Դավիթ-բեկ
 Ի
ԻԲ 
ԻԱ

Փարիշանը հեռանալով տիկնոջ սենյակի դռնից, մտավ իր քնարանը․ նա գտավ իր տիկնոջ երեխային հանգիստ քնած․ այդ նրան մի առանձին ուրախություն պատճառեց։ Նստեց նրա անկողնի մոտ, սկսեց կարեկցաբար նայել հիվանդի ջերմից շառագունած երեսին։ Այժմ նոր զգաց, որ ինքը սաստիկ հոգնած է։ Այս գիշեր որքան աշխատել էր նա, որքան վազվզել էր, որքան նեղություն էր կրել․․․ Եթե նրա տեղ մի ուրիշը լիներ, իսկույն կհանվեր, կպառկեր և կհանգստանար։ Բայց նա չքնեց․ նստած, խորին ուշադրությամբ լսում էր, թե ինչ ձայներ էին գալիս դրսից։ Դրսից այժմ ձայներ չէին լսվում, լսվում էր միայն սաստիկ քամու ձայնը, որ խլացնում էր իր մեջ բոլոր մյուս հնչյունները։

Կես ժամից հետո նա դուրս եկավ իր քնարանից, կրկին մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը։ Ականջը տարավ դեպի դռան ճեղքը, ձայն չէր լսվում․ նայեց ճեղքից, ճրագի լույս չէր երևում։ Այստեղ, երևի, քնած էին։ Նա շուռ եկավ, տեսավ ծերունի Ասադին, նախասենյակի մի անկյունում կծկված։ Ոտքով զարկեց, զարթեցրեց նրան, ասելով․

— Քավթառ, այստեղ ի՞նչ քո քնելու տեղն է․ դու խո իմանում ես, որ խանը տիկնոջ մոտ է․ կորիր, մի այլ տեղում մրափիր։

Ծերունի ներքինին, չկամենալով «անզգամի» հետ մի ղալմաղալ սարքել և իր տիրոջ ու տիկնոջ քունը խանգարել, և, մանավանդ, հասկանալով իր սխալը, որ այն գիշեր անպատշաճ էր իրան քնել տիկնոջ դռան հանդեպ, — մրթմրթալով վեր կացավ և սղոցի թեփով լցրած իր բարձը ու վերարկուն վեր առեց, հեռացավ։

Աղախինը կրկին վերադարձավ իր քնարանը։ Նրա դեմքը այժմ փայլուն էր ուրախությունից։ Նա սկսեց մերկանալ իր հագուստը։ Նրա սենյակում պահված էին շատ տեսակ հագուստներ, ամեն սեռի, ամեն դասակարգի մարդկանց համար։ Դա հարեմական խորհրդավոր անհրաժեշտություններից մեկն էր։ Ով որ ծանոթ է մահմեդական կանանոցների գաղտնիքներին, կհասկանա, թե որպիսի դեպքերում կարող էին ծառայել այդ հագուստները։ Այդ հագուստներից նա ընտրեց ախոռատան սպասավորի հագուստը։ Երբ հագնվեցավ, ժպտելով մոտեցավ հայելուն․ «Այժմ սատանան ևս չէ կարող ճանաչել ինձ», — ասաց ուրախությամբ իր վրա նայելով։ Երբ բոլորովին պատրաստ էր, մոտեցավ քնած երեխային, զգուշությամբ համբուրեց նրան, հետո ճրագը մարելով, դուրս գնաց։

Նա անցավ կանանոցի բակը։ Գիշերային խավարը սարսափելի էր․ մի քայլ հեռավորության վրա անկարելի էր մի բան որոշել։ Իսկ քամին այժմ սկսել էր ավելի կատաղաբար փչել։ Նա մի պտույտ գործեց բակի մեջ․ բակը անապատի նման դատարկ էր։ Ոչ ոք չկար, ոչ մի մարդկային ձայն չէր լսվում, ոչ մի լուսամուտից ճրագ չէր երևում․ ամբողջ հարեմը ննջում էր խորին, խաղաղական քնի մեջ։

