ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ
Ա

1722 թվին Դավիթ բեկը թողեց Վրաստանը և վերադարձավ իր հայրենիքը։

Ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Հայաստանը, ի՞նչ քաղաքական նպաստիչ հանգամանքներ ի նկատի ուներ այդ հերոսը, որ այնպես վստահությամբ ձեռնարկում էր մի մեծ, միևնույն ժամանակ խիստ վտանգավոր գործի։ — Այդ հարցերը պարզելու համար մենք համառոտ կերպով կնկարագրենք այն ժամանակվա մի քանի պատմական անցքեր։

Պարսկաստանը քայքայման վիճակի մեջ էր։ Շահ-Սուլեյմանի որդի Շահ-Հյուսեին իններորդի 28 տարվա թույլ, անհոգ, միևնույն ժամանակ թմրեցուցիչ կառավարությունը խլել էր այդ սոսկալի պետությունից նրա պատերազմական ոգին։ Արյունահեղությունը, բարբարոսական անգթությունը, դեպի ամեն կողմ ահ և սարսափ տարածելը, որ այնքան հատուկ էր բոլոր Սեֆեվիներին և որը այդ տոհմի բռնակալների իշխանությունը պահպանելու ամենագլխավոր պայմանն էր — այդ հատկություններից զուրկ էր երկչոտ Շահ-Հյուսեինը, Սեֆեվիների համարյա վերջին ժառանգը։ Կրոնասեր, մոլեռանդ թագավորը շրջապատել էր իրան հոգևորականներով, դերվիշներով, սուրբ գրքի մեկնիչներով և, փոխանակ տերության գործերով զբաղվելու, իր ժամանակը անց էր կացնում ղորանի ընթերցանությամբ և անդադար նամազներ անելով։ Այդ պատճառով նա ստացավ ժողովրդից «մոլլա» կոչումը, որ մի ծաղրական կոչում էր պարսից թագավորի համար։ Երկրի կառավարությունը թողված էր ավազակ, շահախնդիր փոխարքաների կամայականությանը, որքան անպատիժ կերպով կողոպտում էին ժողովուրդը, որոնք ամեն տեղ տարածում էին թշվառություն և աղքատություն, իսկ թուլամորթ շահի սիրտը գրավում էին նրանով միայն, որ երբեմն նահանգներից նրա համար ընծա էին ուղարկում գեղեցիկ աղջիկներ։ Թագավորի հարեմը ճոխանում էր, լցվում էր աշխարհի ամեն տեսակ զեխություններով, իսկ ժողովուրդը ուտելու հաց չուներ։ Արքունիքի դիվանի մեջ մեծ դեր էին խաղում խորամանկ ներքինիները և բազմաթիվ շողոքորթները։ Խելացի մարդիկը, քաջ պատերազմողները, պետության փառքն ու պատիվը պահպանողները հեռացած էին ասպարեզից։ Ամեն տեղ տիրում էր դժգոհություն, ամեն կողմից հայտնվում էին բողոքներ։ Բայց ժողովրդի ցավերին ճար ու դարման անող չկար։ Մի արտաքին զարկ բավական էր, որ այդ ընդարձակ, ահեղ պետությունը քայքայվեր, և նրա բազմասեռ տարերքը լուծելով, բաժան-բաժան լինելով, կազմեին զանազան անկախ իշխանություններ։

Պարսկաստանի այդ խարխուլ, անդադար օրորվող դրությունը չէր կարող աննկատելի մնալ նրա հարևան պետություններից։ Ավղանիստանը, որ այն ժամանակ պարսից իշխանության ներքո էր գտնվում, առաջինը եղավ, որ ապստամբության դրոշը բարձրացրեց։ Ղանդահարի սուլթան Միր-Վեյսը, սպանելով պարսից զորապետ Գիորգի-խանին[1], իրան Ավղանիստանի անկախ ամիր հրատարակեց։ Իսկ նրա որդի Միր-Մահմուդ-խանը, ավելի զորանալով, մտածում էր տիրել Պարսկաստանին և ինքը նրա թագավորը դառնալ։

Երիտասարդ Մահմուդի փառասիրությանը նպաստեցին մի քանի սաստիկ պարտություններ, որ կրեցին պարսից զորքերը այլ և այլ կողմերում։ Զանազան վայրենի, գազանաբարո ցեղեր, որ բնակվում էին պետության մեջ, կամ թափառում էին նրա սահմանների վրա, ապստամբվելով, սկսեցին կողոպտել ժողովուրդը և ամայի դարձնել երկիրը։ Նրանք քանդեցին շատ քաղաքներ, կրակի մատնեցին բազմաթիվ գյուղեր։ Քրդերի ավազակ ցեղերը իրանց արշավանքները տարածեցին մինչև պարսից մայրաքաղաքի՝ Սպահանի պարիսպների մոտ։ Հյուսիսից Խորասանի նահանգը ավերակ դարձավ կատաղի ուզբեկների և թուրքմենների բարբարոսություններից։ Հարավային կողմից ապստամբվեցան Լորիստանի և Խուժիստանի թափառական ցեղերը։ Միևնույն ժամանակ Մասկադի իմամը հարձակվեցավ Պարսից ծոցի կղզիների վրա և տիրեց նրանց։ Արևմտյան կողմից լեզգիների Ղազի-Ղումուխ ցեղի գլխավորը՝ Սուրխեյ-խանը, կովկասյան անթիվ լեռնաբնակներով հարձակվեցավ Շիրվանի վրա, տիրեց Շամախին և անցավ մինչև Սևանա լիճը, կոտորելով ժողովրդի մեծ մասը։ Ի լրումն այդ բոլոր դժբախտությունների, արևմտյան Պարսկաստանի մայրաքաղաք Թավրիզը ենթարկվեցավ երկրաշարժության և բնակիչների մեծ մասը ոչնչացավ։

Պարսկաստանը իր օրհասականի մեջն էր։ Երկնքի վրա հայտվող զանազան երևույթներ գուշակել էին տալիս շահի աստղագետներին, թե այդ պետության վախճանը հասել է։

Հիշյալ ներքին և արտաքին խռովությունների միջոցում, 24 տարեկան Միր-Մահմուդ-խանը, 20,000 ավղանական զորքով, Ղանդահարից արշավեց դեպի Պարսկաստան՝ այդ համարյա անիշխանության ենթարկված պետությունը տիրելու համար։ Նա արդեն գտնվում էր Սպահանից մի երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա, բայց անհոգ Շահ-Հյուսեինը տակավին ոչ մի զորեղ միջոց ձեռք չէր առել թշնամու առաջը կտրելու համար։ Նա բավականացավ նրանով, որ մարդիկ ուղարկեց Մահմուդի մոտ, առաջարկելով նրան մեծ գումար, որ թողնե պարսից երկիրը և վերադառնա իր տեղը։ Բայց հպարտ Մահմուդը, ուշադրություն չդարձնելով շահի առաջարկությանը, շարունակեց իր արշավանքը։ Այն ժամանակ միայն շահը ուղարկեց նրա առջև իր զորքերը, երբ թշնամին կանգնած էր Սպահանից երեք մղոն հեռավորության վրա։ Գյուլնաբադի ճակատամարտի մեջ պարսից զորքերը սաստիկ ջարդվեցան, և մնացածները փախչելով, մտան քաղաքը։ Ավղանները պաշարեցին քաղաքը, որ տևեց մի քանի ամիս։ Բոլոր ուտեստները սպառվելով, բնակիչները սկսեցին ուտել հին կոշիկների կաշի, ոսկորներ և մինչև անգամ փեհին։ Մի տղա, կտրելով սովից մեռած քրոջ ստնիքը, կերավ։ Այդ ժամանակ շահը դեսպաններ ուղարկեց Մահմուդի մոտ այս խոսքերով․ «Կտամ քեզ 100,000 թուման փող, Խորասանի և Քիրմանի նահանգները, — իմ աղջիկն էլ կտամ քեզ, միայն ե՜կ հաշտվենք և կապրենք միասին, ինչպես հայրը որդու հետ։ — Ա՜ռ այդ բոլորը և հեռացիր իմ քաղաքից»։ Մահմուդը այդ պայմանների հետ չհամաձայնվեցավ։ — «Գնա, հայտնիր քո թագավորին, ասաց նա դեսպանին, — դու տալիս ես ինձ 100,000 թուման և այդ երկրները։ Ախար նրանք արդեն ինձ են պատկանում, իսկ դու առաջարկում ես ինձ հենց իմ փողերն ու նահանգները։ Դու առաջարկում ես ինձ քո աղջիկը։ Ինչի՞ն է պետք ինձ քո աղջիկը։ Քո բոլոր աղջիկներին, քո բոլոր որդիներին ես կտամ իմ ծառաներին։ Խելքի մոտ բան չէ, որ դու մտածել ես։ Ես չեմ հեռանա Սպահանից»։

Սպահանի պաշարման ժամանակ ավելի սարսափելի վիճակի ենթարկվեցան Նոր Ջուղայի հայերը։ Նրանց թիվը այն ժամանակ հասնում էր 30 հազար հոգու, բնակվում էին մի առանձին արվարձանում, որ համարյա մի ջոկ քաղաք էր Սպահանի մոտ։ Երբ ավղանները մոտեցան, հայոց հասարակությունը իր դարուղային և քալանթարին[2] ուղարկեց շահի մոտ, խնդրելով, որ զորքեր տան իրանց քաղաքի պաշտպանության համար։ «Մեր զորքերը ուղարկեցինք պատերազմելու, պատասխանեցին նրանց, դուք ուղարկեցեք շահի արքունիքի պահպանության համար 3,000 լավ զինվորված տղամարդիկ»։ Քալանթարը և դարուղան կատարեցին այդ հրամանը, բայց շահի դրանիկները բոլոր հայ զինվորների զենքերը առնելով, ասեցին նրանց․ «Գնացեք, այլևս մեզ պետք չեք»։ Այս խաբեությունը սաստիկ զայրացրեց հայերին, մանավանդ, երբ պարսիկները սկսեցին զինաթափ անել Նոր Ջուղայի մնացած հայերին ևս։ «Դուք մեզ զինվորներ չտվեցիք, աղաղակում էին հայերը, այժմ չե՞ք էլ թողնում, որ մեր զենքերով պաշտպանենք մեր քաղաքը»։ Բայց անիրավ պարսիկները նրանց բողոքը չլսեցին, որովհետև հրամանը շահիցն էր։ Այդ բավական չէր, որ անզեն, անպաշտպան հայերին թողեցին գազանաբարո ավղանների կամքին, բացի դրանից, նշանավոր քեդխուդաների[3] ընտանիքները որպես պատանդ տարան Սպահան և փակեցին քաղաքի պարիսպների մեջ։ Այդ բոլոր դավաճանությունները կատարվեցան այն նպատակով, որ բթամիտ շահի խորհրդականները խրատ էին տվել նրան, թե «հայերին զինաթափ անելով և ավղանների ձեռքը մտնելով, մենք կարող ենք ազատել Սպահանը, որովհետև ավղանները հափշտակասիրության նպատակով եկած են մեզ վրա, հայերի անբավ հարստությունը կկողոպտեն, և դրանով լիացած, բավականացած, հետ կդառնան ու մեզ հանգիստ կթողնեն»։ Բայց նրանք սխալվեցան իրանց հիմար հաշիվների մեջ։

Նոր Ջուղան Սպահանի արվարձանը լինելով, պետք էր առաջ նրան տիրել և հետո անցնել բուն քաղաքին։ Ջուղայի հայերը, հավաքելով իրանց մնացած ուժերը, սկզբում քաջությամբ պաշտպանվեցան։ Բայց որովհետև չունեին ոչ թնդանոթներ և ոչ բավականաչափ ռազմամթերք, այդ պատճառով ստիպվեցան վերջը անձնատուր լինել։ Չորս օր անցել էր, որ ավղանները տիրել էին Ջուղային, բայց դեռ հայերի ոչ քալանթարը, ոչ դարուղան և ոչ էլ քեդխուդաները չէին գնացել հաղթող Մահմուդին երկրպագելու և իրանց հպատակությունը նրան հայտնելու։ Այդ սաստիկ գրգռեց ավղան բռնապետի բարկությունը և հրամայեց բոլոր հայերին կոտորել։ Բայց հայոց գլխավորները իրանց արդարացրին նրանով, որ Մահմուդի ոտները ընկնելով, հայտնեցին․ «Մեր ընտանիքները պահված են Սպահանի մեջ իբրև պատանդ, եթե մենք ձեզ մոտ գալու լինեինք, շահը կհրամայեր մեր կնիկներին, մեր զավակներին կկոտորեին»։ Այդ իրավացի պատճառները թեև ամոքեցին Մահմուդի բարկությունը, բայց դարձյալ հրամայեց նա հայերից առնել 70,000 թուման տուգանք։ Ահա ինչպես է նկարագրում մի ժամանակակից ականատես իր հիշատակարանի մեջ հիշյալ ահագին գումարի հավաքման եղանակը․ «Այն րոպեում նշանակեցին հարկահաններ և ուղարկեցին 70,000 թումանը հավաքելու։ Հարկահանները Ջուղայի քալանթարի և քեդխուդաների հետ սկսեցին ման գալ տնից տուն և հավաքել բոլորը, որքան կնիկները ունեին, թանկագին քարեր, մարգարիտ, ոսկի, արծաթ և մետաքսեղեն կերպասներ։ Այդ բոլորը դիզեցին մի տեղում։ Մետաքսեղեն կերպասները, արծաթը ընդունեցին քառորդ գնով։ Մեկ մոխալ ոսկուն նշանակեցին 1000 դիան[4] գին։ Թանկագին քարերը, մարգարիտը և ոսկին կշռում էին այնպիսի կշիռքով, որը միայն գարի կշռելու համար էին գործածում։ Դրանից հետո ավղանները տարան 62 աղջիկներ։ Բացի դրանից, ջուղայեցիներից առնվեցավ 5000 կտոր ատլաս, ղութնի, մահուդ, շալեր, և զանազան զգեստներ, որ բաժանեցին զորքերին։ Այլև առեցին նրանցից բազմաթիվ վերմակներ, բարձր, անկողիններ, այդ բոլորը պատրաստված էր մետաքսից, ղութնիից և ատլասից։ Այլևս չեմ խոսում եկեղեցիների թանկագին անոթների և սուրբ սպասների հափշտակության մասին, որ կողոպտեցին ավղանները այն ժամանակ, երբ նրանք ինքնակամ թափվեցան հայոց տների մեջ, սկսեցին թալանել, և մինչև անգամ քանդել շինվածքները»։

Չնայելով, որ պարսիկները այսպես դավաճանությամբ Ջուղան մատնեցին ավղանների ձեռքը, որպեսզի Սպահանը ազատեն, բայց պարսից մայրաքաղաքը ավելի վատթար վիճակի ենթարկվեցավ։ Ոչինչ չէր կարող լիացնել անհագ ավղանների հափշտակասիրությունը։ Շահի գանձը, նրա արքունիքը այնպես կողոպտվեցավ, որպես ջուղայեցի հայի տունը։ Նրա որդիները կոտորեցին, ամբողջ հարեմը բաժանեցին իրանց մեջ, տալով շահին երեք կին միայն։ Նրա որդիներից կենդանի մնաց միայն Թահմազ-Միրզան, որ Սպահանի պաշարման ժամանակ գաղտնի փախավ դեպի Մազանդարան։ Մի քանի ամբողջ շաբաթներ Պարսկաստանի լայնատարած մայրաքաղաքում կատարվում էր ավարառություն և կոտորած։ Այդ միջոցին երիտասարդ Միր-Մահմուդ-խանը դեռ չէր մտել քաղաքը։ Նա գտնվում էր Ֆարահաբադի[5] փառավոր ապարանքի մեջ և սպասում էր, մինչև իր զորքերը վերջացնեն իրանց բոլոր բարբարոսությունները։

Երբ ամեն ինչ վերջացած էր, Միր-Մահմուդ-խանը պահանջեց, որ շահը անձամբ գա իր մոտ և տանե քաղաքը հանձնե իրան։ Ծերունի Շահ-Հյուսեինը իր պալատականներով գնաց հաղթողի մոտ։ Նա մտավ Ֆարահաբադի այգին, այն այգին, որ թե իր և թե իր նախորդների մշտական զվարճության դրախտն էր, ուր վատնվում էին Պարսկաստանի ահագին գանձերը, ուր հավերժական հյուրիների նման փայփայվում էին այդ երկրի ամենագեղեցիկ կնիկները։ Նա մտավ այդ այգին հաղթված, խոնարհված, անարգված։ Մի քանի ժամ արեգակի տակ սպասել տալուց հետո ընդունեցին նրան Մահմուդի մոտ։ Նա արտասուքը աչքերում մոտեցավ հպարտ ավղանին, և արքայական ջիխկան[6] իր գլխիցը առնելով, և իր ձեռքով նրա ճակատին կապելով, ասաց․ «Որդի, իմ մեղքերի համար աստված այլևս ինձ արժանի չէ համարում կառավարելու իմ թագավորությունը։ Իմ թագը նա տվեց քեզ։ Ահա ես դնում եմ քո գլխին։ Եվ թող օրհնյալ լինի քո թագավորությունը»։

Նույն օրը Միր-Մահմուդ-խանը, որպես պարսից թագավոր, մտավ Սպահան քաղաքը, և հաղթական փառքով գնաց Սեֆեվիների արքունիքը։ Այդ օրից այդ տան թագավորությունը համարյա թե վերջացավ։

Տողատակեր

խմբագրել
  1. Մահմեդականություն ընդունած վրացի։
  2. Դարուղա նշ․ ոստիկանության գլխավոր․ քալանթար նշ․ քաղաքապետ։ Սկսյալ Շահ-Աբաս մեծի օրերից, Նոր Ջուղայի հայերը զանազան ուրիշ արտոնությունների հետ ունեին և իրանց քաղաքային ինքնավարությունը։
  3. Քեդխուդա նշ․ ժողովրդի գլխավոր։
  4. 1000 դիանը հավասար է 30 կոպեկի։
  5. Ֆարահաբադ գեղեցիկ այգի է Սպահանի մոտ, որի մեջ կառուցված է Սեֆեվի թագավորների ամառային ապարանքը։
  6. Ջիխկա կոչվում է պարսից թագավորների պսակը, որ ամբողջապես շինված է լինում թանկագին քարերից։