Դեպի հայրենիք
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 427
ծ. ― էջ 802

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՎԻՊԱԿՆԵՐ
</noinclude>
ԴԵՊԻ ՀԱՑՐԵՆԻՔ


ՎԵՊ
ԴԵՊԻ ԳՑՈՒՂԱՑԻՆ․ ԴԵՊԻ ՏՈՒՆ
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Տասնուվեց տարեկան Վահանը գավառական ուսումնարանն ավարտելուց հետո իրանց գյուղում տավար էր արածեցնում։

Նա երբ վերջին՝ երկրորդ դասատունն էլ ավարտեց, վերադարձավ, հայրը հրճվանքով ու հպարտությամբ համբուրեց որդու ճակատը և թիկունքին խփելով՝ բացականչեց․ «Արևիդ մատաղ, արևի՛դ․ ախար ում տղեն ես, որ գլուխ չանես․․․ Հիմի Ներսեսական ուսումնարանը չէ որ, թեկուզ Պետրապոլ էլ կտանեմ քեզ․․․ Մի քիչ կացի հալա էս հունձը պրծնեմ, փորներս հացոտ ըլի․․․»։

Նեսո բիձեն կրկնում էր յուր խոսքը, որ տվել էր որդուն Ներսիսյան դպրոցը տանելու համար։ Բայց այդպես սրտանց նա քիչ էր հուզվել յուր կյանքում։ Նա մի րոպե հպարտացավ, և ուրախության արտասուքները եկան, լճացան ակնակապիճներում։ Այդ րոպեին սրտանց էր և նրա խոստումը։

Հոր ուրախությունից ու խոստմունքից Վահանը խոր զգացվեց, և այն գիտակցությունը, թե ինքն է այդ հուզմունքի պատճառը, մի քաղցր հուզմունք, որ շատ քիչ է ունեցել յուր հայրը, նրան ոգևորեց․ այդ ոգևորության մեջ ինքն էլ սրտումը մի լուռ խոստմունք արավ հորը․ «Ներսիսյան դպրոցում ես գիշերները չեմ քնիլ, դասերս անգիր կսովորեմ, որ քեզ ավելի ուրախացնեմ․․․»[1]։

Բայց մինչև Թիֆլիս գնալու օրը կգար, Վահանը յուր հորն օգնում էր ռանչպարության մեջ։ Նա ավելի սիրում էր անասուններն արոտ տանելը՝ տավարածությունը։ Տանում էր անասուններն ազատ թողնում անտառում, ինքը մի քարի գլխի նստած կամ մի ծառի տակ պառկած անձնատուր լինում յուր ցնորքներին։

Զվարճալի էր այդ․․․ տավարածի կերպարանքը։ Նրա բարեկազմ մարմինը, որին չէր կարելի նիհար ասել, դեռ կրում էր ուսումնարանի հին պոլսուկնոյի բլուզը, նեղ անդրավարտիքի վրայից սրունքները սեղմում էին մավի պաճիճները, իսկ քիթը ծակված, պճեղները դուրս պրծած տրեխները կարծես թե դեպի վերև նայելով ծիծաղում էին գլխի խունացած շլապկի վրա։ Բայց ով էլ ծիծաղեր շլապկի վրա, կգերվեր կոզիրոկի տակից նայող աչքերին։ Այդ աչքերը տավարածի զվարթ անհոգության փոխարեն մի վիշտ ունեին, մի խելոք մտածմունք, որ հածում էր յուր շրջավայրից շատ հեռու։

Անասուններն էլ էին նկատում, որ նա իրանց մասին չէր մտածում, և արածելով հեռանում, շատ անգամ կորչում էին։ Իսկ նա այդ ժամանակ մեջքի վրա պառկած մի ծառի տակ, մտազբ<աղ> խոհուն աչքերը հառած հոյակապ երկնակամարի խորը կամ այնտեղ մխված բարձր գագաթներին, գլխի վերևը շարժվող տերևների մեղմ շրշյունի, թռչունների ծվոցի ու ծլվլոցի ձայներով թովված, արթուն երազներ էր տեսնում։

․․․ Ահա Թիֆլիսը, հի՜ն, ահագին Թիֆլիսը․․․ Դանդաղ, լայնածավալ Քուռը խաղաղ թավալվում է քաղաքի գռռոցի, հարայ հրոցի մեջ, որպես քյավթառ ծերունին, առանց ուշք դարձնելու, իրան-իրան մռմռում է աղմկող երեխաների մեջ։

Ահա հրաշալի տները․․․ քարվանսարաները․․․ ահա Ներսիսյան դպրոցը՝ հոյակապ տաճարը ուսման․․․ մանուկներ, պատանիներ, միրուքավոր երիտասարդներ, լիքը, երգում են․․․ կարդում են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն․․․

Այս բոլորի մասին լսել էր նա․ իսկ շարունակությունը գալիս է ինքն իրան․ «Քննությունների ժամանակն է․․․ ընդարձակ դահլիճում կանգնած է մի աշակերտ բազմության առաջ... նա կրակ կտրած պատմում է ու պատասխանում... Բազմությունը հիացած է նորա վրա․․․․ Այնտեղ աղջիկներ էլ կան, սիրուն—քնքուշ աղջիկներ․․․ Նրանք հափշտակված ժպտում են նրան․․․ իսկ նա ջուր արած պատմում է ու պատասխանում, առանց կանգնելու․․․ Նա բոլոր վարժապետների սիրելի աշակերտն է՝ Վահան Լանջիկյանը։

— Ա՜խ, երբ պետք է այսօրը գա,— սթափվելով հառաչում էր տավարած Վահան Լանջիկյանը։

Բայց օրերը, շաբաթներն ու ամիսներն անցնում էին ծանր, ծանր ու միատեսակ, ծաղրելով տավարածի ցնորքներն ու համբերությունը մաշելով։ Արդեն անհամբեր էր դարձել պատանին[2]․ մի կասկած սկսել էր նրան անհանգիստ անել, և նա շուտ—շուտ հարցնում էր հորը․

— Ապի՛, բաս երբ պետք է քաղաք գնանք, է՛․․․ ինչ որ սովորել էի, էն էլ մտիցս ընկավ․ իմ ընկերները հիմի անցկացան, ես եդ եմ մնում․․․։

— Հա՛, կա՛ցի, քեզ մատաղ, կացի, մի էս գութանիցն էլ պրծնեմ․․․ Բա ես կթողնե՞մ, որ դու ընկերներիցդ եդ մնաս․․․ Մի քիչ տեղս նեղ ա, թե չէ․․․։

Խեղճ Նեսո բիձու տեղը հիրավի նեղ էր։ Նա հազիվ կարողանում էր յուր գլխի ճանճը քշել, յուր տան պակասությունը հոգալ․ մին հացն էր պակասում, մին աղը, կոռ էին քշում, բեգյար էին պահանջում, խարջ էին ուզում․․․ քաղաքն էլ խո X գյուղաքաղաքը չէր, որ Վահանին տաներ դներ մի բարեկամի մոտ ու մի քանի թաղար ալյուրով պրծներ, և, «կա՛ցի, Վահան ջան, մի քիչ էլ կացի» ասելով, Վահանը մնում էր գյուղում։

Երկու ամառ անցավ, արձակուրդներին Թիֆլիսից երկու անգամ եկավ Վահանի նախկին ընկերը՝ իրանց տերտերի տղա Սուրենը, որ արդեն Ներսիսյան դպրոցի չորրորդ դասատանն էր։ Այս այն Սուրենն է, որ Թիֆլիսից միշտ նամակ էր գրում Վահանին և հորդորում, թե գյուղումը մի՛ մնալ։ Մի անգամ էլ եկավ դարբնի տղա Գրիգորը, որ հինգերորդ դասատանից դուրս էր եկել, մտել մի գրասենյակ։ Նրանց յուր կոշտ ձեռքերով, մի տեսակ պատկառանքով բարևեց Վահանը, զգաց իրան և նրանց միջի առաջ եկած զանազանությունը և լուռ վիրավորվեց յուր մեջ։

