Դառն օրերի տառապանքում

Վահան Տերյան


ԴԱՌՆ ՕՐԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՈՒՄ



Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ…