Ես սիրում էի միշտ ելած վերև —
Բարձըր սարալանջ, վաղորդյան զովին.
Այնտեղից դիտել երկինք ու արև.
Այնտեղից նայել կապուտակ ծովին։
Այնտեղ, իմ սիրած ընկուզենու տակ,
Թավիշ-դալարում թարմ օդ շընչելով
Ես զմայլում էի, արբենում անհագ,
Հավերժ անհունին հոգիս ձուլելով։
Այնտեղ իմ հոգին ցընորում ազատ,
Ազատ օրհնում էր ջինջ երկնակամար.
Խանդըս էր մաքուր, տենչըս — անարատ,
Որպես լեռների կուսական դալար։
Այնտեղ իմ միտքը - արծիվ սըրաթև՜,
Իմ զգացումը - նըման խոր ծովին.
Իմ հանգրվանն էր այնտեղ, միշտ վերև —
Վեհ սարալանջը վաղորդյան զովին։