Միասին գնացին հանդն զբոսնելու։ Սուրենն ու Գրիգորը մի հին քանդված վանք կամ մի արձան տեսնելիս խոսացին դարերից ու հայոց պատմությունից, կարծես թե դիտմամբ Վահանին զարմացնելու համար, մինչև անգամ հիշում էին, թե այս լուսամուտը[3] գոթական ճարտարապետության նմուշ է, այս սյունի բեկորը հունական (բյուզանդական), այս կամարն արաբական․․․ սկսում էին վիճել ֆիզիկայից, բնագիտությունից, ալգեբրայի, մաթեմատիկայի անուն էին տալիս․ այդ բոլորից Վահանը ոչինչ չէր հասկանում[4], հպարտությունից չէր էլ հարցնում և լուռ նախանձից ալեկոծվում էր սրտումը։

— Ինչո՞ւ չես քաղաք գալիս, եղբայր, ափսոս չի՞, որ ժամանակդ անցնում է զուր․ մի՞թե լավ է, որ միշտ տավարած մնաս․․․ չէ՛, Վահան, աշխատիր գոնե այս տարի գալ․․․ մենք էլ կօգնենք, կպատրաստենք, գուցե Արհեստավորաց ուսումնարանը կարողանաս մտնել․․․— հանդիմանում ու հորդորում էին ընկերները։

— Ա՛յ տղա, էն ա մինումին բաններս ձախ ա ընկել, էսօր էգուց ասելով եմ մնացել․․․ Դե հերս էլ մենակ՝ մեջք[5] տվող մարդ-քումակ չուներ․․․ ա՛յ հիմի էս տարի մի քիչ շունչներս մեզ ենք հավաքել․․․ հիմի անպատճառ կգամ։

Դարձյալ հանդիմանեցին ու հորդորեցին ընկերները, որ չմնա գյուղում և գնացին քաղաք։ Վահանն այս անգամ էլ նրանց ճանապարհ դրեց, ետևներից նայելով մնաց գյուղում և սկսեց մտածել։ Վահանն էլ անասունները հանդը չէր տանում, ոչ էլ տանն էր սրտով մի բան շինում․ հորն ու մորից խռով, գլուխը քաշում էր այս ու այն կողմը, հեռանում և շարունակ մտածում էր յուր քաղաք գնալու մասին։

Մի իրիկուն բոլորը հավաքված էին։ Իրիկնահացից հետո երեխաները քնեցին․ Վահանը ետ քաշվեց, թինկը տվեց մի կողմի պատի տակին, կիսամթության մեջ, մայրը ծխրտող նավթի ճրագի տակ կարկատան էր անում, իսկ փոքր քույրը քորում էր անկողնի վրա բերանքսիվայր պառկած հոր մեջքը։ Բոլորը լուռ էին։ Այս իրիկուն Նեսոն շատ բարկացած եկավ տուն։ Գեղամիջում ինչ-որ մի բանի համար թքել էին երեսին։

— Ա՛պի,— հանկարծ յուր տեղից կանչեց Վահանը։

― Ի՞նչ ա։

— Հալա ինձ մի կտրական պատասխան տուր,— քաղա՞ք ես տանելու, թե չէ։

— Քաղաք շինողի հերն էլ անիծած․ դու էլ իմ օրին չես մտիկ անում, կոծոծ ես դառել կպել յախիցս․ ինչո՞վ քեզ քաղաք տանեմ․ էստեղ մի քանի շահի չեմ գտնում, թե կոռի սելի փողը տամ, էսօր գեղամիջումը թուք ու խայտառակ արին, դու էլ մի կռնիցն ես մարդի հոգեհան դառել, թե ինձ տար քաղքումը պահի, որ ես ուսում առնեմ․․․

— Ա՛յ որդի, որ ունենանք կղարգենք էլի, չունենք, որ չենք ղարգում,— մեջ մտավ մայրը։

— Դարբին Արութինը ձեզանից շատ ունի՞,— մթնից լսվեց Վահանի ձայնը։

Հայրը շարունակում էր յուր ճառը։

— Թե դու խելոք, բան հասկացող տղա ես, ինչ որ ուսում տվի[6] էն էլ ա հերիք, տեսնում ես իմ հալը, ինձ քոմակ արա—էնքան մենակ դես-դեն եմ թռել մեջքիս թելը կտրել ա․ դու էլ քինթդ ցից ես արել, խռովել, ոչ տավարն ես գնում, ոչ տանն ես բան շինում— գիտեմ ոչ ընչիս վրա ես մենծ սրտանի․․․ Ունեմ ու քեզ խնայո՞ւմ եմ․․․  — Բաս դարբին Արութնի չափ էլ չունես, որ նա իրան տղին քաղքումն ասում տվեց․․․

— Դե նա անում ա, ես անում չեմ, իմ քեփը խու չես,– վճռական կտրեց հայրը և հրամայեց աղջկանը, որ մի քիչ ղայիմ քորի մեջքը։

— Բաս խի՞ չէիր վաղ էթենց ասում։

— Վաղ չեմ ասել ու հիմի եմ ասում, արի անգաճս կտրի։

Աղջիկն սկսեց ծիծաղելն[7], մայրն էլ ծիծաղեց, աշխատելով հոր ու որդու սուր խոսակցությունը հանաքի փոխել․

— Վահան ջան, քու տեղակ ըլեմ, վեր կկենամ անգաճը կկտրեմ։

— Անգաճը կտրիլ չեմ, ամա ես գիտեմ ինչ կանեմ,— փնթփնթաց Վահանն ու լռեց։

— Ի՞նչ պտես անիլ․․․ պետք է փախչի՞ս։— Ա՛յ, մի ճամփա ձորովն ա գնում, մինը սարի տակովը, մինն էլ սարի գլխովը, որովը կուզես վեր կաց գնա․ ա՛յ, հլե էսենց,— պառկած տեղից վրա նստեց, մատը ճամփաների կողմը մեկնելով թվեց հայրն ու կրկին պառկեց։

— Դու էլ քանի՞ շաշ-շաշ խոսաս․ ճամփա գիտես՝ դու վեր կաց գնա, թե գնալը լավ ա,— բարկացավ կինը։

— Դու էլ էդտեղից քիչ խոսա շաշ-շաշ։

— Դու ես շաշը, որ գիտես ոչ ինչ ես խոսում։

— Նալլաթ չար սատանին,— մռմռում էր պառկած Նեսոն։

— Խոսքի ոչ լավն ես հասկանում, ոչ վատը, գլխիցդ դուս ես տալիս․․․ Մի երեխապատառ ա, էն էլ ուզում ես սրտակտրես․․․— Լացակնքած խոսում էր մայրը, արագ-արագ յուր կարկատանն անելով։

— Ա՛յ անզգամ, ձենդ քեզ արա, է՛,— մթնումը գլուխը բարձրացնելով, աչքերը չռեց Նեսոն, և մարդ ու կին սկսեցին կռվել։

— Լա՛վ, լա՛վ, հերիք ա,— ձայն տվեց Վահանը։

Այդ[8] ձայնը պարզ[9] հայտնում էր և՛ վիշտ, և՛ սպառնալիք։ Դարբին Արութինը Նեսոյի պատկից հարևանն էր։ Նա յուր որդի Գրիգորին[10] քաղաքը տարավ, Ներսիսյան դպրոցը տվեց, որքան ուժը պատեց այնքան պահեց որդուն քաղաքում, այնպես որ Գրիգորը[11] չքավորության պատճառով հինգերորդ դասատանից դուրս եկավ, մտավ մի գրասենյակ։ Երկու տարի էր, որ գործի վրա էր նա և յուր ծնողների համար էլ երբեմն թեյ ու շաքար կամ չիթ ու կտոր էր ուղարկում։