Նա մոտեցավ մի նեղ մուտքի, որ ոլոր-մոլոր սանդուղքներով տանում էր դեպի կտուրը։ Սկսեց վեր բարձրանալ։ Սանդուղքները վերջանում էին մի փոքրիկ տափարակով, որտեղ էր կտուրի դուռը։ Այդ դռան վրա շատ ուշադրություն չէին դարձնում։ Կանանոցի ամեն մի փոքր ի շատե նշանավոր աղախինը ուներ իր մոտ այդ դռան բանալին։ Դա նրանց գաղտնի հարաբերությունների անցքն էր, երբ պետք էր մեկի հետ տեսնվել կտուրի վրա։ Փարիշանը հանեց գրպանից մի բանալի, բաց արեց դուռը, անցավ կտուրի վրա և կրկին իր ետևից կողպեց նրան։

Նա անցավ կանանոցի տափարակ կտուրներից․ այստեղ պահապաններ չկային, միայն վախենում էր հանդիպել շներին։ Նրա բախտից շներն այս գիշեր խումբով գնացել էին մի քածի ետևից։ Նրանք հրապուրված էին իրանց սիրո առարկայով։

Անցնելով կանանոցի կտուրները, նա հասավ դիվանատան կտուրներին․ դրանք ավելի բարձր էին, դրանց վրա վեր ելնելու համար պետք էր բարձրանալ մի պատից։ Նա իր հասակի հետ չափեց պատի բարձրությունը, նկատեց, այնքան ցած չէր, որ կարողանար հեշտությամբ անցնել։ Բայց դարձյալ փորձ փորձեց մի կերպով վեր բարձրանալու․ ձեռքերը տարավ պատի հարթ մակերևույթի վրա, մատներով սկսեց շոշափել, արդյոք կարո՞ղ էր մի բռնելու տեղ գտնել։ Ճեղքերի մեջ գտավ երկու բռնելու տեղ, չանկռեց, բավական վեր բարձրացավ, բայց որովհետև ոտները դնելու տեղ չկար, կրկին ցած ընկավ։ Այդ անաջողությունը չվհատեցրեց նրան, սկսեց հնարների վրա մտածել։ Մի փոքր հեռու կանգնած էր վառարանի ծխանը, որ սյունի ձևով վեր էր բարձրանում և շինված էր անթուրծ աղյուսներից։ «Այդ աղյուսները կքանդեմ և իմ ոտների համար սանդուղքներ կպատրաստեմ», մտածեց նա և մոտեցավ ծխանին։ Բայց նախքան քանդելը պետք էր գիտենալ՝ դա ո՜ր սենյակի ծխանն էր, արդյոք այնտեղ մարդիկ բնակվո՞ւմ էին, թե ոչ։ Տեսավ, որ կանանոցի բաղանիքների մի սենյակի ծխանն էր, ուր գիշերային այն ժամում ոչ ոք լինել չէր կարող, ուրեմն, եթե քանդելու ժամանակ վառարանի մեջ վերևից աղյուսի կտորտանք ընկնեին, ոչ ոք չէր իմանա։ Սկսեց քանդել։ Գլխավոր դժվարությունը առաջին աղյուսը պոկելու մեջն էր, որը նա պոկեց իր մատները արնելու չափ ցավեցնելով։ Մնացած աղյուսները հեշտությամբ պոկվեցան, որովհետև բանված էին հասարակ ցեխով։ Պոկած աղյուսները նա բերում էր, միմյանց վրա շարում էր պատի մոտ, և այսպիսով պատրաստեց իր համար սանդուղքներ։ Ոտքերը դրեց նրանց վրա, վեր բարձրացավ։ Այժմ նրա ձեռքերը հասնում էին պատի վերնապարսպին․ երկու ձեռքով բռնեց այնտեղից և կատվի նման թռավ մյուս կտուրի վրա։

