Դավիթ-բեկ
 Թ
ԺԱ 
[80]
Ժ

Մինչ երկու մելիքները տխուր հուսահատության մեջ նախատում էին իրանց անհեռատեսությունը, պախարակում էին իրանց դանդաղկոտությունը, այդ միջոցին բանտապետը դուրս էր բերում գերիներին իրանց մթին խորշից։ Նայողների հետաքրքիր բազմությունը հավաքված էր այնտեղ, և անհամբերությամբ սպասում էին տեսնել այդ թշվառներին, որոնք մի քանի ամիս մաշվում էին ստորերկրյա զնդանի մեջ։ Այնտեղ դուրս բերեցին գերիներին, մի քանի ղաթարներով, որպես քարավանի գրաստներին կապում են միմյանց հետ։ Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց․ մի երկայն շղթա, որի օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին։ Այդ բավական չէր, բոլորի թեքերը ետևից շղթայված էին կապանքներով։ Բանտապետը սկսեց բաց անել կապանքները։ Շատերը չէին կարողանում ոտքի վրա կանգնել․ ստորերկրյա զնդանի սպանիչ խոնավությունը անցել էր մինչև նրանց ոսկրները և թուլացրել էր նրանց ջղերը։ Մարդ սարսափում էր, նայելով այդ մաշված, դեղնած, դալկացած թշվառների վրա, որոնք, կարծես, գերեզմանից էին դուրս գալիս։ Տեսնելով դրսի օդը, դրսի լույսը, նրանք փոքր-ինչ զվարթացան, իսկ ազատության հույսը կյանք տվեց նրանց։ Շղթաների մեջ մի քանիսը մեռած էին․ դիակը օրերով կապված էր մնացել կենդանի ընկերի հետ։ Նրանց կրկին ձգեցին զնդանի մեջ, որ հրապարակի վրա չմնան, որ Թորոսի մարդիկը չտեսնեն։

Դժվար է նկարագրել այն անսահման ուրախությունը, որ տիրեց այդ թշվառներին, երբ Թորոս իշխանի մարդիկը եկան նրանց տանելու։ Մի քանի րոպե ցնորվածի նման գրկախառնվում էին, համբուրվում էին և շատերը արտասուք էին թափում։ Թորոսի, այդ փրկարար հրեշտակի, պաշտելի անունը մոռանալ տվեց նրանց կրած տանջանքները։ Շատերի համար մաքուր հագուստներ էին ուղարկված իրանց ազգականներից, և սկսեցին անմիջապես փոխել իրանց կեղտոտ հագուստները։ Պատանի Ստեփաննոսը հագնվեցավ, որպես վայել էր մի իշխանական տոհմի ներկայացուցչին։ Նրա գլխի վերքը հոգատար տիկնոջ խնամքով բավական լավացած էր, իսկ գունաթափ, հիվանդոտ դեմքը իր թառամության մեջ ավելի գեղեցիկ էր։ Երբ նա բոլորովին պատրաստ էր, խանի մանկլավիկներից մեկը մոտեցավ նրան, և գլուխ տալով, ասաց․

— Խանը հրամայեց իր հետ ճաշել, Թորոս իշխանն էլ այնտեղ է։
[81]
Մանկահասակ իշխանազնը, շրջապատված իր հոր վաղեմի ծառաներով, սկսեց հանդիսավոր կերպով դիմել դեպի խանի վրանը։ Նա անցավ կանանոցի չադրների մոտից։ Այդ միջոցին չէր կարելի չնկատել, որ կանանոցի սարայփերդեից մի գեղեցիկ կանացի գլուխ կիսով չափ վեր բարձրացավ, և երկու խոշոր, սևորակ աչքեր սկսեցին նայել նրա վրա։ Մանկահասակ իշխանազնը շուռ եկավ դեպի այն կողմը և երկուսի աչքերը հանդիպեցին միմյանց։ Այդ լուռ, խորհրդավոր հայացքի մեջ նրանք այնքան շատ բան ասեցին միմյանց և այնքան ազդու կերպով արտահայտեցին իրանց սրտերի զգացմունքները, ինչ որ անկարող էր կատարել պերճախոս լեզուն։ Մնացած գերիները տարվեցան Թորոսի ձիավորների մոտ։