Մի առավոտ դարբին Արութնի տունը հանկարծ աղմուկ ընկավ։ Վա՜յ, գոռում էր դարբինը, գոռում էին կինը, երեխաները, բոլորը միասին մի սուգ ու շիվան բարձրացրին։

Մոտիկ հարևանները մի վայրկյան զարմացած ականջները սրել էին և կարծում էին, թե մեկի սիրտը գնացած կլինի։

— Վա՜յ, բալա ջան,— լսվեց դարբնի կնոջ ձայնը։

— Վա՜յ, Գիքորս մեռել ա,— հետևեց դարբինը։

Վա՜յ, Գիքորը մեռել ա քաղաքումը,— շշնջացին հարևաններն ու ներս թափեցին դարբնի տունը։ Ոմանք լալիս էին սգվորների հետ, ոմանք ծնկներին խփելով ցավակցում էին, ոմանք մխիթարում կամ հարցնում, թե ինչպես է եղել, կարելի է սուտ է․․․։

Բանից դուրս եկավ, որ մի ձու ծախող չարչի էր խաբար բերել քաղաքից․ բայց Գրիգորը չէր մեռել, ամուսնացել էր քաղաքում․ նրա համար էին սուգ անում ծնողները։

Իհարկե, հետո շատ ծիծաղեցին գյուղացիք, բայց քանի խոսացին, այնքան ավելի լուրջացրին խնդիրը, և բանը այնտեղ հասավ, որ մահից պակաս դժբախտություն չգտան Գրիգորի ամուսնությունը ծնողների համար։

Վա՛յ ծիծա՜ղ․․․ Այ տղա, էս ի՜նչ էր,— իրար ետևից բացականչելով ու ծիծաղելով դարբնի տանից դուրս եկան գյուղացիք, դռանը խմբվեցին։

— Տղե՛րք, էս ի՜նչ օյին էր։

— Ա՛յ տղա, ընչի եք ծիծաղում, մարդը ամակ ա արել, սև օրով տղա ա մենձացրել, ինքը քարի վրա քացախ ա կերել, նրան ուսում ա տվել—հմի նա գնացել ա մի մաթուշկա ա ուզել, հորն ու մորից ձեռը վեր կալել,— խոսաց մի գյուղացի (Նեսո բիձեն)։

— Տղերք, դրուստ որ շատ դժար բան ա․ թեկուզ, մեռած, թեկուզ էթենց արած, մին ա․․․ Էլ ի՛նչ որդի, էլ ի՛նչ հերն ու մեր—բաժանվեցին հավիտենս հավիտենից,— շարունակեց մի ուրիշը։

— Ա՛յ գիտի Գիքոր, հա՜, կորավ ծնողից էլ, քիր-աղբորից էլ, գեղից էլ, բարեկամից էլ․․․

— Ախպեր, եկեք ասենք, որ էդ անտեր Քռի ջուրը հլե մարդի սիրտ հովացնում ա․ ուսումը, քաղաքը փչացնում են մարդի․․․ Ախպեր, դուք անգաճ դրեք, ես ասեմ, և մատները խուփ անելով սկսեց հաշվել,— Բրանեցի Ղուկասի տղեն խո էն ա մեռավ, Տանձուտեցի տերտերի տղեն էլ որ շաշացավ, Ադեկեցի Մադոյի տղեն պսակվեց, հերը գնաց՝ տուն չթողեց, ասել էր՝ պոլս ցեխոտ կանես․․․ Մասրուտեցի Խեչոյի տղեն դոխտուր դառավ, հերը գնաց — նոքարի հետ քնացրուց․․․

— Ով որ որդի ուսում տա, քաղաքը ղարգի, ինձ նման դարդակ նստի,— շեմքից դուրս գալով ու չուխի փեշով աչքերը սրբելով, ձայն տվեց դարբին Արութինը։

Գյուղացիք լռեցին։

— Ընչի ես ասում, ուստա Արութին ջան, էլ քու որդին է, օջաղ կդառնա, քեզ էլ հարեհաս կըլի, Գիքորն էնթավուր տղա չի․․․— խոսաց դռան քարի վրա նստած ծերունին։

— Բաս հիմիկենց դենը նա խո գալ չէր մեր գեղական աղջիկ ուզիլ, մեզ նման ապրիլ, դու ասա լավ օջազից ըլի ուզած, հալալ ծծկեր ըլի ուզած․․․ Աստված էլածն օխնի, սիրտդ կոտրիլ մի՛,— հուսադրելով հեռացավ[12] խոսողներից մեկը։

Եվ կամաց-կամաց ցրվեցին, դարբնին թողնելով յուր շեմքի առաջին, քարի վրա նստած։

Նեսո բիձեն շուտով զղջաց Վահանի հետ կոպիտ վարվելու համար․ մանավանդ Գրիգորի ամուսնության չար լուրն էլ որ եկավ, նրա աչքի առաջից էլ չէր հեռանում արտասվող դարբինը[13]։ Այնինչ Վահանը պատրաստություն էր տեսնում դեպի քաղաք փախչելու։

— Հիմի աչքդ դուս գա, թող փախչի, երկրե-երկիր կորչի․․․ սիրտդ հովանա․․․ ջանդ դինջանա․․․ էնքան բայղուշի նման․․․ ուզածդ արիր․․․— Ամեն տուն մտնելով, արտասվելով հանդիմանում էր կինը, և խեղճ Նեսոն առանց ձայն հանելու, խոստովանված մեղավորի նման դուրս էր գալիս։ Վերջապես մի օր սկսեց այսպես խոսալ տղի հետ։

— Ա՛յ որդի, բա ես որ ճար ունենամ, քու սիրտը կկոտրե՞մ, ես չե՞մ ուզում, որ դու ուսում առնե՞ս, ամա որ մեջքս վրա չի գալիս ի՞նչ անեմ, ո՞ր քարիցն ընկնեմ․․․

— Դե ես խու բան չեմ ասում։

— Բանն էն ա, որ խռովել ես․ հենց գիտես ես վարավուրդ չեմ անում, թե ինչ ես անում․․․ որ մեր տանը նստես, մի կտոր հաց ա, աշխատենք, իրար հետ ուտենք, ինչ կըլի․․․ Ի՞նչ ես կորցրել քաղաքումը․․․ Գնաս, էգուց էլ[14] քեզ խաբեն, գլուխդ մի մաթուշկա կապեն, բաս մենք մեղք չե՞նք․․․

Մայրն էլ մյուս կողմից էր աշխատում որդու սիրտն առնել, ամեն բան անել, ինչ որ Վահանը կուզի․ հակառակին Վահանն էլ բան չէր ուզում։

— Վահան ջան, ձվածեղ անեմ կեր։

— Ուզում չեմ[15]։

— Վահան ջան, ո՞ւր կուզես գնանք։

— Ոչ մի տեղ չեմ ուզում։

— Բաս էդ ի՞նչ ես միտք անում։

— Ես միտք չեմ անում։

— Վահան ջան, ինչ կուզես արա, քաղաք գնալու վրա միտք չանես, ո՛ր օրը դու քաղաք գնաս՝ էն օրը ես կմեռնեմ․․․ լսում ե՞ս դարբնի կնկա ձենը․․․ իմ օրն էլ էն կըլի․․․

— Չեմ գնալ, չէ՛․․․

— Դե ասա՝ իմ արևը։

— Իմ արևը։ Այսպես միամտացնում էր Վահանը յուր ծնողներին․ մեղքանում էր նրանց, բայց դարձյալ մտածում էր թաքուն փախչել։

Վերջապես մի անգամ փախչե՞լ, թե թուլասրտությամբ ծնողների անմիտ աղաչանքին լսել ու հավիտյան կորչել, դառնալ տավարած, ո՞րն է լավ․․․։

