Անհասկանալի օրերի միջից Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Դեմից խփում են)

Վարդան Հակոբյան

Առիթմիա
***

Դեմից խփո՛ւմ են, զարկո՜ւմ են սրով,
սակայն խաչքարը գալիս է էլի,
կողքից խփո՛ւմ են, զարկո՜ւմ են սրով,
սակայն խաչքարը գալիս է էլի,
աջից ու ձախի՛ց,
վերից ու վարի՛ց,
ամեն կողմերից խփո՛ւմ են, զարկո՛ւմ,
սակայն խաչքարը կանգուն է էլի,
սակայն խաչքարը քայլում է ուղի՛ղ...
Խաչքարը հայոց երկրի պատկերն է՝
                սուրբ, բիբլիակա՛ն,
Մասիսը՝ նրա կենտրոնում կանգուն,
մեր սիրո մոմը`
                        Աստծո առաջ՝
արհամարհում է հողմերը բոլոր,
վառվում է ճերմակ, ձյունեղեն հրով։
Եվ հավերժելով այդ սուրբ լույսի տակ,
Խաչքարը գալիս, գալի՜ս է, գալի՛ս...