Խանը այնպես ուրախությամբ հանդիպեց Ստեփաննոսին, կարծես, մի ցանկալի հյուր էր ընդունում, կարծես, նրա հետ նոր էր ծանոթանում, և բնավ չգիտեր, թե նա իր բանտումն էր գտնվում։ Շահումյանների տունը քանդողը, նրանց երկիրը բռնությամբ գրավողը և Ստեփաննոսի հորը ու նրանց ամբողջ ազգատոհմը սրից անցկացնող գազանը, մի առանձին քաղցրությամբ դարձավ դեպի պատանին, հարցնելով․

— Լա՞վ եք, ո՞ղջ եք, առո՞ղջ եք, ինչպե՞ս է ձեր քեֆը, բարով եկաք, հազար բարով, — և հրավիրեց նրան նստել իր մոտ։

Հպարտ պատանին, որին ավելի էին ցավեցնում այդ շողոքորթությունները, քան իր մի քանի րոպե առաջ կրած շղթաները, սառնությամբ գլուխ տվեց խանին, հայտնելով իր շնորհակալությունը նրա ուշադրության համար, և մոտեցավ Թորոս իշխանին, գրկվեցավ նրա հետ։ Իշխանի ուրախությանը չափ չկար։ Այդ վեհ, մեծասիրտ մարդը չկարողացավ զսպել իր արտասուքը, երբ տեսավ իր քրոջ որդուն, որը կարծես ոգիների աշխարհից էր վերադարձել, որին մյուս անգամ տեսնելու ամենևին հույս չուներ։ Պատանու մռայլոտ աչքերում նույնպես երևացին արտասուքներ։ Այդ անսահման հոգեկան վրդովմունքի մեջ, նրանք ոչինչ միմյանց ասել չկարողացան։ Խանի վրա ազդեց նրանց սրտաշարժ դրությունը և խնդրեց նրանց նստել, ասելով․

— Հանգստացեք, ամեն բան լավ կլինի․․․ ամեն բան կմոռացվի․․․ չարժե այսքան տխրել անցավոր աշխարհի համար․․․

Բռնակալի խոսքերի մեջ կար և կարեկցություն և դառն հեգնություն։ Նա խրատում էր չտխրել անցավոր աշխարհի համար, որ միայն հայ մարդու վերաբերությամբ սև էր․ նա խրատում էր մոռանալ սպանված հորը, սպանված մորը և սրից անցած ամբողջ
[82]
ազգատոհմը․ նա խրատում էր մոռանալ հայրենական կորցրած երկիրը, որ իր ձեռքումն էր գտնվում։

Պատանի Ստեփաննոսը իր աչքերը դարձրեց դեպի վրանի առջևի հրապարակը, որի վրա միմյանց հանդեպ կանգնած էին երկու շարք ձիավորներ` հարոց և պարսից։ Յուրաքանչյուր շարքը զուգահեռաբար ձգվում էր, որպես մի ուղիղ պարիսպ կազմված զինված ձիավորներից։ Թե՜ հայերը և թե՜ պարսիկները, հրացանները պատրաստ ձեռներին բռնած, լուռ և կասկածավոր կերպով նայում էին միմյանց երեսին։ Արեգակի ճառագայթները շողշողում էին փայլուն զենքերի վրա և լուսավորում էին անթիվ գլուխներ սև փափախներով, որոնք միախառնվելով, ձևացնում էին մի տեսակ մթին, լայնատարած զանգված։ Նա երեսը շուռ տվեց և հարցրեց Թորոսից։

— Մենք երկա՞ր պիտի մնանք այստեղ։

— Ոչ, — պատասխանեց իշխանը լռությամբ, — շուտով կհեռանանք։

Խանը հասկացավ, որ նրանք աճապարում են, հրամայեց շուտով ճաշի սեղանը պատրաստել։

— Դուք, — ասաց նա դառնալով իր հյուրերին, իմ աղուհացը անպատված կլինեք, եթե ինձ հետ չճաշեք։ Ձեզ սեղանակից կլինեն և երկու հարգելի հյուրեր` մելիք Ֆրանգյուլը և Բաղր բեկը։