Իհարկե փախչել։ <․․․>

Այն ցեխոտ փողոցը, որ ես ասում եմ, գտնվում է Թիֆլիսի ետ ընկած թաղերից մեկում։ Իրիկնադեմերը արհեստավորների դժգույն կանայք դուրս են գալիս և նրա երկու կողմը, դռներին հավաքված բամբասում են կամ կռվում իրար հետ։ Գիշերները միշտ դատարկ է լինում այն մութ փողոցը։ Երբեմն միայն ուշ ժամերին մի հարբած քուչբազ կամ նախշքար, կանաչով ու հացով լցրած[16] թաշկինակը ձեռքին, գլուխն առաջ գցելով, երերալով ու պատերին դիպչելով աղմկում է այն խուլ փողոցի լռությունը։ Նա տուն է գնում՝ մերթ բարձրաձայն հայհոյելով անհայտ մարդկանց, մերթ երգելով, օրինակ, մի այսպիսի երգ․

Ազիզմ, նաչար, աղլամա,
Գյուն դըր, քեչար, աղլամա[17]։


[18]Մի տան առաջ հասնելով, նա կանգ է[19] առնում[20]։ Այնտեղ՝ ներսից աղմկում են, նա միշտ այնտեղից ձայներ է լսում[21]։

— Գամոդիդ, վենախա՜րթ․ ը՜, ը՜, է՜, թքվենի դեդիս սուլի․․․ (Դուրս եկե՛ք, ո՞վ եք, ձեր մոր հոգին․․․)․ մի փոքր ականջ դնելուց հետո, բռունցք անելով, սպառնալի գոռում է հարբած արհեստավորը և դարձյալ ճանապարհը շարունակում՝ յուր երգը երգելով։

Այնտեղ ներսն էլ էին երգում։

Այն տանը[22] երկու գավառացի տղերք էին ապրում։ Միշտ նրանց մոտ էին հավաքվում ընկերներն ու վիճում, երգում, ժամանակներն անց կացնում։ Երբեմն էլ քեֆ էին անում։ Նրանց քեֆի սեղանը դատարկ էր համարյա, մի քիչ հաց ու պանիր էր մնում, կանաչի, կալբաս և մի երկու շիշ գինի։

Գինի՜, գինի՜, կուտաս հոգի,
Կխմեմ գինի, կզվարթանամ,
Տրա լա, լա, լա, լա․․․[23]
Զեյթունցինե՜ր, մեր զբոսանք
Են պատերազմ ու արշավանք․․․


միացած գոռում էին մի քանի ձայներ, իբրև թե երգում էին։

— Կեցցե՛ հողագործը, կեցցե՛ ժողովուրդը,— նրանց գոռոցի մեջ ավելի բարձր կանչում էր մի կարմրատակած երիտասարդ։ Նա ոտքի կանգնած, բաժակը գլխիցը վեր տարածած[24] ձգվում էր սեղանի վրա[25]՝ շարունակ գոռալով՝ կեցցե՛ ժողովուրդը։

— Կեցցե՜, հուռռա՜,— երգերն ընդհատելով, բաժակներն իրար շրխկացրին տղերքը և խմեցին ժողովրդի կենացը։ Դեռ կուլ չտված, մեկը ոգևորված ձեռքերը տարածեց ու հանդիսավոր չափ զարկելով, սկսեց․

Ահա ծագեց կարմիր արև,
Ջերմ ու պայծառ է օրը,
Դե քաշեցեք, սիրուն եզներ,
Առաջ տարեք արորը։


Նրան հետևեցին մյուսները[26] և երգում էին միասին[27]։

— Սպասեցե՛ք,— տեղիցը վեր կացած գոչում էր թամադեն։

Տղերքը երգում էին։

— Սս՜ս՜, սպասեցեք, Սեդրակ, լռիր, սպասիր, Սի<մ>ոն, սպասի՛ր։  — Սս՜ս՜․․․

[28]Երգը լռեց վերջապես։

Թամադեն բաժակը վերցրեց, կրկին դրեց սեղանի վրա, հազաց, կոկորդը մաքրեց։ Ընկերները պատրաստվեցին[29] լսելու։

— Տղե՛րք, խորհրդավոր կենաց է այս կենացը,— սկսեց թամադեն։

— Բրավո, Սուրեն։

— Սս՜ս՜․․․

— Քանի ժամանակ է, ես նկատել եմ, որ այս կենացի նման սրտալի ոչ մի կենաց չեն խմում մեր սեղանների վրա,— շարունակեց Սուրենը։– Այդ ընչի՞ցն է, երբեմն հարց եմ տվել ինձ։ Այդ ընչի՞ցն է, հարցնում եմ ձեզ։

[Այստեղ նա կանգ առավ, ապա[30] շարունակեց․]

— Այդ նրանից է, որ մեն այժմ այդպես ենք հիվանդացել։ Վարակվել ենք մենք, վարակվել են մեր մտքերը, մեր հոգիները։ Եվ այն օրից, որ մենք վարակվել ենք այս նոր ցավով, ես մի նոր զվարթություն ու կենդանություն եմ նկատում մեր ընդհանուրի վրա[31]։ Ինձ էլ, որպես այդ ամբողջի մի անդամի, ոգևորում է, թռցնում է այս նոր հիվանդությունը։

Ինձ համար արդեն անտանելի է դարձել այս դրությունը։ Էլ չեմ կարող տանել այս պայմանները, պետք եմ զգում փոխելու[32], և միտքս ու հոգիս արդեն[33] անհանգիստ են։ Արդեն ես զբաղվում եմ ինձանով, քննում եմ ինձ— Ի՞նչ եմ ես։— Մի հասարակ ծառայող, որ յուր բոլոր հոգեկան ուժերը անգործ թողած՝ մեքենայի դեր[34] է կատարում, որ ոչ մի մխիթարանք չունի յուր գործի մեջ, բացի այն, որ կուշտ է լինում։ Բայց ի՜նչ կուշտ․ այսօր մարսողությունն է խանգարված, վաղն արեն պակասություն ունի, երրորդ օրը՝ մի ուրիշ ցավ։ Մի պանդխտական, որ ահա կանգնած եմ ձեր առջև և այս րոպեին, այս տոթերում խեղդվելիս՝ մտածում եմ, որ այս սարերի ետևը (նա մատը մեկնեց դեպի սենյակի մի պատը) կան հով ու կանաչ սարեր, և այն մեր սարերն են․ այս հոտած ջրերը խմելիս՝ մեր կաթնաղբյուրցիների համար եմ հառաչում, կանտորում փակված սիրտս նեղանալիս՝ մեր դաշտերի ընդարձակությունն եմ մտաբերում, խազեինիս թթված երեսը տեսնելիս կամ աղաչական հանդիմանություններն ու հրամանները լսելիս, հիշում եմ, որ ես[35] մի հարգված ու լուսավոր մարդ եմ իմ բնագավառում․․․

Ի՞նչ եմ ես ինձ համար․․․

Սակայն չէ՛ որ մարդը միայն ինքն իրան համար չի․ անհատը սերտ կապված է անհատների և[36] բազմությունների հետ, և մեր մարմինը, մեր հոգին, մեր միտքը, մեր սիրտը կազմում են այդ կապը[37]։ Ես էլ անդադար, ամեն տեղ ման գալիս, նստած թե կանգնած, միշտ մտածում եմ իմ հարազատների մասին։ Նրանք սև օրով ու դառը քրտինքով աշխատել՝ ինձ[38] շատ թե քիչ ուսում են տվել։ Նրանք հույսեր են դրել իմ[39] ուսման վրա, նրանք տարիներով սպասել են իմ վերադարձին, և դեռ այսօր էլ վիզները ծռած, հուսախաբ[40], սրտակոտոր նայում են իմ ճամփին և անիծում են ուսումը[41], որ այսքան չարաբեր կարող է լինել[42], ոչ թե միայն օգնող չտալ, այլև խլել, խորթացնել հարազատ զավակին․․․

