Դավիթ-բեկ
 Դ
Զ 
Ե

Այժմ պատմենք համառոտ կերպով, թե Դավիթ բեկը Վրաստան գալով, նախ որպես սկսեց իր ասպարեզը։

Ընթերցողը հիշում է այն սոսկալի, փոթորկային գիշերը, երբ նա Ֆաթալի-խանի բանակից ճանապարհ ընկավ, հիշում է և այն, որ նա ուներ իր հետ ծերունի ներքինապետից հանձնարարական նամակ հայազգի Օրբելյան իշխանի վրա, որը պետք է պատանի Դավթի հոգաբարձուն և խնամակալը լիներ նրա պանդխտության մեջ։ Բայց ծերունի ներքինապետի բոլոր կարգադրությունները պատանու ապահովության մասին հակառակ ընթացք ստացան, որը նախատեսել, իհարկե, նա սկզբից չէր կարող։

Պատանին գալով Մցխեթ, գտավ Օրբելյան իշխանին մի շաբաթ առաջ մեռած։ Նրա բարեկամները դեռ սուգի մեջ էին։ Թեև պատանին ներկայացրեց նրանց ներքինապետի նամակը, բայց հանգուցյալի տոհմայիններից ոչ ոք կարողացավ ճանաչել, թե ով էր նամակի հեղինակը, կամ որքան նշանակություն պետք էր տալ նրա գրածներին։ Նկատելով այդ սառն ընդունելությունը, պատանին ինքն անհարմար համարեց մի անախորժ բեռն լինել օտար ընտանիքի վրա, որ առանց դրան ևս անբախտացած էր։ Սիրտը լի եռանդով, քսակը լի ոսկիներով, որ ստացել էր նա Սյուրիից, վճռեց իր աշխատանքով ապրել, առանց մի ուրիշին ծանրություն պատճառելու։

Նա հետ դարձրեց իր հետ եկած մարդիկներին, գրեց ներքինապետին, թեև իշխանը, որի վրա հույս ուներ նա, մեռած է, բայց ինքը այնքան ուժ է զգում իր մեջ, որ առանց խնամակալի ևս կարող է այդ երկրում մի պարապմունք գտնել և անկախ ու անկարոտ ապրել։ Վերջացնելով իր նամակը անհուն շնորհակալություններով ծերունու բարերարությունների մասին, պատանին աղաչում էր նրան, որ այլևս իր համար հոգ չտանե, որովհետև ինքը կարող է կյանքի մեջ իրան ճանապարհ բաց անել։ Իսկ պատանու անձնավստահությունը չպսակվեցավ այն փայլուն հույսերով, որ երևակայում էր նա։

Ի՞նչ կարող էր անել մի անփորձ պատանի օտար, անծանոթ երկրում, ուր ստրկությունը ոչնչացրել էր ամեն արդյունաբեր վաստակ, ուր աշխատանքը ոչինչ գին չուներ, ուր ժողովրդի մեծ մասը ձրիաբար էր գործում մի քանի ծույլ, շռայլ, անկարգ ազնվականների համար միայն։ Իսկ ինքը պատանին ոչ մի գործի համար պատրաստված չէր․ արհեստը, որ արհեստավորների բացակայության պատճառով կարող էր այդ երկրում փոքր ի շատե գործադրություն գտնել, — արհեստ չգիտեր նա։ Գյուղում սնված, գյուղում մեծացած, կատարյալ գյուղացի էր նա, փոքր ի շատե ծանոթ գյուղական տնտեսության։ Իսկ մի աշխատություն, որ բոլորովին անարգված էր և որի համար հազարավոր ձրի բանող ձեռքեր կային այդ երկրում, — դա էր գյուղական տնտեսությունը։

Սկզբում նա սկսեց ծախսել իր հետ բերած ոսկիները, որ ընծայել էր նրան Սյուրին․ երբ փողերը սպառվեցան, սկսեց վաճառել իր հագուստները։ Միակ բանը, որ նա ամենայն սրբությամբ պահեց իր մոտ, — դա էր ծերունի ներքինապետի ընծայած թուրը, որը վճռեց չկորցնել, եթե քաղցածությունից մեռնելու ևս լինի։