Լսելով այդ երկու գարշելի անունները, թե՜ իշխանը և թե՜ պատանին երկուսն էլ վեր կացան, հայտնելով, թե չեն կարող սեղանակից լինել այնպիսի անազնիվ և զզվելի մարդկանց հետ։ Խանը նկատելով այդ, կատակի ձև տվեց իր առաջարկությանը, ասելով․

— Տեսնո՞ւմ եք, սուտ չեն ասում, թե հայերի մեջ միաբանություն չի լինի։

— Շների հետ չեն միաբանվում, խան, — պատասխանեց իշխանը փոքր-ինչ բարկացած ձայնով։ — Այսպիսի ցած խաբեբաները, այսպիսի անամոթ ստախոսները, այսպիսի անարգ դավաճանները ձեզ մոտ միայն կարող են շնորհ գտնել, իսկ ես նրանց զզվելի երեսը տեսնել չէի ցանկանա։

Որքան և վիրավորական լինեին իշխանի խոսքերը, դարձյալ խանը իրան զսպեց և ոչինչ չպատասխանեց։ Նրան ի՞նչ վնաս երկու հայ մելիքների ցած, անամոթ, դավաճան լինելը, երբ նրանց խաբեությունից և դավաճանությունից միշտ օգուտ էր քաղում նա։ Բայց ցանկանալով իր հյուրերին, որքան կարելի է, գոհունակ
[83]
ճանապարհ դնել, նա իր խոսքը հետ առեց։ Իշխանը և պատանին հանգստացան, կրկին նստեցին իրանց տեղերը։ Խանը սովորություն չուներ իր կանանոցում ճաշելու․ կանանց հասարակությունը կարող էր ստորացնել նրա արժանավորությունները։ Բացի դրանից, նրա կարծիքով, կանանց հետ պետք չէր շատ մտերիմ լինել, պետք չէր շատ ընտանեբար վարվել, այդ կարող էր նրանց ավելի համարձակություն տալ, կարող էր, ինչպես ասում են` նրանց «երեսը բաց» անել, լրբացնել։ Կնիկներին պետք էր միշտ երկյուղի և սարսափի տակ պահել։ Իսկ նրանց հետ ճաշելը գլխավոր պատճառներից մեկն էր մտերմական հարաբերությունների, որը շատ ցանկալի բան չէր։ Եվ ո՞ր մեկի մոտ կարելի էր ճաշել։ Նրանք թիվ և համար չունեին։ Մեկի մոտ հյուր լինելիս, մյուսը անպատճառ կամ կվիրավորվեր կամ կնախանձվեր և կամ մի ուրիշ ղալմաղալ կսարքեր։ Կնիկները ընդհանուր սեղանատուն չունեին, այլ յուրաքանչյուրը իր առանձին խոհանոցն ուներ։ Այս պատճառով խանը, հետևելով բոլոր մեծ մարդերի սովորությանը, միշտ իր վրանումն էր ճաշում և միշտ ուներ իր մոտ հյուրեր իր ցեղի նշանավոր պետերից։ Հացը, առատաձեռնությունը գլխավոր պայմանն էր այդ գիշակերներին իր հետ կապելու։ Բայց այս անգամ ոչ ոք չէր կանչված, որովհետև այնտեղ կային քրիստոնյա հյուրեր, որոնց հետ սեղանակից լինելը կարող էր պղծել մահմեդականներին։ Չէր կանչված և ցեղի շեյխը, հոգևոր գլուխը, որը խանի սեղանի անպակաս հացկատակն էր։ Այնտեղ կային, բացի իշխանից և պատանի Ստեփաննոսից, գլխավոր քարտուղարը (մունշի-բաշին) և բժիշկ-դերվիշը, որին խանի խնդրելով շեյխը ուղարկել էր նրա մոտ, որ հրաշալի մաջունի մասին տեղեկություն ստանա։ Այդ տարօրինակ մարդը իր օտարոտի կերպարանքով իր վրա էր դարձնում բոլորի ուշադրությունը։ Հունական հին մերկիմաստակների պես, նրա ամբողջ հագուստը բաղկանում էր մի կտորից միայն․ դա հասարակ կտավից կարված մի սպիտակ շապիկ էր, հայոց ժամի շապիկների նման, որ իջնում էր մինչև կրունկները։ Բացի դրանից ուներ մի վագրի մորթի, որ նստելու ժամանակ իր տակն էր ձգում որպես օթոց, իսկ ման գալու ժամանակ ձգում էր ուսերի վրա որպես թիկնոց։ Գլխարկ չուներ․ նրա տեղը բռնել էինի գլխի խիտ, խճճված մազերը, որոնք երբեք մկրատի և սանրի երես չտեսնելով, թաղիքի ձև էին ստացել։ Մորուքը նույնպես սանրված չէր։ Երևում էր այդ դերվիշը պատկանում էր ֆագիրների այն դասակարգին, որոնք ճգնության և իրանց անձը
[84]
զրկելու ու տանջելու փորձությունների մեջ, մտածում են գտնել մի հոգևոր և գերբնական գոյափոխություն, որ կհեշտացներ նրանց հաղորդակցություն ունենալ անմարմին էակների հետ։ Մերկ պարանոցի վրա, կանանց մանյակների նման, անցուցած էին զանազան տեսակ հուլուններ, որոնք կախարդական և թելիսմանական նշանակություն ունեին։ Երկու ձեռքերի, մինչև արմունկները մերկ, բազուկների վրա փաթաթած էին աղոթելու «տերողորմյաներ» յուսրից[1] շինված, սև և խոշոր հատիկներով։ Երեսի թուխ կաշին, գլխի և մորուքի սև, և փոքր-ինչ ստևանման մազերը ցույց էին տալիս, որ այդ թափառաշրջիկ մերկիմաստասերը եկած պիտի լիներ Արաբստանի խորքերից։ Նրա խռպոտ ձայնը և պարսկական մաքուր արտասանությունը հաստատում էին այդ։ Բայց նրա խոսակցությունը ավելի երգի հանգ և ներդաշնակություն ուներ, քան հասարակ խոսակցության։ Նա ավելի պատասխանում էր, քան թե խոսում էր։ Նրա պատասխանները կարճ հանելուկների ձև ունեին, որոնց պետք էր մեկնել, բացատրել։