Այժմ նա գտնվում էր դիվանատան կտուրի վրա․ նրա ոտների տակումն էր ամրոցի գլխավոր մասը։ Մի քանի րոպե լուռ կանգնած դևի նման նայում էր գիշերային խավարի մեջ խորասուզված ամրոցի վրա։ Քամին այստեղ ավելի սաստիկ էր փչում, բերելով իր հետ աղաղակների մի խուլ խառնաձայնություն, որ ավելի նման էր ծովի ալիքների պարբերական դղրդյուններին։

Նա անցավ դեպի ամրոցի խոհանոցի կտուրը, որը բավական ցած էր առաջինից։ Լեռնային երկրի աղջիկը, սարերի վրա, մանկությունից սովորած էր ժայռերի բարձրությունից սողալը կամ դեպի ներքև ցատկելը։ Նա ծանոթ էր կտուրների դրությանը, գիտեր, որ դիվանատան կտուրի բարձրությունը խոհանոցի կտուրից իր հասակի մեկ ու կես չափը հազիվ կլիներ։ Ուրեմն կարելի էր ցած սողալ առանց ոտքը կոտրելու։ Այդպես էլ արեց․ բռնեց պատից և զգուշությամբ ցատկեց դեպի ներքև։ Այստեղ մի երեսը բաց շինվածքի մեջ դարսած էին կոտորած, չոր փայտեր, խոհանոցի համար գործ ածելու։ Նա վազեց դեպի այն կողմը, ուր դարսած էին փայտերը։ Նստեց կտուրի վրա, գրպանից հանեց աբեթը և կայծհանը, զարկեց քարին, աբեթը վառվեցավ։ Նրանով վառեց քիբրիթը[1], որ իր մոտ ուներ։ Հետո գրպանից հանեց մի կտոր շորի փաթոթ, որ թաթախած էր ձեթով, քիբրիթը դրեց նրա մեջ, մի քանի վայրկյան բռնեց քամու առջև, որ ավելի բոցավառվի, և ապա նետեց փայտակույտի մեջ։ Ինքը իսկույն հեռացավ, վստահ լինելով, որ այնուհետև քամին կշարունակեր նրա սկսած գործը․․․

Այստեղից կամենում էր նա գնալ ախոռատան կտուրների վրա։ Բայց այնտեղ գնալու համար ճանապարհ չկար, որովհետև կտուրները կից չէին, բաժանված էին ախոռատան ընդարձակ բակով։ Մի բարձր, մերկ պատ միայն միացնում էր ախոռատունը խոհանոցի հետ, նրա ետևի կողմից։ Այդ պատի վերին մասը այնքան նեղ էր, որ նրա վրայով ոտքով գնալ անհնարին էր, մանավանդ գիշերային մթության մեջ։ Հեշտ կարելի էր ավելի քան քսան արշին բարձրությունից ցած գլորվել և ջարդուփշուր լինել։ Բայց ո՜չ վտանգը և ո՜չ պատի բարձրությունը չվախեցրին Փարիշանին։ Նա սրտոտ աղջիկ էր և հնարագետ։ Զգուշությամբ հեծավ պատի վրա, որպես մարդիկ նստում են ձիու վրա։ Սկսեց երկու ձեռքերը դեմ տալով, փոքր առ փոքր առաջ սողալ։ Պատի տարածությունը բավական երկար էր։ Եթե այդ արշավանքը նա կատարեր ցերեկով, շատ կարելի է, որ գլուխը պտույտ գար, աչքերը շաղվեին և վերևից գլորվեր դեպի ցած։ Բայց խավարը բավական նպաստում էր նրան։ Որպես մի հմուտ լարախաղաց, սառնասրտությամբ պահպանելով իր հավասարակշռությունը, նա սողալով առաջ էր գնում։ Մի քանի տեղ կանգ առեց, որ փոքր-ինչ հանգստանա։ Ձեռքերի կաշին, անդադար շփվելով անհարթ պատի հետ, կիսով չափ պլոկվեցավ։ Բայց նա ցավ չէր զգում, ինչպես ցավ չեն զգում այն վիրավորները, որ դեռ կռվի ջերմ ոգևորության մեջ են լինում։

