
ՀԱՐՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՈՅՈՒՆԸ ՓԵՍԱՅԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Գիշերից բավական անցել էր․ հավերը խոսել էին վաղուց․ Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած՝ կպառկե վերջապես հանգստանալու և իրան էլ կհրամայե հեռանալ։

Բայց նրա հույսը չարդարացավ։ Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը և այդ պատճառով մի առժամանակ լռությունը նրանց զրույցն ընդհատեց, բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգներն ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց․

— Այդ ժամանակ չէ՞ր, Սեդա, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց։

— Այո, թագուհի, հենց այդ թշվառությունների ժամանակ, — պատասխանեց Սեդան և, ապա նորեն նստելով՝ շարունակեց․

— Ես որ ասում էի, թե վշտերը հավիտենական չեն, թե խավար գիշերին հաջորդում է լուսավոր օրը և բուքին ու փոթորկին պայծառ արևը․․․ Դու քո վշտերից, քո տանջանքներից ես խոսում․ բայց դրանց կարելի է համեմատել այն շատերի հետ, որոնց տանում էր թագավորը․․․ Անցյալ պատերազմների և սովի արհավիրների լոկ պատմությունը ճնշում է քո սիրտը․ հապա ի՞նչ աներ նա, որ այդ ցավերի դառնությունը կրում էր անձամբ, իբրև թագավոր, իբրև ժողովրդյան հայր, դեպի որը դիմում էին բոլոր տառապյալները, դեպի որը բյուրավոր թշվառներ կարկառում էին իրանց ձեռքերը․․․ Բայց և այնպես նա այդ նեղությունները տարավ հերոսաբար, և որովհետև յուր հույսը դրել էր աստծու վրա, ուստի նա չթողեց արքային։ Այն միջոցին, որ յուր իշխանները հեռացած էին իրանից, և երկիրը հեծում էր թշնամու և սովի արհավի բների երեսից, հունաց կայսրը և պատրիարքը կարեկցական և մխիթարական նամակ գրեցին թագավորին, նույնպես և կաթողիկոսին, հորդորելով սրան աշխատել, միացնել հայոց իշխանները թագավորի հետ, և հորդորել նրանց ընդհանուր ուժով դեմ դնել հասարակաց թշնամուն։ Կաթողիկոսը այդ նպատակով շատ աշխատեց, բայց իշխաններն անսաստեցին նրա խրատներին և մերժեցին Վեհի խնդիրները։ Վերջինս մինչև անգամ իջավ Տարոն և աշխատեց այդտեղի մի քանի հզոր իշխաններին հաշտեցնել իրար կամ թագավորի հետ, սակայն այդ աշխատանքն էլ անցավ ապարդյուն։ Վերջն ստիպված եղավ յուր իշխանների՝ ազգի համար անպատվաբեր հակառակության մասին զեկուցանել կայսրին և պատրիարքին, և նրանց օգնությունը խնդրել թագավորի համար ներքին թշնամիների դեմ։ Օտարները արգահատեցին մեր թշվառության վրա և կայսրը հրավիրեց թե՛ թագավորին և թե՛ կաթողիկոսին գնալ յուր մոտ, որպեսզի անձամբ խորհրդակցեն իրանց անելիք օգնության համար։ Կաթողիկոսը չուզեց գնալ, որովհետև վախեցավ, թե հայոց եկեղեցին հունաց եկեղեցու հետ միացնելու առաջարկություն կանեին իրան։ Ուստի հրավերը չընդունեց։ Բայց թագավորն այդպիսի բանից քաշվելիք չուներ, ուստի և յուր իշխաններով ու շքադիր խմբով ելավ գնաց Կոստանդնուպոլիս։ Այնուհետև արդեն հայտնի է քեզ, թե ի՛նչ փառավոր ընդունելություն արին նրան Բյուզանդիոնում, թե ի՛նչ տոնախմբություններ կատարեցին հայոց թագավորի պատվին, թե ինչպե՛ս արքայական թագով ու ծիրանիով պսակեցին նրան, թե ի՜նչ մեծագին ընծաներով մեծարեցին թե՛ իրան և թե՛ յուր իշխաններին։ — Այո՛, այդ ամենի մասին պատմել է Գևորգ իշխանը, — հարեց թագուհին։

— Այս հաջողությունների լուրն արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրանց թմրությունից, — շարունակեց Սեդան։

— Բոլորը կարծես միաժամանակ ոգևորվեցան։ Գագիկ Արծրունին Վասպուրականից սկսավ վռնդել հագարացիներին։ Անձևացյաց և Մոկաց իշխանները իրանց երկրներից հալածեցին Յուսուփա զորքերը։ Հյուսիսային նահանգներից էլ մեր ասպատակները քշեցին նրանց։ Այնպես որ Յուսուփը հանկարծակիի եկածի նման մնացել էր շվարած։ Երբ իմացավ, որ Աշոտ թագավորն էլ հունաց օգնական զորքերովն է վերադառնում Հայաստան, էլ սարսափը պատեց նրան․ առանց ժամանակ կորցնելու ելավ և յուր մնացած զորքերով փախավ Դվինից դեպի Ատրպատական։ Թագավորը վերադարձավ հաջողություններով պսակված։ Առանց աշխատության տիրեց կրկին հագարացիների գրաված երկրներին։ Մի քանի տեղ, ճշմարիտ է փոքրիկ ընդդիմություններ եղան, բայց հունաց և հայոց միացյալ ուժի առաջ ամեն արգելքներ հարթվեցան։ Մեր աշխարհը կրկին խաղաղվեց, ժողովուրդը շունչ, առավ, արտերն ու այգիները կանաչեցին, երկիրը բերքերով լցվեցավ և մարդիկ սկսան ոչ միայն առօրյա հանգստություն վայելել, այլև ուրախության տոներ կատարել․

— Կարծեմ ամենից առաջ իմ տագր Աբասն սկսավ։

— Արքաեղբա՞յրը․․․ Այո՛։ Թագավորը դեռ չէր վերադարձել՝ որ նա գնաց և ափխազաց Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Չէ՞ որ վաղուց սիրում էին նրանք իրար։

— Գիտեմ․ թագավորի թագադրության օրերից։ Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը․․․

— Այո՛, Դվինում․ մի փոքր առաջ պատմում էիր։ Բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվիցավ։

— Իզուր։ Երևի Ափխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ Սևադայի աղջիկը, ինչ կա այդտեղ բամբասելու։

— Ո՛չ, իմ թագուհի, անակնկալ դեպքերն ուշացրին ձեր հարսանիքը։ Չէ՞ որ Յուսուփ ոստիկանը թագավորի՝ հունաց հետ միաբանելը լսելով՝ շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ։ Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան։

— Այո՛, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով՝ երկուսին էլ ուժասպառ անե։

— Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով՝ անաշխատ տիրե մեր երկրին։

— Հասկանալի է։ Այդպես էլ նա արավ Գագիկ Արծրունու հետ, որպեսզի Սմբատ թագավորի ուժը ջլատե։ Բայց վերջում, որովհետև Գագիկը հեռացել էր իրանից, սպարապետին առաջ քաշեց։ Դա մի հին խաղ է, որով մեր թշնամիներն աշխատել են միշտ մեզ տկարացնել։ Չէ՞ որ ավելի ձեռնտու է նրանց, որ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրանք սեփական զորքեր բերեն այստեղ հայերի հետ կռվելու։ Ի՞նչ է պակասում թշնամուն, մեկին թագ կընծայե, մյուսին իշխանություն կտա, այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե և միմյանց դեմ կզինե։ Իսկ երբ նպատակին կհասնե, թագն էլ կխլե, իշխանությունն էլ։ Այդպես անում են բոլոր խարդախ տիրապետները․ իսկ փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրում կան։

— Այո, թագուհի․ սպարապետը գիտեր Յուսուփի խորամանկ նպատակը, բայց և այնպես չխղճահարվեցավ հայրենիքի շահը յուր փառամոլության զոհելու։ Իբր հակառակաթոռ թագավոր՝ սկսավ եղբայրասպան կռիվ մղել յուր հորեղբոր որդու և ազգի օրինավոր թագավորի դեմ։ Կոտորածներ արավ, գյուղեր ու ավաններ քանդեց, քաղաքներ առավ, մինչև որ վերջապես Վաղարշապատի մոտ թագավորական զորքերից չարաչար հաղթվելով փախավ Դվին։ Ահա՝ Աշոտ բռնավորի այս չարիքներն էին պատճառ, որ արքայական հարսանիքն ուշացավ։ Թագավորը կամենում էր երկիրն ամեն կերպ խաղաղացնել և ապա թե տոնական հանդեսներով զբաղվիլ։

— Եվ դու, Սեդա, հիշում ես բոլորը, այնպես չէ՞․․․

— Օ, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ։

— Եվ, իրավ, որքա՜ն քիչ ժամանակ է անցել, ընդամենը երկու տարի․․․ աստված իմ․․․ Եվ այս կարճ ժամանակում այսքան երկա՜ր ապրել․․․