Ճաշի ժամանակ էր։ Խանի մանկլավիկներից մեկը, մի ձեռքում բռնած արծաթե լագան, մյուսում արծաթե ջրածիկ (աֆտաֆա) մտավ վրանը։ Նախ լագանը դրեց խանի առջև, չոքեց, սկսեց ջուր ածել նրա ձեռքերի վրա, նա լվացվեցավ։ Հետո լագանը դրեց դերվիշի առջև․ նա հրաժարվեցավ լվացվելուց, հայտնելով, թե լվացվելու սովորություն չունի։ Հետո լագանը դրեց իշխանի առջև, իսկ նրա լվացվելուց հետո հերթը հասավ Ստեփաննոսին և գլխավոր քարտուղարին։ Բայց պետք է ասած, որ ամենքը ավելի թրջում էին իրանց ձեռքերը, քան թե լվացվում էին։

Դերվիշի յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր սովորությունը միշտ խորհրդավոր նշանակություն ունենալով պարսիկների աչքում, խանը հետաքրքրվեցավ իմանալ, թե ինչո՞ւ նա լվացվելու սովորություն չունի։

— Պետք է մաքրել ներքին մարդը, — պատասխանեց նա։

— Ներքին մարդը ո՞րն է։

— Հոգին։

Եվ իրավ, նա երկար տարիներ չէր լվացվել, և ամբողջ մարմինը կեղտով պատած, հոտում էր։ Ավելի զզվելին այն էր, որ զանազան միջատներ համարձակ կերպով շրջում էին, վժվժում էին
[85]
նրա մորուքի և գլխի մազերի մեջ, մարմնի վրա, որոնց հոժարակամ նա թույլ էր տվել ուտել իր անձը[2]։