Բայց այդ տեսակ կյանքը երկար շարունակվել չէր կարող․ պետք էր մի որևիցե գործ գտնել։ Սկզբում նա իրան այնքան չէր խոնարհեցնում, որ ստոր աշխատություններից սկսե, հետո այդ վիճակի հետ ևս հաշտվեցավ, դարձյալ ոչ ոք նրան գործ չէր տալիս։ Դժբախտությունը օրըստօրե ավելի և ավելի զգալի էր դառնում։ Հպարտությունը չէր ներում նրան, որ իր թշվառության մասին ծերունի ներքինապետին կամ Սյուրիին տեղեկություն տա։ Բայց եթե շատ էլ ցանկանար, ի՞նչ միջոցով կարող էր գրել նրանց։ Հաորդակցություններ բնավ չկային, պետք էր առանձին սուրհանդակ վարձել, բայց ի՞նչ գումարով, քանի որ ինքը բոլորովին աղքատ էր, և ո՞վ հանձն կառներ փողի համար Վրաստանի սահմաններից դուրս գնալ, մի այնպիսի ժամանակ, երբ ճանապարհները լիքն էին ավազակներով, երբ մի սոխի համար մարդու գլուխ էին կտրում։

Նա ապրում էր մի հայ մանրավաճառի տանը, որ իր պարզամիտ հյուրին ըստ կարգին կողոպտելուց հետո, նրա քսակը պարպելուց և նրա հագուստները մերկացնելուց հետո, երբ տեսավ, որ այլևս շահվելու ոչինչ չէ մնացել, իր հյուրասեր տան դռները ցույց տվեց նրան, ասելով․

— Որդի, ձեզ համար մի ուրիշ տեղ ճարեք, տեսնում եք, ես մեծ ընտանիքի տեր եմ, իմ զավակները հազիվ եմ կարողանում պահել։

Նա առանց մի խոսք ասելու հեռացավ։ Խորին հուսահատության մեջ թողեց ավանը և դիմեց դեպի մերձակա լեռը։ Հագին ոտնամաններ չուներ։ Իր պանդխտության օրերում, անծանոթ, օտար աշխարհում հանդիպեց նա միակ հային, որից հույս ուներ փոքր ի շատե օժանդակություն գտնել, իսկ նա կողոպտեց նրան, հետո արտաքսեց։ Այժմ ամայի անապատների միայնակության մեջ աշխատում էր թաքցնել իր անբախտությունը։ Ամառային առավոտը հիացնելու չափ սքանչելի էր, բայց նա բնության մեջ ոչինչ գեղեցկություն չէր նկատում։ Թռչունները անհոգ չըկչըկում էին, ծաղիկները ուրախ ժպտում էին, համբուրվելով արեգակի առաջին ճառագայթների հետ, բայց այդ բոլորը ավելի բարկացնում էին նրան, ավելի լցնում էին նրա սիրտը մի ամսահման տխրությամբ, թե ինչո՞ւ աստուծո բոլոր արարածները կարող էին ուրախ, բախտավոր լինել, իսկ ինքը ոչ։

Ամբողջ օրը թափառեց նա սարերի վրա, դաշտերում, անտառներում, ինքն էլ չգիտեր, թե ինչու համար։ Ամեն անգամ մի մարդ տեսնելիս, փախստականի նման աշխատում էր չմոտենալ նրան։ Այսպես անցկացրեց նա, մինչև երեկոյացավ, մինչև խավարը փոքր առ փոքր սկսեց պատել աշխարհը։ Այժմ մտածում էր վերադառնալ գյուղը․ բայց ո՞ւմ մոտ գնալ, ո՞րի դուռը բախել։ Միակ ծանոթ մարդը, իր արյունակիցը, չպահեց նրան, այն մարդը, որի մեջ ցավակցություն էր որոնում, որին պատմել էր իր բոլոր դժբախտ անցյալը։ Այժմ ո՞ւմը դիմել։ Վրացու արհամարհանքը, ատելությունը, դառն զզվանքը դեպի ամեն մի հայ նետի պես ծակոտում էր նրա սիրտը․ վրացուց օգնություն խնդրել` մահվան չափ ծանր էր նրան։ Երկու օր նա ոչինչ չէր կերել․ այժմ ամեն հոգսերից ավելի տանջում էր նրան քաղցը։ Մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն․ ուժերը հետզհետե նվազում էին։ Մտածեց փոքր-ինչ հանգստանալ։

Գիշերային խավարը բոլորովին թանձրացել էր։ Նա դուրս եկավ նեղ շավիղից, որ տանում էր ինքն էլ չգիտեր թե ուր, և առանձնացավ մի ձորակի մեջ։ Այստեղ լավ էր, այստեղ նրա ոչ ոք չէր տեսնի։ Նա իր հոգնած մարմինը ցած թողեց, պառկեց խոտերի վրա։ Մի քանի րոպե դիակի նման անշարժ մնաց, հետո աչքերը բաց արեց, որ տեսնե, թե որտեղ է գտնվում։ Ոչինչ հասկանալ չկարողացավ։ Ամբողջ օրը թափառել էր նա, իսկ այժմ ո՞րտեղ էր բերել նրան չար բախտը, — դժվար էր գիտենալ։ Նա նայեց դեպի աստղալից երկինքը։ Այս գիշեր աստղերը ինչ-որ հանգիստ չէին, անդադար շարժվում էին և իրանց տեղում չէին կանգնում։ Ի՞նչ էր պատահել։ Աչքերը կրկին փակեց և մի քանի րոպե մնաց շփոթության մեջ։ Հետո դարձյալ բաց արեց, տեսավ, ամբողջ երկինքը պատվում էր իր շուրջը․ ամեն ինչ տակնուվրա էր լինում․ աստղերը նույնպես կամ դեպի աջ էին վազում, կամ դեպի ձախ․ զարմանալին այն էր, որ ինքն էլ նրանց հետ պտտվում էր։ Ինչո՞ւ էր այսպես լինում։ Մի՞թե աշխարհի վերջը հասել էր։ Նա աչքերը կրկին փակեց, որ ոչինչ չտեսնե։ Այժմ նրան տիրեց երկյուղի նման մի բան։ Սնահավատությունը, խառնված երկյուղի հետ, սկսեց սաստիկ խռովել նրա երևակայությունը։ Մտածում էր, թե մահվան տագնապի մեջ է գտնվում ինքը․ թե ահա շուտով կհայտնվի հոգեառ հրեշտակը և ամեն ինչ կվերջանա․․․ Բայց ինչո՞ւ էր ուշանում նա․ ինքը ուրախությամբ, մե՛ծ ուրախությամբ կցանկանար հանդիպել նրան։ Կյանքը նրանից ավելի անտանելի չէր կարող լինել, քան թե որ էր։ Այսպիսի հոգեկան տանջանքների մեջ երկար չարչարվում էր նա, մինչև փոքր-ինչ հանգստացավ։ Բայց աչքերը բաց անել չէր համարձակվում։ Աշխատում էր քնել, բայց քունն էլ մոտ չէր գալիս։ Ոչ մահը, ոչ քունը, այդ ի՞նչ պատիժ էր։ Արդյո՞ք սովածության պատճառով քնել չէր կարողանում, թե սրտի հուզմունքը խռովության մեջ էր ձգել նրան։

Նա աչքերը բաց արեց մյուս օրը, տեսավ, որ արեգակը կանգնել էր կեսօրվա տեղը․ սար, դաշտ և ձոր լցված էր պայծառ, անսահման լուսավորությամբ։ Գիշերվա խավարի հետ անցել էին և նրա սև մտքերը․ այժմ նրա սրտում տիրում էր խորին, անգիտակցական անդորրություն։ Պատճառը ինքն էլ չգիտեր։ Արդյոք իր շուրջը զարթած նոր կյա՞նքը, թե՞ աստուծո գեղեցիկ աշխարհի հրապուրանքը կրկին թափեցին նրա հոգում կյանքի քաղցրությունը, — այդ անկարող էր նա բացատրել, միայն նրա գունաթափ դեմքի վրա փայլեց մի անձնավստահ ժպիտ և նրա նույնպես գունատված շրթունքից դուրս թռան հետևյալ խոսքերը․ «Ես դեռ չի պիտի մեռնեմ․․․ ինձ հարկավոր է դեռ երկար ապրել․․․ ես ուխտ ուխտեցի իմ ծնողների գերեզմանի վրա․․․ ես երդումով նույն ուխտը կրկնեցի Սյուրիի և ծերունի ներքինապետի մոտ․․․ ես պետք է կատարեմ իմ խոստմունքը․․․»։ Բայց պետք էր մի բանով հագեցնել իր քաղցը, որ կարելի լիներ շարունակել սպառվող կյանքը։ Նա մոտեցավ իրանից ոչ այնքան հեռու հոսող առվակին, սկսեց քաղել նրա ափերից մի քանի տեսակ ծանոթ բույսեր, որոնց հում-հում ուտել անկարելի էր, միայն կերակուրների մեջ և աղցանի համար էին գործածվում։ Սկսեց ուտել այդ բույսերը, բայց նրանք փոխանակ հագեցնելու նրա քաղցը` պատճառեցին ստամոքսի մեջ սաստիկ ցավ։ Նա տհաճությամբ դեն գցեց քաղած բույսերը և մի քանի րոպե մնաց հուսահատ շփոթության մեջ, ամենևին չնկատելով, որ այդ միջոցին խոսակցելով, ծիծաղելով, երգելով անցնում էին նրա մոտից մի խումբ կնիկներ։ Նրանք վերադառնում էին ոչխարների հանգրվանից, և կաթի կժերը շալակած, դիմում էին դեպի գյուղը։

— Մտիկ տվեք, մտիկ տվեք, ի՜նչ է ուտում այդ մարդը, — ասաց նրանցից մեկը իր ընկերուհիներին, — ցույց տալով պատանու վրա։

— Երևի, քաղցած է խեղճը, — ասաց մի սիրուն տասնևերկու տարեկան աղջիկ, որ որոշվում էր բոլորից թե իր հագուստի նորությամբ և թե իր շարժմունքի համարձակ ձևերով։

— Քաղցած չէ, — պատասխանեց նրան մի պառավ աղջիկ, — երևի գիժ է, տեսնո՞ւմ եք, աչքերը ինչպես վառվում են։

— Ի՞նչ ես խոսում, Կեկել, գիժը դու ես, — պատասխանեց նրան փոքրիկ աղջիկը և իր ձեռքի պղնձե թասը մոտեցրեց կնիկներից մեկին, խնդրելով, որ կաթ ածե։

Կինը ուսից ցած բերեց կաթով լիքը կուժը, լցրեց պղնձե թասը, և փոքրիկ աղջիկը երկու ձեռքով բռնելով, վազեց պատանու մոտ։ Դավիթը ապշած նայում էր այդ մանկահասակ բարեսրության վրա, որին, կարծես, երկինքը ուղարկել էր իրան օգնելու համար։

— Ա՜ռ, խմի՜ր, — ասաց նա մանկական անկեղծ կարեկցությամբ, — ես քեզ համար հաց էլ կբերեմ։

Պատանին իր շնորհակալությամբ լի աչքերը դարձնելով այդ հրեշտակի նման չքնաղ արարածի վրա, ընդունեց թասը։ Աղջիկը կրկին դարձավ իր ընկերուհիների մոտ և այս անգամ բերեց մի կտոր հաց։ Նրա վարմունքը այն աստիճան սրտաշարժ էր, որ պատանին բոլորովին զարմացած մնաց։ Նա ավելի խոսք չգտավ, որ հայտնե իր շնորհակալությունը, միայն դատարկված թասը հետ տալով, ասաց․

— Թող աստված օրհնե քեզ, սիրուն աղջիկ։ Այդ օրհնությունը այնքան խորթ թվեցավ, որ փոքրիկ աղջիկը ծիծաղեց, և խառնվելով իր ընկերուհիների խմբին, հեռացավ։

Իսկ պատանուն այժմ սաստիկ հետաքրքրում էր այն միտքը, թե ո՞վ էր դա, ո՞ւմ աղջիկը, որ այդ հասակում ուներ այնքան գութ և ցավակցություն դեպի մարդկանց թշվառությունը։ Նա մտածեց, թե ոչխարների հոտը շատ հեռու չպիտի լիներ և սկսեց դիմել դեպի այն կողմը, գուցե հովիվներից որևիցե տեղեկություն կստանար։

Ճանապարհը, որ տանում էր դեպի այն կողմը, ծածկված էր ոտնակոխ եղած խոտերով և ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների վրայով։ Տեղ-տեղ կորչում էր նա խիտ թուփերի մեջ, տեղ-տեղ շարունակում էր կանաչազարդ արոտամարգերի միջով։ Այստեղ արեգակի պայծառ ճառագայթները թափել էին ձորերի և դաշտերի վրա մի սքանչելի ջերմություն, իսկ այնտեղ, փոքր-ինչ հեռու, կապուտակ երկինքը միախառնվում էր կովկասյան ձյունապատ սարերի դարևոր սառնամանիքի հետ։

Հագեցնելով իր քաղցը, կազդուրելով սպառված ուժերը, պատանին շտապով առաջ էր գնում։ Եվ իրավ, ոչխարների հոտը շատ հեռու չէր․ բլուրների մյուս կողմում, կեսօրվա առթի պատճառով, նրանց պառկեցրել էին թուփերի հովանու տակ։ Կուշտ ու գոհունակ անասունները, հանդարտ չոքած ծնկների վրա, երբեմն իրանց միամիտ աչքերը այս կողմ և այն կողմ էին դարձնում և մեծ ախորժակով որոճում էին։ Տեղ-տեղ երկու չարաճճի այծեր, կանգնած ետևի ոտների պճղակների վրա, միմյանց հանդեպ, իրանց եղջյուրների ուժն էին փորձում։ Փոքր-ինչ հեռու ահագին շները, գլուխները առջևի թաթիկների վրա դրած, պառկել էին և զգույշ, խորամանկ աչքերով նայում էին իրանց շուրջը։ Տեսնելով պատանուն, նրանք խմբով վրա վազեցին և անշուշտ պատառ-պատառ կանեին, եթե նա չխլեր այնտեղ ընկած փայտի կտորը և նրանով չպաշտպանվեր։ Շների բարձրացրած աղաղակը նրա վրա դարձրեց հովիվներից մեկի ուշադրությունը, որը կեսօրվա տոթից թուլացած, պառկել էր վայրենի տանձենու տակ։ Նա չշարժվելով իր տեղից, հեռվից ծուլորեն կանչեց․

— Ա՜յ մարդ, ա՜յ մարդ, այս կողմից, այս կողմից։

Պատանին մի կողմից շների հետ կռվելով, մյուս կողմից իր շուրջը աչք ածելով, դիմեց դեպի կոչող ձայնը։ Շները հովիվին մոտենալով, փոքր-ինչ հանգստացան, երբ նկատեցին, որ նա չէր քաջալերում իրանց վարմունքը։ Պատանին բարևելով, նստեց նրա մոտ։ Հովիվը հասակն առած մարդ էր, այն լեռնային մարդերից մեկը, որ ստեպ անասունների հետ ապրելով, կորցրել էր բոլորը, ինչ որ մարդկային էր, և սեփականել էր վայրենի անասնականը։ Բայց, որպես երևում էր, նա իր ոչխարների նման միամիտ, միևնույն ժամանակ բարեսիրտ էր։

— Ի՛նչ սատանա ես, թե որ փայտը չվերառնեիր, իմ շները կպատառոտեին քեզ, — ասաց նա ծիծաղելով, որպես թե մի մեծ գյուտ էր արել իր նկատողության մեջ։

— Հա՜, եթե փայտը չվերառնեի, շները կպատառոտեին ինձ, — պատասխանեց պատանին ինքն էլ ծիծաղելով։

— Ի՛նչ սատանա ես, — կրկնեց նա, շարունակելով իր բարեսիրտ ծիծաղը, — ո՞րտեղից գտար այն փայտը, շատ հաստ փայտ էր։

— Այո՜ շատ հաստ փայտ էր, — ասաց պատանին, — այնտեղ ընկած էր, երևի կտրողները մոռացել էին։

— Անպատճառ, կտրողները մոռացել էին, — կրկնեց հովիվը․ — ի՛նչպես հասկացար, աստված է վկա, շա՜տ սատանա ես։

Կամենալով միանգամից վերջացնել փայտի պատմությունը, պատանին ոչինչ չպատասխանեց։ Բայց հովիվը դարձյալ կրկնեց․

— Այդ լավ է պատահել, որ կտրողները մոռացել էին, աստված է վկա, թե որ փայտը չլիներ, իմ շները քեզ կենդանի չէին թողնի։

— Այդ ես էլ եմ իմանում, — նրա իմաստուն կարծիքը հաստատեց պատանին։ — Այդ ոչխարները ո՞ւմն են։

— Ո՞ւմը պետք է լինեն, — պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ․ — մեծ պարոնի ոչխարներն են։

Մեծ պարոն ասելով, պատանին հասկացավ, թե ում մասին էր խոսքը, և սկսեց ավելի հարգանքով վերաբերվել դեպի իր խոսակիցը, երբ իմացավ, որ նա թագավորի հովիվն էր։

— Մեծ պարոնը ուրիշ ապրանք էլ ունի՞, — հարցրեց նրանից։

— Աշխարհումը ո՞վ ունի այնքան ապրանք, որպես մեր մեծ պարոնը, — պատասխանեց հովիվը զարմացական կերպով գլուխը շարժելով․ — այստեղ արածում են նրա ոչխարները, այնտեղ, սարի մյուս կողմում, արածում են երկու քսանից ավելի կովեր, նույնքան եզներ ու գոմեշներ։ Բացի դրանից, տասը էշ ունի, հինգ ջորի ունի, քսանից ավելի ձի ունի։

Այսքան ապրանք խո մեր Տաթևի մելիք Դավիթն էլ ունի, իր մտքուսը ասաց պատանին, ամենևին չզարմանալով մեծ պարոնի հարստության վրա։ — Այս օրերս էլ ընծա են բերել երկու ինչ-որ անասուններ, անունները չեմ իմանում, — ավելացրեց հովիվը։

— Ի՞նչ տեսակ անասուններ։

— Ինչ որ սատանայի նման անասուններ․ երկայն ոտներ ունեն, երկայն, ծուռ վիզ ունեն։ Քանի որ առաջ պարոնի դրանը զուռնա ածեցին, ողջ աշխարհը հավաքվեցավ այնտեղ․ նրանց դուրս էին բերել թամաշա էին անում։

— Ես էլ այնտեղ էի, տեսա, դրանք ուղտեր են․ մեր երկրում շատ կա․ չոքեցնում են, հետո բեռնում են։

— Դրուստ այդպես, չոքեցնում են հետո բեռնում են, ի՜նչ լավ իմացար, ճշմարիտ, շատ սատանա ես եղել։

Սատանա բառը, որ այնքան հաճախ գործ էր ածում հովիվը, նրա լեզվում բոլորովին այլ իմաստ ուներ․ դա նշանակում էր խելացի, ամեն բան իմացող, ամեն բան շուտ հասկացող։ Բայց զգուշանալով, մի գուցե ուղտի պատմությունն էլ այնքան հեռու տաներ շատախոս հովվին, որպես փայտի պատմությունը` նա կարճ կտրեց, սկսելով մի այնպիսի խոսակցություն, որից կարող լիներ տեղեկություն ստանալ փոքրիկ աղջկա մասին։

— Այդ ոչխարները օրը քանի՞ անգամ են կթում, — հարցրեց նա, իր շուրջը նայելով, որպես թե ոչխարներին է նայում։

— Քանի՞ անգամ պետք է կթեն, — պատասխանեց հովիվը իր խռպոտ ձայնով․ — երկու անգամ են կթում․ մեկը կեսօրին, մեկը երեկոյան, երբ ոչխարները տուն են դառնում։

— Կեսօրին, երևի, դաշտումն են կթում։

— Դաշտումը, ապա ո՞րտեղ։ Չտեսա՞ր, կնիկները կաթի կժերը տանում էին։

— Տեսա։ Երևի մեծ պարոնի տուն էին տանում։

— Ապա ո՞րտեղ պիտի տանեին։ Այնտեղ էին տանում։

— Այդ կնիկները ո՞վքեր էին։

— Ո՞վքեր պիտի լինեին․ մեծ պարոնի քոծերն էին։

Պատանին փոքր առ փոքր հասնում էր իր հետաքրքրության առարկային։

— Նրանց մեջ մի փոքրիկ աղջիկ կար, կարմիր դերիա ուներ հագած, ո՞վ էր նա։

— Դու Թամարի մասին ես հարցնում, — ասաց հովիվը բարեսիրտ ժպիտով․ — Թամարը մեծ պարոնի եղբոր աղջիկն է․ շատ անգամ քոծերի հետ գալիս է ոչխարների մոտ և երբեմն ինձ համար յուղով հաց է բերում։ Ես էլ նրա համար քաղում եմ անտառից զկեռ, հոն, կաղին և ուրիշ պտուղներ։ Շավ լավ աղջիկ է Թամարը։ Եթե նրա մայրը չմեռներ, Թամարը այսպես չէր լինի։ Մեր այժմյան տիկինը լավ մտիկ չէ տալիս Թամարին։ Ախ, լավ է, որ տղան շուտով մեռնի ու խորթ մոր ձեռքը չընկնի։ Հանգուցյալ տիկինը շատ լավ տիկին էր․ ես դեռ պահել եմ տրեխները, որ մի անգամ նա ինձ ընծայեց։ Այնուհետև նա սկսեց պատմել, թե Թամարի մայրը մեռնելուց հետո, թեև նրա հայրը կրկին ամուսնացավ, բայց իր նոր կնոջ հետ ապրեց մի քանի տարի միայն։ Մի անգամ լեզգիների հարձակման ժամանակ, կռվի մեջ վերք ստանալով, մեռավ նա։ Այնուհետև Թամարը մնաց բոլորովին որբ, իր խորթ մոր ապով։ Այժմ թե Թամարը և թե խորթ մայրը կենում են մեծ պարոնի տանը, և մեծ պարոնը իր զավակներից չէ ջոկում Թամարին։ Վերջացնելով իր պատմությունը, հովիվը իր կողմից սկսեց հետաքրքիր լինել պատանու ի՜նչ ազգից և ո՜րտեղից լինելու մասին, հարցրեց, թե նա ի՞նչ է շինում վրաց երկրում․ ինչո՞վ է ապրում, և երբ պատասխան ստացավ, թե ոչինչ պարապմունք չունի, ասաց․ — Տեսնում եմ, որ դու քաջ տղա ես, շատ քաջ․ իմ շների ձեռքից մինչև այսօր մի մարդ էլ չի պրծել, իսկ դու նրանց շշկռացրիր։ — Կցանկանա՞ս ինձ մոտ մնալ։ — Քեզ մոտ ի՞նչ շինեմ, — հարցրեց պատանին ծիծաղելով։ — Ի՞նչ պիտի շինես․ ես ինչ որ շինում եմ, դու էլ այն կշինես, — պատասխանեց հովիվը, իր թավամազ հոնքերի տակ թաքնված աչքերը լայն բացելով և ուղիղ պատանու երեսին նայելով։ — Լսիր, տղաս, — շարունակեց նա, — իմ օգնականներից մեկը իմ ցուպը գողացավ, հետո փախավ․ հիմա ինձ մեկ մարդ է հարկավոր․ դու իմ օգնականը կդառնաս ու ինձ հետ ոչխարներ կարածացնես, մեծ պարոնի ոչխարները, հասկանո՞ւմ ես, դա պստիկ գործ չէ։ Այդ առաջարկությունը, թեև սկզբում շատ ծիծաղելի թվեցավ պատանուն, թեև նրան շատ հրապուրիչ չէր մեծ պարոնի հովվի օգնական լինելը, բայց, կարծես, մի ներքին ազդմամբ ստիպվեցավ նա հաշտվել այդ վիճակի հետ։ Գլխավոր շարժառիթը, որ դրդեց նրան կապվել այդ նոր պարապմունքի հետ, այն էր, որ սա առիթ կտար երբեմն տեսնել գեղեցիկ Թամարին, որի անբախտ պատմությունը մի կողմից, իսկ իրան ցույց տված կարեկցությունը մյուս կողմից, թողել էին նրա սրտում մի խուլ, համակրական զգացմունք, որը թեև ինքը բացատրել չէր կարողանում, բայց միանգամայն տիրել էր նրա հոգուն։ Բացի դրանից, նրան քաղցր էր, առժամանակ գոնե, իր սրտի վշտերի ցրվել լեռների, դաշտերի, անտառների առանձնության մեջ, հեռու լինել մարդերի բնակությունից, որոնցից ոչ մի մխիթարություն չէր գտել նա։ Այդ պատճառով նա ավելի բարվոք համարեց կենակցել միամիտ հովիվների հետ, լսել նրանց պարզ, հասարակ պատմությունները, քան թե լսել ավազակ հայ մանրավաճառի անդադար նախատինքները, որը այնքան անխիղճ կերպով կողոպտեց նրան։

— Դե, ասա, տղաս, մնո՞ւմ ես ինձ մոտ, — կրկին հարցրեց հովիվը։

— Կմնամ, — պատասխանեց պատանին։