Քամին այժմ ավելի սաստկացավ։ Այդ քամին ուրախացնում էր նրան, ոչ միայն այն պատճառով, որ զովացնում էր նրա շառագունած, վառված դեմքը, այլ առավել նրա համար, որ պատի վրայից սողալի ժամանակ, ցած թափված հողերի և քարերի կտորտանքի ձայնը չէր լսվում։ Երկար աշխատելուց հետո վերջապես նա հասավ ախոռատան կտուրներին։

Այստեղ տանիքների վրա կիտած էին խոտի ահագին դեզեր, իսկ մարագները լիքն էին հարդով։ Նա մոտեցավ այդ դեզերից մեկին, և սատանայի նման կծկվեցավ նրա մոտ։ Կայծհանը, աբեթը և քիբրիթը դարձյալ գործ դրվեցան․ նրանցով վառեց ցամաք խոտը։ Քամին փչեց, ցամաք խոտը բոցավառվեցավ, և մի քանի րոպեի մեջ, կրակը անցավ մի դեզից մյուսը, և հրդեհը տարածվեցավ ամբողջ ախոռատան մեջ։ Մնում էին հանդանոցները։ Նա վեր առեց խոտի մի քանի կիսավառ խուրձեր, նետեց հարդանոցների երդիկներից։ Շուտով երդիկներից հրեղեն սյուները բարձրացան օդի մեջ։

Նա այժմ իր գործը կատարած էր համարում, քաշվեցավ մի կողմ, ուր կրակի լույսը չէր հասնում, կանգնեց մթության մեջ, և խորեն ուշադրությամբ նայում էր դեպի երկինքը։ Այդ միջոցին մի ֆշանք ֆշֆշալով բարձրացավ օդի մեջ։ Չարագուշակ ֆշանքը պայթեց և նրա հրեղեն կայծերը, անեծքի տարափի նման, ցրիվ եկան անբախտ բերդաքաղաքի վրա․․․

— Հրդե՛հ․․․ օգնեցե՛ք․․․ — լսելի եղավ ամեն կողմից և ախոռատան ծառաները դուրս պրծան իրանց քնարաններից։

— Հրդե՛հ․․․ — գոչեցին և դիվանատան պահապանները, երբ նկատեցին, որ խոհանոցը այրվում է, կրակը սկսել է անցնել դեպի դիվանատան սենյակները։

— Հրդե՛հ․․․ — աղաղակեց և նա, որ այդ բոլոր չարիքների պատճառն էր, և վազելով ցած իջավ կտուրներից ախոռատան բակը։

Ընդհանուր խռովության մեջ նա աննկատելի կերպով բակից դուրս եկավ դեպի փողոցը։ Ախոռատան սպասավորի հագուստը նրան պահպանեց ճանաչվելուց։

Նա սկսեց վազել դեպի ածխավաճառների հրապարակը, անդադար աղաղակելով․

— Հրդե՛հ․․․ օգնեցե՛ք, ամրոցը այրվում է․․․

Ածխավաճառների հրապարակի վրա, տեր Ավետիքը, Շահումյան Ստեփաննոս իշխանը և Մելիք-Փարսադանյան Բալի զորապետը ժամադիր էին եղած միանալ տեղացի հայերի հետ և գրավել ամրոցի զենքերի մթերանոցը։ Բայց դրանց և ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չէր Փարիշանը․ ծանոթ էր միայն Խորեն հայր սուրբի հետ, որը այնտեղ չէր։ Նա գտավ հրապարակի վրա մի խառնիճաղանջ բազմություն, որը վազում էր դեպի ամրոցը, աղաղակելով․

— Օգնեցե՛ք, ամրոցը այրվում է․․․

Փարիշանն էլ խառնվեցավ այդ բազմության հետ։ Նրանք զինված էին բահերով, բրիչներով, կացիններով, մանգաղներով և այլ այդպիսի գործիքներով։ Տեսնողը կմտածեր, որ գնում են հրդեհը հանգցնելու։

Բազմությունը հետզհետե աճում էր, ստվարանում էր, նրա հետ խառնվում էին նոր և նոր մարդիկ, և բոլորը վազում էին դեպի ամրոցը, որպես թե հրդեհը հանգցնելու համար։