Լվացվելուց հետո մի ուրիշ մանկլավիկ տարածեց հատակի գորգերի վրա սեղանի գույնզգույն սփռոցը։ Սփռոցը գործված էր Սպահանում և նրա ծոպավոր եզերքի վրա արաբական խոշոր տառերով տպված էին զանազան աղոթքներ ղորանից և այլ գրքերից։ Մեջտեղում գունավոր թելերով ասեղնագործած էին հրեշտակների պատկերներ, որոնք ձեռքներին բռնած ունեին փոքրիկ մանգաղներ և ցորենի հասկերից փունջեր։ Այդ բոլորը արտահայտում էին խանի կրոնական ջերմ հավատը։ Իսկ ավելի ազատամիտ մահմեդականների սեղանի սփռոցը Պարսկաստանում այլապես է պատրաստվում։ Ղորանի աղոթքների փոխարեն լինում են Հաֆիսի կամ Սաադիի երգերից գեղեցիկ կտորներ, իսկ հրեշտակների փոխարեն` կիսամերտ աղջիկներ, կամ մշտադալար հյուրիների ու փերիների հրապուրիչ պատկերնր, որոնք կամ պար են գալիս, կամ գինում բաժակներ են մատուցանում քեֆի մեջ ընկղմված մի հեշտասեր տղամարդի։

Երբ սեղանի սփռոցը տարածվեցավ, մի քանի ուրիշ մանկլավիկներ, գլխների վրա դրած, բերեցին երեք մեծ պղնձե սինիներ[3], որ սքողած էին թանկագին ծածկոցներով, որոնց եզերքը զարդարած էին ոսկեթել ծոպերով։ Սինիներից մեկը դրեցին խանի առջև, մյուսը իշխանի և Ստեփաննոսի առջև, իսկ երրորդը դերվիշի և գլխավոր քարտուղարի առջև։ Երբ բարձրացրին ծածկոցները, սինիների վրա տեսնվեցան շարված բազմաթիվ մեծ և փոքր պղնձե պնակներ, լի զանազան տեսակ կերակուրներով, որոնց տաքությունը պահպանելու համար ծածկված էին նույնպես պղնձե կալպակներով։ Այդ անոթները իրանց գեղեցիկ քանդակագործություններով, որպես պարսկական արհեստի և ճարտարապետության ճոխ արդյունք, կարող էին ամենանշանավոր մուզեումի զարդարանքը լինել։

Բայց Թորոս իշխանի ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան․ ոչ միայն խանի սինին և նրա կերակուրները բաժանված էին մյուս հյուրերի բաժիններից, — այլ նա նկատեց, որ խանի սինիի ծածկոցի ճոթերը կնքված էին մոմով։ Նա առաջ խնամքով նայեց կնիքներին, հետո իր ձեռքով վեր առեց ծածկոցը։
[86]
Իշխանը չկարողացավ իր հետաքրքրությունը զսպել և կասկածավոր կերպով հարցրեց․

— Այդ ի՞նչ կնիքներ են։

— Ինչո՞ւ եք զարմանում, — խոսեց խանը ժպտալով, — այն խոհանոցը, ուր պատրաստվում են ինձ համար կերակուրներ, գտնվում է մորս անմիջական հսկողության ներքո, նա սովորություն ունի իր ձեռքով ածել կերակուրները և իր կնիքով կնքած ինձ ուղարկել։

— Ինչո՞ւ համար։

— Ինչպե՞ս ինչու համար․ կերակուրները կարող են թունավորել։

— Ովքե՞ր։

— Կնիկները։ Մի՞թե կարելի է նրանց հավատալ, եթե ինձ հետ թշնամություն էլ չունենան, կարող են կաշառված լինել դրսից։ Անցյալ տարի փոքր էր մնում, որ ես պիտի մեռնեի, եթե ինձ չազատեր մի թավրիզեցի հայ բժիշկ։ Փլավի մեջ թույն էին խառնած, ես կերա առանց զգալու․ իսկույն սկսեցին աղիքներս կտրատվել։ Այն օրից մայրս արգելեց այդ քածերին իմ խոհանոցը մտնել, և կերակուրների սինին կնքված է ուղարկում ինձ, միգուցե սպասավորները նույնպես չարություն գործեն։ Ախար ամենն էլ այստեղ բարի պտուղներ չեն։

Խանը այնպես հասարակ կերպով էր խոսում իր ընտանեկան գաղտնիքների վրա, կարծես, այնտեղ մի սովորական բան լիներ թունավորելը, սպանելը։ Կնիկները, նրա կարծիքով, կյանքի ընկերներ չէին, այլ մի տեսակ անհավատարիմ առարկաներ, որ լավ չէին ծառայում, որոնց վրա հույս դնել չէր կարելի։

