Դատարկ հույսերով ենք խաբվում
ԴԱՏԱՐԿ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԵՆՔ ԽԱԲՎՈՒՄ
Մինչև երեխան լաց չէ լինում Մայրը ծիծ չէ տալիս:
ԱՌԱԾ
Զարմանալի բան է հույսը:
Նա մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով. մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չէ թուլացնում իր եռանդը, և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չէ շինում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է, և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է:
Մեր խոսքը վերջին տեսակի վրա է:
Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան: Դուք քննեցեք մի ստրուկ և ծույլ ժողովրդի առակները, առածները, լեգենդաները ու հեքիաթները, և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի՜ ուրիշ բան չէ կարող ստեղծել: Այնպես էլ քաղցած հավը երազումը կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել...
Այս տեսակ հույսերը խանգարված երևակայության և ուղեղի հիվանդության ցնորքներ են: Այս տեսակ հույսերը գժերի երազներ են:
Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլ ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր: Մինչև այսօր հրեից ազգը սպասում է, թե կհայտնվի մի մարդ, որ կնորոգե սուրբ տաճարը, որ կբարձրացնե Երուսաղեմը իր ավերակների փոշիներից և կվերադարձնե Իսրայելի կորած փառքը: Այն ժամանակ աշխարհի հզոր թագավորները, մի հասարակ հրեայի փեշից բռնած ողորմություն կխնդրեն...:
Երուսաղեմը ընկավ, Իսրայելը փոշու նման ցրվեցավ բոլոր աշխարհի վերա, բայց Աբրահամի որդիքը տակավին այդ հուսով են ապրում...:
Հույսը այնքան սաստիկ ներգործություն ունի մարդկային երևակայության վրա, որ բոլոր ազգերի կրոնքները նրան իրանց գլխավոր հիմունքներից մեկն են դրած: Նա է ոգևորում նահատակներին համբերությամբ տանել բռնակալ ձեռքից սարսափելի տանջանքերը: Նա է հանգստացնում` վշտակիր ֆաքիրի անտանելի ճգնությունները: Նա է թելադրում մարդուն զոհել իրական կյանքը, ատել աշխարհը և նրա վայելչությունները, մի գերբնական կյանքի բարություններին սպասել տալով: — Կրոնը, որպես վերացական սահմանադրություն, և վերացական հիմքի վրա է դրված, դա է հույսը:
Հույսը մի անդունդ է, որի անեզրական դատարկության մեջ մարդը մխիթարվում է այն բաներով, որ իսկապես չունի:
Դարտակ հույսը ծուլացնում է մարդուն, խլում է նրանից իր ինքնագործունեությունը և զրկում է տոկուն աշխատութենից: Դարտակ հույսը մարդուն ամեն բան դրսից է սպասել տալիս նա չէ թողնում, որ մարդ կանգնի իր սեփական ոտների վրա: — Նա միշտ նեցուկ է որոնում: Եվ այս պատճառավ մարդկային առաջադիմության մեջ չկա մի ավելի վնասակար բան, քան թե ցնորամիտ հույսը… Նրա խաբեական երազների մեջ, - մարդ զրկվում է իր բոլոր ցանկությունների ստվերների հետ...:
Ինչ որ գործում է դարտակ հույսը մի անհատի կյանքի մեջ, նույնը գործում է նա մի ազգի պատմության մեջ: Քննեցեք մի ազգի պատմություն և այդ թո՛ղ լինի մեր ազգի պատմությունը, և կտեսնեք, թե ո՛րքան մեծամեծ վնասներ է կրել նա, ո՛րքան կորցրել է դարտակ հույսերից հրապուրված, և տակավին չէ խրատվել իր սխալներով74:
Ահա 850 տարի է, որ Հայաստանը մոնգոլական ցեղերի լծի տակ հեծում է. քաղաք չմնաց, որ մի քանի անգամ նրանցից կործանված չլինի. մեր աշխարհում մի քիչ տեղ չմնաց, որ նրանք արյունով չողողեին, տաճար չմնաց, որ նրանք չպղծեին, կամ իրանց կիսալուսինը նրա կաթողիկեի վրա չտնկեին: Շատ անգամ ամբողջ գավառներ ամայի անապատ դարձան այս բարբարոսների արշավանքներից. շատ անգամ բյուրավոր ընտանիքներ ոչնչացան գերության և հալածանքի մեջ: Սուլթանները հազարավոր լեզուներ կտրել տվին հայերեն խոսելու համար: Անգորայի, Տիգրանակերտի, Խարբերդի և Փոքր Ասիայի շատ կողմերում մայրենի լեզուն կորավ հայի բերանից: Եվ մոնղոլական այլանդակ կերպարանքը գեղեցկացավ, կանոնավոր ձև ստացավ հայոց գեղեցկուհիներր բռնությամբ դեպի հարեմ քաշ տալով: — Կրկնում ենք. 850 տարի է, որ թուրքերը կատաղի գազանի նման ուտում, մաշում և սպառում են հայոց ազգի մարմինը, և նա համբերում է...:
Ասում են, պատմական հալածանքները թողնում են պատմական ոխակալություն: Մի ազգ չէ մոռանում մի ուրիշ ազգի բարբարոսությունները, որ գործել է իր նախնիքների դեմ: Հույնը, պարսիկը ատում են հայերին, որովհետև հայերը ունեցել են նրանց պապերի հետ փոքրիկ հաշիվներ: Բայց հայը ոչ ոքին չէ ատում, չնայելով, որ նա բոլոր իր շրջապատող ազգերից հալածանքներ է կրել, հարվածներ է ստացել: Եվ հայի այս ներողամտությունը առաջ է գալիս ոչ թե նրա քրիստոնեական եղբայրասիրութենից, այլ նրա հոգեկան անզգայութենից...
Դիակները ատելություն չունեն. դիակները լուռ համբերություն ունեն...
Այո՛, 850 տարի է, որ հայը մոնգոլական կրակի մեջ այրվում է և մի ձայն, և մի բողոք չէ բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի: — Ասում ենք մեռելության, և ոչ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը գոնյա իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի իր բռնակալը, և հարմար միջոցում դուրս է ժայթքում: Բայց հայը այդ էլ չունի:
Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն...
***
Ահա՛ զարկեց ժամը և Տաճկաստանի հարստահարված քրիստոնյաների վիճակը պիտի որոշվի: Քաղաքագետները դրան կոչում են արևելյան հարցի լուծում: Այս բազմադարյան խճճված հանգույցը պետք է լուծվի սրով: Հարստահարված ազգերը սուր բարձրացրին և մի հզոր պետություն նրանց պաշտպան հանդիսացավ, կոտորածը սկսվեցավ, և տակավին շարունակվում է...:
Բայց ի՞նչ արավ հայը:
Ոչինչ: Նա իր տեղում հանգիստ նստեց և խոտի նման կռվողների ոտքի տակ տրորվեցավ, և նրանց պատերազմական փոշու մեջ խեղդվեցավ: Հայի գլխին կատարվեցավ այն առածը, թե «ձին ու ջորին կռվեցան, էշը մեջտեղում սատկեցավ»:
— Ի՞նչ կարող էր անել հայը, — հարցրեց բարեկամներիցս մեկը, երբ մի օր այս առարկայի վրա խոսում էինք:
— Կարող էր ինքն էլ զենք բարձրացնել, — պատասխանեցի ես:
— Նա այդ բանի մեջ շնորհք չունի:
— Ուրեմն ոչինչ պահանջելու իրավունք ևս չունի:
— Ի՞նչու:
— Որովհետև ազատություն տրվում է այն ազգերին, որոնք իրանց ազատությունը սրով պաշտպանել գիտեն: Առանց արյունի ազատություն չկա, որպես առանց զոհերի փրկություն:
— Բայց դուք մոռանում եք ընդհանուր մարդասիրությունը, — ասաց բարեկամս:
— Դա մի ուռկան է, որով որսում են մեզ նման հիմարներին կրկին ստրկացնելու համար:
— Բայց դուք մոռանում եք, որ մեր օգուտը մեր լռության և մեր հանգստության մեջն է...:
— Այդ ես հասկանում եմ, հայը միշտ սովոր է այսպես մտածել. «Թո՛ղ ուրիշները փրթեն, ես կխփշտեմ»: — Այժմս էլ երևակայում է նա օգուտ քաղել ուրիշի թափած արյունից:
— Բայց ես հույս ունեմ, հաստատ հույս ունեմ, — կրկնեց բարեկամս, — որ այս պատերազմով արևելյան հարցը կլուծվի, և հայն էլ կստանա իր մասն ու բաժինը:
— Դարձյա՛լ հույս... Ռամկորեն ասում են, «հույսը ցանեցին ու տեղումը ոչինչ բուսավ»:
Մեզանից շատերը այդ հույսը ունեն: Բայց թե ի՞նչ հիմքի վրա է կայացած նա, հայտնի չէ: Միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որևիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել: Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել: Մենք մխիթարվում ենք, երբ Եվրոպայի որևիցե քաղաքում, մի ժողովի մեջ հայկական հարց է բարձրացել: Տեսեք, ասում են, մեզ վրա ուշադրություն են դարձնում, մեր բանը պրծած է... Թուրքիայի հայը այսուհետև ազատ է... Մենք ուրախանում ենք, որ սուլթանը հայոց պատրիարքի հետ ողորմածությամբ է խոսացել, — նրան բարձր պատվանշանի է արժանացրել. — այդ բարձրագույն գութը ազգին է վերաբերում, ասում ենք, և մխիթարվում: Մենք ուրախանում ենք, մտածելով, որ ռուսը պատերազմը քրիստոնյաների իրավունքի և ազատության համար է հրատարակել. ուրեմն հայն էլ օգուտ կքաղի ռուս զինվորի թափած արյունից:
Եվ ուրիշ շատ բաներ մտածում ենք մենք...:
***
Շա՛տ լավ: Եվրոպացին խոսում է իր լրագրի մեջ, խոսում է իր ժողովների մեջ, ռուսն էլ արյուն է թափում, բայց ի՞նչ է անում ինքը հայը:
Նա իր տեղում անհոգ նստած է, նա լուռ է:
Մի լրագիր, մի ազգային թերթ միայն իր բողազը պատառում է: Բայց նրա ձայնը կարո՞ղ է հասնել Եվրոպայի ականջներին, քանի որ նույն իսկ հայոց լսելիքը խլացած են նրա համար: Այս լրագիրը առաջարկեց մի խումբ երիտասարդներ ուղարկել Եվրոպայի գլխավոր քաղաքներում մեր ցավերը հրատարակելու համար: Կատարվեցա՞վ: Այս լրագիրը առաջարկեց կազմել մի գիտնական ընկերություն և հայերի բոլոր հարստահարությունները առանձին գրքույկներով և զանազան լեզուներով հրատարակել, ու ամեն տեղ տարածել: Կատարվեցա՞վ: Այս լրագիրը հայտնեց, թե հասել է այն ժամանակը, երբ մեր եղբարց փրկության համար հարուստը չպետք է խնայե իր արծաթը, գիտնականը չպետք է խնայե իր հանճարը, եկեղեցականը չպետք է խնայե իր ազդեցությունը ու ջանքը, իսկ աշխարհականը, ռամիկը չպետք է խնայե իր արյունը: Այս լրագիրը շատ բաներ առաջարկեց, շատ բաներ խոսեց, բայց ի՞նչ արեցին կարդացողները: Ո՛չինչ:
Ուրեմն ի՞նչ կարող ենք հուսալ քանի որ այսպիսի անդամներից է բաղկացած մեր ազգությունը: Հարուստը իր փողն է պաշտում: Գիտնականը եռանդ և անձնազոհություն չունի: Եկեղեցականը անտարբեր է մնում: Աշխարհականը, ռամիկը սիրտ չունի, սիրտը մեռած է…
«Մեր լռության մեջ են մեր շահերը», — ասում են հիմար իմաստունները:
Բայց գիտե՞ք հայի առածը` «մինչև երեխան լաց չէ լինում, մայրը ծիծ չէ տալիս»: Եթե այրական քաջություն չունենք, գոնյա երեխայի տրտունջ ունենանք. եթե ոչ, Եվրոպան մեր լռությունը բոլորովին ուրիշ կերպ կբացատրե. նա կմտածե, թե Տաճկաստանի հայը գոհ է իր վիճակից. և իրավունք էլ ունի այսպես մտածելու:
Ո՞ւր մնացին Կ. Պոլսի այն տաք գլուխները, որոնց բերանում անդադար հնչվում էր` «ռևոլյուսիոն մը ընելու է» խոսքը: Ո՞ր ծակը մտան այն ցնորամիտ երգիչները, որոնք իրանց տաղերի մեջ Հայաստանի անկախությունն էին երազում: Եվ ո՞ր օրվա համար էին այն ֆրանսիագետ և անգլիագետ պարոնների գրիչները, որոնք շատ անգամ մտածում էին այդ լեզուներով լրագիրներ հրատարակել հայոց ցավերը Եվրոպային հայտնելու համար:
Բոլորը լռվեցան, երբ տեսան բաշիբոզուկների սվինները: Բավական չէ, որ օտարը հայի մասին խոսում է. պետք է նա ևս, եթե չբարձրացրեց իր սուրը, գոնյա բարձրացներ իր ձայնը: Բայց այս բանի մեջ ևս նա շնորհք չունեցավ: Մինչև այսօր մի պաշտոնական ձև ունեցող բողոք չհայտնվեցավ հայերի կողմից: Մինչև այսօր մի ազգային պատգամավորություն չդիմեց ուր որ հարկն էր: Ժողովուրդը ոչինչ չարեց. ոչինչ չգործեցին և ժողովրդի ներկայացուցիչները:
Կ. Պոլսի հայոց պատրիարքը շողոքորթում է, կեղծավորվում է, և հայ եկեղեցականի հատուկ սովորությամբ` ազգի շահերը իր փառքին է զոհում: Պատրիարքը ստիպված է այսպես վարվել, մտածում են կարճատեսները: Դիցուք թե, նա այնքան անձնազոհություն չունի, որ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար` հունաց Գրիգորի նման իր պատրիարքարանի դռանը կախաղան հանվի, դիցուք թե, նրա լեզուն Կ. Պոլսում կապվում է, բայց ո՞վ էր արգելում նրան թողնել Թուրքիայի մայրաքաղաքը, ընտրել մի եվրոպական քաղաք, թող այդ լիներ Լոնդոն, և այնտեղից իր ժողովրդի բողոքներին թարգման լիներ, ուր որ հարկն էր: Թող պատրիարքարանը նրա ծախսերի համար իր երեք հազար լիրա պարտքի վրա ավելացներ հազար լիրա ևս. պոլսեցիք սովորել են վճարել իրանց պատրիարքարանի պարտքերը:
Բայց ո՛չ, սուլթանի մի ժպիտը պատրիարքին մոռանալ տվեց հայ ժողովրդի արտասուքը և արյունը...:
Ինչո՞ւ ենք մեղադրում պատրիարքին, երբ ընդհանուր հայոց կաթողիկոսը, ազգի հոգևոր ներկայացուցիչը, նույնպես լռություն է պահպանում: Մի խնդիր, որ գուցե դարերով այլևս չպետք է կրկնվի, մի խնդիր, որով պետք է վճռվի Տաճկաստանի հայոց ապագան — ընդհանուր հայոց հայրապետը իրան անտարբեր է պահում դեպի այն, նա, որին միայն է պատկանում ազգի իրավունքների պաշտպանության ձայնը:
Հայոց կաթողիկոսի հայրապետական աթոռը մի ապահով երկրում է դրած, թուրքը նրան երկյուղ չէ կարող սպառնալ. բայց ինչո՞ւ է լուռ:
***
Այսպես չէ, որ մենք ենք մտածում: Մեզանում կան մի տեսակ կարճատեսներ — դժբախտաբար նրանց թիվը փոքր չէ, որոնք երևակայում են, թե հայի ապագան Տաճկաստանումն է, թե հայի գոյությունը կապված է թուրքաց կառավարության գոյության հետ: Նրանք մտածում են, թե այժմյան բարբարոսությունները, հարստահարությունները մի օր կվերջանան, երբ թուրքը կքաղաքակրթվի, այն ժամանակ, ասում են, հայը քաղաքացու հավասար իրավունք և ազատ կյանք կվայելե:
