Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես

Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես
94

***

Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես
Միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ՝
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան
Միաձայն ու աղոտ։

Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կըգնան,
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կըդառնան,
Կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չըմեռնող, չըմարող կրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և մարդկանց, և երկրին և հեռուն,
Ես ու դու։


[1912]