— Հայտնվեցա՞վ թունավորողը։

Հայտնվեցավ․ ես հրամայեցի անզգամին ձգեցին մի տոպրակի մեջ և խենջարներով ծածկեցին։

Պարսիկների մեջ հարեմական դրությունը կնոջ վերաբերությամբ պահպանվում էր և պատժի ժամանակ։ Դահիճը չպիտի տեսներ իր զոհի երեսը, այս պատճառով նրան սկզբից ձգում էին մի մեծ տոպրակի մեջ և բերանը կարում։ Գործողությունը կատարվում էր տոպրակի դրսից, երբ ամեն ինչ վերջացած էր, միևնույն արյունաթաթախ պատանի մեջ դիակը տանում թաղում էին։

Խանը մինչև անգամ պատմեց այն մանրամասնությունները, որ առիթ էին տվել այն «անզգամին» թունավորել իրան․ ասաց, որ նա մի հասարակ գյուղացի աղջիկ էր, մի օր որսորդության ժամանակ
[87]
տեսավ նրան լեռների վրա, ոչխարներ էր արածացնում․ տեսավ և հավանեց նրան, ներքինիներից մեկին ուղարկեց նրան բերեցին իր կանանոցը․ աղջկա ծնողները ուրախացան, որ նա ընկավ խանի կանանոցը, թեև մի ուրիշ տղայի հետ նշանված էր, բայց «անզգամը» երևի չմոռացավ նրան, և խանին սպանելով, աշխատում էր կրկին ընկնել իր սիրելիի գիրկը։ Հարեմական ինտրիգաները, խեղճ կնոջ եղերական պատմությունը, թույնը, — այդ բոլորը այն աստիճան անախորժ տպավորություն գործեցիին թե՜ իշխանի և թե՜ պատանի Ստեփաննոսի վրա, որ նրանք բոլորովին կորցրին իրանց ախորժակը մի բան ուտելու, թեև պարսկական խոհանոցի արդյունաբերությունը հրապուրելու չափ համադամ էր։ Պղնձե պնակների կալպակները բարձրացնելով, գտան նրանց տակ ամեն տեսակ խորտիկներ, սկսյալ մսեղենից, մինչև ընդեղեն, բանջարեղեն կերակուրները և բազմատեսակ անուշեղենները։ Նրանց մոտ դրած էին ահագին ամանների մեջ զանազան տեսակ քաղցր շերբեթներ և մածնաթան (աբդուղ), որոնց պետք էր խմել ահագին շերեփներով, որ խիստ նուրբ և գեղեցիկ կերպով շինված էին շիմշատի դեղին փայտից։ Ոգելից ըմպելիքներ չկային։ Դանակ, պատառաքաղ, սեղանի այսպիսի պարագայք չկային։ Բոլոր կերակուրները պետք էր ուտել մատներով։ Երբեմն խանը յուղաթաթախ մատներով վեր էր առնում իր բաժնից մի պատառ տապակած միս կամ մի բուռը փլավ, և դնելով իշխանի պնակի մեջ, ասում էր․ — Կերեք, դա լավ կտոր է։ Այդ առանձին ուշադրություն և առանձին պատիվ էր հյուրին։ Դերվիշը ոչ մի կերակուրի չդիպավ, հայտնելով, թե սովորություն չունի մսեեն կերակուրներ ուտելու։ Նրա կարծիքով այդ մի տեսակ գազանություն էր, որ մի անասուն, մորթում, ուտում էր մի ուրիշ անասունի միսը։ Նա առեց մի կտոր ցամաք հաց, թաթախեց աղի մեջ և կերավ։ Այդ եղավ նրա ճաշը։ Հետո հեռացավ սեղանից, կուչ եկավ վրանի մի անկյունում, և հանեց իր կշտից քարշ ընկած, հովվի մախաղի նմանություն ունեցող գրպանից մի ինչ-որ բան[4], դրեց փոքրիկ ղեյլանի գլխի վրա, վառեց ղեյլանը, սկսեց ծխել։ Մի րոպեում ամբողջ վրանը լցվեցավ դառն, կծու և խեղդող ծխով։ Բայց այդ արբեցուցիչ ծուխը որքան անտանելի էր ուրիշներին, այնքան բավականություն էր պատճառում դերվիշին։ Նա արդեն մի տեսակ
[88]
կիսաքուն դրության մեջ, աչքերը փակած, նիրհում էր, բայց ղեյլանը բաց չէր թողնում ձեռքից և ծուխը մանր օղակներով դուրս էր գալիս երբեմն նրա պնչերից, երբեմն սևորակ և ուռած շրթունքի միջից։ Սարսափելի էր նայել այդ կուչ եկած, մռայլոտ մարդու վրա, որ ներկայացնում էր մի չոր ու ցամաք կմախք, ոսկորների մի կույտ, որ կոլոլված էր իր սպիտակ շապիկի մեջ։ Նրա այլանդակ դեմքի վրա երևում էին երբեմն տենդային ցնցումներ, իսկ երբեմն անցնում էր մի տեսակ չարախնդաց ժպիտ։ Մերթ-մերթ նրա բերանից դուրս էին թռչում խուլ, անորոշ հառաչանքներ անհասկանալի բառերի հետ։