Այստեղ էլ դուրս եկա մի անպիտան ապերախտ[43]։ Մնում է մի հարց, որ գուցե ինձ պարզերես աներ... արդարացներ։ Ի՞նչ եմ անում ես այստեղ, այս հասարակության համար։ Ինչո՞վ եմ մասնակից նրա խնդիրներին։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել իմ ուժերից, իմ բարոյական կարողությունից շատ բարձր պայմանների մեջ ապրող մի բազմության[44] համար— ոչնչով։ Ի՞նչ եմ ես այս հասարակության համար— զրո։ Եվ միթե ավելի մեծ անբախտություն կլինի՞, քան այն թշվառ գիտակցությունը, որով մարդ մի տեղ, մի հասարակության մեջ զգում է յուր ոչնչությունը։

Ես այսպես եմ։  Միթե՞ նույնը չեք ամենքդ։

Այո, այսպես ենք զգում ամեն մեկս և ամենքս։ Ահա բողոքում ենք հազար ու մի ձևերով, օրինակ՝ մեր առաջարկած կենացով՝ մեր ոգևորության, մեր սրտերի բաց ժամին[45] ցույց տված զգացմունքով։ Իսկ այդ զգացմունքը որ կա, խնդիրը վճռված է։

Տղերքը անհանգիստ, հավանության նշաններ տվին։

— Ասում եմ խնդիրը վճռված է,— շարունակեց ճառախոսը և արդեն ձայն է տալիս[46] դեպի հայրենիք, դեպի ժողովուրդը, դեպի մեր եղբայրը․․․ Երիտասարդության մեջ, ինտելիգենցիայի մեջ, մամուլի մեջ, գրականության մեջ, հասարակության մեջ մի խուլ իրարանցում կա արդեն, որ[47] տակավին անորոշ է, բայց յուր բոլոր ձևերով ձգտում է դեպի մի կողմ, դեպի մեր հողը, դեպի մեր ժողովուրդը, դեպի մեր եղբայրը․․․

Այդ լայնատարած, կենսաբեր ալիքը արդեն հաստատ հորձանք է տալիս դեպի յուր նպատակը։ Նա դանդաղ է և աննկատելի, որովհետև հաստատ է և բնական։ Հաստատ է և բնական— նրա համար էլ մեր առջև դրել է կորչելու և ապրելու խնդիր, պիտանի երևալու կամ անպիտան ետ քաշվելու[48] խնդիր։ Այժմ արդեն մենք քննադատում ենք մեզ, հարցեր ենք տալիս մեզ, քննում ենք մեր ուժերն ու ընդունակությունները[49], տանջում ենք մեզ, նախատում ենք, խոստանում ենք, երդվում ենք։ Այս բոլորը պատրաստություններ են։ Պատրաստ լինենք վերջինը չլինելու, երբ որ հայտարարված կլինի—դեպի գործ․․․ Եվ կեցցե՛ այդ սուրբ գործը,— գոչեց նա վերջում՝ բաժակը գլխից վեր բարձրացնելով։

— Կեցցե՜,— ոգևորված գոռացին տղերքը,— կեցցե՜ սուրբ գործը, կեցցե՜ Սուրենը,— և բաժակները դատարկելով սկսեցին[50] երգել․

Իմ հայրենիք զիս կըկանչե․․․ <1 անընթ․> ։

— Գնո՜ւմ ենք,— գոչեց մի տաքգլուխը[51], բոցավառ աչքերը սևեռելով ընկերների վրա։ — Գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք,— խառնաձայն աղաղակեցին տղերքը։

— Վա՛յ, վա՛յ, վա՛յ, միթե՞ գնում ենք,— հեգնական տոնով արտասանեց[52] <․․․>, որ շատ հանաքչի տղա էր։ — Բաս ինչպե՞ս պետք է թողնենք Մադերի այգին, <․․․> բաղը, Թիլի–պուճուրը, ինչպե՞ս պետք է Սաքոն թողնի յուր Սոնեդին, որտեղի՞ց պետք է Տիգրանը սիլյոդկա ուտի․․․

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— հռհռացին տղերքը։

— Ամեն[53] տեղ մասխարությունը սազ չի գալիս,— նկատեց մեկը։

— Մասխարան դու ես, ես ճիշտ եմ ասում,— պատասխանեց Թու<ման>յանը,— դուք միթե՞ սրանցով չեք կպած[54] այստեղ։

— Ի՞նչ հիմար բաներ ես խոսում։

— Տո, հանաք է անում, դուք էլ սկսել եք վիճել։

— Սս՜ս, սս՜ս, սպասեցեք,— կրկին ոտքի կանգնեց թամադեն[55]։— Իսկապես մասամբ ճշմարիտ է ասում, <1 անընթ․> կամ գոնե մի ճշմարիտ բան է հիշեցնում, որ մենք չպետք է մոռանանք։ Մենք պետք է հաշիվ տեսնենք, թե ինչ ենք թողնում այստեղ, որ մեզ կարող էր ցավ ազդել[56] ու հետ կասեցնել մեր նպատակից— չէ՛ որ մենք թողնում ենք փարթամ քաղաք, մտավոր կեդրոն, թատրոն և հազար ու մի զվարճության վայրեր[57]։

— Շատ պարզ է, որ այդ բոլորից պետք է զրկվենք,— ձայն տվին տղերքը[58]։

— Բայց մենք այժմ էլ համարյա զրկված ենք այդ բոլորից,— ասաց Սուրենը։— Շատ բանից ոչ թե զրկվում ենք, այլ ազատվում ենք, ճշմարիտն ասած։ Իսկ եթե ափսոսալու մի բան ենք թողնում[59], դրա համար էլ չպետք է դժվարանանք․ առաջինը նրա համար, որ էլ ի՞նչ գաղափարական գործ է, որ զոհաբերություն չպետք է լինի մեջը, երկրորդը, որ մենք մեր հարաբերությունը խո չենք կտրում քաղաքի հետ, երրորդն էլ, որ գտածներս արդեն շատ բան է։— Այն գյուղացիները մեզ հետ ավելի լավ կվարվին, քան այս աղաները, որոնք[60] իբրև թե քաղաքավարի են, բայց իսկի մարդավարություն չունեն։ Այն դաշտերն ու հողերը մեզ ավելի լավ ապրելու միջոց կտան, քան այս մաշող, չարատանջ պաշտոնները։ Վերջապես այն բնությունը, օդը,, ջուրը[61], որքան եք գնահատում թե մեր, և թե մեր երեխաների առողջության համար։ Իսկ երջանկությունը հաճախ կախված է մի աչքաթող արած առօրյա հանգամանքից։ Բայրոնն ասում է․ «Մեկն աշխատում է, փող է դիզում, մյուսը․․․[62] և վերջը նա է երջանիկ, ով որ հանգիստ է քնում»։

Մի լուրջ լռություն էր տիրել սենյակում։

— Ես մի երկու խոսք եմ ուզում ասել այդ մասին,— տեղիցը վեր կացավ Հովհաննեսը ու դարձավ ընկերներին։

— Սուրենը մի քանի բան ասաց, որ գուցե լավ են ոգևորության մեջ, բայց անիրագործելի են և սխալ։ Սխալվում են և այն լրագիրները, որոնք այդպես են մտածում և այդ գաղափարի անունով նախատում ու հանդիմանում են Թիֆլիսում նստած գավառացի ինտելիգենտներին։

Արդյոք դրանք հակառակ են, որ մենք գյուղերից ձգտում ենք դեպի քաղաք, դեպի քաղաքակրթություն և դեպի բոլոր այն բարիքները, որ ունի քաղաքային լուսավոր, կրթված կյանքը։— Ո՛չ․ հապա ի՞նչ են ասում[63]։

— Մի սահման են դնում՝ թե՝ այսքան սովորեցիր, այսքան զարգացար, այսքան կրթվեցիր, բավական է, այժմ գնա գյուղը, գործիր։— Առաջինը, ի՞նչ իրավունքով[64] մի սահման եք դնում իմ ձգտումներին[65], որոնք գնում են դեպի առաջ, դեպի ավելի «բարձր պայմաններ», և երկրորդ, ձեզ ո՞վ ասաց, թե մենք այստեղ չենք գործում։ Մի լրագիր անցյալ օրերը պախարակում, խայտառակում էր գավառացի երիտասարդներին, թե ի՞նչ եք շինում Թիֆլիսում[66], անգործ, անպետք, մինչդեռ նրանք գավառում գործ ունեն անելու։ Այնինչ այդ լրագիրը մի քանի ընտրությունների մեջ տարած յուր կուսակցական հաղթանակը հռչակում էր[67] ընդհանուր–ազգային մեծ գործ, մեծ փոփոխություն, և այդ հաղթանակը տարել էր շնորհիվ միմիայն․․․ գավառացի երիտասարդների։ Այժմ էլ Սուրենն ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը մի ոչինչ է այս հասարակության մեջ, որ այս հասարակության կյանքի պայմանները մեր ույժերից ավելի բարձր են։ Բայց դուք այս հասարակությունից դուրս տարեք մեզ նման բոլոր ոչինչները և կտեսնեք, որ մի ահագին դատարկություն բացվեց, ու խանգարվեցին այս բարձր պայմանները։ Եվ ինչի՞ց է, որ բարձր են դարձել այդ պայմանները։ Չէ՞ որ եկվոր[68] տարրն է եղել, մեզ նման գավառացիներն են եղել, որ տարիներ առաջ գալով, մնալով այստեղ, տանջվելով, տառապելով, ինչպես այժմ մենք, ժամանակի ընթացքում դարձել են հաջող վաճառականներ, լավ արհեստավորներ, ուսուցիչներ, գրական գործիչներ և այլն, և այլն, և այդպիսով ստեղծել են[69] այսպիսի «բարձր պայմաններ»։

Մյուս կողմից մեր մեջ կան երիտասարդներ[70], որոնց քաղաքից դուրս տանելով[71] դուք, թերևս կատարում եք մի ոճիր, մի մեծ ապագա եք սպանում, մի տաղանդ դատապարտում ժանգի և կորստյան, ձուկը հանում եք ծովից և ձգում եք մի առու, օրինակ, մեր Զարդարյանին ասում եք, որ նա գյուղը գնա, դառնա չգիտեմ ինչ։ Այնինչ նա սկսել է շնորհալի վեպիկներ գրել։ Այժմ ինչպե՞ս կհրամայեք։ Գնա գյո՞ւղը, թե՞ մնա քաղաքում։ Իսկ իմ կարծիքով նա պետք է այնտեղ ապրի, այնտեղ կանգնի, որտեղ միանում են և որտեղից բաժանվում են բոլոր գավառների մտավոր հոսանքները, որտեղ կյանքը ավելի բարձր և ավելի լայն հորձանքներ ունի, որտեղ կարելի է մարդու ճաշակը կրթել, աշխարհայեցողությունը լայնացնել, գիտությունը[72] ճոխացնել— մի խոսքով, որտեղ կարելի Է մեծանալ։ Իսկ գավառը նրա համար միայն ուսումնասիրության և այցելությունների առարկա կարող է լինել և ոչ երբեք բնակավայր, <1 անընթ․>։ Այնտեղ նեղ է, մութն է, ցած է․․․ Սրանով ես չեմ հակառակում ինտելիգենտ մարդկանց գավառ գնալուն, միայն այն եմ ասում, թե գտեք— ո՛ւմ պետք է ուղարկել։

— Ամենքին պետք է ուղարկել,— վրդովված[73] վրա բերեց Սուրենը։— Այս այնքան մեծ և կարևոր գործ է, որ սրան կարելի է զոհ բերել և ապագա գրողին, և ներկա քաղաքակրթվողին[74]։ Ամեն[75] գործի մեջ զոհեր են լինում— մեծ թե փոքըր։ Ուրիշ կերպ[76] չի կարող լինել։

Այստեղ տրտունջ բարձրացավ․․․ այստեղից մի տաք վեճ բռնկեց[77], սկսեցին, թե ինչ տեսակ մարդ և ինչ գործով կարող կլինի գավառում գործելու։ Մեկն ասում էր՝ օրինակելի քահանան, մյուսն ասում էր, թե տնտեսական խնդիրն է մեր առաջին խնդիրը, մենք օրինակելի մշակներ, գյուղատնտեսներ ենք ուզում, երրորդը լոկ գրագիտություն էր պահանջում․․․ [Բայց բոլորն էլ համաձայն էին, թե պետք էր գնալ․․․]


ԽՈՉԸՆԴՈՏ[78]
(Ծան. «Դեպի տուն» վեպից)

(Մյուս օրը) Սուրենը ծառայությունից տուն եկավ։ Ճաշը դեռ պատրաստ չէր։ Նա[79] էլ պատերի տակերը չընկավ հացի կտոր կամ ուրիշ ուտելու բան գտնելու, ոչ էլ ճաշը շտապեցրեց։ Գնաց լուռ ու մունջ, պառկեց ննջարանում[80] ու դուռը փակեց։

Դեռ նրա գլխումն էր երեկոյան[81] ժողովը․ ընկերների այն զվարթացած[82] դեմքերը, անհանգիստ շարժումները, ոգևորված աղմուկը։ Նա մտքում շարունակում էր յուր ճառը, և նոր-նոր խոսքեր ու նախադասություններ էին միտն ընկնում[83]։ Նա լսում էր ընկերների շտապ խոսքերը, երգերը, բաժակների շրխկշրխկոցը և[84] ուրախալի խառնաձայն աղաղակը՝ գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք։

[85]Մի անհանգիստ շարժում արավ ննջարանում պառկած Սուրենը և ճակատը շփեց։ Նրա միտքը թռավ դեպի մի ուրիշ կողմ։ Հաճելի տեսարաններով ու անցքերով լցվեց նրա բորբոքված երևակայությունը, իրար ետևից եկան խաղա՜ղ, ծաղկած, հարուստ գյուղեր, մշակված դաշտեր, ճոխ[86] անդաստաններ, բարի մարդիկ, կայտառ մանուկներ, անհոգ երգեր․․․

Հանկարծ ննջարանի դուռը ետ բացվեց, և ներս մտավ նրա երիտասարդ կինը։ Նա մոտեցավ, թեք ընկավ ամուսնու կրծքին և գորովալի ձայնով հարցրեց․

— Ինչո՞ւ ես տխուր, Սուրեն։

— Տխուր չեմ․ ինձ մենակ թող, Անիչկա։

— Չէ՛, տխուր ես։

— Դե՛, ասացի տխուր չեմ։

— Դե՛, ծիծաղիր։

— Է՜, է՜, գլուխս տանիլ մի՛․ ինձ մենակ թող։

— Ես էլ կտխրեմ, ա՛յ,— սպառնաց տիկինը։

— Տխրիր, ինչ կուզես արա, հեռացիր։

— Լաց կլինեմ, ա՛յ։

— Դե, գնա մյուս սենյակում լաց եղիր, ինձ հանգիստ[87] թող։

— Չէ՛, ծիծաղիր,— անդադար թախանձում էր կինը[88]՝ հոնքերը կիտելով և թընգթընգալով երեխայի նման։

Կնոջ այս անմեղ պահանջը և մանկական համառությունը ծիծաղեցրեց Սուրենին։

— Հա՜, հիմի լավն ես[89],— յուր հաղթանակով ուրախացած[90] տիկինը, քնքշալով[91] համբուրեց ամուսնու տաք ճակատը և մնաց կրծքին ընկած։  Երկուսն էլ լուռ էին։ Հանկարծ տիկինը գլուխն արագ բարձրացնելով[92], հարցրեց․