Այն փողոցում, որի միջով անցնում էր բազմության փոթորկային հոսանքը, մի փոսի միջից լսելի եղավ դողդոջուն ձայն․

— Տո հեր օրհնած, կամա՜ց, կողքս կոտրեցիր։

Այն անձը, որին ուղղված էր այդ ձայնը, նայեց փոսի մեջ, տեսավ այնտեղ մի ընկած ծերունի, որին փոքր էր մնում ոտքերի տակ ջարդուփշուր աներ, երբ ինքը վազ տալու ժամանակ թռավ նրա վրայից։ Իսկույն ճանաչեց նրան և ձեռքից բռնելով, ասաց․

— Ա՜խ, Սարգիս-ապեր, դո՞ւ ես։

— Տեր հայր, դո՞ւ ես, — հարցրեց նա կանգնելով։ — Անպիտան ծառան ինձ թողեց այստեղ, ինքը, չեմ իմանում, որտեղ կորավ։

— Ես քեզ չէի՞ ասում, որ տանից դուրս չգաս, — ասաց նրան տեր հայրը։ — Լավն այն է, որ ետ դառնաս, Սարգիս-ապեր, ես մի մարդ կտամ, որ քեզ տուն տանե։

— Տանը ի՞նչ պիտի շինեմ, որդի, — պատասխանեց ծերունին, մոռանալով իր կողքի ցավը։ — Ես պիտի իմ աչքով տեսնեմ, թե որպե՜ս է այրվում, որպե՜ս է կործանվում այն ամրոցը, որ հազարավոր հայերի գլուխ է կերել․․․ ես պիտի տեսնեմ, անպատճառ պիտի տեսնեմ ու իմ անեծքը պիտի խառնեմ կրակի բոցերի հետ․․․

Տեր հայրը նկատեց, որ անկարելի է ծերունուն համոզել, որ նա տուն դառնա, և որպեսզի մյուս անգամ այսպիսի փոսերի մեջ չընկնի, հանձնեց նրան մի մարդու, որ տանե դեպի ամրոցը։ Իսկ ինքը անցավ բազմության առաջը, գոռալով․

— Գնանք, ուշանում ենք․․․

Դա տեր Ավետիքն էր, իսկ ծերունին՝ մեզ նախածանոթ Սարգիս յուզբաշին։

Փարիշանը խավարի միջից լսեց նրանց խոսակցությունը, այժմ նոր հասկացավ, որ այդ բահերով, բրիչներով, կացիններով զինված բազմությունը տեղացի հայերի խումբն էր, որոնց առաջնորդում էր տեր Ավետիքը իր ընկերների հետ։

Նրանք աղաղակելով անցան թյուրքերի թաղը, անցան մի քանի ծուռումուռ փողոցներ և հասան ամրոցին։ Հրդեհը այժմ ավելի տարածվել էր․ ախոռատնից անցնում էր դեպի կանանոցը, իսկ խոհանոցից՝ դեպի դիվանատունը։ Բերդաքաղաքի թյուրքերի մեծ մասը այստեղ էր։ Կրակը հանգցնելու համար նրանք ոչինչ հնարներ չունեին, միայն աշխատում էին մթերքները դուրս կրել այն շենքերից, որոնց դեռ կրակը չէր հասել։ Ամրոցի պահապանները և ծառաները հսկում էին ավելի գողությունների վրա։ Բայց ընդհանուր խառնակության մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում․․․»։

— Այդ ո՞րտեղն է այրվում, — հարցրեց Փարիշանը մի թյուրքից։

— Ամրոցը․․․ — պատասխանեց նա շտապելով, և մի ահագին սնդուկ քարշ տալով դեպի իր տունը։

— Աստված ինքը ողորմություն անե․․․ — պատասխանեց Փարիշանը լալագին ձայնով, և ցույց տալով, որ չէ նկատում ավազակի իր իշխանի պալատից հափշտակած ավարը։