Այդ ցնորք է:
Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա: Նա այսօր բռնությամբ հայի տղան, աղջիկը և կինը հափշտակում է և մահմեդական է շինում, բայց էգուց այնպիսի հրապուրիչ ձևեր կմտցնե, որ հայերը իրանց կամքով կդիմեն դեպի մահմեդականի մզկիթը: Նա այսօր ավազակի պես է կողոպտում, բայց էգուց այնպիսի օրենքներ կդնե, որ հայը ամենևին չի էլ զգա, որ իր աշխատության վաստակը մեծ մասամբ մտնում է արքունի գանձարանը:
Եվ ուրիշ կերպ լինել կարելի չէ, քանի որ տիրող ազգը աշխատելու շնորհք չունի, և միայն զենքով իշխելու քաջություն ունի: Այսպիսի ազգը պահպանում է իր զորությունը հպատակ ազգերի ձեռքի աշխատանքով: Թուրքը մի զինվորական ազգ է: Երկրի վաճառականությունը, երկրագործությունը, արհեստը, մշակությունը, բոլորը հպատակ և ոչ-մահմեդական ազգերի ձեռքումն է. — հայտնի բան է, որ դրանք պետք է աշխատեն թուրքի համար: Թե միշտ այսպես է եղել զինվորական ուժերի վրա հիմնված ազգերի և պետությունների հարաբերությունը իրանց աշխատասեր, բայց անզեն հպատակների հետ, — դա պատմության մեջ մի ապացուցված բան է:
Զինվորական ուժերի վրա հիմնված պետությունը, այլ խոսքով, մի ազգ, որ ամբողջապես բաղկացած է զինվորականներից, մի վիթխարի վիշապ է, որ կլանում է, ուտում է, ոչնչացնում է ինչ որ արդյունաբերում է ողորմելի հպատակի աշխատասեր ձեռքը: Այս վիշապը կուլ է տալիս ամբողջ ազգեր ու ժողովուրդներ իր մարմինը պարարտացնելու համար:
Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը:
Մի՞թե երեկվա գազանը կարող է այսօր հրեշտակ դառնալ: Մինչև նրա հրեշտակ դառնալը, Թուրքիայում հայի անունը միայն մնացած կլինի:
***
Ժամանակը մոտեցավ, պատերազմը վերջանալու վրա է, բայց հայը տակավին մի նշանավոր տնօրենություն չէ արած իր համար: Մինչև այսօր փոքր ի շատե աչքի ընկնող բան, որ երևցավ, դա էր Սեթ Աբգարի տետրակը: Բայց ի՞նչ մեծ նշանակություն կարող է ունենալ մի փոքրիկ տետրակ այնքան դարերի և մանավանդ այժմյան ցավերը արտահայտելու համար, որոնց ամբողջ հատորներով գրքեր չեն բավական:
Մյուս, ինչ որ լսվել է մինչև այսօր, ճանճի բզզոցներ կարելի է համարել, որոնք կարող են միայն ծիծաղ շարժել, և ոչ ցավակցություն: Եվ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ մեր բզզոցները եվրոպական ընդհանուր մարդասիրությունից զուրկ, եսական քաղաքականության առջև, քանի որ սլավոնական ցեղերի թնդանոթների որոտմունքը, և նրանց թափած արյան մրմունջը ազդեցություն չեն գործում:
Իսկ այդ պետք չէ, որ հուսահատեցնե մեզ: Եվ եթե Թուրքիայի հայի դաժանական դրությունը չի բարվոքվի ևս, գոնյա պատմության դատապարտութենից ազատվելու համար, գոնյա ապագա սերունդի մոտ սևերես չմնալու համար մենք պետք է թափենք մեր բոլոր ճիգը ներկա հանգամանքներից օգուտ քաղելու, և եթե չհաջողվի ևս, մեր որդիքը կասեն, թե մեր հայրերը աշխատեցին…