— Որ ես մեռնեմ, ի՞նչ կանես։

— Էլի հիմար-հիմար խոսեցիր։

— Չէ՛, ասա՛[93], լաց կլինե՞ս։

[94]Հա՛, դե պրծա՞նք։

— Շա՞տ,― նորից հարցրեց տիկինը, բայց իսկույն խոսքը փոխեց։

— Սուրե՛ն, այօր մեր լուսամուտի տակից մի տղա անցավ։ Նեղ շերտերով կապույտ պիջակ[95] ուներ հագին, բրյուկն էլ կապույտ, գլխարկն էլ․․․ Այնպե՜ս ճաշաակով[96], այնպես լա՜վ էր․․․ Դու էլ առ քեզ համար․ ի՜նչ է որ, ա՛ռ[97]։

— Ես քեզ ասել եմ այդ տեսակ դատարկ բաներ մի՛ խոսալ ինձ հետ։

— Չէ՜, ա՛ռ, ես ուզում եմ, ա՛ռ, հը, Սուրեն։

Այստեղ[98] մի ուրիշ բան հիշեց[99], խոսքը կրկին փոխեց[100] և աչքերը լայն-լայն բաց անելով, հարցրեց․

— Դու լսեցի՞ր, ի՛նչ է պատահել։

— Ի՞նչ է պատահել։

— Բաս չե՞ս լսել։

— Չէ <․․․>


Տիկինը խանդով պատմում էր անբախտ նանի գլխի անցքը, սակայն Սուրենը նրան չէր լսում։ Նա զբաղված էր մտքում։ Մի բան էր մտածում և խոր թափանցող հայացքով նայում էր կնոջ աչքերին, երեսին․․․

— Նո՞ր ես տեսնում ինձ,— հարցրեց տիկինը։

— Ես վատ եմ, Անիչկա,— սթափվելով պատասխանեց Սուրենը։

— Ինչո՞ւ։

— Այնպես, շատ վատ եմ,

— Ով գիտի, էլի խազեինդ բարկացել է վրադ։ — Չէ՛, հիվանդ եմ։

— Ի՞նչդ է ցավում[101]․ չլինի[102] հիվանդությունդ նորոգվել է կրկին։

— Չէ՛․ ուրիշ ցավ, ուրիշ հիվանդություն․․․

[103]Ուրի՞շ․․․ ի՞նչ․․․

— Է՛, ես ի՞նչ գիտեմ․ զզվել[104] եմ կյանքից։

— Ի՞նչ է պատահել, որ․․․

— Էլ ի՞նչ պետք է պատահի։ Մարդ մեքենա է դարձել, ո՛չ միտք կա, ո՛չ ուրախություն, ո՛չ առողջություն[105]։ Առավոտը թեյ ենք խմում, գնում գրում, գրում, գալիս՝ ճաշում, ճաշից հետո քնում, զարթնում, էլի թեյ խմում, էլի ուտում, էլի քնում[106], առավոտը զարթնում և դարձյալ նույնը, նույնը, նույնը, անմիտ, դատարկ, մաշող․․․ և անցնում են օրեր, ամիսներ, տարիներ— ո՛չ փոփոխություն կա, ո՛չ վերջ։

— Հապա ի՞նչ անենք,— հարցրեց այս նոր հիվանդության վրա զարմացած տիկինը։

— Երեխաներս շարունակ հիվանդ, սիրտներս մաշած, դեմքներս գունատ, ուտում ենք— չենք մարսում, խմում ենք— վնասում է, քնում ենք— չենք հանգստանում․․․

— Դե[107] խո մենակ մենք չենք այդպես, մենք ի՞նչ կարող ենք անել։

— Մենք ամեն բան կարող ենք անել։ Մենք կարող ենք այս կյանքը փոխել․ մենք կարող ենք այս բոլորից հեռանալ, գնալ ապրել բնության գրկում․․․— Եվ տեսնելով կնոջ շփոթությունը, խոսքը փոխեց․

— Այո, իհարկե, քեզ համար անհասկանալի է, որովհետև դու ո՛չ բնության մեջ ծնվել ու մեծացել ես, ո՛չ բնություն ես տեսել, և ո՛չ էլ գիտես, թե ի՛նչ կնշանակի բնություն․․․ Բայց հետո երբ կտեսնես, կզգաս․․․

— Ասենք, թե քո սիրած բնության գրկումն ես, ի՞նչ պետք է անես,— հարցրեց կինը[108]։

[109]Դեռ լուրջ վերաբերվիր, հետո հարցրու, թե ինչ պետք է անեմ,— պատասխանեց[110] Սուրենը։— Նախ և առաջ բնության մեջ կապրեմ[111]։

— Իսկ այստեղ չե՞ս ապրում։

— Ո՛չ, այստեղ չենք ապրում, այստեղ մենք ծյուրում ենք[112]․ գիտե՞ս ի՛նչ կնշանակի ծյուրել։

— Գուցե դու ուրիշ բան ես ասում,— տարակուսանքով[113] խոսեց տ<իկին> Անիչկեն,— երբ որ դու ասում ես բնություն, ես ձեր գյուղն եմ հասկանում։

— Այո՛, հենց մեր գյուղը։

— Դե[114] ես էլ հարցնում եմ, թե այստեղ, օրինակ, մի գործ ունես, այնտեղ ի՞նչ պետք է անես։

— Այնտեղ ես էլ այն կանեմ, ինչ որ իմ եղբայրն է անում — հող կմշակեմ, բայց ավելի կատարելագործված ձևով[115], մեղվապահությամբ կպարապեմ[116], շերամ կպահենք․․․ Ինչով ուզես կպարապենք մեզ համար, մեր տանը, ազատ, անկախ[117]․․․

— Հավեր կպահենք,— հեգնեց[118] տիկինը։

— Այո, հավեր էլ կպահենք։

— Հետո ձու կհավաքենք, դու կբերես[119] քաղաք ծախելու, ձեր գյուղացոց նման։

— Կատակը թող, Անիչկա, մենք հետո կատակ կանենք։ Ես քեզ ասում եմ՝ այս կյանքը դատարկ, անտանելի կյանք է, ես ուզում եմ գնալ ապրել և գործել գյուղում։ Չէ՛ որ այսպիսի բաներ գրքերում կարդալիս դու շատ ես հավանում, այժմ[120] քեզ առաջարկում եմ՝ գնանք գյուղը։

— Է, բավական էր, Սուրեն, ես քեզ քանի անգամ ասել եմ, որ այդ բանից մի խոսի՛ր։

— Ինչո՞ւ։

— Այնպես․ ես չեմ գալ։

— Ինչո՞ւ չես գալ։ — Այնպես, ես չեմ ուզում[121]․․․

— Ուրեմն, որովհետև դու այնպե՜ս[122] չես ուզում․․․ ես պետք է մի կողմ դնեմ իմ բոլոր գաղափարներս, ուրեմն ես․․․

[123]Այդ քո բանն է։

— Եթե իմ բանն է, ես[124] գիտեմ ինչ կանեմ։

— Ես առաջուց ասում եմ, որ ես չեմ գալ։

— Այն ժամանակ ես քեզ կասեմ՝– դու պարտավոր ես ինձ հետևելու, և վերջ։

— Ես ասում եմ, որ ես չեմ կարող,– ընկճված ու երկյուղով կրկնեց Անիչկեն։

— Դու չես կարող,— ես էլ չեմ կարող․․․

Մի ճնշող լռություն տիրեց։

— Ես գյուղում չեմ կարող ապրել․․․ Ես․․․ Ձեռքի թաշկինակը ձգձգելով մրթմրթում Էր տիկինը[125], աշխատելով հուզմունքը զսպել։

