Առ Պ. Տ. Ադամյան

<1871>

<ԴԱՄԲԱՆԱԿԱՆ>

Մեծարգո′ հանդիսականք.

Կ՞աղաչեմ, կեցիք² քիչ մ՝ալ, դեռ մի զատվիք այն սգալի դագաղեն, որուն տժգույն ճամփորդը հանդարտությամբ լսեց իր բարեկամաց հառաչանքը։ Լսեցեք և դուք ուրեմն իր կենաց վսեմ արձագանքը, զոր ինքը բարեկամի մը անկեղծ սիրտը փոխադրեց. լսեցեք իր մեծ հիշատակը հռչակող մտերմի մը տկար³ ձայնը, որ կը հանդգնի թնդացնել4 գերեզմանի մը ահարկու կամարը։

Մեռավ մեր սխրալի5 բարեկամը, Վարդան Լութֆյան. մեռավ երկրի վրա, գերեզմանաց անշունչ մարմարիոնեն ավելի, որ կը քրտնի, մեռավ այն ծաղկեն ավելի, որ տարվե տարի կը վերածնի. մեռավ նա, ցամքեցավ քսաներորդ գարնանը մեջ։ Բայց հիմա՞ լանք։ Մենք մեծ սխալ մը կը գործենք, զոր միշտ պիտի կրկնեմ, ծնող մարդուն վրա լալու տեղ մեռնող մարդուն վրա կուլանք7, մինչդեռ նա վշտալի8 անդունդի9 մեջ կը ծնի և երանության կատարը կը մեռնի։ Չըսենք թե տիեզերք Աստուծո մը ծաղրն է․ երբեք, տիեզերք հոգիներու բովն է10։

Վարդան Լութֆյան անոնցմե էր, որոնք միշտ իրենց կենաց11 մեջ երկնից բուրումը կզգան. այն երջանիկներեն էր, որոնք մաքուր և կարճ կյանք մը կը շնչեն։

Այս զգածյալ բազմության մեջ շատ քիչեր կան, որ անոր սիրտը և հանճարը կը ճանչեն։

Հոս միայն մեկ ողբալիք կետ մ’ունինք. Վարդան գաղափարի հեղափոխական մ’ըլլալու տրամադրյալ էր, երբ լուսո շենքը ձեռքն առավ, երբ ձեռքը թարմ և հանճարեղ ճակտին տարավ, մահը պաղ քրտամբք զայն ողողեց։ Ահա այս է ցավալին։

Սակայն կ’ուզե՞ք որ այժմ իր հոգին չը խռովի. իր կրակն ու հիշատակը Ձեզ կը թողու, դուք որ իր բարեկամներն եք, հառաջ տարեք իր սկսած գործը եթե զինքը կը սիրեք։

Սակայն այս սգալի հանդիսին մեջ բան մը զիս կը զարմացնե. ցավելով կը տեսնեմ որ մեռելաթաղներ բրիչ ի ձեռին անհամ բեր կսպասեն որ սիրելվույն սև փոսը վայրկյան մ’առաջ գոցեն. անոնք կը կարծեն որ այն մարդոցմեն մեկը կը թաղեն, որոնց գերեզմանը անդունդ մ’է, որոնք իրենց հիշատակին վրա կը մեռնին։ Ըսեք իրենց, դուք որ Վարդանը կը ճանչեք, ըսեք որ ասի այն մարդոցմեն չէ, ասի լուսո զինվոր մ’է և չը թաղվին որչափ որ ցուրտ հող թափեն իր դիակին վրա․ ասի տասնեիններորդ դարու ազգի մը և լուսո ճառագայթներեն մին է:

Միթե կը թաղվի՞ ճառագայթը։

Մանավանդ ինչո՞ւ այս գերեզմանը, մինչդեռ իր բարեկամաց ջերմ սրտերը բաց են զինքը հյուրընկալելու.

Գոցվե, դու սև գերեզման,

Վարդան մերն է հավիտյան։

Պ․ Դուրյան