Փարիշանը նկատեց, բազմության նույն խումբը, որ զինված էր բահերով և բրիչներով, փոխանակ դեպի հրդեհը գնալու, մի պտույտ գործեց և լռությամբ անցավ դեպի ամրոցի ետևը, դեպի այն կողմը, ուր կրակը դեռ չէր հասել։ Ինքն էլ գնաց նրանց հետ։ Նրանք մտան մի նեղ փողոց, որի մի կողմը ամրոցն էր, իսկ մյուս կողմում խանի ամբարանոցները։ Այդ փողոցը դատարկ էր, այստեղ մարդիկ չկային։

Ամբարանոցների մեջ մթերված էր խանի հարստության մեծ մասը․ այնտեղ էր և զենքերի պահեստի տեղը։ Տեր Ավետիքը մոտեցավ ամբարանոցի գլխավոր դռանը, և իր սրի կոթով բախելով դուռը, գոչեց միևնույն եղանակով, որպես քահանան տասն կուսանաց հիշատակը կատարելու գիշերը, եկեղեցում ձեռքի խաչովը բախում է տաճարի վարագույրը, ասելով․

— «Բաց մեզ, տէր, զդուռն ողորմութեան․․․

— «Եկայք, օրհնեալք Հօր իմոյ, և վայելեցէք զպատրաստեալն վասն ձեր բարութիւն», — պատասխանեցին ներսից, և Խորն հայր սուրբը բաց արեց դռները։

Բազմությունը խումբով ներս թափվեցավ բացված դռնից։ Խորեն հայր սուրբը առաջնորդեց նրանց դեպի զենքերի պահեստի տեղը։ Սառան, որ հայր սուրբի հետ առաջուց եկած էր այնտեղ, արդեն բաց էր արել պահեստի դուռը և իր ձեռքում բռնած ճրագով լուսավորում էր մուտքը։ Բազմությունը ներս մտավ։ Նրանք մի կողմ ձգեցին իրանց բահերն ու բրիչները և սկսեցին մթերանոցից վեր առնել իրանց ցանկացած զենքերը։ Այդ տևեց մի քանի րոպե միայն։

— Այժմ դուք զենքեր ունեք, — ասաց տեր Ավետիքը, դառնալով դեպի բազմությունը։ — Ձեր զենքերը խլել էր խանը․ ես փոխարենը տվեցի ձեզ նույն իսկ խանի զենքերից։ Դա մեղք բան չէ․ — հափշտակության փոխարեն հափշտակություն։ Հիմա գնացեք, զավակներս, պաշտպանեցեք ձեր ընտանիքը, ձեր տները։ Ես գիտեմ, որ խանը իր ամրոցի վրեժխնդրությունը կթափե ձեր բնակարանների վրա։ — Գնացեք, այդ երիտասարդը կառաջնորդե ձեզ։ Նա ցույց տվեց Մելիք-Փարսադանյան Բալի զորապետի վրա։

Կռիվը, պատերազմը իր առանձին ոգևորությունն ունի, մի սոսկալի ոգևորություն, որ սրտի և հոգու ուրախությունը գտնում է խորտակելու, ոչնչացնելու և մահացնելու մեջ։ Տեր հոր խոսքերը ավելորդ էին։ Զայրացած, վրեժխնդրության ծարավի բազմությունը այժմ ինքը գիտեր իր գործը։ Խանը, արդարև, բերդի պաշարվելուց առաջ խլեց նրանց զենքերը, զրկելով անձնապաշտպանության ամեն միջոցներից։ Այժմ նրանց մի առանձին բավականություն էր պատճառում կռվել թշնամու հետ նրանից խլած զենքերով։

— Դուք անհոգ կացեք, տեր հայր, — պատասխանեցին նրանք։ — Մեր կնիկների լեչակը թող մեր գլխին լինի, եթե չարդարացնենք այն հույսը, որ դուք մեզ վրա դրած եք։

— Օրհնյալ լինիք, զավակներս, դե գնացեք, — ասաց քահանան, և դառնալով դեպի Մելիք-Փարսադանյանը, ավելացրեց․

— Բալի, ընտրիր խուլ փողոցները, և մինչև հայոց թաղ հասնելը, խույս տուր կռիվներից։

Բազմությունը Մելիք-Փարսադանյանի առաջնորդությամբ հեռացավ։ Բայց մեկը մնաց այնտեղ։

Սառան, որ ճրագը ձեռքում լուսավորում էր զենքերի մթերանոցը, ճանաչեց նրան, և ճրագը դնելով պատուհանին, վազեց դեպի նա, գրկելով ասաց․

— Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, այդ ինչպե՞ս եկար այստեղ, պատմիր, ինչպե՞ս եկար։

Փարիշանը մի քանի խոսքով պատմեց իր վերջին գործողությունները։ Այդ միջոցին տեր Ավետիքը, Խորեն հայր սուրբը և Շահումյան Ստեփաննոս իշխանը, առանձնացած մթերանոցի մի կողմում, ինչ-որ խոսում էին։ Սառան տարավ Փարիշանին նրանց մոտ, և ներկայացնելով, ասաց․

— Ահա այն աղջիկը, որ տվեց ինձ այդ մթերանոցի բանալիները, և որը վառեց այդ մեծ կրակը, որ ամբողջ քաղաքը լուսավորվում է․․․

Քահանան, վարդապետը և իշխանը մի առանձին ուրախությամբ նայեցին ախոռատան սպասավորի հագուստով ծպտյալ հերոսուհու վրա։

— Զավակս, — ասաց քահանան, նրա ձեռքից բռնելով և ճակատը համբուրելով․ — դու արժանի ես մեր ամենի սիրույն և հարգանքին։ Քո քույրիկները այսուհետև կարող են պարծենալ, որ հայոց աղջիկների մեջ ևս տակավին չէ հանգած հայրենասիրության կրակը։ Ես ճանաչում եմ քո հորը․ դու մի որբ աղջիկ ես, բայց այսօրից դու կլինես մեր զորագնդի որդեգրուհին՝ դուստրը։

— Համբուրեցեք ձեր դստերը, — դարձավ նա դեպի Խորեն հայր սուրբը և Շահումյան իշխանը։

Երկուսն էլ համբուրեցին նրա ճակատը։

Ուրախության արտասուքը խեղդեց քաջասիրտ աղջկան։ Նա մի բառ անգամ չէր գտնում իր շնորհակալությունը արտահայտելու։ Արդարև, նա մի թշվառ որբ էր։ Մորից զրկվեցավ նա դեռ իր տասն տարեկան հասակում, իսկ հայրը կսկծից մեռավ, երբ նրան բռնությամբ տարան խանի պալատը։ Այժմ որքան ուրախ էր նա, որ փոխանակ իր կորուսած ծնողների, եղավ որդեգրուհի մի քաջ և հաղթող զորագնդի։

— Շնորհակալ եմ, — ասաց նա, — որ դուք անհայր և անմայր որբին ձեր դուստր եք կոչում, բայց թող ձեր դուստրը համարձակություն ունենա խնդրելու ձեզանից մի ուրիշ բան ևս։

— Խնդրիր, — ասաց նրան տեր Ավետիքը, — ես գիտեմ, որ դու այնքան խելացի ես, որ անկարելի բան չես խնդրի։

— Իհարկե չեմ խնդրի, — պատասխանեց Փարիշանը, այժմ փոքր-ինչ համարձակություն ստանալով։ — Իմ խնդիրքս այն է, որ իմ տիկնոջը, որին կոչում են Զուբեյիդա խանում, առնեք ձեր պաշտպանության ներքո, խնայեք նրա կյանքը ընդհանուր կոտորածի ժամանակ։ Նա մի բարի, քրիստոնյա կին է։

— Մենք կկատարենք քո ցանկությունը, — պատասխանեց տեր Ավետիքը։

Տողատակեր

խմբագրել
  1. Քիբրիթ նշ․ ծծումբի մեջ թաթախած թելի բարակ պատրույգ, որ հին ժամանակներում գործ էին ածում որպես լուցկի։