Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում

Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում

Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում,
— Չի՜ մոռանա պոետը քեզ, չի մոռանա քո հեռուն:

Նա մենակ է ու ծեծում է փակ դռները հիմա նա.
— Քեզ մոտ կգա, երբ էլ-ոչ-ոք իր դռները չբանա:

Ո՛ւ ո՛ւ... նվոցը աշնան քամու, որպես լացը ջութակի.
— Կրկին կգա, քո մենավոր պատուհանը կթակի:

Կես գիշերին ո՞վ կբանա իր դռները քամու դեմ.
— Դու գրկաբաց ինձ կընդունես, դու կընդունես, ես գիտեմ:

Լո՛ւռ... կուչ եկավ աշնան քամին պատերի տակ անկյունի.
— Հոգնած սիրտս քո մեղավոր գգվանքներում կքնի...
1916