— Երևի որդիների հետ է խոսում, — ասաց խանը, մի առանձին սնահավատությամբ նայելով դերվիշի վրա։

Նա միևնույն դրության մեջ բոլորովին քնեց, դարձյալ իր ձեռքից բաց չթողնելով ղեյլանը։ Մանկլավիկներից մեկը վեր առեց ղեյլանը և ծածկեց նրան թանկագին շալից կարված մի թեթև վերմակով։ Իհարկե, եթե դերվիշը տեսներ այդ, շատ պիտի վիրավորվեր, որ նրա ճգնություններով սպանված մարմինը ծածկում էին այս տեսակ շքեղ վերմակով։

Ճաշելուց հետո, երբ վերքաղեցին սեղանը, դարձյալ լվացվելու ջուր բերեցին․ այնուհետև փոքրիկ, նախշուն ֆինջաններով մատուցին սուրճ առանց շաքարի։ Բոլորից վերջը տրվեցավ ղեյլան, բայց ոչ դերվիշի դառն ղեյլանի նման, այլ պատրաստված Պարսկաստանի անուշահոտ ծխախոտից։

— Հիմա ժամանակ է մեզ արձակել, խան, — ասաց Թորոս իշխանը, շնորհակալություն հայտնելով նրա հյուրասիրության համար։

— Ինչպե՞ս կարելի է, դեռ մենք ձեզ ոչինչ ծառայություն չենք ցույց տված, — պատասխանեց խանը ներողություն խնդրելով, — դուք պիտի մնաք մի քանի օրեր, մի քանի շաբաթներ, որ մենք կատարելապես կարողանանք ձեր պարտավորությունից դուրս գալ։

Իշխանը նույն կեղծ-քաղաքավարական ոճով հայտնեց, որ ինքը չափազանց շնորհակալ է խանից, որ կատարեց նրա խնդիրքը և իրան միշտ բախտավոր կհամարե, որ վայելում է նրա բարեկամությունը, և հույս ունի, որ այդ բարեկամությունը անխախտ կմնա, եթե խռովարար մարդիկ չխանգարեն նրան։ Վերջին խոսքերով նա ակնարկում էր երկու հայ մելիքների վրա։

— Դուք այդ մասին անհոգ կացեք, իշխան, — պատասխանեց խանը երդվելով, — իմ հոր գերեզմանում թո՜ղ կրակ լցրած լինեմ,
[89]
եթե ձեր մի մազը փոխելու լինեմ հազար այն տեսակ մարդիկների հետ։