— Կնշանակի մենք երկու բոլորովին հակառակ մարդիկ ենք, որ հանդիպել ենք իրար, և ահա․․․ Դու չես կարող գյուղում ապրել, իսկ[126] ես գնում եմ գյուղը։ Դու ուրիշ երազներ ունես, ես ուրիշ, դու ուրիշ ճանապարհով ես գնում, ես ուրիշ[127]։

Մենք իրար ընկեր չենք։ Մեր կապը երբեք չի կարող ամուսնական լինել, մենք իզուր միայն տանջում ենք իրար։ Դու ծաղրում ես իմ պաշտածը, իսկ ինձ համար իմ գաղափարներս[128] քեզանից ավելի թանկ են։

Երիտասարդ տիկնոջ լցված սիրտը հանկարծ փուլ եկավ։ Նա էլ չկարողացավ կանգնել, ընկավ մոտիկ աթոռի վրա ու սկսեց հեկեկալ[129]։

Սուրենը պառկած նայում Էր[130] կնոջը։ Նրա սրտում մի փոթորիկ վեր կացավ։ Նա տանջվում էր[131]։ Նա ճգնում էր պատասխանելու մի հարցի, թե արդյոք[132] ինքը անիրավ չի՞ վարվում… թե արդյոք կնոջ կարողությունից վեր չի՞ յուր պահանջը, անհնարին չէ՞ նրա համար—արդյոք արդար չի՞ նրա լացը… Նա աշխատում էր այդ տանջող հարցը լուծել, մի պատասխան տալ յուր անհանգիստ[133] խղճին, բայց նրան խանգարում էին աղաղակները՝ գնում ենք, գնում ենք։

Այդ ժամանակ օրորոցի մանկան լացի ձայնն եկավ մյուս սենյակից։ Տիկինը վեր կացավ և թաշկինակով աչքերը ծածկած, հեկեկալով դուրս գնաց, կրկին դուռը փակելով ամուսնու վրա։

Սուրենը ձեռքը դրեց ճակատին և մնաց տեղը պառկած։

Տողատակեր

խմբագրել
  1. [Սակայն հայրը չլսեց որդու խոսքերը, որովհետև նա սրտումը խոստացավ]
  2. [և]
  3. կամարը
  4. [և]
  5. [ձեռը]
  6. [ընդով]
  7. [իսկ]
  8. [ձայնի մեջ]
  9. [երևում]
  10. [Գիքորին]
  11. [Գիքորը]
  12. [մի ուրիշ գյուղացի]
  13. [Այժմ նա լուռ ու մունջ տանում էր կնոջ թաքուն հանդիմանությունները]
  14. [օր]
  15. Չեմ ուզում
  16. [կարմիր]
  17. (Սիրելիս, իզուր լաց մի լինի,
    Օր է, կանցնի, լաց մի լինի։)
  18. [Նա միշտ]
  19. [էր]
  20. [ու առժամ լռում]
  21. [Այժմ այնտեղ ներսն էլ էին երգում]
  22. [մի]
  23. [Ներսից լսվում էր․ Գոռում էր մեկը]
  24. [մերթ]
  25. [յուր կենացն առաջարկելով, որ ընկերների ուշադրությունը գրավի]
  26. հետևեց խումբը
  27. [― Այս էլ այս երգի հեղինակի կենացը― Րաֆֆու կենացը,― գժի նման առաջարկեց մեկը]
  28. [տղերքը]
  29. [լուրջ]
  30. [սկսեց]
  31. [կարծես թե ամեն մարդ էլ մի բան է գտել]
  32. [էլ չեմ կարող տանել և այս միտքն ու հոգին վիրավոր]
  33. [ձգտում են]
  34. գործ
  35. [մարդ եմ իմ]
  36. [այդ անհատներից բաղկացած]
  37. [Եվ ահա]
  38. [մեզ]
  39. [մեր]
  40. հուսաբեկ
  41. ուսումն ու [գիտությունը]
  42. [գրկի]
  43. [Այժմ մնում է դրան մի խնդի― դրանցից ոչ պակաս կարևոր]
  44. [ժողովրդի]
  45. [հայտնված]
  46. [ամենքի սրտում]
  47. որը
  48. [խորտակվելու]
  49. [մեզ]
  50. [դարձյալ]
  51. [ հրա]
  52. [<1 անընթ․>]
  53. [անգամ կատակը ու]
  54. [Թիֆլիս]
  55. [ճիշտ]
  56. [պատճառել]
  57. [Այո, այո, ճիշտ է]
  58. [մենք պաշտոններ ենք]
  59. [այ]
  60. [թեև]
  61. [որ անփոխարինելի և այնքան փրկարար են թե մեզ և թե մեր երեխաների համար, այնքան առողջարար են]
  62. Բնագրում բաց է թողնված
  63. [ուզում]
  64. [եք]
  65. [առաջ]
  66. [թող]
  67. [որպես]
  68. եկ[ա]վոր
  69. [կյանքի]
  70. [մարդիկ]
  71. [քշելով]
  72. [մեծացնել]
  73. [շեշտակի]
  74. [ուրիշ կերպ]
  75. [տեղ]
  76. [գործ չի կատարվում]
  77. [վեճը մեծացավ և անցան նրան]
  78. էջի ձախ անկյունում նշված է՝ «ջոկ»
  79. [ըստ սովորության]
  80. [անկողնի վրա]
  81. [ընկերների]
  82. [վառվռուն]
  83. Լուսանցքում գրված է․ «Ասում է մի քանի բնորոշ բառեր»
  84. [ականջներում թնդ<ում էր>
  85. [Այստեղ]
  86. [այգիներ]
  87. [մենակ]
  88. [սև]
  89. [շշնջաց]
  90. [ոգևորված]
  91. [գլուխը խոնարհեց]
  92. [բարձրացրեց]
  93. [կտխրես]
  94. [Սուրենը չուզենալով բանը երկարացնել, կարճ կտրեց]
  95. [պիդժակ]
  96. [լավ էր]
  97. [ես ուզում եմ]
  98. [դարձյալ]
  99. [և]
  100. [փոխելով]
  101. [ով գիտի]
  102. [ստամոքսդ դարձյալ խանգարվել է]
  103. [Ապա] ուրիշ ի՞նչ [կա]
  104. [զզվանք]
  105. [ոչ փոփոխություն]
  106. [էլի զարթ<նում>]
  107. [քաղաքում] [Թիֆլիսում]
  108. [հեգնորեն]
  109. [նախ և առաջ] լուրջ [եղիր]
  110. [վիրավորված]
  111. [իսկ այստեղ ծյուրում եմ, գիտե՞ս ինչ կնշանակի ծյուրել։— Բնությունը որ դու ասում ես, ես ձեր գյուղն եմ հասկանում։— Այո՛, հենց մեր գյուղը]
  112. [ծյուրո՜ւմ]
  113. [հարցրեց տիկինը, բայց]
  114. [այդ]
  115. [մեղու կը]
  116. [շերամապահությամբ]
  117. [հարգված, պիտանի մաքուր]
  118. [շարունակեց]
  119. [կուղարկենք]
  120. [ահա]
  121. [ես չեմ կարող․․․]
  122. [էլի]
  123. [ինչ կուզես արա]
  124. [պետք է]
  125. [և]
  126. [իմ սիրած կյանքն ու գործը գյուղումն է։]
  127. [ես ուզում եմ, որ դու ընկեր լինես, եթե չես լինիլ, ես դարձյալ կերթամ։]
  128. [ինձ համար]
  129. [— Ես վաղուց էի զգում, որ դու մի այդպիսի բան պետք է անես․․․] [հեկեկալով խոսում էր] [լաց լինելով ասում էր նա]
  130. [հեկեկող] կնոջը [և]
  131. [ինքն իրան]
  132. [Կնոջ տկարությունը ընկճում էր նրան։]
  133. [հիվանդ]