— Ի՞նչ, երկա՞ր ապրել ասացիր․․․

— Այո՛, Սեդա, շատ երկար տանջվեցի․․․ Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել։ Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես․․․

— Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ։

— Հա՜, հա՜, հա՜․․․ խեղճ Սեդա․․․ գեղեցիկ եմ, բայց ո՞ւմ համար, ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը։

— Դու դարձյալ տխրում ես․․․

— Հիշում եմ ինչպես այսօր։ Ես կանգնած էի դղյակի վերին դստիկոնում․ ինձ հետ էին մանկահասակ նաժիշտներս․․․ Ներքև, ամրոցի բակում, հայրս պատվերներ էր տալիս մի խումբ գարդմանացի հեծյալների, որոնք նույն գիշեր ևեթ պիտի ճանապարհվեին դեպի Աղստև, որպեսզի այնտեղ գտնվող մեր մի զորագունդը առաջնորդեին դեպի Վաղարշապատ, թագավորին օգնություն հասցնելու։ Հանկարծ հեռվում, Գարդմանա կամուրջից այն կողմը, մի կարմիր դրոշակ նշմարեցի, որ կարծես թռչում էր օդի մեջ։ «Աղջիկներ, ի՞նչ բան է այն», հարցրի նաժիշտներիս։ Բոլորը միասին այն կողմը նայեցին։ Եվ մինը, որ ամենից սրատեսն էր, հանկարծ աղաղակեց․ «Ավետաբերն է»։ — Ավետաբե՞ր․․․ — հարցրի մեքենայաբար և սիրտս սկսավ տրոփել․․․ Սա ուրեմն թագավորի կողմիցն է, — մտածեցի ես, և ուրախությունից շունչն բռնվեցավ․․․ Եթե հիշում ես, քիչ ժամանակ առաջ ապստամբեցան Գուգարաց վերակացու Գնթունի իշխանները։ Թագավորը Աբաս տագերս հետ միասին գնաց և նվաճեց նրան։ Ապա երկուսը միասին հյուր գնացին ափխազաց Գուրգեն մեծ իշխանին։ Ահա՛, թագավորի այդ բացակայությունից օգտվելով՝ բռնավոր Աշոտը եկավ և Վաղարշապատը գրավեց։ Թագավորը և Աբաս եղբայրն անմիջապես վերադարձան Ափխազիայից և դիմեցին Վաղարշապատ։ Գարդմանից նրանք անցել էին գիշեր ժամանակ։ Հորս հետ տեսնվել էր թագավորը միայն մի քանի վայրկյան, իսկ ինձ թույլ չէր տվել, որ արթնացնեին։ Նույնիսկ ձեզանից ոչ ոք չէր իմացել թագավորի գալն ու Գարդմանից անցնելը։

— Այո՛, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ բռնավորի վրա։ Ոչ ոք չպետք է այդ իմանար։

— Այդպես է․ բայց ճանապարհվելուց հայտնել էր հորս, թե՛ «եթե սուրբ կաթողիկեն օգնե ինձ այս անգամ բռնավորը յուր պարիսպներից վանելու, ավետաբեր կուղարկեմ քեզ կարմիր դրոշով, և ապա կվերադառնամ Գարդման մեր հարսանիքը տոնելու»։ Եվ այդ գիտեի ես, Սեդա, հայրս հայտնել էր ինձ արդեն․ ուրեմն կարող ես երևակայել, թե ի՛նչ հրճվանք, ի՛նչ ուրախություն տիրեց իմ հոգուն, երբ կարմիր դրոշը նշմարեցի․․․

— Երևակայում եմ։

— Եվ այս բանը հորս հայտնել չկարողացա․ լեզուս կարկամել էր ուրախությունից։ Վերջը, երբ նաժիշտներից մինը ճչաց վերևից․ «Իշխան, ավետաբեր է գալիս», և հայրս կարծես չհավատալով նրան՝ հարցական հայացքով նայեց դեպի ինձ, ես ուրախությունից կիսահագած՝ «Այո՛, Այո՛, կարմիր դրոշով», ճչացի նույնպես և վազեցի ներքև։ Երեսս հրճվանքից վառվում էր։ Հիշո՞ւմ ես դու այդ օրը, Սե՛դա։

— Եվ կարելի՞ է մոռանալ այն։ Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից։ Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին։ Նա մեր այժմյան բերդակալը՝ Մուշեղն էր, այնպես չէ՞։

— Այո՛, նա ինքն էր։ Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի․ խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի։