Հետո հրամայեց նա իր սանդուխտարին (գանձապահին) իշխանի և պատանի Ստեփաննոսի համար պատրաստեն ընծաներ։ Իշխանի համար դուրս բերեցին մի փառավոր վերարկու (ջուբա) որ կարված էր Քիշմիրի թանկագին շալից և զարդարած ոսկե թելերով։ Այդ վերարկուն խանի սեփական վերարկուն էր, որ մի անգամ միայն հագել էր նա, երբ ներկայացավ պարսից շահին․ այժմ ընծայելով իշխանին, պարսից մեծերի սովորությամբ մի առանձին պատիվ էր անում իշխանին, պարգևելով մի այնպիսի խալաթ[5], որ վեր էր առնված նորին գերազանցության` խանի սեփական թիկունքից։ Բացի դրանից, ըծայեց նրան մի գեղեցիկ ջոհվարդար[6] թուր, Խորասանի գործ, արծաթյա պատյանով և թանկագին ակներով զարդարած երախակալով։ Պատանի Ստեփաննոսի ընծաները ավելի հրապուրիչ էին․ նա ստացավ մի ալմաստ մատանի և զենքերի մի ամբողջ թախում` թուր, հրացան, ատրճանակներ, գնդակի և վառոդի ամաններ, բոլորը ոսկեզօծ, արծաթով զարդարած և սև սևադով մինտ արած։ Բացի դրանից, նա ստացավ մի գեղեցիկ նժույգ իր ամբողջ ասպազենքով։

Պատանի Ստեփաննոսին խիստ ծանր էր ընծաներ ընդունել այն գազանի ձեռքից, որ թաթախված էր իր հոր, իր մոր և իր ազգատոհմի արյունով։ Այնուամենայնիվ, նա զսպեց իր մեջ վրեժխնդրության զգացմունքը, և խոնարհվելով ընդունված քաղաքավարական ձևերին, հայտնեց իր շնորհակալությունը խանի առատաձեռնության և բարեսրտության մասին։

Թե՜ իշխանի և թե՜ պատանու նժույգները արդեն կանգնեցրած էին վրանի հանդեպ․ նրանք դուրս եկան, և խանը թափելով շողոքորթության և բարեկամական արտահայտությունների մի ամբողջ հեղեղ, ճանապարհ դրեց նրանց մինչև նժույգների մոտ։ Նա իր ձեռքով բռնեց իշխանի նժույգի ասպանդակը և հրավիրեց նստել։

— Այդ արդեն չափից դուրս է, — ասաց իշխանը հրաժարվելով։

[90]Խանը խնդրում էր ընդունել այդ ծառայությունը, որ նրա հյուրասիրության և բարեկամության մտերմության ավելի ազդու արտահայտությունն էր։ Բայց իշխանը չկամենալով մինչև այս աստիճան ստորացնել նրան, ինքը թռավ թամբի վրա, առանց ընդունելու նրա ձեռքից ասպանդակը։ Պատանի Ստեփաննոսը իր նոր զենքերով զինավորված, արդեն գտնվում էր իր նժույգի վրա։ Հայոց ձիավորների խմբից լսելի եղավ փողի ձայնը, որ նշան էր հրաժեշտի։

— Մնաք բարյավ, խան, — ասեցին իշխանը և պատանի Ստեփաննոսը, իրանց նժույգների վրայից գլուխ տալով։

— Բարի ճանապարհ, — պատասխանեց խանը, նույնպես գլուխ տալով։

Վերադառնալով իր վրանը, նա իր մտքում ասաց․ «Ես քո հպարտությունը, շուն հայ, մի խեցեղեն ամանի նման ոտքերիս տակ կփշրեմ․․․»։

Տողատակեր

խմբագրել
  1. Յուսր մի տեսակ ծովային կենդանի է պոլիպների տեսակից։
  2. Մահմեդական ուխտավորները Մեքքա գնալու ժամանակ նույնպես մեղք են համարում ոչնչացնել իրանց մարմնի միջատները
  3. Սինի նշանակում է պղնձից կամ արծաթից շինված մատուցարան, որը բոլորակ ձև ունի
  4. Դերվիշների ծխելիքը կոչվում է բանկ, որը պատրաստվում է կանեփի ծաղիկներից ուրիշ բաղադրությունների հետ։ Նա արբեցնում է ծխողին և նրա ուղեղի մեջ երևան է հանում զանազան տեսիլքներ։
  5. Խալաթ նշանակում է պարսից այն ընծաները, որ տրվում են հագուստով․ այստեղից է հայոց խլա բառը։
  6. Ջոհվարդար կոչվում են այն տեսակ սրերի շեղբերը, որոնք խառայի նման նկարներ ունեն և որոնց պատճառած վերքը անբժշկելի է դառնում։ Այս տեսակ սրերը այժմ Պարսկաստանում համարվում են հնություն, որովհետև նրանց արհեստը կորած է։