— Եվ երկու օրվա մեջ, — հարակցեց Սեդան, — ամբողջ Գարդմանը տոնական կերպարանք առավ։ Աղստև գնալու նշանակված հեծյալները զրկվեցան Գուգարք, Սյունիք, Արցախ և ուրիշ հեռավոր տեղեր՝ հայոց իշխաններին հարսանիքի հրավիրելու։ Թագավորը դիտմամբ ուշացավ Վաղարշապատում։ Եվ երբ նա եկավ, արդեն բոլոր իշխանները, սեպուհները, նախարարական տանուտերերը և բոլոր իշխանական ընտանիքները գտնվում էին Գարդմանում․ Ափխազիայի իշխանը միայն մի օր առաջ հասավ․ իսկ վրաց թագավորը դիտմամբ ուշացել էր Գանձակում, որպեսզի մեր թագավորի հետ միասին մտնե Գարդման, չնայելով, որ ինքը նրա երկրորդն էր։ Բայց Արծրունյաց Գուրգեն իշխանը, չնայելով քեզանից մերժված լինելուն, այսուամենայնիվ, յուր բարյացակամությունը թագավորին ցույց տալու համար՝ ոչ միայն շքադիր խմբով եկավ հարսանիքին, այլև Գանձակ գնալով՝ հնարներ գործ դրավ, որ վրաց Ատրներսեհին թագավորից գոնե կես օր առաջ բերե Գարդման։ Եվ հաջողեց էլ։ Ատրներսեհը երեկոյան եկավ, իսկ թագավորին հետևյալ առավոտը ընդունեցինք։

— Ընդունեցիք․․․ Այո՛, դուք ընդունում էիք թագավորին։ Գարդմանը երիտասարդացել էր․ լեռներն ու բլուրները հրճվում էին․ ժողովուրդը շլանում էր հայոց իշխանապետության փառահեղ պերճությամբ, իսկ իշխաններին շլացնում էր Սահակ Սևադան յուր հարուստ և մեծավայելուչ հանդերձանքներով․․․ Իսկ ե՞ս, Սեդա, ես ընդունում էի ո՛չ միայն հայոց թագավորին, հայոց իշխանապետության պարծանք Աշոտին, այլև․․․ Ա՜խ, ․․․ և այժմ ես կարողանում եմ այս բառերն արտասանել․․․ Այո՛, Սեդա, ես ընդունում էի նրան, որ բերում էր յուր հետ իմ վարդածին հույսերի պսակը, իմ անսահման երջանկությունը, իմ երանության երկինքը․․․ Ընդունում էի նրան, որ կրում էր յուր մեջ իմ սիրապատար սիրտը, իմ սիրաշունչ հոգին․․․ որի հայացքը հափշտակում էր իմ էությունը, որի ձայնը հնչում էր իմ ականջին ինչպես գերոբեների մեղեդին․․․ և այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, Սե՛դա, իմ փեսան, իմ ամուսինն էր․․․ Օ՛հ, մի՞թե կարելի էր այդքան երջանկության դիմանալ․․․

Եվ այն բոլոր փառահեղ պատրաստությունները, իշխանների ցույց տված հարգանքը, գարդմանացոց ու հայ զորաց ոգևորությունը շատ փոքր բաներ էին երևում իմ աչքում։ Ես կամենում էի որ Աշոտ-Երկաթի համար այդ ամենը կրկնապատկվեր, եռապատկվեր․ չէ՞ որ նա բոլոր ընտիր հայերից ընտրելագույնն էր, համայն հայ իշխաններից բարձր ու գերազանցն էր․․․ Ա՜խ, Սեդա․ եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպե՜ս մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպես կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ՝ երբ կապվում է նա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ․․․ Օ՛հ, այն ժամանակ նրանք երբեք չէին իջնիլ սեղանի այն բարձրությունից, որի վրա մեր բարեպաշտ սիրտը երկրպագում է նրանց․․․

— Խեղճ կին․․․ — շշնջաց ինքն իրան Սեդան։

— Հայրս պահանորդ գնդով թագավորին դիմավորելուց առաջ պատվիրել էր, որ ես, իբրև արքայի հարսնացու և Գարդմանա հզոր իշխանի աղջիկ, չելնեմ իմ դստիկոնից և չերևամ ժողովրդին, մինչև որ ինքն արքան դղյակը գալուց հետո չպատրաստվեր ինձ ընդունելու։ — Պատշաճից օրենքը այս է պահանջում, — ասում էր նա։ Բայց ես․․․ ո՜վ երջանկության անդարձ վայրկյաններ․․․ չկարողացա դիմանալ և պատշաճից օրենքներին չանսաստել։ Բոլոր Գարդմանը իմ արքայի ու փեսայի ընդունելության փառքը պիտի տեսներ, ինչպե՞ս կարող էի ես զուրկ մնալ այդ հաճույքից։ Եվ ահա փակել տվի ես իմ դստիկոնի մուտքը, նաժիշտներին հրամայեցի ոչ ոքի չընդունել և ես նրանցից մինին վերցնելով, դղյակի գաղտուկ նրբանցքով բարձրացա մեծ աշտարակի գլուխը։ Այնտեղ բարձրացե՞լ ես դու, Սե՛դա։

— Ո՛չ․ կինն ինչպե՞ս կարող է բարձրանալ։ Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից։

— Բայց մենք բարձրացանք՝ ինչպես այծյամ։ Գարդմանա շրջակաները երևում են այնտեղից՝ ասես թե ափի մեջ։ Դաշտը, գետակը, լեռները, բոլորը մեր առջևն էին։ ժողովուրդը խռնված էր ամեն տեղ։ Երբ առաջին անգամ դեպի կամուրջը նայեցի, հառաջապահ հեծյալների գունդը տեսա, որոնք սպիտակ դրոշը ծածանելով թռչում Էին հողմի պես։ Նրանց հետևում էր արքան, շրջապատված յուր գեղահասակ թիկնապահներով, որոնց փայլուն զրահները շողշողում էին արևի առաջ և կարծես իրանց շուրջը կայծակներ թոթափում։ Թագավորը նստած էր սպիտակ և ոսկեսար նժույգի վրա, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկած նույնպիսի սաղավարտ, որի վրա ծածանում էր՝ արծվաձև Գարդմանակը հովանավորող՝ ձյունաթույր ցցունքը։ Արքային հետևում էր հայրս՝ զուր գարդմանացի ասպետներով․ ապա Սիսական իշխանները, ոստանիկների խումբը, Աղվանից սեպուհը, Գուգարաց բդեշխը, Արծրունյաց ու Մոկաց իշխանները, Արցախու և Խաչենի տանուտերերը, և այլն, և այլն։ Այնուհետև գալիս էին պետական ու տանուտիրական զորքերը, սեպուհ, դրանիկ և ոստանիկ գնդերը, և վերջապես շրջականերից հավաքված ժողովրդի ստվարախումբ ամբոխը։ Երբ հառաջապահ հեծյալների խումբը մոտեցավ բերդին և փողերը արքայի գալուստն ավետեցին, Գարդմանը հեղեղող իշխանների, զորքի և ժողովրդյան բազմությունն անհետացավ իմ աչքից։ Իմ աշխույժ ու անհագ հայացքը հառեցի միայն իմ փեսայի և սիրարժան թագավորի վրա։ Թիկնապահների խումբը բերդի դռանը հասնելով՝ կանգ առավ երկու կարգի վրա։ Թագավորն առաջ անցավ։ Նրա ահիպարանոց նժույգը՝ զգալով կարծես թե ի՛նչ դյուցազն է կրում յուր վրա, մոտենում էր դարբասին ավելի սիգապանծ և որոտաձայն խրխնջյունով։ Եղբայրներս իրենց հետևորդներով ընդառաջեցին թագավորին բերդի հանդիպակաց դռներում․ իսկ մայրս ընդունեց նրան դղյակի մուտքի առաջ, շրջապատված Գարդմանի ավագանիներով և նրանց տիկիններով։ Եթե համոզված չլինեի, որ այս շլացուցիչ փառքին հաղորդակից պիտի լինիմ ես, եթե չգիտենայի, որ ինձ է պատկանում այն անձը, որին ամենքն աշխատում են մոտենալ, որի հայացքը այնպես ճգնում են հափշտակել, և ես միևնույն ժամանակ տեսնեի ինձ այնքան նրանից հեռու, աշտարակի մեջ բանտարկյալ, օ, գուցե այդ բարձրությունից իսկ գլորեի ինձ ներքև․․․ բայց երբ մտածում էի, թե նա իմն է, թե այդ բազմամբոխ զորքի ու ժողովրդյան հրամայողը իմ ապագա ամուսինն է, երբ տեսնում էի, որ երբեմն իմ ձեռքը խնդրող իշխաններն այժմ անհուն մեծարանքով ու ակնածությամբ գլուխ են խոնարհում նրա առաջ, և այդ բոլորը ես տեսնում եմ, ներքին հրճվանքից սիրտս կամենում է դուրս թռչել․․․ և այդ միևնույն սիրտը, եթե գտնվեր այդ րոպեին իմ ձեռքում, հավատացիր, իմ բարի Սեդա, ես կգլորեի նրան, այդ դյուցազնի ոտքերի առաջ․․․